Հայաստանում ծնելիության մակարդակի կանխատեսում
12 ր. | 2024-01-12Ինչպես ցույց է տրվել «Հայաստանում ծնելիության բարձրացման խնդրի շուրջ. արժեհամակարգային դինամիկայի ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա Հայաստանի հասարակությունում» հոդվածում, բնակչության բնական աճը պայմանավորող երկու հիմնական գործոններն են՝
- Երեխաների պահանջմունքը՝ քանի՞ երեխա է ցանկանում ունենալ անձը, և
- Այդ պահանջմունքի բավարարվածության մակարդակը՝ մարդու երեխաների քանակի հարաբերությունը նրա երեխաների պահանջմունքին։
Ի ր բնույթով մարդու երեխաների պահանջմունքը մշակութային-արժեքային բնութագիր է, որը պայմանավորված է այն մշակութային կոնտեքստով և արժեքային համակարգով, որում սոցիալականացվում է երեխան։ Երեխաներ ունենալու մարդու պահանջմունքը ձևավորվում է վաղ մանկական և պատանեկան տարիքում և ամբողջ կյանքի ընթացքում համարյա չի փոխվում։
Վերը նշված հոդվածում ներկայացված են Հայաստանում 18 և ավելի տարեկան բնակչության շրջանում 2014 թ.-ին ՀՀ Կառավարության պատվերով կատարված «Կյանքի որակը Հայաստանում 2014» հետազոտության տվյալների վերլուծության արդյունքները։ Վերլուծված են Հայաստանի հասարակությունում երեխաների պահանջմունքը, ժամանակի ընթացքում դրա փոփոխության դինամիկան, այդ պահանջմունքի իրականացվածության մակարդակը և այդ երկու բնութագրերի վրա մշակութային-արժեքային համակարգերի ազդեցությունը։ Ցույց է տրվել, որ Հայաստանի բնակչության 99%-ը՝ անկախ սեռից և տարիքից, ունենում է ավելի քիչ երեխա, քան ցանկանում է։ Այսինքն, ծնելիության մակարդակի վրա ազդող մնացած բոլոր գործոնները՝ ֆինանսական պայմաններ, աշխատանքի առկայություն, բնակարանային պայմաններ, առողջական վիճակ, երկրի ներքին կամ արտաքին բարենպաստ վիճակ, երկրի ապագայի նկատմամբ լավատեսություն, աշխարհագրական և սոցիալական մոբիլություն և այլն, կարող են լավագույն դեպքում ապահովել, որպեսզի մարդն ունենա այնքան երեխա, որքան ցանկանում է։ Եթե մարդու երեխաների պահանջմունքը լիովին բավարարված է, տնտեսական և այլ պայմանների բարենպաստության դեպքում նա ոչ թե հավելյալ երեխաներ կունենա, այլ կգերադասի բավարարել իր այլ պահանջմունքները։
Հայտնի է, որ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որպեսզի կանանց պտղաբերության գործակիցը՝ երեխաների միջին քանակը, որը կինը կունենա իր վերարտադրողական տարիքում՝ բարձր լինի 2.1-ից: Հետևաբար․
- Եթե հասարակությունում երեխաների պահանջմունքը ցածր է 2.1-ից, ապա ոչ մի սոցիալական նպաստ, բնակարանային պայմանների բարելավում կամ այլ սոցիալ-տնտեսական գործոն ունակ չի լինի պտղաբերության գործակիցը բարձրացնելու 2.1-ից ավելի, ինչի հետևանքով երկարատև ժամանակահատվածում բնական աճի միջոցով բնակչության վերարտադրությունը կդառնա անհնար։
Այս հոդվածում ընդլայնված է Հայաստանում երեխաների պահանջմունքի փոփոխության կանխատեսման ժամանակային հորիզոնը։ Ներկայացված են երեխաների պահանջմունքի ուսումնասիրության արդյունքները Հայաստանի 1940-2009 թթ. ծնված բնակչության շրջանում։
Դա հնարավոր է դարձել «Կյանքի որակը Հայաստանում 2014» և «Հետազոտություն երիտասարդների շրջանում 2022» հետազոտությունների տվյալների շտեմարանի միավորման արդյունքում։ Վերջինս կատարվել է 2022 թ. Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի 14-29 տարեկան երիտասարդների շրջանում։
2014 թ. շտեմարանում առկա է 2000 հարցվող, որոնք ծնվել են 1940-1999 թթ. միջակայքում, իսկ 2022 թ. շտեմարանում՝ 1200 հարցվող, որոնք ծնվել են 1990-2009 թթ. միջակայքում։ Ճիշտ կատարելու համար հարցվողների ստորաբաժանումն ըստ տարիքային խմբերի միավորված շտեմարանում կիրառվել են ոչ թե սոցիոլոգիական հետազոտություններում ստանդարտ կիրառվող տարիքային խմբերը, օրինակ՝ 18-29 տարեկաններ, 30-39 տարեկաններ և այլն, այլ հարցվածների ծննդյան թվերը։ Հարցվածները խմբավորվել են ըստ ծննդյան թվերի՝ 5-ական տարի միջակայքով։
Գծապատկեր 1-ում ներկայացված է երեխաների պահանջմունքի փոփոխությունը Հայաստանի 1940-2009 թթ. ծնված բնակչության շրջանում (գծապատկերում 2010-2019 թթ. տվյալները կանխատեսումներ են)։ Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ 1940-2009 թթ. ծնվածների երեխաների պահանջմունքը նվազել է առավելագույնը՝ 4.69-ից (1945-1949 թ.) մինչև 2.44 (2005-2009 թ.): Այդ միջակայքն կազմված է երկու փուլից՝ 1940-1974 թթ. և 1975-2009 թթ. ծնվածներ։
Առաջին փուլում երեխաների պահանջմունքի փոփոխությունը տեսողական դիտարկմամբ դժվար է նկատել, սակայն մաթեմատիկական (ռեգրեսիոն) վերլուծությունը ցույց տվեց, որ 1945-1974 թթ. ծնվածների շրջանում այնուամենայնիվ տեղի է ունեցել երեխաների պահանջմունքի թույլ նվազման միտում[1]՝ յուրաքանչյուր հինգ տարում հասարակությունում երեխաների պահանջմունքը նվազել է 0․07-ով։ 1975-1979 թթ․ ծնվածների խմբում երեխաների պահանջմունքը կտրուկ նվազել է 0․76-ով։ Որից հետո սկսվել է ցուցանիշի նվազման երկրորդ փուլը, որում ցուցանիշն ն ավելի ինտենսիվ է նվազել՝ յուրաքանչյուր հնգամյակում 0․19-ով[2]։
Գծապատկեր 1. Երեխաների պահանջմունքի միջին արժեքը Հայաստանում 1940-2009 թթ. ծնվածների շրջանում։ Աղբյուրը՝ «Կյանքի որակը Հայաստանում 2014», «Հետազոտություն երիտասարդների շրջանում 2022»։
Գծային մոտարկումը ցույց է տալիս, որ եթե պահպանվի 1979-2009 թթ. միտումը, ապա 2010-2014 թթ. ծնվածների շրջանում երեխաների պահանջմունքը կնվազի մինչ 2.15, իսկ 2015-2019 թթ. ծնվածների շրջանում մինչև 1.92 (գծապատկեր 1-ում «երեխաների պահանջմունքը» գծի աջ կողմի վերջին երկու կետերը):
Այսինքն՝ ներկայումս (2023 թ.) 12 և ավելի ցածր տարեկանների և նրանց հաջորդող սերունդներում երեխաների պահանջմունքը կանխատեսվում է 2.1-ից ցածր և այդ պահանջմունքի նույնիսկ 100% բավարարման դեպքում Հայաստանում բնակչության բնական վերարտադրությունը կլինի անհնար։
Եթե պահպանվի երեխաների պահանջմունքի բավարարման այնպիսի մակարդակ, ինչպիսին առկա էր 1984-1989 թթ. ծնվածների դեպքում, ապա կանանց պտղաբերության գործակիցը կկազմի 0․96-1․08։
Գծապատկերում ներկայացված է նաև ժամանակի ընթացքում երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակի փոփոխությունը։ 1940-1954 թթ. ծնվածների շրջանում այն նվազել է 0․74-ից մինչև 0․55։ Դրանք Հայաստանի ինտենսիվ արդյունաբերականացման տարիներն էին։ Արդյունաբերականացումն ուղեկցվել է քաղաքային բնակչության աճով և բնակչության սոցիալական վիճակի բարելավմամբ։ Համապատասխանաբար փոխվել են մարդկանց գնահատականները, թե որ պայմաններն են բավարար երեխաներ ունենալու իրենց պահանջմունքի իրականացման համար։ Այդ պայմանները դարձել են համապատասխան ավելի բարձր բարեկեցությանը։
1955-1984 թթ. ծնվածների շրջանում երեխաների պահանջմունքի բավարարման մակարդակը մնացել է միջինը մոտ 0.53 մակարդակում։ Նշենք, որ այդ տարիները խորհրդային շրջանի ամենաբարենպաստ տարիներն էին, երբ անշեղորեն բարելավվում էր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, ընդլայնվում էր պետության հաշվին տրվող սոցիալական բարիքների ցանկը։
