Եվրոպական ներկայության հեռանկարները Հարավային Կոկվասում

7 ր.   |  2023-07-27

«Արևելյան գործընկերություն» 

1 991թ. ԽՍՀՄ փլուզումը ոչ թե ավարտեց, այլ հիմք հանդիսացավ արևելաեվրոպական և հետխորհրդային ողջ տարածքում աշխարհաքաղաքական նոր իրողությունների ձևավորման համար։ 1990-ականների առաջին կեսը արյունալի կոնֆլիկտների ժամանակաշրջան էր ոչ միայն Հարավային Կովկասում (ղարաբաղա-ադրբեջանական, վրաց-աբխազական, վրաց-օսական), այլև եվրոպական մայրցամաքի կենտրոնում՝ նախկին Հարավսլավիայի տարբեր կետերում բռնկված հակամարտությունների տեսքով։ Այդ «տաք» կետերի առկայության պայմաններում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, կարելի է ասել, դեռևս գտնվում էին ոչ մրցակցային բնույթի փուլում։ Հետխորհրդային տարածաշրջանում հակամարտությունների միջնորդության հարցում Արևմուտքը գրեթե չէր վիճարկում Ռուսաստանի ազդեցության կարևորությունը։ Ռուսաստանը, որը ԽՍՀՄ իրավահաջորդը դարձավ, ինքնաբերաբար դիտարկվում էր հետխորհրդային տարածքում անվիճելի ազդեցության տերություն, բայց՝ տարածաշրջանային։

ԽՍՀՄ փլուզումն ու Սառը պատերազմում Արևմուտքի հաղթանակը ամրապնդեց արևմտյան այն մտայնությունը, որ «ժողովրդավարական ազատականության գաղափարախոսությունը հաղթանակել է ողջ աշխարհում, ուստի և ունիվերսալ ճշմարտություն է» [1]։ Կարելի է ավելացնել, որ այս մտայնությունն առավել ամրապնդող փաստ էր նաև այն, որ հարյուրամյակներ շարունակ պատերազմների և թշնամական հարաբերություններ ունեցող Եվրոպային 1990-ականների սկզբին հաջողվեց հասնել եվրոպական միասնության գաղափարի մարմնավորմանը՝ ի դեմս Եվրամիության։ Այս մտայնությունից ելնելով էլ՝ Եվրոպան արևմտյան արժեքները տարածում էր որպես իր քաղաքականությանը սպասարկող միջոց։

Եվրոպական հետաքրքրությունների ոլորտում էր նաև հետխորհրդային տարածքը, առաջին հերթին՝ Արևելյան Եվրոպան՝ Ուկրաինան, Լեհաստանը, հետո՝ Հարավային Կովկասը։ Միացյալ Եվրոպայի տնտեսաքաղաքական ընդլայնման ծրագրային կերպավորումներից դարձավ «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը։ Կարևոր է հաշվի առնել Արևելյան գործընկերության ծրագրի առաջադրման ժամանակը և տիրող միջազգային հարաբերությունները։  Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերութուններն ապրում էին ոչ լավագույն ժամանակները։ Հարավային Կովկասում վրաց-ռուսական հարաբերությունները 2008թ. օգոստոսին վերաճեցին պատերազմի։ Իհարկե, օսական հարցի ևս մեկ «տաք» շրջան եղել էր 1990-ականների սկզբին, սակայն պետք է ասել, որ այս դեպքում օսական խնդրի շուրջ ռուս-վրացական հարաբերություններում առկա էր արտաքին քաղաքական բաղադրիչը՝ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի վերակողոմնորոշումը դեպի Արևմուտքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցելը։ Ռուսաստանի քաղաքական վերնախավի ինքնությունը պատմականորեն բավական զգայուն է Ուկրաինայի և Վրաստանի հետ հարաբերություններում։ Ի թիվս այլ պատճառների՝ այդ զգայունությունը պետք է որ պայմանավորված լինի այն փաստով, որ նշյալ երկու պետությունների հետ Ռուսաստանին կապում են ոչ միայն կայսերական ընդհանուր պատմությունը, մշակութային և քաղաքական անցյալի կապերը, այլև ընդհանուր ֆիզիկական սահմանը։  Ռուսաստանի համար դժվար էր համակերպվել անմիջական սահման ունեցող Վրաստանում Արևմուտքի սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական ազդեցության մեծացման հետ։ Այս համապատկերին ավելանում էր նաև վերահաս համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Միջազգային և տարածաշրջային նման բարդ իրադրության պայմաններում էր, որ ներկայացվեց Արևելյան գործընկերության ծրագիրը։ Այն նախաձեռնվեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Ռոդոսլավ Սիկորսկու և Կառլ Բիլդտի կողմից 2008թ. մայիսին, իսկ նույն թվականի դեկտեմբերին այն հավանության արժանացավ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից [2]։ Արևելյան գործընկերության հիմնական նպատակներն են Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի հետ Եվրամիության համագործակցության սերտացումն ու խորացումը։ Այն պետք է ստեղծեր պայմաններ քաղաքական ասոցիացիայի և տնտեսական ինտեգրացիայի համար ինչպես Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ-ի, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրի և ԵՄ-ի միջև։  Ի սկզբանե հայտարարվեց բարեփոխումների այն չորս հիմնական ուղղությունները, որոնք պետք է իրականացնեին անդամ-պետությունները.

