Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդության դիրքորոշումները համագործակցության նկատմամբ
17 ր. | 2024-05-12Ներածություն
2 020 թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի դիրքերը Ղարաբաղյան կոնֆլիկտում տրամագծորեն փոխվեցին՝ Ադրբեջանը հայտնվեց հաղթողի, իսկ Արցախը և Հայաստանը՝ պարտվողի դերերում։ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական օրակարգերում է հայտնվել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։ Այդ հարցը վերածվել է հակասական պրոցեսի, որն ունի կոնֆլիկտայնության բարձր ներուժ։ Այդ ներուժը տարբեր իրավիճակներում կարող է վերածվել տարաբնույթ բացահայտ կոնֆլիկտների, ընդհուպ մինչև պատերազմ։ Խաղաղության օրակարգի հետ սերտ շաղկապված են Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում միմյանց նկատմամբ դիրքորոշումները։ Այդ դիրքորոշումները երկրների միջև առկա կոնֆլիկտի ներուժի գործարկման և իրականացման գործոններ են։
Պետք է ենթադրել, որ պատերազմի և երկու երկրների դիրքերի փոփոխության ազդեցության պատճառով Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում միմյանց նկատմամբ դիրքորոշումները փոփոխվել են։ Դա վերաբերվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդությանը։ Անշուշտ փոփոխությունները անմիջապես չեն տեղի ունենում։ Իսկ ժամանակի ընթացքում փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն պատերազմի արդյունքներով, այլև երկրներում այդ արդյունքների նկատմամբ հակադիր քաղաքական ուժերի ինֆորմացիոն քաղաքականության ինտենսիվության և արդյունավետության հարաբերակցությամբ։
Ներկայացվող հոդվածում տրված են Հայաստանի և Ադրբեջանի 15-29 տարեկան երիտասարդների դիրքորոշումներն իրենց երկրների միջև համագործակցության նկատմամբ[1]։ Այդ դիրքորոշումները դիտարկված են մի շարք ավելի լայն կոնտեքստներում, ինչը թույլ է տալիս ստանալ վերլուծական տվյալների ավելի ադեկվատ մեկնաբանություններ։ Որոշ դեպքերում համեմատության համար տրված են նաև համապատասխան դիրքորոշումները Վրաստանի երիտասարդության շրջանում։
Վերլուծության ներկայացված արդյունքները դիտարկելիս հարկ է հիշել, որ դրանք հավաքագրվել են պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց[2]։
Ադրբեջանի և Հայաստանի երիտասարդների դիրքորոշումները միմյանց հետ հարևանության վերաբերյալ
Նախքան 2022 թ.-ին Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդության միմյանց երկրների նկատմամբ դիրքորոշումների դիտարկումը արժե վերհիշել, թե ինչպիսին են դրանք եղել անցյալում։
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդների դիրքորոշումները տարբեր երկրների նկատմամբ 2007 թ.-ին
Աղյուսակ 1-ում տրված են 2007 թ.-ին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի 18-30 տարեկան երիտասարդների դիրքորոշումները տարբեր երկրների, այդ թվում նաև միմյանց հետ տնտեսական և քաղաքական համագործակցության նկատմամբ։ Աղյուսակում ներկայացված են միայն համագործակցության նկատմամբ դրական դիրքորոշումները։ Արդյունքները ստացվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն 2007» հետազոտության տվյալների շտեմարանի վերլուծությամբ։[3] Այդ հետազոտությունը կատարվել է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 2007 թ.-ին նույնական մեթոդաբանությամբ և հարցաշարով։ Ընտրանքների ծավալները Հայաստանում՝ 2457, Ադրբեջանում՝ 2146, Վրաստանում՝ 3306։
Յուրաքանչյուր երկրում հարց էր տրվել․ «Ձեր կարծիքով [Ձեր երկիրը՝ Հայաստանը/ Վրաստանը/ Ադրբեջանը] որքանո՞վ պետք է ձգտի համագործակցել հետևյալ երկրների և միությունների հետ։ Նշեք ձեր պատասխանը 1-ից 10 պատասխանների սանդղակում, որտեղ 1-ը նշանակում էր «Ոչ մի համագործակցություն», իսկ 10-ը՝ «Առավելագույն համագործակցություն»։
Որպեսզի այդ սանդղակով ստացված արդյունքները հնարավորինս համադրելի լինեն 2022 թ. տվյալների հետ Աղյուսակ 1-ում ներկայացված են 6-10 գնահատականների գումարային տոկոսները։ Քանի որ այդ գնահատականները գտնվում են սանդղակի վերին կիսահատվածում, այդ պատճառով հետագա տեքստում դրանք կանվանենք «դրական դիրքորոշումներ» կամ «դրական պատասխաններ»։
Աղյուսակ 1-ի ձախ հատվածում տրված են Հայաստանի 18-30 տարեկան երիտասարդների դրական դիրքորոշումները տարբեր երկրների հետ քաղաքական և տնտեսական համագործակցության նկատմամբ, միջին հատվածում՝ Ադրբեջանի երիտասարդության դիրքորոշումները, իսկ աջ հատվածում՝ Վրաստանի։
Դիտարկենք Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդության դիրքորոշումները՝ Վրաստանի դիրքորոշումների վերլուծությունը թողնելով հետաքրքրված ընթերցողին։
Աղյուսակ 1 «Ձեր կարծիքով [Ձեր երկիրը Հայաստանը/ Ադրբեջանը] որքանո՞վ պետք է ձգտի համագործակցել հետևյալ երկրների և միությունների հետ։» 18-30 տարեկաններ։ Չափման սանդղակը՝ 1-10, որտեղ՝ 1-ը նշանակում էր «ոչ մի համագործակցություն, իսկ 10-ը՝ առավելագույն համագործակցություն»։ Տրված է 6-10 գնահատականների գումարային տոկոսը։ ՀՌԿԿ «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն 2007»
Աղյուսակի տվյալներից բխում են մի քանի հիմնական եզրակացություններ․
- Չնայած 2007 թ.-ին Հայաստանում և Ադրբեջանում երիտասարդների դիրքորոշումներն իրենց երկրների համագործակցության նկատմամբ շատ ցածր էին, այդուհանդերձ, Հայաստանում այդ դիրքորոշումներն անհամեմատ ավելի բարձր էին, քան Ադրբեջանում։
Հայաստանում երիտասարդների 13%-ն էր դրական տրամադրված Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության նկատմամբ, իսկ 11%-ը՝ քաղաքական համագործակցության։ Ադրբեջանում համագործակցության նկատմամբ դրական դիրքորոշումները համարյա իսպառ բացակայել են։ Դրանք կազմել են համապատասխանաբար՝ 1% և 3%:
Պետք է ենթադրել, որ 2007 թ.-ին Ադրբեջանում Հայաստանի հետ համագործակցության նկատմամբ դրական դիրքորոշումների համարյա լիովին բացակայությունը հետևանք էր ոչ միայն Առաջին ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կրած ծանր պարտության, այլև այն պատճառով, որ սկսած 1988 թ.-ից Ադրբեջանի ինֆորմացիոն դաշտում ընթացել է հակահայկական չափազանց ինտենսիվ քարոզչություն՝ Հայաստանի նկատմամբ դրական կամ չեզոք բնույթի հրապարակումները բացակայել են։
- Հայաստանում գործընկերային տեսակետից առաջին տեղում էր Ռուսաստանը, որի հետ տնտեսական և քաղաքական համագործակցության նկատմամբ դրական դիրքորոշումները շատ բարձր էին, համապատասխանաբար՝ 94% և 92%։
Ադրբեջանում նույնպիսի դիրքում էր Թուրքիան, որի հետ տնտեսական և քաղաքական համագործակցության դիրքորոշումները կազմում են համապատասխանաբար 91% և 89%:
Ադրբեջանի երիտասարդության շրջանում Ռուսաստանի հետ համագործակցության դիրքորոշումները երկրորդ տեղում էին և բավականաչափ զիջելով Թուրքիայի հետ համագործակցության դիրքորոշումներին կազմում էին տնտեսական ոլորտում՝ 75%, իսկ քաղաքական ոլորտում՝ 70%:
- Երիտասարդության շրջանում համագործակցության դրական դիրքորոշումների տեսակետից Հայաստանի համար երկրորդ, իսկ Ադրբեջանի համար երրորդ տեղում էր հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Դրանց նկատմամբ դրական դիրքորոշումները գտնվում են 71-80% միջակայքում։
- Հայաստանի համար համագործակցության համար ցանկալի երկրների երրորդ խումբն էին կազմում Ուկրաինան (դրական դիրքորոշումները՝ 48-54%) և Իրանը (44-53%): Իսկ Ադրբեջանում այդ երկրները Վրաստանի հետ միասին կազմում են համագործակից երկրների չորրորդ խումբը (դրական դիրքորոշումները՝ 63-66% միջակայքում էին)։
