Միգրացիան օրակարգային հարց է

11 ր.   |  2023-11-01

Սպառնալիքներ և մարտահրավերներ

Ն երկայում ավելի քան երբևէ երկրի տնտեսական բնականոն զարգացման համատեքստում կարևորվում է միգրացիոն հոսքերի արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը: Հայաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, ժամանակ առ ժամանակ բախվել է այս խնդրին: Վերջին շրջանում թեման հատկապես կարևորվում է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, 2022թ.-ի փետրվարի վերջից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության սրման, ինչպես նաև 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման և արդեն 2023թ.-ի սեպտեմբերին արցախահայության նկատմամբ կիրառվող բռնի տեղահանության հետևանքով: Արդյունքում, ՀՀ-ն լրջագույն մարտահրավերների առջև է կանգնել բնակչության միգրացիայի արդյունավետ կառավարման տեսանկյունից, ինչն առաջացրել է նոր սպառնալիքներ և անորոշության բարձր մակարդակ։ 

Այսօր ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի առաջնահերթություններից են միգրացիոն հիմնախնդիրներն ու դրա կառավարման հարցերը, հատկապես՝ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման գործընթացը Լեռնային Ղարաբաղից կազմակերպելուց հետո։ 

Ժողովրդագրական պատկերը Հայաստանում

Տ արիներ շարունակ ՀՀ-ում, ինչպես առկա, այնպես էլ մշտական բնակչության թվաքանակը բնութագրվում է նվազմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է ծնելիության ցածր և արտագաղթի բարձր մակարդակով: Մասնավորապես, 2022թ.-ին բնակչության թիվը 2014թ.-ի համեմատ նվազել է շուրջ 2%-ով: Հատկանշական է, որ բնակչության թիվը վերջին 10 տարիներին ամենացածր մակարդակին հասել է նախորդ տարում՝ 2020թ.-ին գրանցված նվազագույն մակարդակից հետո:

Սեռատարիքային կառուցվածքի վերլուծությունից պարզ է դառնում, որ 2014թ.-ից ի վեր ՀՀ-ում տղամարդկանց թվաքանակն ամենացածրը եղել է 2020թ.-ին, ինչը կարող է պայմանավորված լինել պատերազմի հետևանքով, ինչպես նաև Covid-19 համավարակի հետևանքով մահերի ավելացմամբ։ 

Մյուս կողմից, պետք է նշել, որ Հայաստանում շարունակում է բավականին բարձր մնալ ուրբանիզացիայի մակարդակը, որի հետևանքով ավելացել է բնակչության խտությունը 1ք/մ-ի վրա: Այսպես, 2022թ.-ի դրությամբ՝ ընդհանուր բնակչության շուրջ 64%-ը կենտրոնացված է Երևանում, իսկ շուրջ 9%-ը՝ բնակեցված Արմավիրի մարզում, որն ամենաշատ բնակեցված մարզն է:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում 1990թ.-ից ի վեր բնակչության ծերացման գործընթացն ավելացել է: Ըստ ՄԱԿ-ի «Leaving No One Behind In An Ageing World» զեկույցի[1]՝ 2021թ.-ին աշխարհում 100 մարդուց 17-ը 65 և ավելի տարիքի են: Պատմականորեն բնակչության ծերացումն ավելի արագ է տեղի ունենում զարգացող, քան զարգացած երկրներում: Ինչպես զարգացող երկրների մեծ մասում, ՀՀ-ում ևս բնակչության արտագաղթի հետևանքով նվազել է ոչ միայն բնակչության թվաքանակը, այլև փոփոխվել է սեռատարիքային կազմը, ծնելիության և մահացության ցուցանիշը, ինչը հանգեցրել է ծերացող երկրի կարգավիճակ ստանալուն: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ըստ մեր հաշվարկի, 2022թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ ՀՀ կենսաթոշակառուների տեսակարար կշիռն ընդհանուր բնակչությունում ավելի քան 15.7% է։

Մտահոգիչ է այն փաստը, որ ՀՀ-ում երիտասարդների թիվը վերջին տարիներին ցուցաբերել է դինամիկ նվազման միտում: 2022թ.-ին 2016թ.-ի համեմատ վերջինս նվազել է ավելի քան 23%-ով, որի հիմնական պատճառն արտագաղթն է:

