Թուրքիայի փորձագիտական կենտրոնների որոշ հարցերի շուրջ
7 ր. | 2019-02-01Փորձագիտական-վերլուծական կառույցների զարգացումը ու նշանակությունը Թուրքիայի հանրային, քաղաքական կյանքում, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, տնտեսությանն ու անվտանգությանն առնչվող հարցերում, համընկան տարածաշրջանային և աշխարհառազմավարական կարևորագույն շրջադարձերի հետ, որոնք նոր մարտահրավերներ և հնարավորություններ ստեղծեցին այդ երկրի համար:
Արդյունքում՝ հասարակության տարբեր շերտերն ու պետական-քաղաքական շրջանակները սկսում են շոշափել անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, առողջապահության և այլ հարցեր, որոնք դարձան նաև փորձագիտական-հետազոտական կենտրոնների ուսումնասիրության հիմնական առանցքը: Պատահական չէ, որ միջազգային հարաբերություններում մասնագիտացած կառույցներն այժմ քանակապես գերազանցում են այլ ոլորտներն ուսումնասիրող կենտրոններին: Սակայն, քանի որ դրանք քաղաքական տարբեր հոսանքներին հարող հետազոտական կենտրոններ են, արտահայտում են այլընտրանքային քաղաքականության ձևավորման սեփական պատկերացումներն ու տեսլականը։
Չնայած առաջին «ուղեղային կենտրոնները» Թուրքիայում ի հայտ են եկել անցյալ դարի 60-ական թվականներին, այդուհանդերձ, ոլորտը բուռն վերելք ապրեց «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին: Հատկապես վերջին տասնամյակում Թուրքիայում հիմնադրվել է մոտ 80 հետազոտական կազմակերպություն, իսկ ընդհանուր թիվ գերազանցում է 200-ը: Դրանց ճնշող մեծամասնությունը գործում է մասնավոր հատվածում, մի մասը՝ բուհական-ակադեմիական, պետական կառույցներին և փոքր մասը՝ կուսակցություններին կից: Չմանրամասնելով Թուրքիայի ուղեղային կենտրոնների տիպաբանական և զարգացման առանձնահատկությունները՝ ներկայացնենք գիտավերլուծական այն կազմակերպությունները, որոնց մտավոր «արտադրանքը» և գործելակերպը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն աջակցելն է:
Էրդողանի հանդիպումը Մերձավոր Արևելքի 17 երկրների փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Կազմակերպել է SDE-ն:
Ռազմավարական մտածողության ինստիտուտ (Stratejik Düşünce Enstitüsü-SDE-www.sde.org.tr): Հիմնադրվել է 2009թ. Անկարայում: Քվազի պետական [1], պահպանողական ուղղվածության կենտրոն է: 2010-2014թթ. ինստիտուտի պատվավոր նախագահը «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով նախկին ղեկավար Յասին Աքթայն էր: Ինստիտուտն իրեն համարում է «Նոր Թուրքիայի» մտածողության կենտրոն, որտեղ մշակվում են ներքին ու արտաքին քաղաքականության, մեդիայի, ֆինանսատնտեսական, պաշտպանության և անվտանգության ոլորտների այլընտրանքային ռազմավարություններ: Ինստիտուտի շրջանակներում գործում է նաև ակադեմիա (SDE Akademi), որը կրթական գործառույթների հիմնական շեշտը դնում է վերլուծական նոր հանրության ձևավորման վրա: Կրթական ծրագրերը համընկնում են ինստիտուտի հետազոտական ուղղությունների հետ և նախատեսված են միայն ուսանողների համար:
Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամ (Siyaset, Ekonomi ve Toplum Araştırmalar Vakfı-SETA- www.setav.org): Ստեղծվել է 2006թ. Քաղաքական հետազոտությունների Անկարայի կենտրոնի հիման վրա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի կողմից։ Կենտրոնական գրասենյակը Անկարայում է, մասնաճյուղեր ունի Վաշինգտոնում (SETADC www.setadc.org ) և Բեռլինում: Պահպանողական ուղղվածության, քվազի պետական ուղեղային կենտրոն է: Պետական մարմիններին առաջարկություններ տրամադրելու նպատակով hետազոտում է քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերը: Վերջին տարիներին կենտրոնի հետազոտությունների առանցքում են մեդիաոլորտը, գիտակրթական, մարդու իրավունքների, թուրքական սփյուռքի, անվտանգության, պաշտպանության և տեխնոլոգիաների հարցերը:
Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոն (Türk Asya Stratejik Araştırmalar Merkezi-TASAM-www.tasam.org): Հիմնադրվել է 2003թ. Ստամբուլում, միջազգայնագետ Սուլեյման Շենսոյի նախաձեռնությամբ, ունի մասնաճյուղ Անկարայում։ Քվազի պետական, չափավոր ազգայնական, պանթյուրքիստական շեշտադրումներ ունեցող կենտրոն է։ Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերում կենտրոնն ուղղորդվում և մտավոր, կազմակերպչական աջակցություն է ստանում Թուրքիայի ԱԳՆ-ից, գերատեսչական այլ կառույցներից:
