Հարցազրույց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ
5 ր. | 2024-05-13Հարցազրույցը հրապարակվել է «Օրբելի» կենտրոնի և Iran Daily պարբերականի միջև համագործակցության շրջանակում։
Ա մեն տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում 1915թ․-ին իրագործված Հայոց ցեղասպանության (Մեծ եղեռն, Արմենոցիդ) նահատակների հիշատակը: Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա, 1965թ․-ից վեր է խոյանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Հուշահամալիրի կողքին 1995թ․-ից գործում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ), որի հիմնադրման նպատակն է եղել հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել և ցուցադրել ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն և այլն։ ՀՑԹԻ-ի ուշադրության կենտրոնում է նաև մարդկության պատմության ընթացքում և այսօր էլ գործվող այլ ցեղասպանությունների ուսումնասիրումը, ինչը կարևոր է նման նոր ոճրագործությունների կանխման տեսանկյունից։ Մենք զրուցել ենք ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի հետ՝ հասկանալու, թե ինչ գործունեություն է ծավալում կենտրոնը, ինչպիսի ուղղություններով են կատարվում ուսումնասիրություններն այժմ և այլն։
- Տիկին Գզոյան, ձեր գնահատմամբ, ի՞նչ փուլում են գտնվում ՀՑԹԻ-ի նպատակների իրականացումը, որոնք դրվել էին դրա առջև հիմնադրման պահին։
— 1995թ․-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, ՀՑԹԻ-ն սկսեց գործել որպես հավասար կարգավիճակ ունեցող երկու ենթակառույցի միավորում՝ թանգարան և ինստիտուտ։ Այսօր գրեթե երեսուն տարի անց ՀՑԹԻ-ն ունի բավական ծավալուն հավաքածու՝ ձևավորված հավաքչական աշխատանքների, անհատների նվիրատվությունների, գնումների միջոցով: Նյութերի մի մասը ցուցադրությունների միջոցով ներկայացրել ու ներկայացնում ենք Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուներին: Այսօր այդ գործընթացը շարունակվում է: Դեռ բազմաթիվ վերապրածների ժառանգների մոտ կան Հայոց ցեղասպանությանը վերաբերող խիստ արժեքավոր նյութեր։
ՀՑԹԻ-ն այսօր նախ և առաջ բնականաբար շարունակում է Հայոց ցեղասպանության թեմայի ամբողջական ուսումնասիրությունը` խորանալով առանձին միկրոպատմությունների և նեղ թեմաների հետազոտությունների մեջ: Հակահայկական ագրեսիան, բռնությունները և ցեղասպանական գործողությունները, սակայն, ցավոք, շարունակվում են նաև մեր օրերում: Ոստի ՀՑԹԻ-ն իր առջև խնդիր է դրել նաև հավաքել, մշակել, ուսումնասիրել, հրատարակել, պահպանել և ցուցադրել Արցախում, Նախիջևանում, ինչպես նաև Ադրբեջանի հայաբնակ վայրերում տեղի ունեցած բռնություններին վերաբերող փաստեր, փաստաթղթեր, լուսանկարներ, վկայություններ և այլն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է գրավում հատկապես Արցախում բռնությունների, էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների վավերագրումն ու ուսումնասիրությունը: Մեր գլխավոր նպատակներից է օտարալեզու հրատարակությունների միջոցով տարածել եղելությունը։ Արցախի հիմախնդրին է նվիրված ՀՑԹԻ-ի անգլալեզու International Journal of Armenian Genocide Studies հանդեսի մեկ ամբողջական համարը (Vol. 7, No 2, 2022), հանդեսի վերջին համարում նույնպես ունենք հոդվածներ Արցախի մասին:
Մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների հետազոտությունը, նաև` ցուցադրումը, ևս ՀՑԹԻ-ի մշտական ուշադրության կենտրոնում է:
ՀՑԹԻ-ի գործունեությունն ընդհանուր առմամբ նպատակաուղղված է գիտական և հանրային լայն շրջանակներում ցեղասպանության թեմայի իրազեկման ընդյալնմանը, ինչպես նաև հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը:
— Ինչպիսի՞ ճանաչելիություն ունի ՀՑԹԻ-ն Հայաստանի սահմաններից դուրս՝ մեր տարածաշրջանում և աշխարհում։
— ՀՑԹԻ-ն աշխարհի դեռ միակ` Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան-ինստիտուտն է։ Այն համագործակցում է նաև աշխարհի տարբեր հայագիտական և ցեղասպանագիտական կառույցների, ոլորտի այլ հաստատությունների հետ։
