Մարգինալ սոցիալական խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումները Հայաստանում և Վրաստանու
10 ր. | 2024-07-31Ներածություն
Բ ոլոր հասարակություններում կան փոքր խմբեր, որոնք տարբերվում են հասարակության հիմնական մասից իրենց լեզվով, արտաքինով, մշակույթով, վարքագծով, կարգավիճակով կամ այլ բնութագրերով։ Օրինակ՝ փախստականները, ներքին տեղահանվածները, օտարերկրյա ուսանողները, նախկին դատապարտյալները և այլն։ Այդ խմբերի օտարվածությունը կամ անբավարար ինտեգրվածությունը հասարակության հիմնական մասին ունակ է առաջացնելու տարաբնույթ լարվածություններ, որոնք կարող են վերաճել թաքնված կամ բացահայտ կոնֆլիկտների։
Ներկայացվող հոդվածում տրված է Վրաստանի և Հայաստանի երիտասարդության շրջանում մի քանի սոցիալական խմբերի հասարակությունից հնարավոր օտարվածության աստիճանի համեմատական պատկերը։
Տվյալները
Հ ետազոտության համար կիրառվել է Ֆրիդրիխ Էբերտի ֆինանսավորմամբ բրիտանական R-Research Ltd հետազոտական կազմակերպության Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում 2022 թվականի ամռանը կատարված «Երիտասարդական հետազոտության» տվյալների շտեմարանը։
Դաշտային աշխատանքները Վրաստանում կատարվել են 2022 թ. մայիս-հունիսին, Հայաստանում՝ հունիս–օգոստոսին, Ադրբեջանում՝ հունիս–հուլիսին։ Հետազոտվել են այդ երկրների 14-29 տարեկան երիտասարդները։ Ընտրանքները ներկայացուցչական են հանրապետական մասշտաբով ըստ սեռի, տարիքի, կրթամակարդակի, աշխարհագրական բաշխվածության և բնակավայրի տիպի։ Ընտրանքների ծավալները՝ Վրաստանում՝ 1206, իսկ Հայաստանում՝ 1200, Ադրբեջանում՝ 1605։
Հետազոտական մոտեցումը
Հ ասարակությունում տվյալ խմբի օտարվածության կամ ինտեգրվածության գիտականորեն ընդունված ցուցանիշներից է հասարակությունում այդ խմբի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը։ Որքան մեծ է հասարակությունում տվյալ խմբի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը, այնքան, մնացած հավասար պայմաններում, ցածր է այդ խմբի ինտեգրվածության աստիճանը կամ բարձր է օտարման աստիճանը:
Արդեն ավելի քան հարյուր տարի է սոցիալական տարածությունների չափման համար լայնորեն և հաջողությամբ կիրառվում է Բոգարդուսի սանդղակը և դրա մոդիֆիկացիաները: Բոգարդուսի սանդղակը կառուցվում է ընդհանրացնելով մի խմբի ներկայացուցչի կողմից մեկ այլ խմբի ներկայացուցչի հետ տարբեր սոցիալական հարաբերությունների ընդունելիությունը։
Տվյալ վերլուծության համար կիրառված շտեմարանի կազմավորման համար հարցումը կատարելիս հարցվողներին տրվել է հետևյալ հարցը. «Ձեզ համար առավել ցանկալի ի՞նչ կարգավիճակով կընդունեիք հետևյալ անձանց»։ Կարելի էր ընտրել միայն մեկ պատասխան։
Դիտարկվել են հետևյալ խմբերը․
- Փախստական
- Ներքին տեղահանված անձ
- Նախկին դատապարտյալ
- Թմրամոլ
- Համասեռամոլ
- Օտարերկրացի ուսանող
- Մոլի հավատացյալ
- Բազմազավակ միայնակ մայր
Հետազոտությունում կիրառվել են Բոգարդուսի սանդղակի կառուցման համար ստանդարտ կիրառվող հարաբերությունները, որոնք տրված են Աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1 Բոգարդուսի սանդղակում կիրառված սոցիալական հարաբերությունները և դրանց համապատասխանող սոցիալական տարածությունները
Աղյուսակի «Սոցիալական տարածություն» սյան թվերը նշանակում են տվյալ հարաբերությամբ սահմանվող սոցիալական հեռավորությունը։ Ավելի մեծ թիվը նշանակում է ավելի մեծ հեռավորություն։ Նշենք նաև, որ R-Research Ltd-ն հարցումը նախագծելիս և կատարելիս Բոգարդուսի սանդղակը դիտարկել է որպես Գուտմանի սանդղակ[1]։
Արդյունքներ
Աղյուսակ 2 և Աղյուսակ 3-ում ներկայացված են յուրաքանչյուր դիտարկված սոցիալական խմբի համար յուրաքանչյուր սոցիալական հարաբերությունն ընդունելի համարող անձանց տոկոսային քանակները։ Յուրաքանչյուր սյան տոկոսների գումարը հավասար է 100%-ի։
Աղյուսակ 2 Դիտարկված սոցիալական խմբերի հետ Բոգարդուսի սանդղակում կիրառվող սոցիալական հարաբերությունների ընդունելիությունը, Վրաստան
Աղյուսակ 3 Դիտարկված սոցիալական խմբերի հետ Բոգարդուսի սանդղակում կիրառվող սոցիալական հարաբերությունների ընդունելիությունը, Հայաստան
Նշենք աղյուսակներից բխող հիմնական դրույթները։
Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում հարցվողների 80-95%-ը համարել է, որ թմրամոլների, համասեռամոլների և նախկին դատապարտյալների հետ անընդունելի են իրական սոցիալական հարաբերությունները՝ հարևանությունը, գործընկերությունը, մոտ ընկերությունը, որպես ընտանիքի անդամ ընդունելը։ Այսինքն, այդ հարցվողները համարում են, որ կամ պետք է արգելել այդ մարդկանց մուտքն իրենց երկիր, կամ թույլատրել նրանց մուտքն իրենց երկիր միայն որպես զբոսաշրջիկ, կամ առավելագույնը՝ տալ իրենց երկրի քաղաքացիություն։
Մնացած հինգ խմբերի նկատմամբ դիրքորոշումները չնայած ավելի մեղմ են, սակայն իրականում նաև ա՛յդ խմբերի հետ իրական միջանձնական հարաբերությունները՝ սկսած հարևանությունից, երիտասարդների մեծ մասի համար անընդունելի են։
Գծապատկեր 1-ում ներկայացված են հավաքագրված տվյալների հիման վրա հաշվարկված սոցիալական տարածությունները։ Տարածությունները փոխակերպված և նորմավորված են [0; 1] միջակայքում այնպես, որ 0-ն նշանակում է ամենափոքր, իսկ 1-ը՝ ամենամեծ տարածությունը։ Գծապատկերում սոցիալական տարածությունների (ուղղահայաց) առանցքը բաժանված են հինգ միջակայքի՝ «Շատ ցածր» [0.00; 0.20], «Ցածր» [0.20; 0.40], «Միջին» [0.40; 0.60], «Մեծ» [0.60; 0.80] և «Շատ մեծ» [0.80; 1.00]։
Գծապատկերը հարմար է ինչպես՝ սոցիալական տարածությունների բացարձակ և հարաբերական դիրքերի ընկալման, այնպես էլ միջ-երկրային համեմատություններ կատարելու համար։
Գծապատկեր 1 Նորմավորված սոցիալական տարածությունները դիտարկվող սոցիալական խմբերի նկատմամբ Հայաստանում և Վրաստանում
Քանի որ Գծապատկեր 1-ում տրված չեն սոցիալական տարածությունների կոնկրետ ճշգրիտ չափեր, դրանք ներկայացված են Գծապատկեր 2-ում։
Գծապատկեր 2 Նորմավորված սոցիալական տարածությունների պրոֆիլները դիտարկվող սոցիալական խմբերի նկատմամբ Հայաստանում և Վրաստանում
Գծապատկեր 1-ի պատկերներից և Գծապատկեր 2-ի տվյալներից երևում է, որ Հայաստանում թմրամոլները, համասեռամոլները և նախկին դատապարտյալները գտնվում են «Շատ մեծ» սոցիալական տարածությունների տիրույթում։ Վրաստանում այդ տիրույթում են թմրամոլներն ու համասեռամոլները, իսկ նախկին դատապարտյալները գտնվում են «Մեծ» տարածությունների տիրույթում։
Մնացած խմբերը Հայաստանում գտնվում են «Մեծ» տարածությունների տիրույթում, իսկ Վրաստանում՝ «Միջին» և «Բարձր» տիրույթների սահմանին։ Այսինքն, Վրաստանում մնացած հինգ խմբերի պոտենցիալ օտարվածությունն ավելի ցածր է, քան Հայաստանում։
Նախորդ գրաֆիկներից արդեն գիտենք, որ երիտասարդների մեծամասնությունն ըստ էության չի ընդունում այդ խմբերի նկատմամբ որևէ հարաբերություն։ Երիտասարդների մեծամասնությունը նրանց հանդուրժում է որպես երկրի քաղաքացի, իսկ երիտասարդների ավելի փոքր հատվածը՝ որպես հարևան։
Նկատենք, որ Հայաստանում մոլի հավատացյալները շատ մոտ են գտնվում նախկին դատապարտյալներին, այսինքն՝ մարդկանց պատկերացումներում մեծ հավանականությամբ հակասոցիալական վարք ունեցող անձանց։ Ըստ երևույթին Հայաստանում մոլի հավատացյալները նույնացվում են աղանդավորների հետ, որոնց նկատմամբ դիրքորոշումները Հայաստանում խիստ բացասական են, քանի որ դրանք խաթարում են բնականոն ավանդական ընտանեկան հարաբերությունները։
Նշենք, որ երիտասարդներն առավել հանդուրժող են բազմազավակ միայնակ մայրերի նկատմամբ։
Գործոնային վերլուծությամբ ուսումնասիրվել է բացահայտված սոցիալական տարածությունների շաղկապվածությունները կամ ներքին կառուցվածքը՝ բացահայտելու համար, արդյո՞ք երիտասարդության գիտակցությունում կան խորքային մտավոր (մենտալ) համալիրներ, որոնք պայմանավորում և կազմավորում են տարբեր խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները։
Վերլուծության արդյունքում բացահայտվել է երկու մտավոր համալիր, որոնք և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի երիտասարդության աշխարհայացքում համարյա նույնական են։ Այդ գործոնները հստակ երևում են Գծապատկեր 3 և Գծապատկեր 4-ում: Առաջին գործոնն անվանվել է «Դեվիանտային խմբերի գործոն», քանի որ այն կազմավորում է սոցիալական տարածությունները դեվիանտային վարք ունեցող խմբերի՝ թմրամոլների և համասեռամոլների նկատմամբ։ Երկրորդ գործոնն անվանվել է «Մարգինալ խմբերի գործոն», քանի որ այն կազմավորում է սոցիալական տարածությունները մարգինալ (լուսանցքային) խմբերի՝ բազմազավակ միայնակ մայրերի, մոլի հավատացյալների, ներքին տեղահանվածներ, փախստականների և օտարերկրյա ուսանողների նկատմամբ։
Գծապատկեր 3
Գծապատկեր 4
Հարկ է ուշադրություն դարձնել, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում նախկին դատապարտյալների նկատմամբ սոցիալական տարածությունը գտնվում են գործոնային տարածության համարյա մեջտեղում՝ այդ խմբի կոորդինատները երկու գործոնների վրա միջին չափի են։ Այսինքն, այդ խումբը և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի երիտասարդների շրջանում դիտարկվում է և՛ որպես դեվիանտային, և՛ որպես մարգինալ խումբ։
Վերլուծությամբ պարզվել է, որ բացահայտված գործոնների ազդեցության ուժը տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերում միմյանցից տարբերվում են (Գծապատկեր 5 և Գծապատկեր 6)։
Գծապատկեր 5 Դեվիանտային խմբերի գործոնի միջին արժեքները սոցիալ-ժողովրդագրական խմբերում, Վրաստան
Գծապատկեր 6 Գործոնների միջին արժեքները սոցիալ-ժողովրդագրական խմբերում, Հայաստան
Մասնավորապես Վրաստանում և Հայաստանում «Դեվիանտային խմբերի գործոնը» շատ ավելի ուժեղ ազդեցություն ունի գյուղերում և քաղաքներում, քան մայրաքաղաքներում՝ Թբիլիսիում և Երևանում։
Վրաստանում այդ գործոնի ազդեցությունն ակնհայտորեն տարբերվում է տարբեր կրթամակարդակով խմբերում՝ այն նշանակալիորեն ավելի ցածր է բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում և ավելի բարձր է՝ տարրական և միջնակարգ կրթությամբ անձանց շրջանում։
Հիմնական արդյունքներ
Ս տորև համառոտ թվարկված են հետազոտության հիմնական արդյունքները։
