Հարավային Կովկասի երիտասարդության արտասահմանի հետ շփումների փորձը և միգրացիոն դիրքորոշումները
14 ր. | 2024-07-03Ներածություն
Ե րկրների ներկա և ապագա զարգացումները պայմանավորող գործոնների շարքում կարևոր դեր են կատարում երիտասարդության միգրացիոն դիրքորոշումները։ Երիտասարդ ժամանակավոր միգրանտներն ովքեր արտասահման են մեկնում ուսման կամ արտագնա աշխատանքի նպատակով, չունենալով ազգային ինքնության լիովին կայացած և ամուր կառուցվածք, համեմատաբար ավելի են ենթակա ընդունող երկրի մշակույթի և բարքերի ազդեցությանը։ Վերադառնալով հայրենիք նրանք իրենց հետ են բերում արտագաղթի երկրների մշակույթի և բարքերի տարրերը, դրանով իսկ վերածվում են ազգային մշակույթի փոխակերպմանը նպաստող գործոնի։ Թե ինչ մշակութային տարրեր և բարքեր են նրանք ներմուծում Հայաստան, կախված է նրանից, թե ինչպիսի երկիր են մեկնել և այդ երկրում ինչ շրջապատում կամ ենթամշակույթում են ապրել, սովորել և աշխատել։ Բացի դրանից, երիտասարդների ընդմիշտ արտագաղթի դեպքում նվազում է երկրի բնակչության բնական վերարտադրության ներուժը։
Ժամանակավոր և ընդմիշտ արտագաղթի համախառն ազդեցությունը բազմանշանակ է՝ այն կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական բաղադրիչներ։ Ներկայացվող հոդվածում տրված են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 14-29 տարեկան երիտասարդների միգրացիոն դիրքորոշումների համեմատական նկարագիրը և դրանք պայմանավորող պատճառները, այդ թվում.
- Արտասահմանում լինելու փորձը,
- Արտասահմանում երկարատև (6 ամսից ավելի) կեցության փորձը,
- Արտասահմանում աշխատելու կամ սովորելու նպատակով երկարատև կեցությունը,
- Արտասահմանում սովորելու կամ աշխատելու ցանկությունը,
- Արտասահման տեղափոխվելու պատճառները ու նպատակները,
- Արտասահմանում բնակվելու ցանկալի ժամկետը,
- Միգրացիայի ցանկալի երկրները,
- Արտասահմանում ընտանիքի անդամների կամ ընկերների առկայությունը,
- Արտասահմանում բնակվող մտերիմների հետ շփումների ինտենսիվությունը,
- Արտասահմանում բնակվող մտերիմների հետ շփումների բովանդակությունը։
Ներկայացվող տվյալները պատկերացում են տալիս Հայաստանից ժամանակավոր և ընդմիշտ արտագաղթի ենթադրյալ ազդեցությունների, դրանց մասշտաբի և ուղղության վերաբերյալ կարճաժամկետ (3-5 տարի) և միջնաժամկետ (6-15 տարի) ժամանակահատվածում։
Օգտագործված տվյալները․ Հոդվածում ներկայացված արդյունքները ստացվել են Ֆրիդրիխ Էբերտի ֆինանսավորմամբ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 14-29 տարեկան երիտասարդների շրջանում կատարված «Երիտասարդության հետազոտություն 2022» շտեմարանի երկրորդային վերլուծությամբ»։ Այդ հետազոտության նախագիծը, այդ թվում ընտրանքի նախագծումը, տվյալների հավաքագրման հարցաշարի մշակումը, կատարել է բրիտանական R-Research Ltd հետազոտական կազմակերպությունը: Յուրաքանչյուր երկրում տվյալները հավաքագրել են տեղական կազմակերպություններ։ Հետազոտության դաշտային փուլը Հայաստանում կատարվել է 2022 թ. հունիսի 19-ից մինչև օգոստոսի 17-ը, Վրաստանում՝ 2022 թ. մայիսի 30-ից մինչև հունիսի 14-ը, իսկ Ադրբեջանում՝ (բացի Արցախից և Նախիջևանից) 2022 թ. հունիսի 8-ից մինչև հուլիսի 21-ը։ Ընտրանքի ծավալները Հայաստանում՝ 1200, Վրաստանում՝ 1206, Ադրբեջանում՝ 1605։ Տվյալները ներկայացուցչական են ըստ յուրաքանչյուր երկրի 14-29 տարեկան երիտասարդների սեռատարիքային կազմի, կրթամակարդակի, մարզային, շրջանային և ըստ բնակավայրի տիպի բաշխման[1]։
Վերլուծություն
Արտասահմանում լինելու փորձը.
Ա րտասահմանում լինելու փորձը երիտասարդների շրջանում ձևավորում է տարբեր մշակույթների մարդկանց նկատմամբ հանդուրժողականություն, հետագա կյանքում աշխարհագրական տեղաշարժի նկատմամբ հոգեբանական պատրաստվածություն, իր երկրի նկատմամբ դիրքորոշման զարգացում և դիրքավորում ավելի լայն կոնտեքստում։
Հետազոտական շտեմարանի տվյալները ցույց են տալիս, որ երբևէ արտասահմանյան որևէ երկիր այցելած երիտասարդների տոկոսը Հայաստանում և Վրաստանում մոտավորապես հավասար է և կազմում է համապատասխանաբար 40% և 38%։ Այդ ցուցանիշով նրանք զգալիորեն գերազանցում են Ադրբեջանին՝ 13% (Գծապատկեր 1)։
Գծապատկեր 1. Երբևէ արտասահմանում եղած երիտասարդների տոկոսը՝ 14-29 տարեկան երիտասարդների ընդհանուր թվից
Հայաստանի և Վրաստանի երիտասարդության արտասահմանում լինելու փորձն ըստ երիտասարդների տարիքային խմբերի համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երիտասարդներն ավելի վաղ տարիքում են ձեռք բերում այդ փորձը (Գծապատկեր 2)։ Նույնիսկ ամենաերիտասարդ տարիքային խմբում՝ 14-17 տարեկան այդ փորձ բավական տարածված է։ Այդ տարիքային խմբում երիտասարդների 36%-ը՝ երեքից մեկը, եղել է արտասահմանյան որևէ երկրում։ Հաջորդ 18-24 տարիքային խմբում այդ փորձն աճում է 6%-ով հասնելով 40%-ի, իսկ 25-29 տարիքային խմբում այն աճում է ընդամենը 2%-ով։
Գծապատկեր 2. Երբևէ արտասահմանում եղած երիտասարդների տոկոսը՝ ըստ տարիքային խմբերի և երկրների, յուրաքանչյուր խմբում երիտասարդների ընդհանուր թվից
Վրաստանում արտասահմանում եղած 14-17 տարեկանների թիվը նշանակալիորեն ավելի փոքր է, քան Հայաստանում՝ 22%, սակայն այդ թիվը տարիքի աճին զուգահեռ ավելի արագ է աճում է և 25-29 տարեկանների խմբում հասնում է 42%-ի։
Ցուցանիշի դինամիկայի այս տարբերությունները կարելի է բացատրել նրանով, որ Հայաստանի բնակչության շրջանում լայնորեն տարածված է ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում՝ Սև ծովի ափին, իսկ Նոր տարին՝ Թբիլիսիում։ Մեծաթիվ են նաև դեպքերը, երբ երիտասարդները մանուկ հասակում ծնողների հետ բնակվում են Ռուսաստանում։ Երբ երեխաները հասնում են պատանեկան տարիքի, հայ ծնողները հաճախ գերադասում են վերադառնալ հայրենիք, որպեսզի երեխաների բարքերը ձևավորվեն հայկական մշակույթում։ Պարզ է, որ դիտարկված դինամիկայի վրա ազդում են նաև այլ գործոններ։
Վրաստանում երիտասարդներն սկսում են ինտենսիվ այցելել արտասահման ուսանողական տարիներին և քաղաքացիական ակտիվ գործունեության տարիքում՝ 18-24 տարեկան։ Դրան նպաստում է այն, որ Վրաստանում արտասահմանյան ֆինանսավորում ստացող ՀԿ-ների և քաղաքացիական խմբերի թիվը շատ մեծ է և այդ տեսակետից նշանակալիորեն գերազանցում է Հայաստանին և Ադրբեջանին։[2] Այդ ՀԿ-ների անդամների և նրանց հարող շրջապատի երիտասարդների համար արտասահման, հատկապես՝ եվրոպական երկրներ այցելությունները լայնորեն տարածված երևույթ են։