  1. Ժողովրդավարություն, կառավարման կատարելագործված համակարգ և կայունություն (վարչական բարեփոխումներ, հակակոռուպցիոն միջոցառումներ, կառավարման համակարգի ուսուցում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացում, ազատ մամուլ),
  2. Տնտեսական ինտեգրացիա և կոնվերգենցիա ԵՄ ոլորտային տնտեսական քաղաքականության հետ, որը ներառում է ազատ առևտրի տարածքի ստեղծում,
  3. Էներգետիկ անվտանգություն,
  4. Հաղորդակցության զարգացում մարդկանց միջև (վիզային ռեժիմի ազատականացում, միաժամանակ միջոցների ձեռնարկում՝ կանխելու անօրինական միգրացիան) [3]։

Նշյալ կետերը թույլ են տալի ասելու, որ Եվրամիության հետ առավել սերտ ինտեգրացիային միտված այս բովանդակությունը ենթադրում էր Ռուսաստանի Դաշնության ազդեցության որոշակի թուլացում։ Դրանով Հարավային Կովկասը զգալիորեն դադարելու էր դիտվել Ռուսաստանի ազդեցության անվիճելի տարածք։ Այդուհանդերձ, Արևելյան գործընկերության ծրագիրը ընդունակ չեղավ համախմբել Հարավային Կովկասը, ինչը պայմանավորված էր ենթադրվող ռեսուրսների սահմանափակությամբ, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական, վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների առկայությունը տարածաշրջանում [4]։

Իհարկե, սա միակ պատճառը չէ առաջադրված նպատակների կատարմանը խոչընդոտող իրողությունների թվում։ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը շրջանցում էր Ռուսաստանը։ Ռուսական կողմն այդ հարցը բարձրացրել էր ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Չիժովի կողմից 2016թ. [5]։ Թերևս, հենց ՌԴ-ի գործոնը լռության մատնելու և շրջանցելու հանգամանքը ստեղծեցին հետագա բարդություններ՝ Արևելյան գործընկերության հաջողության չհասնելու առումով։ Ավելին, Գործընկերության անդամ պետություններում այդ լուռ հակամարտությունը տեղիք տվեց սրացումների։ Արևելյան գործընկերության անդամ կարևոր պետություններից Ուկրաինան հենց այս նախաձեռնության շրջանակներում Ասոցացման պայմանագրի ընդունման հարցի պատճառով կանգնեց լուրջ ներքաղաքական լարվածության առջև, երբ նախագահ Վ. Յանուկովիչը 2013թ. հրաժարվեց ստորագրել այն։ Դա հանգեցրեց հեղափոխության Ուկրաինայում, որի նոր նախագահ Պ. Պորոշենկոն 2014թ. ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը։ Դա ի ցույց դրեց Ուկրաինայում քաղաքացիական հասարակության կարևոր ներդրումը քաղաքական կուրսի ընտրության հարցում [6]։

Տարբերությունն առավել ընդգծելի դարձավ 2013թ. եվրոասոցացման հարցում Հայաստանի Հանրապետության շրջադարձով, երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի շրջադարձի մասին։ ՀՀ-ն այդ հայտարարությամբ հռչակեց ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը։ Այս շրջադարձից հետո ԵՄ-ի և ՀՀ-ի հարաբերություններում, ի տարբերություն տնտեսական մերձեցման, վիզային ռեժիմի ազատականացման հարցը շարունակեց մնալ օրակարգում [7]։

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ-ին միանալու որոշումից հետո էլ ԵՄ-ն շարունակեց ՀՀ-ին տրամադրել ֆինանսական աջակցություն վիզային ռեժիմի երկխոսության շրջանակներում իրականացվող վերափոխումներին։ Այս շրջադարձն առավել ցցուն էր այն բանի ֆոնին, որ 2009-2013թթ. վերափոխումների ակտիվությամբ և «եվրոպականացման» արագությամբ ՀՀ-ն համարվում էր առաջատար։ Սակայն, 2013թ. հետո էլ եվրոասոցացման շրջանակներում ՀՀ-ում կատարվող բարեփոխումներն անարդյունավետ էին և անհամապատասխան՝ եվրոպական չափանիշներին։ Եվ 2010-ական թվականներին Արևելյան գործընկերության անդամ վեց պետություններում տեղի ունեցած փոփոխություններն արտացոլվեցին ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացման փաստում։ Առանց վիզայի ռեժիմ հաստատվեց ԵՄ և Մոլդովայի միջև 2014թ., իսկ Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ 2017թ.։ Կարելի է ասել, որ այս հանգամանքն ի ցույց է դնում իրողությունը, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը և դրա խորացումն առավել կարևորվում էր նշյալ երեք պետություններում։