- Վրաստանի և Հայաստանի երիտասարդության շրջանում դիտարկված խմբերի՝ փախստականների, ներքին տեղահանված անձանց, նախկին դատապարտյալների, թմրամոլների, համասեռամոլների, օտարերկրացի ուսանողների, մոլի հավատացյալների (աղանդավորների), բազմազավակ միայնակ մայրերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընդհանուր կերպարները բավական նման են միմյանց։
- Այդ տարածությունները գտնվում են «Մեծ» և «Շատ մեծ» սոցիալական տարածությունների տիրույթներում։
- Սոցիալական տարածությունների ընկալումները Հայաստանում բոլոր դիտարկված խմբերի նկատմամբ ավելի մեծ են, քան Վրաստանում։
- Ամենամեծ սոցիալական տարածությունները և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում թմրամոլների և համասեռամոլների նկատմամբ են, որոնց հետևում են նախկին դատապարտյալները։
- Ե՛վ Վրաստանում և՛ Հայաստանում դիտարկված խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները կազմավորվում են երկու մտավոր համալիրների կամ գործոնների ազդեցությամբ՝
- Մարգինալ (լուսանցքային) խմբերի գործոն, որը կազմավորում է սոցիալական տարածությունները թմրամոլների, համասեռամոլների և նախկին դատապարտյալների նկատմամբ,
- Դեվիանտային խմբերի գործոն, որը կազմավորում է սոցիալական տարածությունները փախստականների, ներքին տեղահանվածների, օտարերկրյա ուսանողների, մոլի հավատացյալների (աղանդավորների) և բազմազավակ միայնակ մայրերի նկատմամբ
- Ե՛վ Վրաստանում, և՛ Հայաստանում դեվիանտային խմբերի գործոնով կազմավորվող սոցիալական տարածությունները գտնվում են «Շատ մեծ» և «Մեծ» տարածությունների միջակայքում։ Դրանք ավելի մեծ են, քան մարգինալ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները։
- Ե՛վ Վրաստանում, և՛ Հայաստանում դեվիանտային խմբերի գործոնի արժեքները նշանակալիորեն տարբերվում են ըստ բնակավայրի տիպի։ Դրանք ամենաբարձրն են գյուղերում, հետո՝ քաղաքներում, իսկ ամենից ցածրը՝ մայրաքաղաքներում։
- Վրաստանում դեվիանտային գործոնի արժեքները տարրական և միջնակարգ կրթությամբ անձանց շրջանում նշանակալիորեն ավելի բարձր են, քան բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում։
- Հայաստանում դեվիանտային գործոնի արժեքը համեմատաբար ավելի մեծ է տղամարդկանց շրջանում։
Արդյունքների կիրառելիությունը և հետագա հետազոտություններ
- Քանի որ հետազոտությունում դիտարկված բոլոր սոցիալական տարածություններն ունեն բարձր արժեքներ, հետևաբար դրանք յուրահատուկ սոցիալական կոնֆլիկտների ներուժ են պարունակում։ Այդ կոնֆլիկտներից յուրաքանչյուրն ունի իր արտահայտման յուրահատուկ ձևերը։
- Այդ պատճառով վերլուծությամբ ստացված արդյունքները կարող են կիրառվել սոցիալական ռիսկերի կառավարման ոլորտում։
[1] Գուտմանի սանդղակը ենթադրում է, որ եթե հարցվողն ընտրել է պատասխանի որևէ տարբերակ, ապա նա կընտրեր նաև այդ տարբերակից ավելի թույլ սահմանափակում ենթադրող բոլոր տարբերակները։ Բոգարդուսի սանդղակի ուսումնասիրության և կիրառման փորձը ցույց է տվել այն ոչ բոլոր դեպքերում է «բավարար չափով նմանվում» Գուտմանի սանդղակին։ Սակայն R-Research կազմակերպությունը արել է այդ ենթադրությունը։ Այդ մոտեցման հիմնական նպատակն է՝ նվազեցնել սանդղակի կառուցման համար կիրառվող հարցերի քանակը։ Բոգարդուսի սանդղակի ստանդարտ կիրառման դեպքում յուրաքանչյուր խմբի նկատմամբ սոցիալական տարածության կառուցման համար կիրառվում է 7 հարց, իսկ Գուտմանի սանդղակի դեպքում՝ ընդամենը 1-ը։ Մեծ թվով խմբերի ուսումնասիրության դեպքում ռեսուրսների, հատկապես՝ հարցազրույցի տևողության ժամանակի խնայողությունն ակնհայտ է։
Հոդվածին կից ֆայլեր՝