Գաղտնիք չէ նաև, որ վերոնշյալին զուգահեռ Հայաստանում ծնելիության գործակիցը[2] ևս շարունակաբար նվազման միտում է արձանագրում, համեմատության համար նշենք, որ 2022թ.-ին այն կազմել է 12.2 միավոր՝ նախորդ տարվա 12.4-ի համեմատ: Ինչ վերաբերում է մահացության գործակցին, ապա այն ամենաբարձր կետին հասել է 2020թ.-ին՝ նախ Covid-19 համավարակի, այնուհետև Արցախյան պատերազմի հետևանքով: Այստեղ հարկ է նշել, որ միայն Covid-19 համավարակից մահերի թիվը 2020թ.-ին կազմել է 3405, որն ընդհանուր մահերի 9.6%-ն է: 

Վերջին տվյալներով՝ 2021թ.-ին ՀՀ-ում պտղաբերության գումարային ցուցանիշը (ՊԳՑ) կամ ծնելիության գումարային գործակիցը[3] կազմել է 1.7, այնինչ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), եթե վերարտադրության միտումները մնում են կայուն, ապա այդ ցուցանիշը պետք է լինի 2.1, որպեսզի նպաստի գոնե բնակչության թվաքանակի անփոփոխ մնալուն։

Այսպիսով, ՀՀ բնակչության նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով: Ըստ սեռատարիքային կազմի` ՀՀ բնակչության թվում մշտապես տեսակարար կշռի զգալի բաժին ընկել է կանանց թվաքանակին. 2022թ.-ի տվյալներով՝ շուրջ 53%, ինչը պայմանավորված է հիմնականում տղամարդկանց մահացության ավելի բարձր աստիճանով, երկրի սահմաններից դուրս մշտական աշխատանքի մեկնելով,  անվտանգային գործոնների առկայությամբ և կյանքի սպասվող միջին տևողության ցածր լինելով: 

ՀՀ-ում միգրացիոն զարգացումները և դրա վրա ազդող գործոնները 

Ի նչպես հայտնի է, ՀՀ ժողովրդագրական իրավիճակի փոփոխության վրա առաջին հերթին զգալի ազդեցություն են ունենում միգրացիոն զարգացումները, ուստի կարևորվում է վերջինիս համապարփակ ուսումնասիրությունն ու վերլուծությունը:

Հարց է առաջանում, թե որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնց հետևանքով արագանում է միգրացիայի տեմպը, որն իր ուղղակի ազդեցությունն ու հետքն է թողնում երկրի հետագա տնտեսական զարգացման գործում։ Այդպիսի պատճառները յուրաքանչյուր երկրում, ինչպես նաև միգրացիայի տեսակից կախված կարող են լինել տարբեր, բայց որպես ընդհանրական գործոններ առանձնացվում են աշխատաշուկայի միտումները, աշխատատեղերի և աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված պահանջմունքները, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը և ռազմաքաղաքական իրադրությունը, աշխարհաքաղաքական զարգացումները, կենսամակարդակի բարելավումն ու կյանքի որակի բարձրացումը և այլն:

Այստեղից կարող ենք եզրակացնել, որ միգրացիայի պատճառները, այնուամենայնիվ, հիմնականում սոցիալ-տնտեսական են: Հատկանշական է, որ դեռևս 1988թ.-ից ՀՀ տնտեսությունը բախվել է մի քանի միգրացիոն ալիքների, որոնցից առաջինը 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժն է, 1988-1991թթ.-ին ՀՀ-ն ընդունել է ավելի քան 420 հազար փախստականների և հարկադիր տեղահանվածների: Հայաստանից զանգվածային արտագաղթի երկրորդ փուլը 1992-1995թթ.-ին էր՝ պայմանավորված Խորհրդային Միության փլուզումից հետո երկրում տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական գործոնների, և, հատկապես, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ ճանապարհատրանսպորտային և առևտրատնտեսական շրջափակման հետ։ Արտագաղթի երրորդ փուլը ներառում է 1995-2001թթ.-երը և բնութագրվում է արտագաղթի ծավալների նվազմամբ: Արդեն 2002-2009թթ.-երը բնութագրվում է որպես ուղևորաշրջանառության ծավալների աճի և միգրացիայի բացասական մնացորդի հետագա կրճատման ժամանակաշրջան։ 2010թ.-ից ի վեր տեղի է ունեցել ՀՀ բնակչության արտաքին միգրացիոն հոսքերի ծավալների աճ[4]:

Տարիներ շարունակ ՀՀ-ում գրանցվել է մարդկանց զանգվածային արտահոսք, որն իր ուղղակի ազդեցությունն է ունեցել հատկապես տնտեսական կամ աշխատանքային միգրացիայի տեսանկյունից։ Մասնավորապես, արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների դրամական փոխանցումները կարևոր դեր են խաղացել և հիմա էլ խաղում են ՀՀ տնտեսական կյանքի զարգացման հարցում։    

Այսպես, 2022թ.-ին դրամական փոխանցումները կազմել են շուրջ 5.2 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է ՀՀ ՀՆԱ-ի 26.7%-ին։ Վերջին 10 տարիներին դրամական փոխանցումների ներհոսքի ամենաբարձր արդյունքը գրանցվել է 2022թ.-ին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով դեպի ՀՀ կապիտալի մեծ ներհոսքով:

Հատկանշական է, որ ՀՀ-ից միգրացիոն հոսքերի՝ հատկապես աշխատանքային նպատակով, հիմնական թիրախային երկրներ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և ԱՊՀ այլ երկրներ, ինչպես նաև եվրոպական որոշ երկրներ: Միգրանտների մեծամասնությունը ՀՀ-ից մեկնում է ավելի լավ աշխատանք, ինչպես նաև կարիերայի նոր հնարավորություններ գտնելու ակնկալիքով՝ կենսապայմանների բարելավման և կյանքի որակի բարձրացմանը նպաստելու համար։ Եվ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ միգրանտների կենտրոնացումը հիմնականում ՌԴ-ում է, դա իր հերթին, բնականաբար, հանգեցնում է դեպի ՀՀ դրամական փոխանցումներում ՌԴ-ի մասնաբաժնի գերակա լինելուն։ Այսպես, 2022թ.-ին միայն ՌԴ-ից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 4 անգամ, և 2022թ.-ին ՌԴ-ից իրականացված փոխանցումները կազմել են ընդհանուրի 69.3%-ը։ 

Գաղտնիք չէ, որ արտաքին միգրացիայի բացասական հաշվեկշիռը խոչընդոտում է երկրի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական զարգացմանը, ինչն, իր հերթին, ենթադրում է համարժեք քաղաքականության իրականացման անհրաժեշտություն՝ միգրացիոն հոսքերի վերահսկման, անկանոն միգրացիայի կանխարգելման, աշխատուժի ու կապիտալ հոսքերի արդյունավետ կառավարման, միգրանտների վերադարձի խթանման, ինչպես նաև միգրանտների իրավունքները պաշտպանելու տեսանկյունից։ 

Միգրացիոն հոսքերի փոփոխության հետևանքով բացասական գործոնների ի հայտ գալուն զուգընթաց, միգրացիան ևս կարելի է դիտարկել որպես դրական երևույթ, քանի որ վերջինս հատկապես կարող է նպաստել ծերացող երկրների երիտասարդացմանը, երկրում առկա աղքատության մակարդակի կրճատմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ միգրանտների դրամական փոխանցումներով պայմանավորված, ինչպես նաև՝ առաջադեմ երկրների քաղաքակրթությանը, փորձին, ձեռքբերումներին, գաղափարախոսությանը հաղորդակից լինելուն։ Սակայն մեկնած՝ հիմնականում աշխատանքային միգրանտների մեծ ծավալներն էական ազդեցություն են ունեցել և ունենում ինչպես ՀՀ ժողովրդագրական վիճակի, աշխատանքային ռեսուրսների կազմի ու կառուցվածքի, այնպես էլ աշխատուժի մասնագիտական որակի վրա, որն էլ մի կողմից սպառնալիք է հանդիսանում ՀՀ տնտեսության մրցունակության ապահովման տեսանկյունից՝ հատկապես «ուղեղների արտահոսք»-ով պայմանավորված, իսկ մյուս կողմից՝ երկրի զարգացման հնարավորությունների սահմանափակմանը և տնտեսական ներուժի ոչ լիարժեք օգտագործմանը։ Բացի այդ, ռիսկային է նաև ազգային արժույթի անկանոն ու հիմնականում սեզոնային բնույթ կրող ճնշումների հանգամանքը, որը պայմանավորված է ՀՀ-ում սեզոնային աշխատանքային միգրացիայի առավել ցայտուն դրսևորմամբ։ 

