Հարավային Կովկասը արտաքին դերակատարների շահերի առանցքում. Լեհաստան
5 ր. | 2023-07-21Խ որհրդային Միության փլուզումը 1991թ. սկիզբ դրեց նախկին կայսրության տարածքում ինքնիշխան պետությունների ստեղծման գործընթացին։ Գործընթացը ուղեկցվում էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, որ պայմանավորված էին աշխարհակարգի փոփոխությամբ և նոր հարաբերությունների կառուցման իրական հրամայականով։ Հարաբերությունների կառուցումն առաջնահերթ էր միջազգային խոշոր խաղացողների և տարածաշրջանային տերությունների հետ։
Պետք է ասել, որ կովկասյան տարածաշրջանը պատմականորեն աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքակրթական կարևոր հանգույցների կիզակետ է։ ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային ուժային կենտրոնների քաղաքական շահերի ուշադրության առանցքում ոչ պակաս կարևորություն ձեռք բերեց Հարավային Կովկասը։ Միջազգային խոշոր խաղացողներից բացի՝ Հայաստանը հարաբերությունների հաստատման առումով կարևորում էր նաև նախկին սոցիալիստական ճամբարի երկրների հետ աշխատանքը։ Այդ կարևոր երկրներից մեկը Լեհաստանն էր, որը Հարավային Կովկասի երկրների հետ շփումների պատմական զգալի փորձառություն ուներ։
Լեհաստանի արևելյան և հարավկովկասյան քաղաքականության առանձնահատկությունները պայմանավորված են 20-րդ դարում նրա ունեցած բարդ և դառը պատմությամբ. երկրի արտաքին քաղաքական զգայուն հարցերը պայմանավորված են արևելյան հարևանի՝ Ռուսաստանի ծավալման քաղաքականությամբ։ Եվ դեպի արևմուտք շարժվելու դեպքում առաջին պետությունը, որին սպառնալու է կայսերական ծավալման հետևանքները, Լեհաստանն է, ինչն էլ 20-րդ դարի ողջ ընթացքում պայմանավորել է անվտանգային միջավայրերի որոնումները։
Սառը պատերազմի ավարտը այլ իրողություններ և մոտեցումներ արձանագրեց Լեհաստանի քաղաքականության մեջ։ Եթե նախկինում Լեհաստանը ուշադրությամբ հետևում էր Ռուսաստանում ընթացող պրոցեսներին և ճգնաժամային իրավիճակներում փորձում օգտվել դրանից, ինչպես օրինակ՝ Ռուսական կայսրության փլուզումից հետո ծավալված իրադարձությունները, մասնավորապես՝ «Պրոմեթեևս» շարժումը և Կովկասյան կոնֆեդերացիայի ստեղծման գաղափարը, ապա հետխորհրդային շրջանում Լեհաստանի քաղաքականությունը վերախմբագրումների ենթարկվեց։ 1989թ. սկսած և հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո լեհական քաղաքական վերնախավի հայացքը մեծապես կրում էր լեհական էմիգրացիայի գաղափարական ազդեցությունը։ Փարիզում հրատարակվող «Կուլտուրա» պարբերականում 1950-1980-ականն թթ. հրատարակվել էին լեհ էմիգրանտներ Ե. Գեդրոյցի և Յու. Մերոշևսկու հոդվածները, որոնք մարմնավորում էին Լեհաստանի արևելաեվրոպական քաղաքականության կոնցեպցիան։
Ը ստ այդ կոնցեպտի՝ Ուկրաինայի, Լիտվայի և Բելառուսի ժողովուրդների հետ հաշտեցում, անկախ պետությունների կազմավորման հարցում նրանց աջակցելը, իրավահավասար հարաբերությունների հաստատումն ու տարածքային պահանջներից հրաժարումը կարևոր էր։ ԽՍՀՄ փլուզումից հետո հենց այս կոնցեպտը դրվեց լեհական պետության արտաքին քաղաքականության արևելյան ուղղության հիմքում, որը մեծ ուշադրություն էր դարձնում անմիջական հարևանների հետ հարաբերություններին, իսկ հետխորհրդային տարածքի մյուս՝ Հարավային Կովկասի և Միջին Ասիայի պետություններին՝ ավելի քիչ, որը պայմանավորված էր և աշխարհագրական գործոնով և աշխարհաքաղաքական շահերի ու տնտեսական հարաբերությունների նվազ մակարդակով։
Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային տարածաշրջանում կազմավորված Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ-ի վերաբերմամբ Լեհաստանի դիրքավորումը, կարելի է ասել, չեզոք-դրական էր։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ Եվրոպան, ըստ էության, կողմ էր, որ հետխորհրդային տարածքում լինի կառույց, որը ընդունակ կլինի կազմակերպել աշխարհաքաղաքական ոչ երկրորդական նշանակություն ունեցող այդ տարածաշրջանը։ Այդուհանդերձ, ԱՊՀ-ի ոչ բարձր արդյունավետությունը և համաեվրոպական անվտանգային համակարգի ամրացման առումով անկարողությունը լեհական որոշ շրջանակների հանգեցրին համոզման, որ ԱՊՀ-ն ավելի շատ դեկլարատիվ կառույց է, քան իրապես արդյունավետ գործառույթներ իրականացնող։
