ՀՀ պետական պարտքի զարգացման միտումները
7 ր. | 2023-06-06Պ ետական պարտքի ուսումնասիրությունը շարունակում է մնալ անհրաժեշտ և արդիական, քանի որ այն կարող է նպաստել կամ խոչընդոտել տնտեսության զարգացմանը՝ կախված ներգրավվող միջոցների ծախսային ուղղություններից և պարտքի արդյունավետ կառավարումից։ Այսպես, պարտքի ներգրավումն ընդունված է համարել տնտեսության համար արդյունավետ, եթե այն ուղղվում է կապիտալ ծախսերի՝ ներդրումների իրականացմանը, որի միջոցով գեներացվում են նոր եկամուտներ, իսկ ծախսային ուղղությունների ոչ նպատակային տնօրինումը, հակառակը, կարող է խոչընդոտել երկրի տնտեսական զարգացման հեռանկարներին։
Ներկայիս ՀՀ պետական պարտքի ձևավորման գործընթացը սկսվել է դեռևս 1992-93-ականներից։ Հստակեցման համար նշենք, որ պետական պարտքը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է:
ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի զգալի մասը արտարժութային է, որը 2022թ.-ին կազմել է 62.1%, ինչը նպաստել է պարտքի սպասարկման ծախսերի նվազմանը՝ ազգային արժույթի արժևորմամբ պայմանավորված. 2022թ.-ի մարտից ՀՀ տնտեսությունում շարունակվում է դրամի շուրջ 21.8%-ով արժևորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ, որը զգալի թեթևացրել է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որը պայմանավորված է նաև ՀՆԱ-ի երկնիշ աճի տեմպով։
- 2022թ.-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլն 187 մլրդ ՀՀ դրամ կամ 10 մլրդ 638 մլն ԱՄՆ դոլար, որը դոլարային արտահայտությամբ կազմում է ՀՆԱ-ի 54.5%, իսկ դրամային արտահայտությամբ նշված ժամանակահատավածում կազմել է 49.3%։
Այստեղ հարկ է ընդգծել, որ ըստ ՀՀ պետական պարտքի մասին օրենքի՝ երկրի պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը: Ինչպես նկատում ենք ստորև ներկայացված գծապատկերից՝ 2017թ.-ին ՀՀ պետական պարտքը, թե՛ դրամային և թե՛ դոլարային արտահայտությամբ մոտեցել էր ՀՆԱ-ի 60% շեմին, որը բացատրվում է 2015-2016թթ.-ի անկայունությամբ: Սակայն պետական պարտքը ՀՆԱ-ի 60% մակարդակը հատել է՝ խախտելով հարկաբյուջետային ոսկե կանոնը, 2020թ.-ի համավարակի, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի բացասական ազդեցություններով պայմանավորված՝ կազմելով 67.4% դրամային արտահայտությամբ, իսկ ըստ դոլարայինի՝ 63%: ՀՀ կառավարությունը համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով հայտարարել էր շուրջ 150 մլրդ դրամ հակաճգնաժամային փաթեթի վերաբերյալ՝ նպաստելու տնտեսության վերականգնմանը, որի իրականացման համար անհրաժեշտություն առաջացավ փոխատվական կապիտալի ներգրավում ներքին և արտաքին աղբյուրներից, որն էլ պարտքային բեռի ավելացման պատճառ հանդիսացավ։
Ըստ էության, աշխարհի որոշ երկրներ ունեն երկրի ՀՆԱ ծավալին մոտ կամ նույնիսկ գերազանցող պետական պարտք, որը մեկ անգամ ևս փաստում է, որ խնդիրը ոչ թե պետական պարտքի ավելացումն է, այլ՝ օպտիմալ կառավարումը։ Այդպիսի երկրներից են Ճապոնիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, որոնց պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2022թ.-ի դրությամբ կազմել է համապատասխանաբար՝ 262%, 134%, 129%:
Գծապակեր 1. ՀՀ պետական պարտք, ՀՆԱ և պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշների դինամիկան (մլրդ ԱՄՆ դոլար)
Գծապակեր 2. ՀՀ պետական պարտք, ՀՆԱ և պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշների դինամիկան (մլն դրամ)
ՀՀ պետական պարտքը դրամային արտահայտությամբ դիտարկելիս նկատում ենք, որ 2022թ.-ի ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ նվազել է 5.5 տոկոսային կետով՝ մասամբ պայմանավորված ազգային արժույթի արժևորմամբ, մինչդեռ դոլարային արտահայտությամբ աճել է 15.3%-ով։ 2022թ.-ին դրամային արտահայտությամբ ներքին պետական պարտքի ծավալը նախորդ տարվա նկատմամբ աճել է 33.3%-ով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 62.7%, մինչդեռ արտաքին պետական պարտքը նվազել է 4.8%-ով, որը նվազել է նաև դրամային արտահայտությամբ՝ 22%։