- Առանձնահատուկ պետք է նշել, որ անդրկովկասյան բոլոր երկրներում՝ ներառյալ Վրաստանը, արտատարածաշրջանային համագործակցությունը գերադասելի էր ներտարածաշրջանային համագործակցությունից։ Այսինքն՝ այդ տարիներին շրջանառվող «Միասնական [կովկասյան] տուն» հայեցակարգն գտնվում էր անդրկովկասյան ժողովուրդների դիրքորոշումների լուսանցքում, այլ կերպ՝ այն ժամանակ դա անիրականանալի նախագիծ էր։
Այսպիսով՝ 2007 թ.-ին Հայաստանի երիտասարդությունը հակված էր նախ դեպի Ռուսաստան, հետո՝ Արևմուտք, Ադրբեջանի երիտասարդությունը նախ՝ դեպի Թուրքիա, հետո՝ Ռուսաստան և Արևմուտք, իսկ Վրաստանի երիտասարդությունը՝ հավասարապես դեպի Արևմուտք և Ռուսաստան։
Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդների դիրքորոշումները միմյանց երկրների հետ համագործակցության նկատմամբ 2022 թ.-ին
«Երիտասարդների ուսումնասիրություն 2022» հետազոտությունում առկա են հարցեր, որոնք արտապատկերում են Հայաստանի և Ադրբեջանի 14-29 տարեկան երիտասարդների դիրքորոշումները իրենց երկրների համագործակցության վերաբերյալ։ Միաժամանակ դիտարկվել են նաև մի շարք այլ դիրքորոշումներ, որոնք կազմավորում են այդ երկրների համագործակցության մի քանի բովանդակային համատեքստեր։ Դրա համար հարցվողներին ներկայացվել են մի շարք դրույթներ և հարց է տրվել․ «Որքանո՞վ եք համաձայն կամ անհամաձայն հետևյալ պնդումների հետ»։ Պատասխանների տարբերակներն էին՝ «Լիովին համաձայն եմ», «Ավելի շուտ համաձայն եմ», «Ավելի շուտ համաձայն չեմ» և «Բոլորովին համաձայն չեմ»։ Նշվել են նաև այն դեպքերը, երբ հարցվողը դժվարացել է հստակ պատասխանել կամ հրաժարվել է պատասխանել։
Հայաստանում Ադրբեջանի հետ համագործակցության դիրքորոշումները դիտարկված են երկու դրույթներով. «Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ» և «Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության հետ, բացի Ադրբեջանից և Թուրքիայից»։ Ադրբեջանում այդ դրույթները ներկայացվել են հայելային կերպով Հայաստանի նկատմամբ՝ «Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի հետ» և «Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության հետ, բացի Հայաստանից»։
Համագործակցության պատրաստակամությունը գնահատող նշված երկու դրույթները դիտարկվել են երեք համատեքստում։
Առաջինը՝ դիտարկվել են Հայաստանի և Ադրբեջանի զարգացման առաջնային աշխարհաքաղաքական համատեքստերը։ Հայաստանի դեպքում որպես այդպիսին դիտարկվել է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Հայաստանում այդ համատեքստը գնահատվել է «Հայաստանի համար առաջընթացի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրումն է» դրույթով, իսկ Ադրբեջանում դիտարկվել են երկու մրցակցող համատեքստեր՝ «Ադրբեջանի համար առաջընթացի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրումն է» և «Ադրբեջանի համար առաջընթացի միակ հնարավորությունը Թուրքիայի հետ ավելի խորը ինտեգրումն է» դրույթներով։
Երկրորդ համատեքստը՝ հանուն խաղաղության պատմական անցյալը մոռանալու դիրքորոշումն է, որն արտահայտվել է «Ազգերի միջև խաղաղ գոյակցության համար ավելի լավ է մոռանալ անցյալում տեղի ունեցածը և միասին մտածել ընդհանուր ապագայի մասին» դրույթով։ Ակնհայտ է, որ այս դրույթը վերաբերվում է հայերի և ադրբեջանցիների ազգային ինքնության միջուկի կարևորագույն բաղադրիչներից մեկին՝ պատմական հիշողությանը։ Պատասխանների բաշխումը անուղղակիորեն արտապատկերում է ոչ միայն երիտասարդների շրջանում պատմական հիշողության գերակայությունը, այլև դրա կայունությունը։
Երրորդ համատեքստն է՝ հայրենասիրական զոհաբերականությունը, որն արտահայտվել է «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի տարբեր տեսակի զոհողության՝ հանուն [Ադրբեջանի/Հայոց] պետականության ամրապնդման» դրույթով։ Այս դրույթում անբացահայտորեն արտապատկերվում է, թե որքանով է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը երիտասարդության գիտակցությունում որպես գոյաբանական։