Ա յդուհանդերձ, Արևելյան գործընկերությունը շարունակեց մնալ համագործակցության հարթակ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև և 2017թ. նոյեմբերին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում ստորագրվեց համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որը չէր պարունակում ազատ առևտրի գոտու մասին կետ, քանզի Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ։ Նշյալ հանգամանքը ՌԴ-ի և ԵՄ-ի կողմից միմյանց նկատմամբ վերաբերմունքի դրսևորումներից է։ Ներկայումս, չնայած միջազգային հարաբերություններում առկա մեծ լարվածությանը և ռուս-ուկրաինական պատերազմին, Արևելյան գործընկերությունը շարունակում է համագործակցությունը, չնայած դրա անդամ վեց պետություններից մնացել են հինգը. Բելառուսը պաշտոնապես դադարեցրել է իր անդամակցությունը այդ նախագծին 2021թ. հուլիսին։

2021թ. կայացած ԵՄ և ԱլԳ ներկայացուցիչների գագաթնաժողովում ընդունվել է հինգ հիմնական նպատակ՝

  1. Միասին՝ հանուն դիմակայուն, կայուն եւ ինտեգրված տնտեսությունների,
  2. Միասին՝ հանուն հաշվետու հաստատությունների, օրենքի գերակայության եւ անվտանգության,
  3. Միասին՝ հանուն բնապահպանական եւ կլիմայական դիմակայունության,
  4. Միասին՝ հանուն դիմակայուն թվային փոխակերպման,
  5. Միասին՝ հանուն դիմակայուն, արդար եւ ներառական հասարակությունների [8]։

Նշյալ գագաթնաժողովում առաջադրված նպատակներին հասնելու միջնաժանկետը 2021-2025թթ.-ն է, որի համար հատկացվելու է 2.3 միլիարդ եվրո։ 

Ներկայումս ԱլԳ ծրագիրը, չնայած նշված նպատակներին, ապահովագրված չէ անորոշությունից, քանի որ ընդգրկված պետություններից Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի հետ, 2020թ. պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են մնալ լարված, ինչը չի բացառում նոր պատերազմի հավանականությունը։ Մեկ այլ անդամ պետություն՝ Վրաստանը, ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Արևմտյան պատժամիջոցների և ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով արձանագրում է որոշակի անհասկացվածություն Արևմտյան գործընկերների կողմից։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ԱլԳ ծրագրի ճակատագիրը զգալիորեն կախված է լինելու ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի ելքից և դրանից հետո արևելաեվրոպական տարածաշրջանում նոր իրողություններից, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացումներից։  Միով բանիվ, արևմտյան ներկայությանը միտված հետագա համագործակցային նախագծերը լիարժեք գործառնելու համար անհրաժեշտ է, որ հաշվի նստեն տարածաշրջանում ներկա դերակատարների հետ։


[1] Հանթինգթոն Ս., Քաղաքակրթությունների բախումը և աշխարհակարգի վերափոխումը, Եր., «Պրոֆիլ մեդիա», 2021, էջ 271-272։
[2] Дырина А., Восточное партнерство։ От идеи к реализации, Актуальные проблемы Европы, Центр научно-информационных исследований глобальных и региональных проблем ИНИОН РАН, № 3, 2019, с. 219. 
[3] Арутюнян О., Сергунин А., Между Сциллой и Харибдой: программа «Восточного партнерства» на перекрестье геополитических интересов Евросоюза и России, Вестник СпбГУ, сер. 6, вып. 2, 2015, с. 109-110.
[4] Барахвостов П., Кавказской измерение «Восточного партнерства» (2009-2016гг.), Вестник МГИМО-Университета. 2016;(4(49)), с. 201.
[5] Айвазян А., Политика ЕС в странах Южного Кавказа։ пересмотр политики соседства, Современная Европа, № 4 (70), 2016, с. 48.
[6] Агафонов Ю., Стратегии элит стран Восточного партнерства как фактор реализации Европейской политики соседства։ к вопросу о теоретическом подходе,  Вестник международных организаций: образование, наука, новая экономика, 2015, № 4, с. 115.
[7] Болгова И., «Восточное партнерство»։ неоднозначные результаты, Современная Европа, № 6, 2016, с. 68.
[8] Քաղաքականության համատեքստ https://eufordigital.eu/hy/discover-eu/policy-context/ (մուտքը՝ 24.07.2023)։