Դրանից հետո սկսել է երեխաների պահանջմունքի իրականացման մակարդակի նվազումը, որը պայմանավորված էր երկու գործոնով։ Առաջինը՝ 1985 թ.-ից հետո ծնվածների նշանակալի մասն ապրել է հետխորհրդային շրջանում, երբ տեղի է ունեցել բնակչության սոցիալական վիճակի աննախադեպ արագ և կտրում վատթարացում, սակայն մարդկանց պատկերացումները «երեխաներ ունենալու համար բավարար սոցիալական և տնտեսական մակարդակի» վերաբերյալ դեռևս մնացել էին խորհրդային ժամանակաշրջանին համապատասխան։
Երկրորդ գործոնն էր՝ լիբերալ տնտեսակարգին բնորոշ արժեքների ներթափանցումը Հայաստան 1994-1995 թթ. հետո, որի ներհատուկ բաղադրիչն է եսակենտրոն արժեհամակարգի զարգացումը։ Այդ արժեհամակարգը մի կողմից նվազեցնում է երեխաների պահանջմունքը, իսկ մյուս կողմից ավելի է բարձրացնում բարեկեցիկ կյանքի վերաբերյալ մարդկանց նորմատիվային ստանդարտներն ու հավակնությունները։ Արդյունքում նվազում է նաև երեխաներ ունենալու պահանջմունքի իրականացվածության մակարդակը։
Կա նաև երրորդ ժամանակավոր գործոնը, որը սակայն էապես չի փոխում իրավիճակը՝ այդ տարիներին ծնված անձինք դեռևս գտնվում են իրենց պտղաբերության ժամանակահատվածում և նրանց երեխաների պահանջմունքի բավարարվածության վերջնական մակարդակը դեռ չի հաստատվել։
Այժմ անդրադառնանք երեխաների պահանջմունքի կանխատեսումների արժանահավատությանը (վալիդությանը)։ Երեխաների պահանջմունքի և դրա իրականացվածության մակարդակի արտադրյալը կանխատեսում է կանանց պտղաբերության գործակիցը մոտ 25 տարի հետո։[3] Այդ կանխատեսումները ներկայացված են Գծապատկեր 2-ում, որտեղ տրված են Հայաստանում կանանց պտղաբերության գործակիցների միջին արժեքներն ըստ Ազգային վիճակագրության ծառայության փաստացի տվյալների և ըստ մեր հետազոտական տվյալների կիրառմամբ կատարված կանխատեսումների։ ԱՎԾ տվյալները միջինացված են համապատասխան հինգ տարիների համար։ Կանխատեսված արժեքները ստացվել են տվյալ հինգ տարիներին ծնված անձանց շրջանում երեխաների պահանջմունքի միջին արժեքները բազմապատկելով այդ պահանջմունքների իրականացվածության մակարդակներին։
Գծապատկեր 2. Կանանց իրական և կանխատեսված պտղաբերության գործակիցները և դրանց տարբերության տոկոսային գնահատականները Հայաստանում 1970-1994 թթ. ծնվածների համար
Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ կանխատեսումները բավականին ճշգրիտ են։ Յուրաքանչյուր հնգամյակի համար կանխատեսված վեց գնահատականներից հինգի դեպքում կանխատեսված պտղաբերության գործակիցը իրական պտղաբերության գործակցից տարբերվում է 5%-ից պակաս չափով։ Միայն վերջին կանխատեսումը՝ 1994-1999 թթ. ծնվածների համար, սխալը կազմել է մոտ 8%։ Այսինքն, կարելի է ընդունել, որ կանխատեսումների սխալը ընդունելի մակարդակում է։ Հետևաբար, գծապատկեր 1-ում երեխաների պահանջմունքի և պտղաբերության գործակցի վերաբերյալ կանխատեսումները ընդունելի են։
Ստացված արդյունքը հուշում է, որ Հայաստանում բնակչության բնական վերարտադրության գործընթացն արժե սկսել դիտարկել նաև արդի նորագույն ժողովրդագրական տեսությունների շրջանակում[4]։