Գծապատկեր 1-ում տրված է նշված դրույթների հետ համաձայնության կամ անհամաձայնության բաշխումները Հայաստանում և Ադրբեջանում։ Գծապատկերի տվյալներում «Լիովին համաձայն եմ» և «Ավելի շուտ համաձայն եմ» պատասխանների տարբերակները միավորված են «Համաձայն են» կատեգորիայում, իսկ «Ավելի շուտ համաձայն չեմ» և «Բոլորովին համաձայն չեմ» տարբերակները՝ «Համաձայն չեմ» կատեգորիայում։
Գծապատկեր 1
Հայաստանում՝ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանի հետ համագործակցությունն այնպես՝ ինչպես այլ երկրների հետ ըստ էության համարյա լիովին անընդունելի է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի երիտասարդների համար։ Այդ դրույթին կողմ են Հայաստանում ընդամենը մոտ 12%-ը, իսկ Ադրբեջանում մոտ 10%-ը։
Աղյուսակ 1-ի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում Ադրբեջանի հետ համագործակցությունն ընդունելի համարող երիտասարդների թիվը 2007 և 2022 թթ. (հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնահատականները ստացվել են տարբեր մեթոդաբանություններով), մնացել է նույն մակարդակում։ Ադրբեջանում, հավանաբար հաղթական պատերազմի և չի բացառվում, որ նաև այլ գործոնների ազդեցությամբ, Հայաստանի հետ համագործակցության դիրքորոշումն աճել է 1-3%-ից մինչև մոտ 10%։ Այդուհանդերձ նման համագործակցությանը դեմ են Հայաստանում երիտասարդների 83%-ը, իսկ Ադրբեջանում՝ 70%-ը։ Հատկանշական է, որ Ադրբեջանում երիտասարդների 21%-ը խուսափել է պատասխանել այդ հարցին։ Դա նշանակում է, որ ներկայիս Ադրբեջանում Հայաստանի հետ համագործակցությունը սոցիոլոգիական «նուրբ» հարց է։
Մյուս կողմից Հայաստանի երիտասարդության հակվածությունը այլ երկրների հետ համագործակցությանը՝ բացառությամբ Ադրբեջանի և Թուրքիայի, կազմել է 75%, ինչը նշանակալիորեն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, որտեղ այլ երկրների հետ համագործակցության դիրքորոշումը՝ բացառությամբ Հայաստանի, կազմել է 47%։ Սա նշանակում է Ադրբեջանի երիտասարդությունն «այլ երկրների» հետ համագործակցությանը վերաբերվում է ընտրողաբար, այսինքն՝ Ադրբեջանի երիտասարդության բավական մեծ սեգմենտի համար կան երկրներ (բացի Հայաստանից), որոնց հետ համագործակցությունը ընդունելի չէ։
Ռուսաստանի հետ համագործակցությունը, որպես իր երկրի առաջընթացի ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստ, բավական տարածված է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Սակայն երկու երկրներում էլ 2007 թ. համեմատ Ռուսաստանի նշանակությունը էապես նվազել է։ Հայաստանում Ռուսաստանի հետ ինտեգրումը որպես Հայաստանի առաջընթացի միակ հնարավորություն տարածված է երիտասարդների 62%-ի շրջանում, որը մոտ 30%-ով ավելի ցածր է, քան 2007 թ.-ին։ Իսկ Ադրբեջանում այդ դիրքորոշումն ընդունելի է երիտասարդության 54%-ի համար, ինչը 2007 թ. համեմատ ցածր է 25%-ով։
Սակայն, Գծապատկեր 1-ի ամենակարևոր արդյունքն այն է, որ Ադրբեջանի երիտասարդության շրջանում Թուրքիայի հետ առավել խորն ինտեգրումը որպես իրենց երկրի առաջընթացի միակ հնարավորություն ուներ Ադրբեջանի երիտասարդների մոտ 88%-ը, ինչը նույն մակարդակի վրա է, ինչ 2007 թ.-ին՝ 89-91% (Աղյուսակ 1)։[4] Այսինքն,
- 15 տարիների ընթացքում Ադրբեջանի երիտասարդության համար Թուրքիայի առաջատար դիրքը, որպես իրենց երկրի զարգացման ամենագերակա համատեքստ մնացել է անփոփոխ, իսկ Ռուսաստանն իր դիրքը նշանակալիորեն իջել է։
Դիտենք համագործակցության դրույթների երկրորդ լայն համատեքստը՝ որքանո՞վ է երիտասարդության շրջանում ընդունելի հանուն խաղաղության պատմական հիշողության կոնֆլիկտային դրվագների մոռացությունը («Ազգերի միջև խաղաղ գոյակցության համար ավելի լավ է մոռանալ անցյալում տեղի ունեցածը և միասին մտածել ընդհանուր ապագայի մասին»): Պարզ է, որ Հայաստանի երիտասարդության դեպքում այն ուղղակիորեն շաղկապված է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության դիրքորոշման հետ, մյուս կողմից՝ 1915 թ. ցեղասպանության, ազգային բնօրրանի և պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի կորստի, ազգային-ազատագրական դարավոր պայքարի հերոսական էջերի, Ղարաբաղյան Առաջին և Երկրորդ պատերազմների հետ։ Պատմական հիշողության և խաղաղության դիրքորոշման միջև կոմպրոմիսն ընդունելի է Հայաստանի երիտասարդության 41%-ի և անընդունելի է՝ 54%-ի շրջանում։ Սակայն Ադրբեջանում հանուն խաղաղության անցյալի կոնֆլիկտների մոռացության ընդունելիության դիրքորոշումը նշանակալիորեն ավելի ցածր է՝ 23%։ Այստեղ նույնպես հարկ է ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանում շատ մեծ է այդ դրույթի նկատմամբ ձևավորված դիրքորոշում չունեցող անձանց շերտը, ինչը տվյալ դեպքում հավանաբար արտապատկերում է Ադրբեջանի երիտասարդության գիտակցությունում ազգային ինքնության պատմական հիշողության բաղադրիչի կազմավորվածության համեմատաբար ավելի ցածր մակարդակը։
Խորացված վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի երիտասարդության շրջանում ազգերի միջև խաղաղ գոյակցության համար անցյալը մոռանալու դիրքորոշումը համեմատաբար ավելի բարձր է 14-17 տարեկանների՝ դպրոցականների շրջանում՝ 50%, 18-24 տարեկանների խմբում՝ կոմպրոմիսի հակված է 38%-ը, իսկ 25-29 տարեկանների շրջանում՝ 39%-ը։ Ըստ սեռի և բնակավայրի տիպի տարբերությունները շատ փոքր են։ Նշենք նաև, որ կոմպրոմիսի դիրքորոշումն ամենաբարձրն է առևտրի ոլորտում աշխատող երիտասարդների շրջանում՝ 59%։
Ազգային ինքնության (պատմական հիշողության) պահպանման հարցում կոմպրոմիսի համատեքստը շաղկապված է երրորդ համատեքստի՝ հայրենասիրական զոհաբերականության հետ։ Հայաստանի երիտասարդության շրջանում Ադրբեջանի համեմատ հանուն Հայրենիքի զոհաբերականության դիրքորոշումն ավելի բարձր է։ «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի տարբեր տեսակի զոհողության՝ հանուն Հայոց պետականության ամրապնդման» դիրքորոշման հետ Հայաստանում համաձայն էր հարցվածների 81%-ը, իսկ Ադրբեջանում՝ «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի տարբեր տեսակի զոհողության՝ հանուն Ադրբեջանի պետականության ամրապնդման» դիրքորոշման հետ համաձայն էր 60%-ը։ Նկատենք, որ այստեղ նույնպես դիտարկվել է Ադրբեջանում այդ դրույթի նկատմամբ ձևավորված դիրքորոշում չունեցող երիտասարդների բավական մեծ թիվը՝ 16%:
Գծապատկեր 1-ում տրված արդյունքների կառուցվածքը հուշում է, որ հնարավոր է դիտարկված դրույթների միջև առկա է բովանդակային շաղկապվածություն։ Այսինքն՝ հետազոտական հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդական շերտի գիտակցությունում առկա են մտավոր համալիրներ, որոնք պայմանավորում են միմյանց երկրների միջև համագործակցության և դրանց դիտարկված կոնտեքստների նկատմամբ դիրքորոշումները։
Այդ համալիրները փնտրվել են գործոնային վերլուծության կիրառմամբ։
Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդության միմյանց հետ հարևանության և դրա կոնտեքստները պայմանավորող մտավոր համալիրները
Հայաստանի երիտասարդության Ադրբեջանի հետ հարևանության և դրա կոնտեքստները պայմանավորող մտավոր համալիրները
Հ այաստանի երիտասարդության շրջանում դիտարկվող դրույթները կազմավորող մտավոր համալիրների բացահայտման նպատակով կատարված գործոնային վերլուծության արդյունքները տրված են Գծապատկեր 2-Ա և Բ-ում։
Նշենք, որ Ադրբեջանի և Հայաստանի տվյալներում առկա են հինգ նույնական դրույթներ, Հայաստանի տվյալների շտեմարանում՝ երկու յուրահատուկ հայկական, իսկ Ադրբեջանի տվյալների շտեմարանում մեկ յուրահատուկ ադրբեջանական դրույթ։
Բացահայտվել են երեք մտավոր համալիրներ։ Մաթեմատիկական տեսակետից դրանք բաղադրյալ փոփոխականներ են, որոնք արտապատկերում են մտավոր համալիրները և որոնք ընդունված է անվանել գործոններ։
Գործոն 1․ «Նոր երիտասարդության» գործոն․ Այս գործոնով արտապատկերվող մտավոր համալիրը կազմավորում է դիրքորոշումները Հայաստանում 2018 թ. «Թավշյա հեղափոխության» նկատմամբ։ Գործոնի բարձր արժեքների դեպքում երիտասարդը ավելի հակված է համաձայնելու այն դրույթների հետ, որ․ «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում դրական իրադարձություն էր, որը թույլ տվեց հասարակությանը փոխել իշխանությանը» և «Թավշյա հեղափոխությունից» հետո նոր ձևավորված կառավարությունը նպաստեց Հայաստանի առաջընթացին»։
Գործոն 2. «Ավանդական երիտասարդության» գործոն։ Այս գործոնով արտապատկերվող մտավոր համալիրը կազմավորում է այն դիրքորոշումները, որ «Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության հետ, բացի Ադրբեջանից և Թուրքիայից», «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի տարբեր տեսակի զոհողության՝ հանուն հայոց պետականության ամրապնդման», «Հայաստանի առաջընթացի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրումն է»։ Միաժամանակ այդ մտավոր համալիրը բացասական դիրքորոշում է կազմավորում «Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ» դրույթի նկատմամբ:
Գործոն 3. «Կոմպրոմիսի» գործոն։ Այս համալիրը ձևավորում է հանուն խաղաղության և զարգացման պատմական հիշողության (ազգային ինքնության) հարցերում կոմպրոմիսի գնալու դիրքորոշումը՝ «Ազգերի միջև խաղաղ գոյակցության համար ավելի լավ է մոռանալ անցյալում տեղի ունեցածը և միասին մտածել ընդհանուր ապագայի մասին։» Այս դիրքորոշումը որոշակիորեն շաղկապված է երիտասարդների գիտակցությունում Ռուսաստանը որպես ինտեգրացիոն տարածք ընկալման, ինչպես նաև «Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ» դիրքորոշման հետ։
Գծապատկեր 2 Գործոնային մոդելը Հայաստան
Գծապատկերներ 2-Ա և Բ-ում փոփոխականների անվանումները։
Հ1. «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում դրական իրադարձություն էր, որը թույլ տվեց հասարակությանը փոխել իշխանությանը
Հ2. «Թավշյա հեղափոխությունից» հետո նոր ձևավորված կառավարությունը նպաստեց Հայաստանի առաջընթացին
Հ3. Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության հետ, բացի Ադրբեջանից և Թուրքիայից:
Հ4. Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Հ5. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի տարբեր տեսակի զոհողության՝ հանուն հայոց պետականության ամրապնդման:
Հ6. Ազգերի միջև խաղաղ գոյակցության համար ավելի լավ է մոռանալ անցյալում տեղի ունեցածը և միասին մտածել ընդհանուր ապագայի մասին։
Հ7. Հայաստանի առաջընթացի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրումն է:
Ադրբեջանի երիտասարդության Հայաստանի հետ հարևանության և դրա կոնտեքստները պայմանավորող մտավոր համալիրները
Նույնպիսի վերլուծություն է կատարվել Ադրբեջանի դեպքում և բացահայտվել են այդ երկրի երիտասարդության գիտակցության մտավոր համալիրները։
Ադրբեջանի երիտասարդության գիտակցությունում նույնպես բացահայտվել է երեք մտավոր համալիր։ Դրանց համապատասխանող գործոնները տրված են Գծապատկեր 2-Ա և Բ-ում։
Գործոն 1․ «Թյուրքական» գործոն. այս գործոնով արտապատկերվող մտավոր համալիրը Ադրբեջանի երիտասարդության գիտակցությունում կազմավորում է դրական դիրքորոշումները «Հ1.Ադրբեջանի առաջընթացի միակ հնարավորությունը Թուրքիայի հետ ավելի խորը ինտեգրումն է» և «Հ2. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի տարբեր տեսակի զոհողության՝ հանուն Ադրբեջանի պետականության ամրապնդման» դիրքորոշումների նկատմամբ։ Ադրբեջանում «Թյուրքական» գործոնի և Հայաստանում «Ավանդական երիտասարդության» գործոնի համեմատությունը ցույց է տալիս, որ առաջինը՝ երկրորդի անալոգն է Ադրբեջանում։
Գործոն 2. «Ռուսական» գործոն. այս գործոնով արտապատկերվող մտավոր համալիրը Ադրբեջանի երիտասարդության գիտակցությունում կազմավորում է Ռուսաստանը որպես կարևորագույն ինտեգրացիոն աշխարհաքաղաքական տարածք ընկալելու դիրքորոշումը՝ «Հ3. Ադրբեջանի առաջընթացի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրումն է»։ Այս մտավոր համալիրի երկրորդ բաղադրիչն է՝ «Հ4.Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության հետ, բացի Հայաստանից»։ Այսինքն, Ադրբեջանի երիտասարդության շրջանում Ռուսաստանը` որպես ինտեգրացիոն տարածք առավելապես դիտվում է առանց Հայաստանի։
Գործոն 3. «Կոմպրոմիսի» գործոն, որն արտապատկերում է Ադրբեջանի երիտասարդության գիտակցությունում պատմական հիշողության հարցում կոմպրոմիսի ընդունելիությունը՝ հանուն խաղաղության և ապագա զարգացման՝ «Հ5. Ազգերի միջև խաղաղ գոյակցության համար ավելի լավ է մոռանալ անցյալում տեղի ունեցածը և միասին մտածել ընդհանուր ապագայի մասին»։ Այս համալիրի երկրորդ բաղադրիչն է՝ «Հ5. Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի հետ» դիրքորոշումը։ Ակնհայտ է Ադրբեջանում և Հայաստանում «Կոմպրոմիսի» գործոնի նմանությունը։
Գծապատկեր 3 Գործոնային մոդելը Ադրբեջան
Գծապատկերներ 3-Ա և Բ-ում փոփոխականների անվանումները։
Հ1․ Ադրբեջանի առաջընթացի միակ հնարավորությունը Թուրքիայի հետ ավելի խորը ինտեգրումն է
Հ2․ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի տարբեր տեսակի զոհողության՝ հանուն Ադրբեջանի պետականության ամրապնդման
Հ3․ Ադրբեջանի առաջընթացի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրումն է
Հ4․ Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության հետ, բացի Հայաստանից:
Հ5․ Ազգերի միջև խաղաղ գոյակցության համար ավելի լավ է մոռանալ անցյալում տեղի ունեցածը և միասին մտածել ընդհանուր ապագայի մասին
Հ6․ Պետք է հավասարապես համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի հետ:
Եզրակացություններ
2 022 թ.-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության դիրքորոշումները այդ երկրների 18-29 տարեկան երիտասարդների շրջանում շատ ցածր էին և մոտավորապես հավասար, սակայն 2007 թ.-ի հետ համեմատած Հայաստանում համագործակցության դիրքորոշումները մնացել են մոտավորապես նույնը՝ մոտ 12%, իսկ Ադրբեջանում աճել են 1%-ից մինչև 10%։
Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդության շրջանում Ռուսաստանի նշանակությունը որպես համագործակցության կամ զարգացման առաջնային ինտեգրացիոն տարածք 2007 թ. համեմատ էապես նվազել է, Հայաստանում՝ 94%-ից մինչև 62%, իսկ Ադրբեջանում՝ 75%-ից մինչև 54%։
Ադրբեջանի երիտասարդության շրջանում առնվազն 2007 – 2022 թթ. ժամանակաշրջանում Թուրքիայի հետ համագործակցությունը, որպես Ադրբեջանի զարգացման գերակա ինտեգրացիոն տարածք ունեցել է ամենամեծ տարածվածությունը՝ 88-91%, ինչը նշանակալիորեն գերազանցում է Ռուսաստանի նշանակությանը։
Եթե հաշվի առնենք, որ 2021 թ.-ին Վրաստանի 18-29 տարեկան երիտասարդների 79%-ը Ռուսաստանը համարում էին Վրաստանի «ամենամեծ թշնամի» երկիրը[5], ապա ստացվում է, որ Ռուսաստանը էապես կորցրել է անդրկովկասյան երկրների երիտասարդության դրական դիրքորոշումներն իր նկատմամբ, ինչը, եթե բացառենք ֆորսմաժորային իրադարձությունները, կշարունակվի առնվազն 2-3 տասնամյակ։ Նշենք նաև, որ ըստ այդ տվյալների Վրաստանի «ամենամեծ թշնամի» երկիր են համարել Վրաստանի 30-44 տարեկանների 74%-ը, 45-59 տարեկանների 65%-ը և 60 և ավելի տարեկանների 64%-ը։
Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդության գիտակցություն առկա են առնվազն երեք մենտալ համալիրներ, որոնք կազմավորում են այդ երկրների համագործակցության նկատմամբ երեք ընդհանուր ենթատեքստերը[6]։
Հայաստանի երիտասարդության մտավոր համալիրներին տրվել են պայմանական անվանումներ։ Առաջինը՝ «Նոր երիտասարդության» մտավոր համալիր (գործոն), որը կազմավորում է 2018 թ. թավշյա հեղափոխության նկատմամբ դրական դիրքորոշումները, ինչպես նաև այդ դիրքորոշումները ռացիոնալացնող այլ դիրքորոշումներ։ Երկրորդն է՝ «Ավանդական երիտասարդության» մտավոր համալիրը (գործոնը), որը կազմավորում է Հայաստանի ավանդական թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ բացասական դիրքորոշումները։ Այդ համալիրի կազմում են նաև հանուն հայրենիքի զոհաբերականության և Ռուսաստանը որպես գերակա ինտեգրացիոն տարածք ընկալելու դիրքորոշումները։ Երրորդն է՝ «Կոմպրոմիսի» մտավոր համալիրը, որը երիտասարդների շրջանում կազմավորում է հանուն խաղաղության ազգային ինքնության պատմական հիշողության բաղադրիչի հարցում կոմպրոմիսի դիրքորոշումը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության դիրքորոշումը։ Այդ համալիրում որոշ չափով առկա է նաև Ռուսաստանը որպես Հայաստանի համար առաջնային ինտեգրացիոն տարածքի ընկալման դիրքորոշումը։
Ադրբեջանի երիտասարդության երեք մտավոր համալիրներից առաջինը՝ «Թյուրքական ինքնության» մտավոր համալիրն է (գործոնը), որը կազմավորում է Թուրքիան որպես առաջնային ինտեգրացիոն տարածքի ընկալման և հանուն հայրենիքի զոհաբերականության դիրքորոշումները։ Երկրորդն է՝ «Ռուսական» մտավոր համալիրը, որը ներառում է Ռուսաստանը որպես առաջնային ինտեգրացիոն տարածքի ընկալման դիրքորոշումը։ Մյուս կողմից այդ համալիրում է Հայաստանի հետ համագործակցության բացառման դիրքորոշումը։ Երրորդն է՝ «Կոմպրոմիսի» մտավոր համալիրը, որը Հայաստանում համանուն համալիր անալոգն է։ Այն ձևավորում է Հայաստանի հետ համագործակցության և հանուն խաղաղության ազգային ինքնության պատմական հիշողության բաղադրիչի նկատմամբ կոմպրոմիսի դիրքորոշումը։
Նշենք, որ բացահայտված գործոնները «Երիտասարդության հետազոտություն 2022» շտեմարանի հետագա խորացված ուսումնասիրության ընթացքում կիրառվելու են որպես բացատրող փոփոխականների երիտասարդների սոցիալ-քաղաքական վարքագծի նկարագրության և մեկնաբանության համար։
[1] Հետազոտության ֆինանսավորում կատարել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը։ Հետազոտությունը նախագծել և դրա հարցաթերթերը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար մշակել է Բրիտանական R-Research LTD կազմակերպությունը։ Հետազոտությունը կատարվել է 14-29 տարեկան երիտասարդության շրջանում։ Արցախում և Նախիջևանում հետազոտությունը չի իրականացվել։
[2] Հայաստանում դաշտային հետազոտության փուլը տևել է հունիսի 19-ից մինչև օգոստոսի 17-ը, Ադրբեջանում՝ հունիսի 8-ից մինչև հուլիսի 21-ը։ Հետազոտությունը կատարվել է նաև Վրաստանում որտեղ հետազոտության դաշտային փուլը տևել է 2022 թ. մայիսի 30-ից մինչև հունիսի 14-ը։ Ընտրանքի ծավալը Հայաստանում՝ 1200, Ադրբեջանում՝ 1605։ Հետազոտությունը չի իրականացվել Արցախում և Նախիջևանում։[3] Հետազոտության շտեմարանը տես՝ https://www.crrc.am/barometer/
[4] Ռուսաստանի և այլ երկրների նկատմամբ դիրքորոշումների համեմատական պատկերը Հայաստանում և Ադրբեջանում կտրվի հետագա հրապարակումներում։
[5] Տվյալը հաշվարկված է «Կովկասյան բարոմետր 2021» տվյալների շտեմարանով։ Տես՝ https://caucasusbarometer.org/en/downloads/։
[6] Բնականաբար այդպիսի մտավոր համալիրները շատ ավելին են։ Տվյալ հետազոտության շրջանակներում դուրս են բերվել երեքը։