ՀՑԹԻ-ն պարբերաբար կազմակերպում է միջազգային գիտաժողովներ՝ իր հարկի տակ հավաքելով ցեղասպանագիտության ոլորտի առաջատար մասնագետների աշխարհի չորս կողմերից, մեր գիտաշխատողները մասնակցում են ոլորտի կարևոր գիտաժողովներին: Այս ամենը կարևոր է ցեղասպանագիտության հայկական դպրոցի տեսակետները միջազգային ասպարեզում ներկայացնելու համար:
Ամեն տարի թանգարան են գալիս տասնյակ հազարավոր այցելուներ՝ հիմնականում արտերկրից, պաշտոնական պատվիրակություններ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է:
— Հայոց ցեղասպանությունն աշխարհում ուսումնասիրվածությամբ երկրորդն է։ Ինչպես նշեցիք, ՀՑԹԻ-ում շարունակվում է դրա ուսումնասիրվածության խորացումը։ Կմանրամասնե՞ք՝ ինչ ուղղություններով, որո՞նք են վերջին տարիների ձեր արժեքավոր աշխատությունները։
— ՀՑԹԻ-ում իրականացվեում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող միջգիտակարգային տարբեր հետազոտական աշխատանքներ, որոնք հրատարակվում են տեղական և միջազգային պարբերականներում և գրքերում: ՀՑԹԻ-ն հրատարակում է երկու պարբերական` հայերեն և անգլերեն: ՀՑԹԻ-ի գիտաշխատողների համար հայալեզու ամսագիրը դեռևս մնում է իրենց հետազոտությունները հանրայնացնելու հիմնական հարթակը: Անգլերեն International Journal of Armenian Genocide Studies-ը տանում ենք միջազգայնացման ուղիով:
Որպես կարևորագույն ուղղություն սկզբնավորվում է տարբեր երկրների մեծ ու փոքր արխիվների ուսումնասիրությունը, ինչը կնպաստի նոր, առավել խորը հետազոտությունների իրականացմանը:
Դեռևս 2019թ. նախաձեռնվել են ՀՑԹԻ-ի ֆոնդերում պահվող հուշագրությունների հրատարակման աշխատանքները։ Արդյունքում արդեն տասնյակից ավել հուշագրություններ են տպվել հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:
Վերջին տարիներին տպագրված գրքերի մեջ կցանկանայի առանձնացնել մեր ավագ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանի մենագրությունները`«Արեւմտեան Հայաստանի Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւը Մեծ Եղեռնի նախօրեակին» և «Կիլիկիահայության թիվը Հայոց ցեղասպանության նախօրյակին», գործընկերներիս` Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատրյանի և Էլինա Միրզոյանի հետ իմ համահեղինակած և Նարինե Մարգարյանի ներածությամբ` «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը:
Նշեմ, որ բացի մեր գիտաշխատողների աշխատանքներից, հրատարակում ենք նաև այլ ցեղասպանագետների գործեր:
— Այս տարի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Ինչպիսի՞ ծրագրեր ունի ՀՑԹԻ-ն 2024թ․-ի համար։
— Այս տարի արդեն հասցրել ենք կազմակերպել երկու ժամանակավոր ցուցադրություն նվիրված Ֆրանկոֆոնիայի երկամսյակին: «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ցուցադրություններում ներկայացված են Համիդյան ջարդերից մինչև Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի և ֆրանսիացիների մարդասիրական ջանքերը՝ ուղղված Օսմանյան կայսրության հայ բնակչության փրկությանը, ինչպես նաև ֆրանսահայ անվանի հինգ արվեստագետների՝ Լևոն Թյությունջյանի, Զարեհ Մութաֆյանի, Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան), Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), Ժան-Պիեռ Սեֆերյանի գործերը: Նշված բոլոր արվեստագետները Հայոց ցեղասպանությունը վերապրածեր են կամ վերապրածների ժառանգներ, որոնց ստեղծագործություններում արտացոլված են համազգային ցավի գույները:
Ապրիլի 24-ին ընդառաջ մեր գլխավոր ժամանակավոր ցուցադրությունն է բացվել, որն այս տարի նվիրված է հայ կնոջը և կրում է «Հայ կինը ցեղասպանության զոհ և հերոս» խորագիրը:
Սեպտեմբերին նախատեսում ենք ցուցադրություն արցախյան թեմատիկայով:
Հոկտեմբերին Պուատիեի համալսարանի (Ֆրանսիա) MIMMOC (Mémoires, Identités, Marginalités dans le Monde Occidental Contemporain [Հիշողություններ, ինքնություններ, մարգինալներ ժամանակակից արևմտյան աշխարհում]) լաբորատորիայի հետ համատեղ կկազմակերպվի «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները» խորագրով միջազգային գիտաժողով: Սրանից զատ ՀՑԹԻ-ն իրականացնելու է նաև կրթական ծրագրեր: