Հայաստան-Ադրբեջան. կարևոր է անգամ զրոյական արդյունավետությամբ գործընթացը

6 ր.   |  2023-08-01

Հ ուլիսի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ընթացիկ տարում արդեն երկրորդ հանդիպումը։ Դրա ավարտից հետո Միշելը հանդես է եկել ամփոփիչ հայտարարությամբ՝ ներկայացնելով բանակցությունների արդյունքները։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ են տարածել նաև ադրբեջանական ու հայկական կողմերը։ 

Միշելի կողմից շուրջ 2 ժամ 45 րոպե տևած բանակցությունների ամփոփման ընթացքում ամենատպավորիչ հանգամանքը, թերևս, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի ոգևորված կեցվածքն էր։ Դա բնական է նման իրավիճակների դեպքում, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում գործընթացի նվազագույն արդյունավետության պայմաններում բանակցային ձևաչափի «դեմքը փրկելու»։ Քանի որ, ըստ Միշելի հայտարարության, քննարկվել են կարգավորման գործընթացի բոլոր սուր հարցերը՝ սահմանազատման, կապուղիների ապաշրջափակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ու արցախահայության իրավունքների և անվտանգության, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղեգծի խնդիրները։ Մինչդեռ գործընթացի առանցքը կազմող Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առկա խորքային խնդիրներից  որևէ մեկի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝  հանդիպումն «անկեղծ ու կարևոր էր»։ Վերոնշյալ թեմատիկ բաժանմամբ՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ կողմերը վերահաստատել են Հայաստանի տարածքը կազմում է 29. 800, իսկ Ադրբեջանինը՝ 86.600 կմ/ք փոխադարձաբար ճանաչելու պատրաստակամությունը։ Բացի այդ, վերահաստատել են 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման իրականացումը։ Երկու երկրների ղեկավարները համաձայնել են արագացնել համապատասխան հանձնաժողովների աշխատանքները։

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հետ կապված՝ քննարկվել են ապագա տրանսպորտային համաձայնագրերի տեխնիկական դետալները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։ Հատկապես խրախուսվել է երկաթուղու շինարարության առաջմղումը, և ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել։

Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետ կապված Միշելը նշել է. «Ես շեշտել եմ, որ անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը, նաև ընդգծել եմ Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում և կոչ եմ անում երկու կողմին էլ իրականացնել հումանիտար մատակարարումներ, որպեսզի տեղի բնակչության կարիքները բավարարվեն»։
Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդրի վերաբերյալ ԵՄ-ն հերթական անգամ աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը»։ 

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Միշելը հայտարարել է, թե այժմ դրանց ամենավճռական փուլն է, և կոչ է արել երկու առաջնորդներին՝ «ձեռնարկել հաջորդ խիզախ քայլերը՝ ապահովելու կարգավորման ճանապարհին վճռական ու անշրջելի առաջընթաց»։

Քննարկվել են նաև հումանիտար խնդիրներ՝ մասնավորապես հայ ռազմագերիների և ադրբեջանցի իրավախախտների ճակատագրի թեման։

Ինչպես արդեն նշվել է, կետ առ կետ դիտարկելով բրյուսելյան բանակցությունների բոլոր առանցքային ուղղությունները՝ ակնհայտորեն երևում է, որ որևէ առաջընթաց կողների սկզբունքային տարաձայնություններում չի արձանագրվել։ Իսկ դրա հիմնավորումը շատ պարզ է՝ առկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում Ադրբեջանը պատրաստ չէ անգամ նվազագույն փոխզիջման։Ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումը շարունակում է մնալ առավելապաշտական, անզիջում։ Ալիևյան վարչակարգը կարծում է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո լիակատար կապիտուլյացիայի է ենթարկել Հայաստանը, և պարտավոր չէ անգամ նվազագույն զիջման գնալ տարածաշրջանում խաղաղության հաստատելու համար։ Բաքվի նման դիրքորոշմանն զգալիորեն նպաստում են Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում մրցակից՝ ռուսական և արևմտյան հարթակների առկայությունը, որբ ալիևյան վարչակարգի համար հավելյալ մանևրի հնարավորություն է ընձեռում։ Ինչպես նաև միջազգային հանրության կողմից Բաքվին զիջումների մղելու տրամադրության բացակայությունը, որը պայմանավորված է, ինչպես արդեն նշվել է ուկրաինական ճգնաժամով պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակի, Ադրբեջանի եներգետիկ և ենթակառուցվածքային կարողությունների, ինչպես նաև Բաքու-Անկարա հարաբերությունների բնույթով։