Ադրբեջանում պատանի հասակում արտասահմանում լինելու փորձ ունեցողները բոլոր տարիքային խմբերում նշանակալիորեն ավելի փոքրաթիվ են, քան Վրաստանում և Հայաստանում։ Նրանց թվաքանակը տարիքի աճին զուգահեռ նույնպես աճում է 14-17 տարեկանների շրջանում 2%-ից մինչև 23%՝ 25-29 տարեկանների շրջանում։ Դա բացատրվում է նրանով, որ այդ տարիքում են Ադրբեջանցի երիտասարդները սկսում ակտիվորեն մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Թուրքիա։
Արտասահմանում երկարատև կեցության (6 ամսից ավելի) փորձը․
Որքան ավելի երկար է պատանին կամ երիտասարդը մնում արտասահմանում, այնքան ավելի է ընդունող երկրի մշակութային ազդեցությունը նրա վրա։ Երիտասարդները հայրենիք վերադառնալով այդ ազդեցությունները բերում են իրենց հետ և ակամա վերածվում են այլ երկրների մշակութային ազդեցության ընդլայնմանը նպաստող գործոնի։
Հայաստանում երբևէ արտասահման մեկնած երիտասարդների 40%-ը ունի արտասահմանում երկարատև մնալու փորձ։ Տվյալ դեպքում «երկարատև» նշանակում է վեց ամսից ավելի անընդհատ կեցություն։ Վրաստանում և Ադրբեջանում այդպիսի անձանց թիվը նշանակալիորեն զիջում է Հայաստանին և կազմում է համապատասխանաբար՝ 21% և 26% (Գծապատկեր 3)։
Գծապատկեր 3. Արտասահմանում երբևէ ավելի քան 6 ամիս մնացած երիտասարդների թիվը՝ հաշվարկված արտասահմանում երբևէ եղած երիտասարդների թվից։
Հայաստանում երիտասարդների թիվը, որոնք արտասահմանում մնացել են 6 ամսից ավելի ըստ տարիքային խմբերի նույնպես ավելի մեծ է, քան Վրաստանում և Ադրբեջանում (Գծապատկեր 4):
Գծապատկեր 4․ Արտասահմանում երբևէ ավելի քան 6 ամիս մնացած երիտասարդների թիվը՝ ըստ տարիքային խմբերի և երկրների։ Տոկոսները հաշվարկված են արտասահմանում երբևէ եղած երիտասարդների թվից։
Արտասահմանում աշխատելու կամ սովորելու նպատակով երկարատև կեցությունը․
Վրաստանի երիտասարդների համարյա կեսը արտասահմանում 6 ամսից ավելի ժամկետով մնացել է ուսման կամ աշխատանքի նպատակով, Հայաստանում այդ թիվը կազմում է 33%, իսկ Ադրբեջանում՝ 18% (Գծապատկեր 5)։ Նույն տվյալներն ըստ տարիքային խմբերի տրված են Գծապատկեր 6-ում։
Գծապատկեր 5. Երիտասարդների թիվը, ովքեր արտասահմանում 6 ամսից ավելի մնացել են աշխատանքի կամ ուսման նպատակով։ Տոկոսները հաշվարկված են արտասահմանում 6 ամսից ավելի մնացած երիտասարդների թվից։
Գծապատկեր 6․ Երիտասարդների թիվը, ովքեր արտասահմանում 6 ամսից ավելի մնացել են աշխատանքի կամ ուսման նպատակով ըստ տարիքային խմբերի և երկրների։ Տոկոսները հաշվարկված են արտասահմանում 6 ամսից ավելի մնացած երիտասարդների թվից։
Արտասահմանում սովորելու կամ աշխատելու ցանկությունը․
Հետազոտությունում ուսումնասիրվել է երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի կամ ուսման նպատակով արտասահման մեկնելու դիրքորոշումը երկրների այն երիտասարդների շրջանում, ովքեր կամ՝ չեն եղել արտասահմանում կամ եղել են, սակայն ոչ աշխատանքի կամ ուսման նպատակով։ Երկարատև ուսման (այլ ոչ թե կարճատև վերապատրաստումների) դեպքում երիտասարդի հայրենիք չվերադառնալու հավանականությունը բավական մեծ է։ Հետևաբար, ցուցանիշն անուղղակիորեն արտահայտում է երիտասարդների՝ երկրից ընդմիշտ արտագաղթի պոտենցիալը։