- 2015թ.-ի հունիսին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն ընդունեց մի որոշում, ըստ որի՝ 60%-ի շեմային մակարդակը վերաբերելու է Կառավարության պարտքին և ոչ թե պետական պարտքին, իսկ ԿԲ-ի վերցրած պարտքը չէր ներառվելու Կառավարության պարտքի մեջ։
2022թ.-ի դրությամբ ՀՀ պետական պարտքի կառուցվածքն ավելի մանրամասն ներկայացված է գծապատկերում։
Գծապատկեր 3. 2022թ.-ի դրությամբ ՀՀ պետական պարտքի կառուցվածքը, ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2023-2025թթ.-ի ռազմավարական ծրագրով նախատեսվում էր մինչև 2026թ.-ն ապահովել 60% սահմանային շեմից ցածր կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը, մինչդեռ 2022թ.-ին Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է` կազմելով 46.7%:
Հարկ է նշել, որ պետական պարտքի մակարդակի աճին զուգահեռ փոխվել է նաև դրա կառուցվածքը, այսպես՝ 2022թ.-ին Կառավարության պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինը էականորեն ավելացել է՝ կազմելով 37.9%, նախորդ տարվա՝ 28.8%-ի համեմատ, որն էլ բնականաբար նվազեցրել է արտարժույթով պարտքի չափաբաժինը՝ նպաստելով փոխարժեքային ռիսկերի նկատմամբ պետական պարտքի ավելի դիմակայուն դառնալուն։
Գծապատկեր 4 և 5
Վերջին 10 տարիներին պետական պարտքի կառուցվածքի շարժընթացը դիտարկելիս նկատում ենք, որ Կառավարության՝ դրամով ներգրաված պարտքի ամենափոքր ցուցանիշն արձանագրվել է 2015թ.-ին կազմելով 14.4%՝ հանգեցնելով արտարժութային ռիսկերի աճին: Այնուհետև, աստիճանաբար տեղի է ունեցել դրամով ներգրավված պարտքի կշռի ավելացում, որը հատկապես նկատելի է 2022թ.-ին, երբ այդ ցուցանիշը 2.6 անգամ գերազանցել է դիտարկվող ժամանակահատվածում գրանցված ամենափոքր ցուցանիշը։ Այսպիսով, արտարժույթի տատանումները հիմնականում խնդրահարույց են պետական պարտքի ներգրավման տեսանկյունից՝ հատկապես դրամի արժեզրկման պարագայում, երբ տվյալ տարվա վերցրած պարտքի մարումը մյուս տարիներին պետական բյուջեի վրա ավելի է ծանրանում։
Ինչպես նկատում ենք ՀՀ կառավարության պարտքի զգալի մասի ներգրավումը իրականացվում է արտարժույթով, որը մարելու լավագույն եղանակներից է արտահանման խթանման միջոցով արտարժույթի ներգրավումը, որը ՀՀ տնտեսության ապագա և երկարաժամկետ աճի հիմնական շարժիչ ուժը կարող է լինել։ Ուստի այս համատեքստում շատ կարևոր է անդրադառնալ ՀՀ արտահանման-ներմուծման դինամիկային։
Գծապատկեր 6. Արտահանման և ներմուծման ծավալները, 2010-2022թթ., (մլն ԱՄՆ դոլար)
2022թ.-ին արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 77.7%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 63.5%-ով, սակայն վերջինս գումարային արտահայտությամբ ավելի մեծ է՝ 8 մլրդ 769 մլն դրամ, քան արտահանումը՝ 5 մլրդ 360 մլն, որն էլ ազդել է զուտ արտահանման հաշվեկշռի վրա:
Դիտարկվող բոլոր տարիներին ներմուծումը գերազանցել է արտահանմանը, այդ իսկ պատճառով ՀՀ-ում միշտ գրանցվել է առևտրային բացասական հաշվեկշիռ, և գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսության բնութագրական հատկանիշներից մեկը հենց առևտրային հաշվեկշռի զգալի բացասական սալդոն է։ Միաժամանակ, նկատելի է ներմուծման-արտահանման միջև խզվածքի նվազում. եթե 2010թ.-ին ներմուծումը գերազանցել է արտահանմանը 3.7 անգամ, ապա 2022թ.-ին` 1.6 անգամ: Հարկ է նշել, որ հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկը ռուսական շուկայում էապես աճել է՝ պայմանավորված ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, որն էլ ՀՀ տնտեսվողներին դրդել է ավելի մեծ ծավալով արտահանում իրականացնել: Արդյունքում՝ 2022թ.-ին ՌԴ արտահանումը նախորդ տարվա նկատմամբ աճել է գրեթե 3 անգամ։ Եվ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ՀՀ առևտրային հիմնական գործընկերը ՌԴ-ն է, որին 2022թ.-ին բաժին է ընկել ՀՀ առևտրաշրջանառության 35.6%-ը։
