Հայաստանը հարկադրված է շարժվել «դիվերսիֆիկացիայի ռազմավարությամբ»
5 ր. | 2024-05-29Հոդվածը հրապարակվել է «Օրբելի» կենտրոնի և Iran Daily պարբերականի միջև համագործակցության շրջանակում։
2 020թ. 44-օրյա պատերազմը, հետպատերազմյան նոր իրողությունները, որոնք 2022թ. փետրվարին սկսված ուկրաինական ճգնաժամի հետևանքով տեղափոխվեցին որակական նոր հարթություն, զգալիորեն փոխեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական պատկերը։ 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանում որոշակիորեն ամրապնդված ռուսական ազդեցությունը շատ արագ կերպով սկսվեց վերանայվել, սասանվել թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից, որն առանց դադար առնելու՝ շարունակում էր զարգացնել ռազմաքաղաքական գործիքակազմով ձեռք բերված հաջողությունները։ Իրենց ռազմավարական նպատակին հասնելու ճանապարհին Անկարա-Բաքու ալյանսի գործողությունների առաջնային թիրախը, բնականաբար, Ռուսաստանի ազդեցության և պարտավորությունների շրջանակն էր, որոնց աշխարհագրական արեալը ներառում էր այդ թվում Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի այն հատվածը, որը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախնական 5 տարի ժամկետով վերապահվել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությանը։
Դեռևս հրադադարի հաստատումից անմիջապես հետո՝ 2020թ. դեկտեմբերի 12-ին, ադրբեջանական ԶՈՒ-երը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա՝ զավթելով դրանք և գերեվարելով 62 անձի։ Ռուս խաղաղապահների գործունեության գոտում Ադրբեջանի ագրեսիվ և ռևիզիոնիստական մարտավարությունը քաղաքական և ռազմական հարթություններում փուլ առ փուլ դրսևորումներով շարունակվեց մինչև 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները, երբ Բաքվի կողմից ամբողջովին բռնազավթվեց և հայաթափվեց պատմականորեն հայկական Արցախը։ Հրադադարից հետո ողջ ընթացքում ԼՂ-ում տեղի գտած տարաբնույթ զարգացումներում՝ ռազմական ագրեսիաներ, հումանիտար ոլորտում ճգնաժամեր՝ ի դեմս Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, քաղաքական ճնշումներ և այլն, Ռուսաստանն այդպես էլ չգործարկեց խաղաղապահ առաքելության ողջ գործիքակազմը՝ չկարողանալով հավուր պատշաճի ապահովել արցախցիների՝ իրենց պատմական բնօրրանում անվտանգ և բարեկեցիկ ապրելու իրավունքը։
ԼՂ-ից բացի, Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ 2021թ. մայիսից 2023թ. ապրիլ ամսվա ընթացքում լրջագույն խնդիրներ ստեղծեց նաև Հայաստանի անվտանգության համար՝ տարբեր մասշտաբի ռազմական սադրանքների, ագրեսիայի միջոցով օկուպացնելով Հայաստանի Հանրապետության շուրջ 140 կմ2 տարածք։ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության իրականացման ածանցյալ հետևանքներից էր Հայաստանի հանդեպ Ռուսաստանի և նրա գլխավորած անվտանգային կառույցի՝ ՀԱՊԿ-ի ունեցած պարտավորությունների իրականացման հարցում ձախողումը։ Փոխանակ Հայաստանի դեմ իրականացված օկուպացիայի արձանագրումը, դրա վերացմանը միտված նպատակային գործողությունների իրականացումը, որը որևէ դաշնակցային ձևաչափի պարտավորությունների առանցքային տրամաբանությունն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս դաշնակիցներն ընդամենը հանդես եկան միջնորդության, դիտորդական առաքելության իրականացման առաջարկներով՝ արձագանքի նման ձևաչափը հիմնավորելով Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված չլինելու հանգամանքով։
Վերոնշյալ իրողությունները, նաև ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների օգտին Մոսկվայի ռազմավարական ընտրությունը, որն ընթանում էր նաև այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական դիմակայության պարբերական աճին, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում անընդհատ խորացող ճգնաժամին զուգահեռ, Երևանին կանգնեցրին անվտանգային, հետևաբար նաև արտաքին քաղաքականությունը համալիր վերանայման և համակարգային փոփոխության անհրաժեշտության առջև։
Բանն այն է, որ անկախությունից ի վեր տասնամյակներ շարունակ Երևանը կառուցել էր միակենտրոն անվտանգային համակարգ՝ հիմնած Մոսկվայի և նրա ձևավորած տարաբնույթ կառույցների (ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն) հետ բազմաշերտ համագործակցության վրա։ Մինչդեռ այդ համակարգը, ինչպես արդեն նշվեց, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ներկայում բավարար չափով չի գործում, որի հետևանքով Հայաստանն ու հայ ժողովուրդն ունեցան և կարող են ունենալ ռազմավարական բնույթի կորուստներ։
Հետևաբար, նման պայմաններում Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության բովանդակային փոփոխության հիմնական սկզբունք սահմանվեց ոչ թե կրկին մեկ կենտրոնի հետ առավելագույն ներդաշնակված մեխանիզմների ձևավորումը, ինչպես նախկինում, այլ «դիվերսիֆիկացման ռազմավարությունը»՝ հիմնված բազմագործոն տրամաբանության վրա՝ տարբեր ուղղություններով և տարբեր դերակատարների հետ շահերի համադրման հիմքով։ Եվ հարկ է ընդգծել, որ պաշտոնական Երևանի նման քաղաքականության հռչակմանն արձագանքեցին բազմաթիվ դերակատարներ՝ տարբեր տարածաշրջաններից, որպես օրինակ՝ Հնդկաստանը, Իրանը, ԵՄ-ն, Ֆրանսիան, Հունաստանը, ԱՄՆ-ն, արաբական բազմաթիվ երկրներ, անգամ նույն Ռուսաստանը, որն ամեն գնով փորձում է փրկել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։
Ըստ այդմ, ձևավորվող նոր հարաբերությունների համակարգի՝ իհարկե, տարբեր կարևորության, բայց էական առանձին բաղադրիչներից են, օրինակ.
- Ռուսաստանի հետ շարունակվող բազմավեկտոր համագործակցությունը, բայց առավել իրատեսական, երկկողմ շահերի, իրավունքների ու պարտականությունների՝ հստակորեն չափելի և իրագործելի հարթությունում։
- Բավականաչափ կարևոր ուղղություն է ԵՄ հետ քաղաքական, տնտեսական ոլորտներում հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները, անվտանգային մակարդակում՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործարկումը։
- Ֆրանսիայի, Հունաստանի հետ բազմավեկտոր, այդ թվում նաև ռազմական և անվտանգային քաղաքականության խորացման հեռանկարը՝ հիմնված հատկապես այդ ժողովուրդների հետ պատմական, մշակութային, իսկ պետությունների հետ՝ քաղաքական, տնտեսական «առանձնաշնորհյալ» հարաբերությունների հանգամանքի վրա։
- Տարածաշրջայնացման քաղաքականության համատեքստում չափազանց կարևոր են.
Ա. Իրանի հետ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգային ոլորտներում փոխգործակցության նոր ձևաչափերը, ծրագրերը։
Բ. Վրաստանի հետ հարաբերությունների նոր մակարդակի՝ «ռազմավարական գործընկերության» լիարժեք իրացումը։
Գ. Մյուս հարևան երկրների հետ խնդիրների հանգուցալուծումը, որը ենթադրում է Ադրբեջանի հետ բանակցվող «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի ստորագրում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։
- Հնդկաստանի հետ քաղաքական, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության խորացումը։
- ԱՄՆ-ի, արաբական բազմաթիվ երկրների հետ քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունները և այլն։
Ընդհանուր առմամբ, վերևում թվարկված քաղաքական առայժմ պայմանական ուղեգծերը, որոնք մերօրյա աշխարհին բնորոշ քարոզչական դիմակայության ֆոնին Հայաստանի ոչ բարեկամների կողմից շատ հաճախ միտումնավոր կերպով ներկայացվում են՝ որպես Երևանի կողմից աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու քաղաքականություն, բնականաբար սադրանք է, կեղծիք և ոչ ավելին։ «Դիվերսիֆիկացիայի ռազմավարությունն» ընդամենը Երևանի համար նոր և կանխատեսվող անվտանգային, քաղաքական, տնտեսական մարտահարվերներին ընդառաջ՝ սեփական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ապահովելուն, նաև պարենային, էներգետիկ և այլ կենսական ոլորտներում անհրաժեշտ այլընտրանքներ երաշխավորելուն միտված ուղեգիծ է, ոչ ավելին։ Այն յուրաքանչյուր անկախ, ինքնիշխան պետության առաջնային գործառույթների շրջանակում է։ Ինչ վերաբերում է նաև որոշ բարեկամների շրջանում տարընկալումներ առաջացրած՝ հատկապես անվտանգային, ռազմական, ռազմարդյունաբերական ոլորտներում Երևանի նոր համագործակցություններին, ապա դրանք ընդամենը միտված են տարածաշրջանում խախտված ռազմական բալանսի վերականգնմանը, որը չափազանց կարևոր նախադրյալ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և համընդհանուր զարգացման միջավայրի ձևավորման համար։ Այդ համագործակցությունները որևէ կերպ չեն կարող ուղղված լինել որևէ հարևան երկրի դեմ, քանի որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, ռազմավարական շահերը՝ որևէ կերպ չվիճարելով դրանք։
Ինչպես արդեն վերևում ընդգծվել է, Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային գաղափարը բոլոր խնդրահարույց հարաբերությունների հանգուցալուծումն է և տարածաշրջանում համագործակցային միջավայրի ձևավորումը, հենց որի առարկայացմանը միտված կարևոր ենթակառուցվածքային նախագծերից է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։