Սա է պատճառը, որ Ադրբեջանը և՛ Հայաստանի, և՛ Արցախի ուղղությամբ ուժի և ուժի սպառանլիքի շարունակական քաղաքականության կիրառմամբ՝ ձգտում է առավելագույնը՝ տապալել բանակցային գործընթացը, ընդ որում՝ Հայաստանի ձեռամբ, որպեսզի Երևանը հրաժարվի բանակցություններից, իսկ Բաքուն դա ներկայացնի՝ իբրև հայկական կողմի ապակառուցողականության դրսևորում։ «Ուժային դիվանագիտության» ամենավերջին դրսևորումներից էին ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների ամերիկյան հունիսյան բանակցությունների մեկնարկին Արցախի դեմ իրականացված ագրեսիան, որի հետևանքով սպանվեց ՊԲ 4 զինծառող։ Բացի այդ, հարկ է  նշել, որ անգամ վերջին բրյուսելյան բանակցություններից առաջ, համընթաց  Ադրբեջանը շարունակում էր սրել իրավիճակը դարձյալ և՛ Արցախում, և՛ Հայաստանի հետ սահմանին։ Իսկ նման մարտավարության նվազագույն նպատակն է Հայաստանին մղել միակողմանի, գուցե նաև իրավիճակային զիջումների՝ դրանք հետագայում  քաղաքական հարությունում օգտագործելու համար։ Վերջինի ամենաակնառու օրինակներից է Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման պատրաստակամության բարձրաձայնումը ալիևյան վարչակարգի կողմից որպես Լաչինի միջանցքի արգելափակման հիմնավորում օգտագործելը։

Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշվեց, Բաքվի նման դիրքավորման պատճառն այն է, որ Ադրբեջանը ներկայում տեսնում է հնարավորություններ Հայաստանից առավելագույնն ստանալու հարցում։ Ընդ որում, Բաքվի այս հաշվարկները Հայաստանի հետ առանցքային բոլոր խնդիրների տիրույթում են։ Արցախի հարցում Ադրբեջանը տեսնում է պատմականորեն հայաբնակ երկրամասն ամբողջովին օկուպացնելու, այն էթնիկ զտման հասցնելու հնարավորություն, հետևաբար առնվազն խնդրահարույց է համարում միջազգային հանրության կողմից որևէ «միջազգային մեխանիզմի» ներքո Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցելու հնարավորությունը՝ դրանով իսկ նոր կախվածություն ձեռք բերելով միջազգային տարբեր դերակատարներից։ Սա է պատճառը, որ ավելի քան 7 ամիս շարունակում է արգելափակված մնալ Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով հումանիտար իրավիճակը տարածաշրջանում հասնում է աղետի մակարդակի։ Մեկ այլ հումանիտար խնդիր՝ Բաքվում ստիպողաբար պահվող հայ ռազմագերիների հարցը պատերազմից ի վեր ևս որևէ էական տեղաշարժ չի արձանագրել։ Գերության մեջ շարունակում են մնալ ավելի քան 3 տասնյակ հայ զինծառայողներ. ավելին, Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակում է առևանգել նոր զինծառայողների, պարբերաբար ահաբեկել խաղաղ բնակչությանն Արցախի և Հայաստանի տարբեր շրջաններում։ 

Սահմանազատման և սահմանագծման գործընթացում Բաքուն փորձում է խուսափել ասպարեզում եղած ամենավերջին՝ ԽՍՀՄ 1970-ական թթ. քարտեզներով գործընթացն առաջ մղելու տարբերակից՝ խոսելով ինչ-որ մտացածին քարտեզների մասին։ Հենց այս տրամաբանության շրջանակում է, որ չնայած հայկական կողմից բազմիցս նշվել է Ալմա Աթիի հռչակագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անգամ թվային ձևակերպմամբ ճանաչելու պատրաստակամության մասին, մինչդեռ ադրբեջանական կողմից նմանաբովանդակ հայտարարություն ցայժմ չի հնչել։ Ադրբեջանի նման դիրքավորման նպատակն է դիվանագիտական մանիպուլյատիվ գործելաոճի արդյունքում, օգտագործելով Հայաստանի ճանաչումը, հնարավորություններ ստանալ արցախյան հիմնախնդիրը սեփական օրակարգով լուծելու, ինչպես նաև միակողմանիորեն՝ առանց փոխանակման, Հայաստանից ստանալու, այսպես կոչված» անկլավային տարածքներն, ինչպես նաև՝ դուրս չգալու 2021թ. մայիսի օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքներից։

Բաքուն նույն դիրքորոշումն է որդեգրել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում՝ այդպես էլ չհրաժարվելով «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական տխրահռչակ ծրագրից։ Եվ, չնայած, գրեթե բոլոր բանակցային հարթակներում ապաշրջափակման հարցում համընդհանուր ընդունված մոտեցումը գործընթացը պետությունների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների ներքո ուղղորդելն է, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմն ամեն կերպ հրաժարվում է վերջնական համաձայնությունից, քանի որ առայժմ տեսնում է Ադրբեջան–Նախիջևան կապը հենց «միջանցքային» տրամաբանությամբ ստանալու հնարավորություն։

Հենց վերոնշյալ իրողություններն են, պատճառը, որ 2020 թ. արյունալի պատերազմից ավելի քան 2,5 տարի անց այդպես էլ հնարավոր չի եղել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել։ Ավելին, վայելելով Թուրքիայի համակողմանի աջակցությունը, Բաքուն շարունակում է հանդես գալ առավելապաշտական դիրքերից, մշտապես անկայունություն ստեղծելով տարածաշրջանում և անգամ ընդլայնելով դրա աշխարհագրությունը։ Այս ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նպատակային կերպով սրել են իրավիճակը նաև Իրանի հետ՝ ցանկանալով չեզոքացնել վերջինի սկզբունքային քաղաքականությունը տարածաշրջանային զարգացումների հարցում։ Նոր իրողությունների պայմաններում նպատակային փորձ է արվում հնարավորինս թուլացնել Իրանի ազդեցության լծակները տարածաշրջաանում և Ադրբեջանում և հատկապես Երևան-Թեհրան դիմադրությունը «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացման հարցում։

Վերը թվարկված իրողությունների պայմաններում, Հայաստանի դիրքորոշումը միտված է նոր ռազմական էսկալացիայի ամեն կերպ բացառման նպատակով բոլոր հնարավոր հարթակներում բանակցային գործընթացի խրախուսումը, չնայած դրա գրեթե զրոյական արդյունավետությանը։ Քանի որ բանակցային գործընթացի շարունակականության ապահովմամբ՝ հնարավոր է միջազգային հանրության ուշադրությունը մշտապես սևեռած պահել մեր տարածաշրջանի վրա՝ դրանով իսկ հնարավորինս կառավարելի պահելով Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը։ Ասել է թե, ստեղծված բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակում, 44-օրյա պատերազմից հետո սասանված անվտանգային համակարգի պայմաններում Հայաստանի համար գերխնդիրը տարաբնույթ՝ նաև նոր մեխանիզմների միջոցով անդադար մարտահրավերներին դիմագրավումն է։ Իսկ նման մեխանիզմներից են Ռուսաստանի հետ նախկին համակարգերի պահպանումը, չնայած դրանց արդյունավետության՝ էականորեն նվազմանը, Իրանի հետ համագործակցությունը հատկապես Սյունիքի հատվածում, Հնդկաստանի հետ ռազմական և քաղաքական ոլորտում հարաբերությունների խորացումը, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, հատկապես՝ Ֆրանսիայի, արևմտյան այլ երկրների հետ համագործակցության դիվերսիֆիկացումն ու խորացումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարբեր բանակցային ձևաչափերում Ադրբեջանի հետ հանդիպումները և այլն։ Այսինքն՝ նման վճռորոշ պատմափուլում հաճախ կարևոր են բուն գործընթացները՝ անգամ զրոյական արդյունավետության պայմաններում։