Այսպիսով, եթե համեմատենք 2010թ.-ի հետ, 2022թ.-ին ՀՀ ապրանքաշրջանառությունն ավելացել է շուրջ 195%-ով՝ կազմելով՝ 14 մլրդ 129 մլն ԱՄՆ դոլար, ինչի վրա իր ազդեցությունը որոշ չափով ունի նաև 2022թ.-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումը, որն արհեստականորեն մեծացրել է ամերիկյան արժույթով հաշվարկվող ՀՀ-ի արտաքին առևտրի աճի ցուցանիշները։ Եվ ինչպես նկատում ենք թե՛ արտահանման և թե՛ ներմուծման աճի տեմպերը եղել են բացասական 2015 և 2020թթ.-ին: ՀՀ տնտեսության ուղղակի կախվածությունը և զգայունությունը ՌԴ-ում տեղի ունեցող ցնցումների նկատմամբ ևս մեկ անգամ ի հայտ եկավ 2015թ.-ին, երբ ՀՀ արտահանման և ներմուծման ցուցանիշներն անկում արձանագրեցին: 2020թ.-ին արտահանման և ներմուծման ցուցանիշների անկումները նախորդ տարվա համեմատ բացատրվում են COVID-2019 համավարակի տարածմամբ և Արցախյան 44-օրյա պատերազմով: Ընդ որում, այս իրադարձությունները բացասական ազդեցությունն են ունեցել ոչ միայն արտահանման-ներմուծման, այլև ՀՀ մակրոտնտեսական այլ ցուցանիշների վրա։
Ըստ ՀՀ պետական պարտքի 2021թ.-ի տարեկան հաշվետվության՝ ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում 2013, 2015, 2019 և 2021թ.-ին թողարկված եվրապարտատոմսերն էապես նպաստել են 2013թ.-ից ի վեր շուկայական գործիքակազմով պարտքի կշռի աստիճանաբար ավելացմանը, որը 2021թ.-ի դրությամբ կազմել է 48.5%: Այսպես, ՀՀ-ն ընդլայնելով պարտքի կառավարման գործիքակազմը, առաջին անգամ՝ 2013թ.-ին մուտք է գործել միջազգային կապիտալի շուկա` իրականացնելով 7 տարի մարման ժամկետով 700 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսերի թողարկում, որոնց տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել էր 6.25%, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 6.0%։ 2021թ.-ի տարեսկզբին ՀՀ-ն միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով և 3.875% եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր, որոնց եկամտաբերությունը ցածր է 2019թ.-ին (4.2%) և 2015թ.-ին (7.5%) թողարկված 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսերի եկամտաբերությունից: Նոր թողարկված եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմել է 3.6%: Այսպիսով՝ 2021թ.-ին թողարկումն իրականացվել է նախկինից ցածր տոկոսներով, որը նպաստել է արտաքին աղբյուրներից ավելի ցածր տոկոսադրույքով փոխառություններ ներգրավելուն։
Գծապատկեր 7․ ՀՀ-ի թողարկած եվրապարտատոմսերի ծավալը (մլն ԱՄՆ դոլար) և եկամտաբերությունը (%)
Ըստ էության, պետական պարտքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է կապիտալ ծախսերի ավելացումը, որը կնպաստի տնտեսության զարգացմանը։ Այսպես, 2022թ.-ի պետական բյուջեի տարեկան հաշվետվության համաձայն՝ 2022թ.-ի արդյունքներով տեղի է ունեցել պետական բյուջեի ծախսերի կառուցվածքի բարելավում՝ ընթացիկ ծախսերի նվազման և կապիտալ ծախսերի աճի տեսքով: Մասնավորապես, ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 21.9%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.7 տոկոսային կետով, իսկ կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 4.6%` նախորդ տարվա համեմատ աճելով 1.5 տոկոսային կետով:
Ամփոփելով նշենք, որ պետական պարտքի սպասարկման հնարավորությունը մեծացնելու համար լավագույն միջոցը առաջանցիկ տնտեսական աճի ապահովումն է, որին կարելի է հասնել նաև ընթացիկ՝ ապագայում հավելյալ արժեք չգեներացնող ծախսերի ֆինանսավորման կրճատմամբ և դրան հակառակ՝ կապիտալ ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումների խթանմամբ։