ԱՊՀ-ի նկատմամբ վերաբերմունքից զատ՝ Լեհաստանը Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հետ հարաբերությունների հաստատմանը ձեռնամուխ եղավ ԽՍՀՄ փլուզման ավարտին՝ 1991-1992թթ.։ Ադրբեջանի և Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991թ. դեկտեմբերին, Վրաստանինը՝ 1992թ. մարտին։ ՀՀ-ի հետ Լեհաստանի հարաբերությունների մեկնարկը տնտեսական բնագավառում էր։ Տնտեսության և առևտրի վերաբերյալ առաջին պայմանագիրը կնքվեց 1992թ.։ Հետայդու պայմանագրեր կնքվեցին մշակութային համագործակցության վերաբերյալ 1998թ., իսկ 2004թ. ստորագրվեց պայմանագիր ռազմական համագործակցության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում։
Այդուհանդերձ, հարկ է ընդգծել, որ տվյալ շրջանում հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները արտաքին քաղաքական առաջնահերթություն չէին Լեհաստանի համար։ Նրա համար առավել կարևոր էր անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, ապա՝ հարաբերությունները Բելառուսի և Ուկրաինայի հետ, և միայն դրանից հետո՝ Հարավային Կովկասը։ Այս համատեքստում պատահական չէ, որ, օրինակ, Լեհաստանի դեսպանությունը ՀՀ-ում բացվեց միայն 2001թ.։ Սրանով պայմանավորված այն հանգամանքը, որ Լեհաստանը չուներ հստակ կանխորոշված մշակված հայեցակարգ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով։ Այս իրողության հետ է շաղկապված ԼՂ խնդրի վերաբերյալ լեհական կողմի ոչ ակտիվ դիրքորոշումը, որը սահմանափակվում էր Վարշավայի կողմից Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դիրքորոշմամբ։
ՀՀ-ի և Լեհաստանի ղեկավարների փոխադարձ պաշտոնական այցերը մեկնարկել են 1999թ. Ռ. Քոչարյանի այցով, նախագահ Ա. Կվասնեևսկու պատասխան այցը կայացել է 2001թ. նոյեմբերին։ Երկրների առաջին դեմքերի մակարդակով ԼՂ հակամարտության թեման քննարկվել է 2004թ. Լեհաստան կատարած նախագահ Քոչարյանի այցի ընթացքում։
Լեհաստանի հարավկովկասյան քաղաքականությունը փոփոխությունների ենթարկվեց 2004թ. հետո, ինչը պայմանավորված էր արտաքին քաղաքական առաջնահերթություններում արձանագրված հաջողություններով։ 1999թ. Լեհաստանն անդամակցեց ՆԱՏՕ-ին, իսկ 2004թ.՝ Եվրամիությանը։ Այս իրողություններից հետո Լեհաստանն ակտիվացրեց հետխորհրդային տարածքի, մասնավորապես հարավկովկասյան հարթակում արտաքին քաղաքական գործիքակազմը։ Լեհական քաղաքականության շրջադարձը կատարվում էր ԵՄ-ի քաղաքականության ընդհանուր ծիրում։ Լեհաստանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Եմ նախաձեռնած «Հարևանության եվրոպական քաղաքականությանը», որը հնարավորություն էր ընձեռում համագործակցության զարգացմանը միտված քաղաքականություն վարել ԵՄ մերձակա տարածաշրջանների երկրների հետ՝ Եգիպտոսից մինչև Հարավային Կովկաս և Միջին Ասիա։
Լեհաստանի դերն ավելի նշանակալից էր մեկ այլ նախաձեռնության հարթակում. 2008թ. Լեհաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Ռ. Սիկորսկին և Կ. Բիլդտը ԵՄ խորհրդին ներկայացրեցին «Արևելյան գործընկերության» նախագիծը, որը միանգամից հավանության արժանացավ և ընդունելության գտավ։ Սա, ըստ էության, կարելի է համարել Լեհաստանի արտաքին քաղաքականության կարևոր հաջողություններից մեկը։ Այս նախագծում ընդգրկված էին Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Հարկ է նկատել, որ լեհական քաղաքականության արևելյան ուղղությունն ուներ նաև ներքին, ոչ բացահայտ համատեքստ։ Ակտիվ և նախաձեռնող քաղաքականությամբ Լեհաստանը մեծացնում էր սեփական դերն ու կշիռը ԵՄ-ում։ Այն կարծես հավասարակշռող գործոն էր հավակնում դառնալ Եվրոպայի հզոր դերակատարների, մասնավորապես, Գերմանիայի նկատմամբ։
Համաեվրոպական արևելյան ուղղության ընդհանուր քաղաքականության ծիրում Լեհաստանի ակտիվ և նախաձեռնողական քաղաքականության իրական հետնախորքը կարելի է բացատրել Ռուսաստանի գործոնով։ Ի տարբերություն անցած հարյուրամյակի պատմության՝ Լեհաստանը 21-րդ դարի առաջին տասնամյակի քաղաքականությանը ներհատուկ էր ՌԴ-ի նկատմամբ ոչ բացահայտ մրցակցային քաղաքականությունը։ Այս անգամ Լեհաստանը վարում էր միջազգային կարևոր դերակատարներից մեկի՝ ԵՄ-ի ներկայության միջնորդությունը հետխորհրդային տարածաշրջանում։