ԱՄԷ-ն որպես Հայաստանի երկրորդ առևտրային գործընկեր
8 ր. | 2024-10-28Տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները
Հ ամաշխարհային տնտեսությունում երկրների միջև տնտեսական հարաբերությունների ձևավորման և զարգացման համատեքստում առաջին հերթին կարևորվում է առևտրատնտեսական կապերի հաստատումն ու անխափան իրականացումը։ Այս համատեքստում զգալի կարևորություն է ստանում Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերների հետ տնտեսական կապերի, ինչպես նաև դրանց հետագա զարգացման հնարավորությունների ուսումնասիրությունը։ Ըստ 2023թ.-ի պաշտոնական տվյալների` Արաբական Միացյալ էմիրություններն (ԱՄԷ) այս ցանկում երկրորդն է:
Ընդհանուր առմամբ, ԱՄԷ-ի հետ ՀՀ տնտեսական հարաբերությունները տարաբնույթ են ու բազմաշերտ։ Մասնավորապես, երկու երկրների միջև ավելի քան 2 տասնամյակ առկա դիվանագիտական հարաբերությունների խորացմանը զուգընթաց, ձևավորվել է նաև երկկողմ առևտրային, ֆինանսական, ներդրումային և այլ համագործակցություն։ Դրանց համար օրենսդրական հիմք են հանդիսացել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ստորագրված փոխգործակցության մի շարք հուշագրեր, համաձայնագրեր, որոնց շրջանակներում շարունակում են իրականացվել համատեղ ծրագրեր տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններ
Ե րկրների միջև փոխադարձ տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարևոր նախապայման է առևտրային հարաբերությունների ձևավորումն ու դրանց ծավալների մեծացումը։ Այդ իսկ պատճառով, հարկ ենք համարում առաջին հերթին անդրադարձ կատարել ՀՀ-ԱՄԷ փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների ուսումնասիրությանը։
Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) տվյալների՝ 2023թ. առևտրաշրջանառության ծավալով՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄԷ-ն, որի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 2 մլրդ 297.8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 3.9 անգամ։
Հարկ է նշել, որ ուսումնասիրվող 10 տարիների կտրվածքով վերոնշյալ 2 երկրների առևտրաշրջանառության ծավալն առավելագույն մակարդակին հասել է նախորդ տարվա ընթացքում։ Ընդ որում, 2023թ․-ին 2022թ․-ի համեմատ զգալիորեն աճել են ինչպես ԱՄԷ-ից Հայաստան ներմուծման (24.6%), այնպես էլ Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալները (4.2 անգամ)։ Հատկանշական է նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում առևտրի հաշվեկիշռը դրական է. ՀՀ-ից ԱՄԷ իրականացվող արտահանման ծավալը շուրջ 2 մլրդ 151 մլն դոլարով գերազանցել է ներմուծման ծավալը։
Ներկայացված վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ վերջին տասը տարիներին ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրային հարաբերություններն առավել ակտիվացել են սկսած 2016թ.-ից, երբ ՀՀ-ն սկսել է ավելի շատ արտահանել դեպի ԱՄԷ, քան ներմուծում (բացառությամբ 2018թ.-ի, երբ ներմուծումը գերազանցել է արտահանմանը), այնուամենայնիվ, պետք է նշել, որ հատկապես վերջին 2 տարիներին ՀՀ-ից ԱՄԷ առաջանցիկ ավելացել են արտահանման ծավալները։ 2023թ․ տվյալներով ՀՀ փոխադարձ առևտրաշրջանառության ամբողջ ծավալում ԱՄԷ-ի տեսակարար կշիռը կազմել է ավելի քան 11%, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ 20․1%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.5%-ի համեմատ։ Այստեղ հատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ այս միտումը շարունակվել է նաև 2024թ.-ին, որի առաջին կիսամյակի տվյալներով ՀՀ-ի արտահանման առաջին գործընկերը դարձել է ԱՄԷ-ն՝ առաջ անցնելով ավանդաբար առաջին հորիզոնականը զբաղեցնող ՌԴ-ից։ Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանման ամբողջ ծավալի 46.3%-ն ուղղվել է ԱՄԷ, իսկ դեպի ՌԴ՝ 17.8%։
Առավել հանգամանալից ուսումնասիրության համար նախևառաջ անդրադառնանք ըստ ապրանքախմբերի ՀՀ-ից ԱՄԷ արտահանման կառուցվածքին։ Ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝ 2023թ.-ին Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալում ամենամեծ մասնաբաժինը` 94.3%-ը, զբաղեցրել են թանկարժեք մետաղները։ Մասնավորապես, ամենաշատն արտահանվել են ոսկի (շուրջ 1 մլրդ 302 մլն ԱՄՆ դոլար), ոսկերչական արտադրատեսակներ ու դրանց մասեր (410 մլն դոլար) և ալմաստ (318 մլն դոլար)։ Նույն ժամանակահատվածում արտահանվող երկրորդ ամենամեծ ապրանքախումբը ծխախոտն է՝ 110 մլն դոլար մաքսային արժեքով։ Համեմատաբար բարձր տեսակարար կշիռ են զբաղեցրել նաև թռչող ապարատների և դրանց մասերի արտահանումը՝ ավելի քան 5.3 մլն դոլար։ Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ից ԱՄԷ արտահանվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 2 մլրդ 224 մլն դոլարի արտադրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4.2 անգամ։ Այսպիսով, կարելի է պնդել, որ ՀՀ-ից ԱՄԷ արտահանման ծավալների զգալի աճը պայմանավորված է հիմնականում թանկարժեք մետաղների, մասնավորապես ոսկու արտահանման ծավալների ավելացմամբ։ Նման պատկերին նպաստող գործոն է նաև այն հանգամանքը, որ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ էականորեն փոփոխվել են մատակարարումների ավանդական շղթաները, դիվերսիֆիկացվել են առևտրային մեխանիզմները։ Որպես օրինակ՝ Հայաստանն էլ վերածվել է կարևոր տարանցիկ սուբյեկտի մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի հետ տնտեսական-առևտրային կապերի համար։ Այս իրողությունն էլ իր հերթին հանգեցրել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկի կառուցվածքային փոփոխությանը, որի արդյունքում ԱՄԷ-ն դարձել է ՀՀ-ի երկրորդ հիմնական գործընկերը՝ զիջելով միայն ՌԴ-ին։
Մյուս կողմից, ԱՄԷ-ից ՀՀ ներմուծման կառուցվածքն ըստ ապրանքախմբերի դիտարկելիս, նկատում ենք, որ դիտարկվող ժամանակահատվածում ինչպես արտահանման, այնպել էլ ներմուծման դեպքում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել թանկարժեք մետաղներին՝ կազմելով 53.1%։ Տվյալ ապրանքախմբից ամենաշատը ներմուծվել են ալմաստ (41.2 մլն դոլար), ոսկի (շուրջ 15 մլն դոլար), ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը (ավելի քան 7 մլն դոլար)։ Երկրորդ ամենամեծ ապրանքախումբը հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանքն է՝ շուրջ 25 մլն դոլար մաքսային արժեքով։ Այստեղ ևս ծխախոտն ու ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները բարձր տեսակարար կշիռ են զբաղեցրել՝ կազմելով 6.7 մլն դոլար։ Նույն ժամանակահատավածում ներմուծման կազմում համեմատաբար բարձր մաքսային արժեքով ապրանք եղել է նաև բամբակը՝ 5.4 մլն դոլար արժողությամբ։ Պետք է արձանագրել, որ ԱՄԷ-ից ՀՀ իրականացվում է տարատեսակ ապրանքների ներմուծում, սակայն ոչ մեծ ծավալներով։ Այնուամենայնիվ, ինչպես նկատում ենք գծապատկերից, 2023թ.-ն առանձնանում է նաև ԱՄԷ-ից ՀՀ ներմուծման ծավալների աճով:
Ուշագրավ է նաև այն, որ 2023թ.-ին ԱՄԷ-ն դարձել է ՀՀ-ի ոչ միայն թվով 2-րդ առևտրային գործընկերը, այլ նաև գլխավորել է ինչպես ընդհանուր ներդրումներ, այնպես էլ օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) իրականացրած երկրների ցանկը՝ առաջ անցնելով ավանդաբար ներդրումների ծավալով առաջին հորիզոնականում գտնվող ՌԴ-ից։ Այսպես, 2023թ.-ին ԱՄԷ-ից ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 104․3 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 100․8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով՝ համապատասխանաբար շուրջ 49 և 68 անգամ։ Ոլորտային առումով առանձնացնելու դեպքում նկատում ենք, որ ԱՄԷ-ից ուղղակի ներդրումները հիմնականում կատարվել են 1 ոլորտում՝ ֆինանսական միջնորդություն, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից։
ՀՀ-ի՝ ԱՄԷ-ի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների համատեքստում, հարկ ենք համարում անդրադառնալ նաև դրամական փոխանցումների ընդհանուր պատկերին, որոնց ծավալն այնքան էլ մեծ չէ, ինչպես օրինակ ՌԴ-ի պարագայում է, բացի այդ ԱՄԷ-ն այն երկրների շարքին է պատկանում, որի հետ ՀՀ-ն ունի դրամական փոխանցումների բացասական հաշվեկշիռ, այսինքն՝ ՀՀ-ից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն դեպի ԱՄԷ ավելի մեծ ծավալ են կազմում, քան ԱՄԷ-ից ՀՀ։ Այսպիսով, ինչպես երևում է ստորև ներկայացված գծապատկերից, վերջին տասը տարիների ընթացքում դրամական փոխանցումների առավել մեծ արտահոսքը (ՀՀ-ից ԱՄԷ) գրանցվել է 2023թ․-ին՝ կազմելով ավելի քան 571 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 2․1 անգամ, իսկ տվյալ ժամանակահատվածում գրանցված ամենափոքր ցուցանիշի համեմատ՝ 26․7 անգամ։ ՀՀ-ից ԱՄԷ դրամական փոխանցումներից անցում կատարելով դեպի հակառակ ուղղությամբ իրականացված դրամական փոխանցումներին, նշենք, որ դիտարկվող՝ 2014-2023թթ., ինչպես արտահոսքի պարագայում, այնպես էլ այս դեպքում առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2023թ.-ին, որը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 2 անգամ:
ԱՄԷ-ից ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը վերջին 10 տարիների կտրվածքով հիմնականում եղել է բացասական, բացառությամբ 2017, 2018 և 2020թթ․-ի։ Այս համատեքստում, ակնառու է նաև այն փաստը, որ 2022 և 2023թթ․-ին զուտ ներհոսքը դեպի բացասական ուղղությամբ ավելի կտրուկ է մեծացել, քանի որ 2 տարիներին էլ արտահոսքը ներհոսքի համեմատ առաջանցիկ աճ է գրանցել՝ համապատասխանաբար 7․2 և 7․7 անգամ։
ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական հարաբերությունների ուսումնասիրության համար, որպես կաևոր ոլորտ, առանձնացվում է նաև զբոսաշրջությունը, որը ևս նշանակալից տեղ ունի ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ԱՄԷ-ի տնտեսությունների կառուցվածքում։ Հատկապես վերջին ժամանակահատվածում նկատելի է զբոսաշրջային հոսքերի աճի միտում, որը պայմանավորված է ինչպես վերջին տարիներին ՀՀ-ԱՄԷ բյուջետային չվերթների առկայությամբ, այնպես էլ 2024թ․ փետրվարի 1-ից ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկման որոշման ուժի մեջ մտնելուց հետո։ Փոխադարձաբար մուտքի արտոնագրի պահանջից ազատումը, արդեն իսկ իր դրական արտացոլումն է գտել զբոսաշրջային ցուցանիշները նկարագրող վիճակագրական տվյալներում։ Այսպիսով, ինչպես վկայում են ՀՀ ՎԿ տվյալները՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱՄԷ-ից ՀՀ է այցելել 3 հազար 341 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.1%-ով։ ԱՄԷ-ից ՀՀ զբոսաշրջիկների թվի ավելացման արդյունքում փոխվել է նաև ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակում ԱՄԷ-ից զբոսաշրջիկների տեսակարար կշիռը․ 2024թ․-ի առաջին կիսամյակում այն կազմել է 0.4%՝ 2023թ․-ի նույն ժամանակահատվածի 0.3%-ի փոխարեն։ Այս փոփոխության արդյունքում ակնկալվում է գործարար և տնտեսական կապերի ավելի աշխուժացում, որն իր հերթին վերջնարդյունքում, բնականաբար, կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաև սահմանահատումների վիճակագրությանը տվյալ երկրների միջև։ Ըստ «Օրբելի» կենտրոնի հարցումների արդյունքների՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն, 2023թ․ ընթացքում ՀՀ-ից ԱՄԷ և հակառակ ուղղությամբ կատարվել են՝ համապատասխանաբար 165 հազ․ 416 և 185 հազ․ 758 սահմանային գրանցումներ, այն դեպքում երբ տվյալ ցուցանիշն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում արդեն կազմում է համապատասխանաբար՝ 107 հազ․ 340 և 110 հազ․ 439։
Այսպիսով, ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական կապերը սկսել են զարգանալ և բարելավել հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, որի արդյունքում ԱՄԷ-ն դարձել է ՀՀ-ի թվով երկրորդ առևտրային գործընկերը։ 2022թ․-ից ի վեր գործընկեր երկրների միջև ներդրումային միջավայրը բարելավվել է, զբոսաշրջային հոսքերի, ինչպես նաև ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասով զգալի ակտիվացում է գրանցվել։ Չնայած վերոնշյալ դրական զարգացումներին, միաժամանակ, պետք է նշել, որ դեռևս տնտեսական կապերի աշխուժացմանն ուղղված մեծ պոտենցիալ կա ինչպես առևտրի դիվերսիֆիկացման, այնպես էլ՝ ներդրումների, զբոսաշրջության, անշարժ գույքի շուկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։