Բնակչության վերարտադրությունը զարգացող երկրներում, որպես կանոն ուսումնասիրվում է ժողովրդագրական անցման «դասական» հայեցակարգի շրջանակներում։ Այդ հայեցակարգը, որը 1945-ին մշակել է ամերիկացի ժողովրդագիր Ֆրենկ Նոութստեյնը, նկարագրում է բնական վերարտադրության պրոցեսը վերջին մի քանի հազար տարիների ընթացքում։ Ըստ այդ տեսության բոլոր հասարակություններում տեղի է ունեցել բնական վերարտադրության պրոցես, որը բաղկացած է 4 փուլից։ Առաջին փուլում առկա է եղել բարձր ծնելիության և բարձր մահացության, որի հետևանքով հասարակությունում բնակչության թիվը տատանվել է մոտավորապես նույն մակարդակի շուրջը։ Երկրորդ փուլում՝ առողջապահության զարգացման արդյունքում սկսել է նվազել մահացությունը, իսկ ծնելիությունը մնացել է բարձր մակարդակում։ Արդյունքում սկսվել է բնակչության թվի բուռն աճը։ Երրորդ փուլում՝ սոցիալ-տնտեսական զարգացման (ուրբանիզացում, արդյունաբերության զարգացում, ընդլայնված ընտանիքից անցում նուկլեար ընտանիքի) հետևանքով սկսել է արագորեն նվազել ծնելիությունը, իսկ մահացության մակարդակի նվազումը համարյա դադարել է։ Արդյունքում բնակչության աճը սկսել է դանդաղել։ Չորրորդ փուլում՝ մահացության և ծնելիության մակարդակները դարձել են մոտավորապես հավասար, որի հետևանքով բնակչության բնական աճը համարյա դադարել է։ Այդ պրոցեսը սխեմատիկ կերպով տրված է Նկար 1-ում։ Նկարում անցման փուլերը և դրանց նկարագրությունները տրված են տրված են ուղղահայաց գծերի միջև համարակալված շերտերում։ Վերջին՝ 5-րդ շերտը ժողովրդագրական անցման ենթադրյալ հինգերորդ փուլն է, որում ժողովրդագիրները չեն բացառում ծնելիության ինչպես՝ աճը, այնպես էլ՝ նվազումը։
Նկար 1. Ժողովրդագրական անցման փուլերը դասական տեսության շրջանակում։ Աղբյուրը՝ https://tinyurl.com/yolwbme5
2 0-րդ դարի կեսերին բոլոր զարգացած երկրներն արդեն գտնվում էին ժողովրդագրական անցման չորրորդ փուլում, զարգացող երկրների մեծ մասը, այդ թվում Հայաստանը՝ երրորդ փուլում։ Երկրորդ փուլում են Կենտրոնական Աֆրիկայի մի քանի երկրներ։
Սկսած XX դարի 70-ականներից զարգացած երկրներում ծնելիության մակարդակը դարձավ ավելի ցածր, քան մահացության մակարդակը։ Եվրոպական ժողովրդագիրներն առաջ քաշեցին հիպոթեզ, որ զարգացած երկրներում, որտեղ ավարտվել է դասական ժողովրդագրական անցման պրոցեսը, սկսվել է ժողովրդական նոր պրոցես, որը նրանք անվանեցին «ժողովրդագրական երկրորդ անցում»։ Ըստ այդ տեսության ժողովրդագրական երկրորդ անցման պրոցեսի չորս հիմնական բնութագրերն են․
- Անցում ամուսնության «ոսկե դարից» դեպի «մայրամուտը», որում լայն տարածում են ստացել զույգերի համատեղ կյանքի իրավաբանորեն չձևակերպված ձևերը։ Ավանդական արժեհամակարգերի վրա հիմնված հայեցակարգում այն կոչվում է «ամուսնության ինստիտուտի ճգնաժամ»։
- Անցում «երեխայակենտրոն ընտանիքից» դեպի մեկ երեխա ունեցող կամ անզավակ զույգերի եսակենտրոն համակեցությունը։ Հասարակության արժեհամակարգում գերակայում է ոչ թե երեխան, այլ ծնողների «ինքնաիրականացումը»։
- Անցում «Վաղ երեխաների» ծնունդը կանխարգելումից դեպի յուրաքանչյուր երեխայի ծննդյան պլանավորումը։
- Անցում ընտանիքի միասնական մոդելից դեպի բազմատեսակ մոդելներ։[5]
Երկրորդ ժողովրդագրական անցման փուլում ընտանիքների մեծ մասը կամ երեխաներ չունի կամ ունի ընդամենը մեկ երեխա, այսինքն՝ պտղաբերության գործակիցը գտնվում է [0; 1] միջակայքում։
Եթե վերադառնանք Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ապա հարց է առաջանում՝
- Արդյո՞ք Հայաստանում էլ է սկսվել ժողովրդագրական երկրորդ անցման պրոցեսը։
Դրա համար դիտենք Հայաստանում ծնելիության, մահացության և բնական աճի ցուցանիշները վերջին 20 տարիների ընթացքում (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3. Ծնելիության, մահացության և բնական աճի գործակիցները Հայաստանում, 1990-1922 թթ.
Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում 1990-2002 թթ. ընթացքում՝ երբ ազատականացվել են տնտեսական հարաբերությունները, սկսվել է երկարատև տնտեսական շրջափակումը, դեռ չէին հաղթահարվել 1988 թ. երկրաշարժի ավերածությունները տեղի էր ունենում ծնելիության մակարդակի արագ անկում, մահացության մակարդակի դանդաղ աճ և բնակչության բնական աճի կտրուկ նվազում։ 2003 թ.-ից տնտեսական բարձր աճի շրջանում սկսվեց ծնելիության մակարդակի դանդաղ աճը։ Չնայած բնակչության ծերացման հետևանքով աճում էր նաև մահացության մակարդակը, այնուամենայնիվ, շատ դանդաղ աճում էր նաև բնակչության բնական աճի գործակիցը։
Սակայն 2014 թ.-ից սկսվեց ծնելիության դանդաղ մոնոտոն նվազումը, մահացությունը, բացառությամբ 2020 և 2021 թթ. պատերազմի զոհերի հայտնաբերման և հաշվառման տարիների, մնում էր մոտավորապես նույն մոտ՝ 9․0 մակարդակում, իսկ բնական աճի գործակիցը դանդաղ և մոնոտոն նվազում էր։
Այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում երկրորդ ժողովրդագրական անցման պրոցեսը դեռևս հեռու է։
Այդուհանդերձ հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք Հայաստանի հասարակությունում առկա են երկրորդ ժողովրդագրական անցմանը բնորոշ փոփոխություններ։
Դրա համար դիտենք, թե ինչպես են բաշխված 0, 1, 2, 3, 4 և ավելի երեխա ունենալ ցանկացող շերտերն ըստ տարիքային խմբերի։ Այդ տվյալները ներկայացված են Գծապատկեր 3-ում։ Նշենք, որ յուրաքանչյուր տարիքային խմբում տվյալների գումարը հավասար է 100%։ Գծային գրաֆիկը որպես տվյալների արտապատկերման մեթոդ ընտրվել է, որպեսզի ակնառու լինեն տվյալ քանակի երեխաների պահանջմունք ունեցող շերտերի փոփոխությունները ժամանակի ընթացքում։
Մեր հետաքրքրության կիզակետն է 0 կամ 1 երեխա ունենալ ցանկացող շերտի ծավալի փոփոխությունը։
Գծապատկեր 4. Երեխաների ցանկալի թվի բաշխումը 1965-2009 թթ. ծնված անձանց շրջանում։
Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ 1965-2009 թթ. ծնվածների շրջանում
- Նշանակալիորեն նվազել է 4 և ավելի երեխաներ ունենալ ցանկացողների շերտը՝ 57%-ից մինչև 7%։
- Ըստ էության չի փոխվել 3 երեխա ունենալ ցանկացող շերտը՝ 31%:
- Նշանակալիորեն աճել է 2 երեխա ունենալ ցանկացողների շերտը՝ 10%-ից մինչև 57%։
- Շատ փոքր չափով աճել է 1 երեխա ունենալ ցանկացող կամ երեխա ունենալ չցանկացող շերտը՝ 2%-ից՝ մինչև 5%[6]:
Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ․
- Հայաստանի հասարակությունը դեռևս հեռու է երկրորդ ժողովրդագրական անցման փուլից։
- 50 տարվա ընթացքում երեխաների պահանջմունքի տեսակետից այդ փուլին համապատասխանող շերտն աճել է ընդամենը 3%-ով հասնելով 5%-ի։
Վերջին հետազոտական հարցն է՝ հնարավո՞ր է արդյոք շրջել երեխաների պահանջմունքի փոփոխության ներկայիս նվազման միտումները։ Հաշվի առնելով ժողովրդագրական պրոցեսների և մշակութային համակարգերի փոփոխության փոխկապվածությունը, կարող ենք առաջ քաշել այն դրույթը, որ դրա միակ հնարավորությունը հասարակությունում մշակութային-արժեքային ներկայիս միտումների փոխակերպումն է։
