Թուրքիայի դիրքորոշումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցի շուրջ

6 ր.   |  2023-01-20

2 022թ․ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Քաշաթաղի կամ Լաչինի մարդասիրական միջանցքի արգելափակման և շուրջ 120 հազար արցախահայերի՝ շաբաթներ շարունակ շրջափակման խնդրի առնչությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակցի՝ Թուրքիայի դիրքորոշումն արտահայտվել է թե՛ քաղաքական-դիվանագիտական և թե՛ տեղեկատվական-քարոզչական դաշտերում։ Թուրքիան միանշանակ աջակցություն և համերաշխություն է հայտնել Ադրբեջանին։

Պաշտոնական Անկարայի առաջին արձագանքը Լաչինի միջանցքի արգելափակմանը լիովին տեղավորվել է տարիներ ի վեր Բաքվի գրեթե բոլոր հակահայ գործողություններին բազմաշերտ աջակցություն ցուցաբերելու թուրքական քաղաքական ուղեգծի տրամաբանության մեջ։ Այն ստացվել է Լաչինի միջանցքի արգելափակումից ընդամենը երկու օր անց՝ դեկտեմբերի 14-ին։ Այդժամ Թուրքմենստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ադրբեջանական ԶԼՄ-ների հարցին ի պատասխան, մասնավորապես ընդգծել է

  • «Միջազգային իրավունքին չի համապատասխանում այն, որ Ադրբեջանի տարածքների հարստություններն ապօրինի արդյունահանվում և վաճառվում են, դա նշանակում է գողանալ Ադրբեջանի հարստությունները։ Այնտեղ որպես դիտորդ գնացող մարդկանց խոչընդոտումը ևս ցույց է տալիս արվող խախտումների վտանգավորությունը»։
  • «Լաչինի միջանցքում հիմնական պարտականությունը ռուսներինն է, քանի որ նրանք նաև պատասխանատու են Լաչինի միջանցքի ճիշտ գործելու համար»։
  • «Ադրբեջանը թե՛ իրավական, թե՛ արդարության, թե՛ իր տարածքներում անօրինական այս գործունեությանը դեմ հանդես գալու տեսանկյունից իրավացի է։ Այս իրավացի պայքարում նույնպես աջակցում ենք Ադրբեջանին»։

Այսպիսով, Թուրքիայի արտգործնախարարը համակողմանի աջակցություն է հայտնել Բաքվին և լրիվ նույնությամբ վերարտադրել Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի «հիմնավորումները», միջանցքի անխափան գործելու համար հիմնական պատասխանատու է ներկայացրել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին։ Մ․ Չավուշօղլուն այս համատեքստում որևէ կերպ չի անդրադարձել այն հարցին, որ, համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության 6-րդ կետի, հենց Ադրբեջանն է Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների տեղաշարժի անվտանգության երաշխավորը։ Ավելին, Չավուշօղլուն օրեր անց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին խոսելիս Լաչինի միջանցքի զարգացումները գնահատել է որպես Հայաստանի համար «անկեղծության թեստ»։ 

Լաչինի միջանցքի արգելափակման 10-րդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Շուշի է այցելել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն։ Չնայած նկարներ, տեսագրություններ չեն տարածվել, թե արդյոք դեսպան Բաղջըն հանդիպել է միջանցքը փակած ադրբեջանցիներին՝ նա թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել Լաչինի միջանցքի փակված հատվածից՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։ Այդ քայլով ևս մեկ անգամ թուրք պաշտոնյան խրախուսել է Բաքվի հակամարդկային, ցեղասպանական գործողությունները, որոնք, ինչպես քանիցս հայտարարվել, արձանագրվել է Արցախի և Հայաստանի ղեկավարության, պաշտոնյաների և քաղաքացիների կողմից, ուղիղ նպատակ ունեն պարտադրել արցախահայերին հրաժարվել իրենց հավաքական իրավունքների իրացումից և էթնիկ զտման ենթարկել, լրիվ հայաթափել Արցախը՝ պատմական հայկական բնակավայրեր Շուշիի, Հադրութի՝ 44 օրյա պատերազմի արդյունքում հաջողված օրինակով։

Դեկտեմբերի 22-ին Լաչինի միջանցքի արգելափակման հարցին անդրադարձել է և թուրքական կողմի դիրքորոշումը ևս մեկ անգամ ներկայացրել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։ 

Չելիքը, ընդհանուր առմամբ, կատարել է հետևյալ ընգծումները․

  • «Ուշադիր հետևում ենք Հայաստանը ռուսական խաղապահ ուժերի վերահսկողության ներքո գտնվող Ադրբեջանի տարածքներին կապող Լաչինի միջանցքի լարվածությանը»:
  • «Ծայրահեղության կողմնակից հայերը փորձում են սադրանքներ իրականացնել ի պատասխան այնտեղ գնացող ադրբեջանական պատվիրակությանը։ Առանց Բաքվի թույլտվության Ադրբեջանի տարածքում հանքանյութեր չպետք է արդյունահանվեն»:
  • «Ասվում է, թե Լաչինի միջանցքով չի թույլատրվում անցուդարձ անել, բայց Ադրբեջանն այդտեղ խոչընդոտում է միայն հանքանյութով բեռնված բեռնատարներին»։
  • «Հայաստանը բոլորին պետք է իրազեկի, որ տարածաշրջանում արդեն պետք է հեռու մնալ նման սադրանքներից»:

Չ ելիքի հայտարարությունը ցույց է տալիս, որ չնայած Թուրքիան տիրապետում է միջանցքում տեղի ունեցող գործընթացների մասին լիարժեք տեղեկատվության, ինքը՝ որպես Թուրքիայում իշխող կուսակցության փոխնախագահ, նախընտրում է տուրք տալ ադրբեջանական թեզերին՝ պնդելով, թե միջանցքն իրականում բաց է։ Դա այն դեպքում, երբ միջանցքի փակ լինելը պնդում են ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև՝ մի շարք միջազգային դերակատարներ, ինչը հստակ արձանագրվել էր նրա ելույթից ավելի վաղ Լաչինի միջանցքում առաջացած իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կայացած նիստին, այդ թվում՝ ԱԽ մշտական անդամ երկրներ ԱՄՆ-իՖրանիսայիՌուսաստանի գնահատականներով, հետո նաև արձանագրվելու էր Եվրոպական խորհդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման արդյունքում ընդունված միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևում։ Բացի այդ, ինչպես Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ Լաչինի միջանցքի զարգացումները Հայաստանի համար «անկեղծության թեստ են», այնպես էլ Չելիքի ընդգծումը, որ Հայաստանը պետք է իրազեկի բոլորին «նման սադրանքներից» հեռու մնալու անհրաժեշտության մասին, հստակ նշանակում են, որ Անկարան խնդիրը բացահայտ կապում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում փորձում դիվանագիտական ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Այս օրերին, չնայած Լաչինի միջանցքի արգելափակման հարցին ուղղակի չեն անդրադարձել, սակայն Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի և Թուրքիայի՝ յուրաքանչյուր հարցում Ադրբեջանի կողքին լինելու մասին հայտարարություններ  են արել նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը։ Շենթոփը 2023թ․ հունվարի 9-ին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նույնիսկ ևս մեկ անգամ Հայաստանին է մեղադրել «տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող գործողություններ» անելու մեջ։

Նման բարձր մակարդակի քաղաքական աջակցությունից զատ, թուրքական ինչպես պետական, այնպես էլ մյուս լրատվականներն այս ընթացքում լիարժեք ներդաշնակության մեջ են գործել ադրբեջանական ԶԼՄ-ների հետ։ Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության, իշխանամերձ «Haber Global»-ի, «CNN Türk»-ի թղթակիցները բացառապես ադրբեջանական թեզերով իրադարձությունների կիզակետ Լաչինի միջանցքի փակ հատվածից լուսաբանել են ադրբեջանցիների գործողությունները։ Հիմնականում ցույց է տրվել, քարոզվել է, թե միջանցքը փակվել է միայն բնապահպանական նպատակներով, ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող մեկ-երկու ավտոմեքենայի՝ ճանապարհի փակ հատվածով անցնելու կադրերը ներկայացվել են որպես հակափաստարկ պնդումներին, թե միջանցքը փակ է, թիրախավորվել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլն (1,2,3,4,5,6,7,8

Թուրքիայում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերը թեմային անդրադարձ չեն կատարել։ Այդ մասին բարձրաձայն խոսել է միայն ընդդիմադիր, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) հայազգի անդամ, պատգամավոր Կարո Փայլանը։ Վերջինս նախ կոչով դիմել է Բաքվի վարչակազմին՝ «Ղարաբաղի հետ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով», այնուհետև՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հորդորելով «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի բլոկադայի դադարեցման համար»։ Փայլանը նշել է․ «Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի օգտին է։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում, և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում դրական օրակարգի կարող ենք վերադառնալ»։ Փայլանը փորձել է նաև հարցը մտցնել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ։ Նա 2023թ․ հունվարի 16-ին արտգործնախարար Մ․ Չավուշօղլուին հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան: Հարցրել է, թե ինչ է անում Թուրքիան Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար։ Հարցապնդումը, սակայն, հունվարի 19-ի դրությամբ որևէ արձագանքի չի արժանացել։

Ամփոփելով, կարող ենք նշել, որ Անկարան, «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմին ընդառաջ, ռազմական գործողությունների ընթացքում և հետո անվերապահորեն, հնարավոր առավելագույն ջանքերի գործադրմամբ աջակցել և աջակցում է Բաքվի վարչակարգին։ Անկարայի աջակցությունը փաստորեն չի շրջանցում նույնիսկ Բաքվի կողմից միջազգային հանցագործությունների իրականացման, միջազգային իրավունքի հայտնի սկզբունքների, նորմերի, միջպետական փաստաթղթերով ստանձնված պարտավորությունների խախտման դեպքերը, ինչպիսին է նաև Լաչինի մարդասիրական միջանցքի արգելափակումը։ Ավելին, Անկարան Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը,  ըստ մեկնարկային հայտարարությունների, պետք է սկսվեր և զարգանար առանց նախապայմանների, ուղղակիորեն կապում է ոչ միայն Արցախի հիմնախնդրի լուծմանը, այլև Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին՝ առաջ քաշելով նոր նախապայման։

Աջակցելով և զորակցելով Բաքվի վարչակարգին Լաչինի միջանցքն արգելափակված պահելու հարցում՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին շարունակել 2020 թ․ իր և Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան։