Լաչինի բլոկադան Կոսովո-Լեռնային Ղարաբաղ զուգահեռների ծիրում

5 ր.   |  2023-01-19

Մ եկ ամսից ավելի է, ինչ ադրբեջանական «բնապահպանները» շրջափակել են Լաչինի միջանցքը։  Դասական տիպաբանությամբ՝ դա պատերազմական գործողության գործիքակազմերից մեկն է։

Ադրբեջանը, օգտվելով, որ աշխարհի զգալի մասն ընդգրկած է կորոնավիրուսի դեմ պայքարում, ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականությունից և այլ նպաստավոր պայմաններից 2020թ. սեպտեմբերին հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։

Նույն ձեռագրի տրամաբանությամբ էլ տեղի ունեցավ Լաչինի միջանցքի փակումը։ Արևմուտքի ակտիվ դերակատարները և Ռուսաստանը կենտրոնացած են Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, ինչի շնորհիվ էլ մյուս տարածաշրջաններում տեղի ունեցող սրացումներն ու լարվածության աճն այն զգայունակությունը չունեն նրանց համար, ինչը կարելի էր ակնկալել այլ իրավիճակներում։

Իրադարձությունների նման զարգացումը հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսում ծնունդ է տվել տարբեր, երբեմն՝ իրարամերժ տեսակետների, առաջարկների, համեմատությունների։  Այդ ամենի քվինտէսսենցիան այն է, թե՝ ինչ կարելի է անել նման իրավիճակում, ո՞րն է ելքը։ Առկա են այլ հակամարտությունների հետ համեմատություններ՝ որպես նմանատիպ իրավիճակների հանգուցալուծման հնարավոր տարբերակներ։ Այդուհանդերձ, համեմատություններում անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր հակամարտության յուրահատկությունը, պատմական ժամանակն ու տիրապետող միջավայրը, կոնֆլիկտի կողմերի առանձնահատկությունները։

Վերջին երկու տարում շրջանառվում է «անջատում հանուն փրկության» դոկտրինը՝ միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման դրսևորումներից համեմատաբար նոր հասկացությունը։ Այն հնարավորություն է տալիս ազգերին, էթնիկ հանրություններին անջատվել որևէ պետությունից, որտեղ կա խտրականություն, ցեղասպանության ենթարկվելու վտանգ և մարդու հիմնարար իրավունքների խախտում։ Ավելի կոնկրետ՝ առկա է խաղաղ համակեցության անկարելիություն տվյալ պետության կազմում։  Լեռնային Ղարաբաղի հայության դեպքում այս դոկտրինը առավել քան բնութագրական է։

Լաչինի շրջափակումը պատմական մեկ այլ զուգահեռի հիմք է տալիս։  Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի նացիստական ղեկավարությունը դեռ մինչև ԽՍՀՄ վրա հարձակումը պլանավորել էր բլոկադայի ենթարկել երկրի խորհրդանիշերից Լենինգրադ քաղաքը[1]։ Նպատակը քաղաքի բնակչությանը զրկել կենսապահովումից և սովի մատնելով նվաճել այն։ Լաչինի բլոկադան իր էությամբ և բովանդակությամբ կրկնում է տասնամյակների վաղեմության նացիստական գործելաոճը։

Հ այ-ադրբեջանական երկխոսությունն այս պարագայում անհրաժեշտ է գոնե այնքանով, որ լռության պատը չբերի վակուումային նման իրավիճակներին հաջորդող պայթյունի։  Զուգահեռաբար, աշխատանքը միջազգային հանրության, պետությունների և միջկառավարական միավորումների հետ խիստ ցանկալի կլիներ։  Կոնֆլիկտների պատմությունը և փորձը ցույց են տալիս, որ կարևոր և օգտակար գործ կարող են անել ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք կարող են մշակել տվյալ կոնֆլիկտի միջազգային-իրավական կարգավիճակին վերաբերող ասպեկտները։