Թուրքիայի նախագահականի հովանավորությամբ և աջակցությամբ իրագործում է «Թուրքիայի տեսլականը 2023» և «Թուրքիա 2053» նախագծերը: Ըստ էության դրանք ապագային միտված նախագծեր են՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների համար, որոնք իրագործվում են «Գիտակ երկիր – գլոբալ դերակատար» կարգախոսի ներքո:
Առաջին նախագծով խնդիր է դրված մասնագիտական լայն շրջանակների ներգրավմամբ գնահատել համակարգային ռիսկերը, զարգացման հնարավոր սցենարները, իրականացնել մակրոկանխատեսումներ գյուղատնտեսության, ներառյալ՝ նրա ենթաճյուղերի վերաբերյալ [2]: Երկրորդ նախագիծը վերաբերում է Թուրքիայի միջազգային հարաբերություններին, տնտեսությանը, միջուկային էներգետիկային և միջուկային տեխնոլոգիաներին, լոգիստիկ և տրանսպորտային հիմնահարցերին, սոցիալական անվտանգությանը, ռազմարդյունաբերությանն ու ընդհանրապես կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին [3]: Ավելորդ չէ նշել, որ այս աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ոլորտների պատասխանատու պետական հաստատությունները:
Էրդողանի ելույթը SETA-ի կազմակերպած միջոցառմանը, Ստամբուլ
Կենտրոնի ուշադրության կիզակետում են նաև Թուրքիայի արտաքին հարաբերությունները: Կազմակերպվում են ամենամյա ֆորումներ (Թուրքիա-Եվրոպա, Թուրքիա-Լատինական Ամերիկա և Կարիբյան երկրներ, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Չինաստան, Թուրքիա-Իրան և այլն) միջազգային փորձագետների և տարբեր երկրների քաղաքական գործիչների մասնակցությամբ՝ «Ռազմավարական երկխոսություն» ծրագրի շրջանակներում [4]:
Գ իտավերլուծական հետազոտություններ են իրականացվում նաև թյուրքախոս երկրների սփյուռքն ինտեգրելու և տարբեր մակարդակներում նրանց միջև համագործակցության հնարավորությունները գնահատելու ուղղությամբ: Կարելի է ասել, որ թյուրքական աշխարհի միջև համագործակցության գաղափարներ և ռազմավարություն մշակող եզակի հաստատություններից է [5]։
Ուղեղային կենտրոնների կենսագործունեության համար կարևոր է կայուն ֆինանսավորումը, որը ձևավորվում է տարբեր աղբյուրներից: Ինչպես նշեցինք, քվազի պետական կամ քվազի կառավարական բնորոշումը ստացած ուղեղային կենտրոնները սերտ հարաբերություններ ունեն պետական համակարգի հետ, սակայն, պաշտոնապես ընդգրկված չեն կառավարության կառուցվածքում և ֆինանսավորվում են բացառապես պետական դրամաշնորհներից:
Վերը հիշատակված երեք կենտրոնների ֆինանսավորման աղբյուրները թափանցիկ չեն, սակայն հայտնի է, որ իշխանությանը մոտ կանգնած կամ նրանց քաղաքական հայացքները կիսող փորձագիտական կենտրոնները մասնակիորեն գումար են ստանում պետական դրամշնորհների և նվիրատվությունների տեսքով: Օրինակ՝ Ռազմավարական մտածողության ինստիտուտի ֆինանսների 75%-ը գոյանում է պետական նախագծերից, մնացածը՝ հոգաբարձուների նվիրատվություններից [6]:
Հանդիպում SETA-ի փորձագետների հետ Վաշտինգտոնում
Քաղաքական, տնտեսական, հասարակական հետազոտությունների հիմնադրամը, բացի պետական դրամաշնորհներից, ֆինանսավորվում է նաև այլ աղբյուրներից, հատկապես՝ անհատ ձեռներեցների կողմից, որոնք պաշտպանում և աջակցում են ԱԶԿ-ի տնտեսական քաղաքականությունը: Համաձայն SETA-ի Վաշինգտոնի գրասենյակի նախկին ղեկավար Նուհ Յըլմազի՝ նրանց ֆինասավորում են գործարարներ, որոնք առևտրատնտեսական հարաբերությունների մեջ են Բալկանների և Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների հետ [7]:
Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը ֆինանսական աջակցություն է ստանում բանկային սեկտորից, պետական կառավարման այն մարմիններից, որոնց հետ համատեղ իրականացնում է միջոցառումներ և հետազոտական նախագծեր, տեղական գիտակրթական հաստատություններից, արդյունաբերական և այլ կազմակերպություններից: Հաճախ ֆինանսական աղբյուրները (պետական և ոչ պետական) համադրվում են: Չնայած երեք կենտրոններն էլ Թուրքիայի սահմաններից դուրս գործող առաջատար հետազոտական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու փորձ ունեն, սակայն դեմ են նրանց ֆինանսավորմանը, ինչը կարող է սահմանափակել անկախությունն ու «ակադեմիական» ազատությունը:
Ստորև բերված աղյուսակը (տե՛ս աղյուսակ 1) ցույց է տալիս նրանց գիտագործնական միջոցառումների տեսակները, հետազոտական արդյունքների տարածման հիմնական միջոցները՝ մասնագիտական գրականություն, ամսագրեր, թեմատիկ պարբերականներ, հետազոտական գրքեր, զեկույցներ, վերլուծական ամփոփագրեր և այլն:
Կենտրոնները տարբեր բնագավառներում իրականացնում են կանխատեսումներ, պետական տարբեր օղակներին տրամադրում խորհրդատվություն, մասնակցում ռազմավարական հայեցակարգերի ու օրենքների մշակմանը: Նշենք, որ սերտորեն կապված լինելով ԱԶԿ-ի և պետական կառավարական տարբեր մարմինների հետ, կենտրոնները ունեն նաև «փակ» մաս: Այլ հարց է, թե որքանով են դրանք ազդում որոշումների կայացման վրա:
Աղյուսակ 1
Հետազ Ուղղ. |
Հրատարակություններ և այլն |
Գիտագործնական միջոցառումներ |
Ներկայացվածությունն ու ակտիվությունը սոցցանցերում |
|||||||
Կայքի առկայություն |
Գրախոս. ամսագիր |
Այլ հրատ. |
Մամուլ/ TV հմգ. |
Սեմինար, պանել և այլն |
Միջազգային և տեղական կոնֆերանս |
|
|
youtube |
||
TASAM |
9 |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
* |
SETA |
10 |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
SDE |
5 |
+ |
+ |
- |
+ |
* |
+ |
+ |
+ |
+ |
+ : Կա - : Չկա * : Սահմանափակ |
Հ ետևելով Թուրքիայի արտաքին քաղաքականության վեկտորներին և առաջնահերթություններին՝ կենտրոնները համագործակցում են Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի երկրների ուղեղային կենտրոնների հետ: SETA-ն և SDE-ն ներգրավված են կառավարության ծրագրով իրականացվող «Ուղեղային կենտրոնների համագործակցություն» նախագծում, որն իրականացվում է թուրքական սփյուռքի գործունեությունը համակարգող պետական մարմնի՝ Արտասահմանի թուրքերի և բարեկամ հասարակությունների վարչության կողմից [8]: TASAM-ը ևս այս ուղղությամբ իրականացնում է որոշակի քայլեր Թուրքիայի ԱԳՆ-ի օժանդակությամբ: Մի քանի տարի շարունակ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների փորձագիտական շրջանակների հետ կազմակերպում է ֆորումներ՝ նվիրված հանրային դիվանագիտության հնարավորություններին, սոցիալ-տնտեսական հարաբերություններին, անվտանգության հարցերին, իսլամական աշխարհի մարտահրավերներին և այլն [9]:
Այսպիսով, չլինելով որևէ կուսակցության կամ գերատեսչական կառույցին կից կենտրոններ, բայց ներգրավված լինելով արտաքին քաղաքականության մշակման գործընթացներում՝ հիշյալ ուղեղային կենտրոնները փորձագիտական-հետազոտական աշխատանքների միջոցով գործնականում իրականացնում են շահապաշտպան գործունեություն: Միևնույն ժամանակ, այս նոր հնարավորություններն օգտագործվում են պետական կառավարման մարմիններում իրենց կադրերի համար պաշտոններ ապահովելու նպատակով:
[1] Քվազի պետական կամ քվազի կառավարական են համարվում ուղեղային այն կենտրոնները, որոնք պաշտոնապես ընդգրկված չեն կառավարության կառուցվածքում, բայց ֆինանսավորվում են բացառապես պետական դրամաշնորհներից: Վ. Աթոյան, Ուղեղային կենտրոնների տիպաբանության հարցերը քաղաքագիտական դիսկուրսում, http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=15483
[2] http://www.tasam.org/tr-TR/Spektrum/97
[3] http://www.tasam.org/tr-TR/Spektrum/71 և Hedef 2053'te ilk 5’e girmek
[4] http://www.tasam.org/tr-TR/Spektrum/86
[5] Տե՛ս Ա. Սիմավորյան, Թուրքիան և թյուրքալեզու երկրների սփյուռքերի համագործակցությունը, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=16909&sphrase_id=69831
[6] Umur Bedir, Policy Experts as Fast-thinker: Relationship between Media and Turkish Conservative Think Tanks, https://www.atiner.gr/presentations/MED2016-0003.pdf
[7] Düşlüyor, düşünüyor ve karar aldırıyorlar, http://www.hurriyet.com.tr/gundem/dusluyor-dusunuyor-ve-karar-aldiriyorlar-17844234
[8] https://www.ytb.gov.tr/haberler/ortadogu-turkiyede-bulustu-22-ulkeden-33-temsilci-turkiyede
[9] http://www.tasam.org/tr-TR/Etkinlik/613/6_islam_ulkeleri_dusunce_kuruluslari_forumu