Ինչպես ցույց է տալիս գծապատկերը, 2020թ.-ին ՀՀ վերադարձած միգրանտների թվաքանակը գերազանցել է մեկնածներին։ Դա պայմանավորված էր Covid-19 համավարակով, որը սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժը։ Դիտարկվող ժամանակահատվածում (2014-2021թթ.-ին) առաջին անգամ միգրացիայի մնացորդը[5] եղել է դրական հենց 2020թ.-ին: Հետաքրքրական է նաև ՀՀ սահմանահատումների դինամիկան. 2015-2022թթ.-ի ընթացքում ամենաշատ մուտքերն ու ելքերն արձանագրվել են 2019թ.-ին, իսկ նվազագույն մակարդակը գրանցվել է 2020թ.-ին:

Ըստ երկրների՝ ՀՀ սահմանահատումների ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ՌԴ քաղաքացիներին. 2022թ.-ի տվյալներով՝ շուրջ 1 մլն 130 հազար ՌԴ քաղաքացի է մուտք գործել ՀՀ, իսկ ելքերի թվաքանակը կազմել է շուրջ 1 մլն 65 հազար: Սահմանահատումների թվաքանակում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ է բաժին ընկնում նաև Վրաստանի և Իրանի քաղաքացիներին: 

Միաժամանակ, նախորդ տարում ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թվաքանակը կազմել է 968, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 10 տարիների կտրվածքով: Դիտարկվող ժամանակահատվածում ապաստան հայցողների թվաքանակում ամենամեծ մասնաբաժինը կազմում են Ուկրաինայի (484), այնուհետև Իրաքի (198) քաղաքացիները, որի արդյունքում ՀՀ-ի կողմից փախստականի կարգավիճակ է տրվել Ուկրաինայի 289 և Իրաքի 28 քաղաքացիների:

ՀՀ-ում միգրացիոն հոսքերի արդի իրավիճակը և զարգացումները  

Ա շխարհում տեղի ունեցող գլոբալ համաշխարհային միտումները՝ ծնելիության դինամիկ նվազում, ուրբանիզացիայի բարձր մակարդակ, կապիտալի և աշխատուժի արտահոսք, իրենց ազդեցությունն են ունենում նաև ՀՀ տնտեսության վրա: Հայաստանը, ունենալով բաց տնտեսություն և լինելով կիսափակ սահմաններով երկիր, զգալի կախվածության մեջ է գտնվում արտաքին աշխարհից, հետևաբար նաև այնտեղ տեղի ունեցող երևույթներից և կառուցվածքային փոփոխություններից: 

Վերջին տարիներին Հայաստանը կանգնել է միգրացիոն ներհոսքերի ավելացումն արդյունավետ կառավարելու խնդրի առջև: Ժամանակ առ ժամանակ, ՀՀ միգրացիոն ոլորտում իրականացվել են բարեփոխումներ: Մասնավորապես՝ 2021թ.-ին աշխատանքային միգրացիայի գործընթացը թվայնացվել է, բարեփոխվել է նաև վիզային քաղաքականությունը, սակայն վերջինում բարդություններն ու բացերը դեռևս շարունակում են մնալ հրատապ լուծում պահանջող, ուստի ոլորտը ենթակա է որոշակի կանոնակարգման: 

Անդրադառնալով միգրացիոն հոսքերի դինամիկային ներկայում՝ նշենք, որ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի տվյալներով այն դրական է. ընդհանուր մուտքերի ու ելքերի տարբերությունը կազմել է ավելի քան 18 հազար: Նույն ժամանակահատվածում քաղաքացիություն ստանալու համար 9000-ից ավելի օտարերկրացի է դիմել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույնական է: Քաղաքացիություն ստանալու համար դիմող անձանց թվաքանակն առավելագույն ցուցանիշը գրանցել է 2022թ.-ին. ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նպատակով դիմել է 25 հազար անձ, որից 21 հազարից ավելին՝ միայն քաղաքացիություն ստանալու նպատակով:

Դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր զգալի ավելացել է ՌԴ քաղաքացիների ներհոսքը Հայաստան: Ներկայում ևս ՌԴ քաղաքացիների մուտքերը գերազանցում են ելքերին: 2023թ.-ի առաջին կիսամյակում ՌԴ անձնագրերով մուտքերի և ելքերի տարբերությունը դրական է 23 հազարով: Նախորդող տարվա ընթացքում ՌԴ 6000-ից ավելի քաղաքացի աշխատանքի հիմքով օրինական բնակություն է հաստատել ՀՀ-ում: Ընդ որում՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերլուծության համաձայն՝ ՌԴ շուրջ 70 հազար քաղաքացիների առնվազն 48%-ը 1 տարուց ավելի ժամանակով է ցանկացել մնալ ՀՀ-ում:     

Կարևոր է անդրադառնալ նաև վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացված բռնի գործողությանն ու դրա հետևանքով ժողովրդի հարկադրաբար տեղահանմանը, որն իր զգալի ազդեցությունն է ունեցել ՀՀ միգրացիոն իրավիճակի և դրա արդյունքում ի հայտ եկած նոր միգրացիոն ալիքի առաջացման տեսանկյունից։ Նշենք, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ՝ պաշտոնական տվյալներով՝ 101 հազ. 848 ԼՂ-ից բռնի տեղահանված անձի տվյալներ հաշվառվել և նույնականացվել են, որոնցից 48 հազ. 964-ը՝ արական սեռի, իսկ 52 հազ. 884-ը՝ իգական։ Հաշվառվածներից 12 հազ. 404-ը 65 և ավելի տարիքային խմբի անձինք են, ավելի քան 30 հազ.-ը՝ մինչև 19 տարեկան:  

ՀՀ-ում միգրացիոն հոսքերի ցուցանիշում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են կազմում նաև Հնդկաստանից քաղաքացիների հոսքերը: 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հնդկաստանի քաղաքացիներից շուրջ 2500-ը ստացել են ՀՀ-ում օրինական բնակության կարգավիճակ: Իսկ 2023թ.-ի առաջին կիսամյակում Հնդկաստանի ավելի քան 1600 քաղաքացու միայն աշխատանքի հիմքով տրվել է կացության կարգավիճակ:

Այսպիսով, վերջին տարիներին Հայաստանի միգրացիոն իրավիճակը զգալի փոփոխություններ է կրել. ավելացել են հատկապես Ռուսաստանից և Հնդկաստանից հոսքերը, օտարերկրացիներից ՀՀ քաղաքացիություն հայցող և ստացող անձանց և դրան զուգահեռ ՀՀ-ից մեկնողների թիվը, ինչպես նաև արձանագրվել է մուտքերի թվաքանակի գերազանցում ելքերին: Պետք է փաստել, որ ոլորտի վրա ազդեցություն են ունեցել, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ Covid-19 համաճարակի բռնկումը և երկրում անընդմեջ ռազմաքաղաքական իրավիճակի սրումը: Համաշխարհային ժողովրդագրությունը, այդ թվում՝ ծնելիության ինչպես գումարային, այնպես էլ ընդհանուր գործակիցները շարունակաբար ցուցաբերում են նվազման միտում, ինչը գլոբալ արդի հիմնախնդիրներից մեկն է հանդիսանում ներկա պայմաններում: Ուստի ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից միգրացիոն քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության արտագաղթի կանխմանը և դեպի ՀՀ ներգաղթի խրախուսմանը։


[1] ՄԱԿ-ի համաշխարհային սոցիալական զեկույց, 2023 
[2] Ծնելիության ընդհանուր գործակիցը հաշվարկվում է որպես ծնվածների (կենդանի) և մշտական բնակչության թվաքանակի միջին տարեկան ցուցանիշների հարաբերություն, 1000 բնակչի հաշվով:[3] Ծնելիության գումարային գործակիցը կամ պտղաբերության գործակիցը բնութագրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում:
[4] ՀՀ միգրացիոն ծառայություն
[5] Միգրացիայի մնացորդը սահմանվում է որպես տվյալ երկիր ժամանածների (նորեկների և վերադարձածների) և երկրից դուրս եկածների (մեկնածների) տարբերությամբ (Եվրոստատ, 2000)։