Ինչպե՞ս է հնարավոր իրականացնել այդ դրույթը ներկայացված է «Հայաստանում ծնելիության բարձրացման խնդրի շուրջ. արժեհամակարգային դինամիկայի ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա Հայաստանի հասարակությունում» հոդվածում։
Չնայած Հայաստանում բնական վերարտադրության բարելավման խնդրի լուծման և՛ մոտեցումը, և՛ ռազմավարական դրույթները պարզ են և մշակված են, սակայն հաշվի առնելով Հայաստանում մշակութային-արժեքային համակարգի փոփոխությունների բնույթը և ուղղությունը, Հայաստանում ծնելիության բարձրացումը մինչև բնական վերարտադրության համար բավարար մակարդակ խիստ թեական է։
Անհրաժեշտ է փոխել այն մշակութային հարացույցը, որն ավելի ու ավելի է արմատավորվում Հայաստանի հասարակությունում։
[1] Այդ միտումը նկարագրող ռեգրեսիոն հավասարումն է՝ y = -0.0697x + 4.6573 և R² = 0.527։
[2] Այդ միտումը նկարագրող ռեգրեսիոն հավասարումն է՝ y = -0.1936x + 3.8357 և R² = 0.985։
[3] Եթե համարենք, որ կնոջ միջին տարիքը երեխա ունենալիս հավասար է 25 տարեկանի, կամ՝ մեկ սերունդը համարենք 25 տարի։
[4] Плоских, Е. В. Современные концепции демографического перехода / Е. В. Плоских, В. В. Плоских // Вестник Кыргызско-Российского Славянского университета. – 2015. – Т. 15, № 8. – С. 127-131. – EDN UNNLOD.
Зубарев, Н. Ю. К вопросу об изучении демографических процессов: теория второго демографического перехода и концепция эпидемиологического перехода / Н. Ю. Зубарев // Экономика и управление: проблемы, решения. – 2019. – Т. 1, № 4. – С. 12-16. – EDN ZBXNQD.
Клупт М.А. Демографическая повестка XXI в.: теории и реалии // Социологические исследования, 2010, N8, с. 60-71.
Клупт М.А. Парадигмы и оппозиции современной демографии. // Демографическое обозрение, Том 1, №1, 2014, с. 34-56.
Коулмен Д . Иммиграции и этнические сдвиги в странах с низкой рождаемостью - третий демографический переход в действии // Миграции и развитие. М., 2007. С. 12–48.
[5] Van de Kaa, D. J. (1978). Recent Trends in Fertility in Western Europe. NIDI-Working Paper, No.11, Voorburg, NIDI (published under the same title as Pp. 55-83, in: R.W.Hiorns (ed), Demographic Patterns inDeveloped Societies, London, Taylor and Francis Ltd., 1980).
[6] Այդ շերտերի աճի/նվազման տեմպերը նկարագրող ռեգրեսիոն հավասարումները տրված են ստորև։
4 և ավելի երեխա ունենալ ցանկացող շերտի համար՝ y = -0.0602x + 0.6368, R² = 0.9728,
3 երեխա ունենալ ցանկացող շերտի համար՝ y = 0.0037x + 0.3093, R² = 0.0973,
2 երեխա ունենալ ցանկացող շերտի համար՝ y = 0.0520x + 0.0361, R² = 0.9327,
1 կամ 0 երեխա ունենալ ցանկացող շերտի համար՝ y = 0.0046x + 0.0169, R² = 0.4974։