Վրաստանում և Հայաստանում աշխատելու կամ սովորելու նպատակով արտասահման մեկնելու դիրքորոշումները շատ բարձր են, համապատասխանաբար՝ 73% և 63%, իսկ ադրբեջանում՝ շատ ցածր ( Գծապատկեր 7):
Գծապատկեր 7․ «Ցանկանու՞մ եք գնալ արտասահման սովորելու կամ աշխատելու համար», տոկոս այն անձանցից, ովքեր կամ՝ երբևէ չեն եղել արտասահմանում, կամ՝ եղել են՝ սակայն ոչ աշխատանքի կամ ուսման նպատակով։ Տրված են «Միանշանակ այո» և «Ավելի շուտ այո» պատասխանների գումարային տոկոսները
Հատկանշական է, որ արտասահման սովորելու կամ աշխատելու մեկնելու դիրքորոշումը տարիքի աճին զուգահեռ բոլոր երեք երկրներում նվազում է։ Այդուհանդերձ, Վրաստանում և Հայաստանում 25-29 տարեկանների շրջանում այն կազմում է համապատասխանաբար 59% և 53% (Գծապատկեր 8)։ Ադրբեջանում սովորելու կամ աշխատելու նպատակով երիտասարդների արտասահման մեկնելու դիրքորոշումները Հայաստանի և Վրաստանի համեմատ ունեն երկու առանձնահատկություն։ Այստեղ այդ դիրքորոշման տարածվածությունը շատ ցածր է (2%) մայրաքաղաքում և համեմատաբար ավելի բարձր՝ տղամարդկանց շրջանում (19%)։
Գծապատկեր 8․ «Ցանկանու՞մ եք գնալ արտասահման սովորելու կամ աշխատելու համար», ըստ տարիքային խմբերի։ Տոկոս այն անձանցից, ովքեր կամ՝ երբևէ չեն եղել արտասահմանում, կամ՝ եղել են՝ սակայն ոչ աշխատանքի կամ ուսման նպատակով։ Տրված են «Միանշանակ այո» և «Ավելի շուտ այո» պատասխանների գումարային տոկոսները
Արտասահման տեղափոխվելու պատճառները ու նպատակները․
Հետազոտությունում բոլոր երիտասարդներին, բացի նրանցից ովքեր միանշանակ չեն պատրաստվում ուսման կամ աշխատանքի նպատակով մեկնել արտասահման, առաջարկվել է նշել, այն պատճառները և նպատակները, որոնք մղում են նրանց մեկնել արտասահման։ Պատասխանները ներկայացված են Գծապատկեր 9-ում։
Գծապատկեր 9. Որո՞նք են հիմնական պատճառները, որոնց համար դուք կտեղափոխվեք այլ երկիր
Արտասահմանյան երկրները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդներին ձգում է հիմնականում բարձր աշխատավարձերով և ուսման որակով։ Երրորդ կարևոր պատճառը՝ սեփական բիզնես սկսելու ավելի լավ հնարավորություններն են։ Այս պատճառը Հայաստանում նշանակալիորեն ավելի կարևոր է, քան Վրաստանում և Ադրբեջանում։
Այլ մշակույթները ճանաչելու պատճառը չորրորդն է, որը երեք երկրներում ունի մոտավորապես նույնպիսի տարածվածություն։
Հայաստանի յուրահատկությունն այն է, որ այստեղ արտասահման մեկնելու պատճառների շարքում երիտասարդների 20%-ը նշել է՝ սիրելի մարդկանց մոտ լինելը։ Բացի դրանից, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանի երիտասարդների 12%-ը որպես արտասահման մեկնելու պատճառ է նշել․ «Հայրենիքում քաղաքական մթնոլորտը»։
Արտասահմանում բնակվելու ցանկալի ժամկետը․
Հայաստանում և Վրաստանում ժամանակավորապես արտասահմանում բնակվելու տեսակետից գերակշռում են 6-12 ամիս և 1-5 տարի ժամանակահատվածները, իսկ Ադրբեջանում՝ 1-5 և 5-10 տարի ժամանակահատվածները (Գծապատկեր 10):
Գծապատկեր 10. Որքան ժամանակ եք ցանկանում մնալ արտասահմանում
Հայաստանում ընդմիշտ արտասահմանում բնակվելու դիրքորոշումն ամենաբարձրն է՝ 19%, իսկ ամենացածրը՝ Վրաստանում է՝ 6%։
Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ընդմիշտ արտասահմանում բնակվելու դիրքորոշումները երիտասարդների տարբեր ժողովրդագրական խմբերում, մասնավորապես՝ տարիքային, ըստ սեռի և ըստ բնակավայրի տիպի։ Այդ տվյալները ներկայացված են Գծապատկեր 12-ում։
Գծապատկեր 11. Ընդմիշտ արտասահմանում բնակվելու դիրքորոշումները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի։
Այդ դիրքորոշումը Հայաստանում նշանակալի աճում է տարիքի աճին զուգահեռ։ Եթե 14-17 տարեկանների խմբում ընդմիշտ արտասահմանում բնակվել ցանկացողները 12% են, ապա 18-24 տարեկանների խմբում՝ 19%, իսկ 25-29 խմբում՝ 24%։ Հայաստանում այդ անձինք համեմատաբար ավելի մեծ թիվ են կազմում մայրաքաղաքի բնակիչների (22%) և կանանց (21%) շրջանում։
Վրաստանում ընդմիշտ արտասահմանում բնակվելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվն ըստ ժողովրդագրական բնութագրերի քիչ է տարբերվում՝ այդ անձինք համեմատաբար ավելի փոքրաթիվ են գյուղական բնակավայրերում (4%)։
Ադրբեջանում ընդմիշտ արտասահմանում բնակվելու ցանկություն ունեցողները համեմատաբար ավելի փոքրաթիվ են 25-29 տարեկան երիտասարդների շրջանում (9%) և նշանակալիորեն ավելի մեծաթիվ՝ կանանց (19%) և գյուղաբնակների (16%) շրջանում։
Միգրացիայի ցանկալի երկրները․
Վրաստանում եվրոպական երկրներն են (51%) և ԱՄՆ-ն (30%), Հայաստանում՝ ԱՄՆ-ն (35%), եվրոպական երկրները (31%) և Ռուսաստանը (21%), իսկ Ադրբեջանում՝ Թուրքիան (40%) և եվրոպական երկրները (35%) և Ռուսաստանը 13% (Գծապատկեր 12)։
Գծապատկեր 12. Ո՞ր երկիրն եք նախընտրում տեղափոխվել: Անվանեք այն մեկը, որն ավելի շատ եք նախընտրում (խմբավորված տարածաշրջաններով):
Արտասահմանում ընտանիքի անդամների կամ ընկերների առկայությունը
Արտասահմանում ընտանիքի անդամների և ընկերների առկայությունը մարդկանց համար հեշտացնում է արտասահման տեղափոխվելը և այնտեղ հարմարվելը։ Սակայն, մյուս կողմից, դա կարող է նպաստել, որպեսզի այդ անձինք մնան հայրենիքում։
Վրաստանի և Հայաստանի երիտասարդների մոտ 80%-ն ունի արտասահմանում բնակվող ընտանիքի անդամներ կամ մոտ ընկերներ (Գծապատկեր 13), իսկ Ադրբեջանում այդպիսի երիտասարդների թիվը 15% է։
Գծապատկեր 13. Դուք ունե՞ք ընկերներ կամ ընտանիքի անդամներ արտասահմանում։ Տոկոսները հաշվարկված են բոլոր հարցվածներից։
Արտասահմանում բնակվող մտերիմների հետ շփումների ինտենսիվությունը
Արտասահմանում բնակվող ընտանիքի անդամների կամ մոտ ընկերների հետ շփումները նպաստում են նրանց միջև սոցիալական կապերի պահպանմանը, ինչը բարենպաստ է ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում բնակվող անձանց համար։
Հայաստանի և Վրաստանի երիտասարդները ինտենսիվ կապի մեջ են արտասահմանում բնակվող իրենց ընտանիքի անդամների և մոտ ընկերների հետ։ Այդ անձանց հետ ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամն շփվում են երիտասարդների մոտ 70%-ը, իսկ ամիսը մի քանի անգամ՝ 16-18%-ը (Գծապատկեր 14)։
Ադրբեջանում՝ հայրենիքում և արտասահմանում բնակվող ընտանիքի անդամների և մոտ ընկերների միջև ինտենսիվ շփումները (ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ) կազմում են 19%, իսկ ամիսը մեկ անգամից ավելի հազվադեպ են շփվում՝ 31%-ը։
Գծապատկեր 14. Վերհիշեք արտերկրում բնակվող մինչև երեք ամենամոտ մտերիմներին և շփումները նրանց հետ, որքա՞ն հաճախ եք շփվում նրանց հետ: Տոկոսները հաշվարկված են արտասահմանում ընտանիքի անդամներ կամ ընկերներ ունեցող անձանց թվից։
Արտասահմանում բնակվող մտերիմների հետ շփումների բովանդակությունը
Հայրենիքում և արտասահմանում բնակվող ընտանիքի անդամների և մոտ ընկերների շփման բովանդակությունը հիմնականում ընտանեկան, առողջական և կրթական հարցերն են։ Հայաստանում և Վրաստանում այդ հարցերը քննարկում են երիտասարդների 93%-ը, իսկ Ադրբեջանում՝ 75% (Գծապատկեր 15)։
Քննարկումների հաջորդ կարևոր թեման տնտեսական հարցերն են, որոնք Ադրբեջանում քննարկում են երիտասարդների 36%-ը, իսկ Հայաստանում և Վրաստանում՝ 17-18%-ը։
Գծապատկեր 15. Ի՞նչ եք քննարկում արտասահմանում ապրող ձեր ծանոթների հետ: Խնդրում եմ նշել բոլոր հնարավոր տարբերակները: Տոկոսները հաշվարկված են արտասահմանում ընտանիքի անդամներ կամ ընկերներ ունեցող անձանց թվից։
Հարցվողի երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների քննարկման թեմա են առավելապես Հայաստանում՝ 13%, Ադրբեջանում նման հարցեր են քննարկում երիտասարդների 5%-ը։ Մյուս կողմից, Ադրբեջանում ավելի հաճախ են քննարկվում արտասահմանում բնակվող անձի երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները՝ 16%, իսկ Հայաստանում և Վրաստանում այդ անձանց քանակը կազմում է 9-10%։
Հայրենիքում և արտասահմանյան երկրում, որտեղ բնակվում է հարցվողի ընտանիքի անդամը կամ մոտ ընկերը, կատարվող դեպքերի քննարկումը ժողովրդագրական խմբերում տրված է Գծապատկեր 16-ում։
Գծապատկեր 16․ Ի՞նչ եք քննարկում արտասահմանում ապրող ձեր ծանոթների հետ: Խնդրում եմ նշել բոլոր հնարավոր տարբերակները, ըստ տարիքի, սեռի և բնակավայրի: Տոկոսները հաշվարկված են արտասահմանում ընտանիքի անդամներ կամ ընկերներ ունեցող անձանց թվից։
Վրաստանում այդ տեսակետից ժողովրդագրական խմբերի միջև էական տարբերություններ չկան։
Հայաստանում համեմատաբար ավելի մեծաթիվ են մայրաքաղաքի բնակիչ երիտասարդները։ Իսկ գյուղերում համեմատաբար ավելի մեծաթիվ են հայրենական դեպքերի քննարկումները։
Ադրբեջանում առավելապես քննարկում են արտասահմանյան երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները։ Ընդ որում դրանով հետաքրքրվում են առավելապես 25-29 տարեկանների խմբում։
Հիմնական արդյունքներ
Վ րաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդության արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ընդհանրացված համեմատության համար կազմավորվել են այդ հարաբերությունների հիմնական բնութագրերի պրոֆիլները (Գծապատկեր 17)։ Գծապատկերը դյուրընկալելի դարձնելու համար կիրառվել են սլաքներ։ Սլաքները բնութագրերը համեմատում են ըստ երկրների (ըստ տողերի)։ Տարբեր տողերի սլաքները միմյանց հետ համեմատելի չեն։
Դեպի վեր սլաքը նշանակում է, որ տվյալ բնութագրի արժեքը գտնվում է տվյալ տողի բարձր արժեքների տիրույթում, հորիզոնական սլաքը ցույց է տալիս, որ բնութագրի արժեքը գտնվում է միջին արժեքների տիրույթում, իսկ դեպի ներքև ուղղված սլաքը՝ ցածր արժեքների տիրույթում։
Հաշվարկվել են էվկլիդեսյան տարածությունները Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բնութագրերի պրոֆիլների միջև։ Հեռավորությունների մատրիցան տրված է Աղյուսակ 1-ում։ Աղյուսակում 2-րդ և 3-րդ բնութագրերը վերահաշվարկվել են որպես տոկոսներ բոլոր հարցվածների թվից, որի պատճառով դրանք տարբերվում են Գծապատկեր 3 և Գծապատկեր 6-ի տվկալներից։։
Գծապատկեր 17 Երիտասարդների արտասահմանի հետ շփումների ինտենսիվության բնութագրերը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։
Աղյուսակ 1 Արտասահմանյան երկրների հետ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդների շփումների պրոֆիլների միջև էվկլիդեսյան հեռավորությունների մատրիցան։
Աղյուսակ 1-ի տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պրոֆիլների միջև հեռավորությունները (համապատասխանաբար՝ 1.065 և 1.078 ) չորս անգամ գերազանցում են Հայաստանի և Վրաստանի պրոֆիլների միջև հեռավորությանը (0.246)։
Իսկ Գծապատկեր 17-ի տվյալները մանրամասնում են, թե որ բնութագրերի տեսակետից են միմյանց մոտ երկրները։ Մասնավորապես,
- Հայաստանը և Վրաստանը միմյանց նման են 10 բնութագրերից 4-ի դեպքում,
- Ավելի մոտ են միմյանց, քան Ադրբեջանին՝ 10 բնութագրերից 5-ի դեպքում,
- Միայն մեկ բնութագրի դեպքում (Արտասահմանում ընդմիշտ բնակվելն ցանկացողները) Ադրբեջանի բնութագիրը գտնվում է Հայաստանի և Վրաստանի բնութագրերի միջև։
[1] Երբ հիմնական բնութագրերը մեծ թիվ են կազմում ընտրանքի ներկայացուցչականության ապահովումը դաշտային հետազոտության փուլում կապված է շատ մեծ դժվարությունների հետ և որպես կանոն այն հնարավոր չի լինում ապահովել։ Հետազոտության շտեմարանի երկրորդային հետազոտության համար կիրառվել է պոստ-ստրատիֆիկացիոն համակշռում։ Դա վիճակագրական տեխնիկա է, որի նպատակն է ընտրանքի և ընդհանուր համակցության հիմնական բնութագրերի համամասնությունները պահպանումը (https://tinyurl.com/29alygno)։
[2] Վրաստանում 2024 թ. գործում էր 25000-ից ավելի ՀԿ (https://tinyurl.com/285g9sz4 ), այդ պատճառով այն Վրաստանում ունի շատ մեծ ազդեցություն (https://tinyurl.com/24pjlmwt )։
Հայաստանում գրանցված է ավելի քան 5000 ՀԿ, որոնցից գործում է մոտ 1000-ը (https://csometer.info/sites/default/files/2020-11/Armenia-CSO-meter-Final-ARM.pdf էջ 5)։
Ադրբեջանում 2021 թ. կար 4766 գրանցված ՀԿ (https://www.icnl.org/resources/civic-freedom-monitor/azerbaijan):
Հոդվածին կից ֆայլեր՝