Կոսովոյի օրինակով օգտակար է նման կազմակերպությունների փորձը հաշվի առնելը։ Կոսովոյում մինչև անկախության հռչակումը կարևոր դերակատարում ունեցավ նման ոչ կառավարական կազմակերպություններից Հանրային միջազգային իրավունքի և քաղաքականության խումբը (Public International Law and Policy Group, PILPG)[2], որ ներկայացնում էր ԱՄՆ-ն։  Այդ խմբում ընդգրկված էին հայտնի իրավաբաններ, ամերիկյան նախկին բարձրաստիճան դիվանագետներ, որոնք իրենց անցած ճանապարհի փորձով կարողանում էին մոդելավորել իրենց գիտելիքները և փորձն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք էին՝ խաղաղաշինությունը, միջազգային արդարադատությունը, հետկոնֆիլկտային քաղաքական զարգացումը և միջազգային հանրային իրավունքը։ Սրանք այն կարևոր գործոններն են, որոնք կիրարկելի են Լեռնային Ղարաբաղի դեպքում։

Լաչինի բլոկադան, իր ճգնաժամային էությամբ հանդերձ, հնարավորություններ է պարունակում միջազգային նոր մակարդակի բարձրացնել ղարաբաղյան հակամարտությունը։ Կոսովյան հակամարտության հետ համեմատությունների դեպքում դրանք դիտարկելի են տարածաշրջանային առանձնահատկությունների հաշվառմամբ։ Սրանից էլ բխում է խնդրի միջազգայնացման մակարդակը։

20-րդ դարում Կոսովոյի ալբանացիների անջատողական տրամադրություններն ունեին տարածաշրջանային դերակատարների աջակցությունը[3]։  Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դա Իտալիան և Գերմանիան էին, իսկ Հարավսլավիայի մասնատման ժամանակ՝ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն։ Լեռնային Ղարաբաղի դեպքում նման աջակցություն չի եղել։ Այստեղ խնդիրն այլ իմասատավորում ունի։ Հարավսլավական ճգնաժամի դեպքում արևմտյան պետությունները նախ Հարավսլավիան, ապա Սերբիան, դիտարկում էին Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եվ Բելգրադի նկատմամբ նման գործողությունները տեղավորվում էին Եվրոպայի բալկանյան հատվածում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մասնավորապես, մերօրյա Լաչինի բլոկադան աշխարհագրորեն այդքան մոտ չեն Եվրոպային, որքան Բալկանները։  Սա չի բացառում Հարավային Կովկասում ՌԴ ներկայությունը թուլացնելու կամ, լավագույն դեպքում, վերացնելու ցանկությունն արևտյան առանցքի կողմից։ Այդուհանդերձ, Կոսովոյի ճգնաժամի և Լաչինի բլոկադայի նկատմամբ խոշոր դերակատարների արձագանքելու զգայունակությունը առայժմ չափելի է աշխարհագրական հեռավորության միավորներով։  Ասվածը չի նշանակում, որ Լաչինի բլոկադայի առիթն օգտագործելով՝ հնարավոր չի ղարաբաղյան հակամարտությունը միջազգայնացման նոր մակարդակի հասցնել։

Բռնի կոնֆլիկտների կանխարգելման գործիքներից կարող է լինել ՄԱԿ-ի Կանխարգելիչ ուժերի տեղակայումը։ Սրա անհաջողության դեպքում կոնֆլիկտի հրդեհի տարածումը կանխելու, այն է՝ կոնֆլիկտի կառավարման համար ՄԱԿ-ի Պաշտպանական ուժերի օգտագործումը հերթական միջոցներից է։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի կանխարգելիչ և պաշտպանական ուժերը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ կոնֆլիկտների զարգացման տարբեր փուլերում համապատասխան ֆունցկիաներ կատարող միավորներն են։ Այս փուլի անհաջողության պարագայում էլ հրդեհ մարելու հաջորդ փորձը ուժի գործադրումն է՝ կոնֆլիկտի կարգավորումը։ Սրա նախադեպը ՆԱՏՕ-ի կողմից ուժի գործադրումն է 1995թ. հուլիսին Բոսնիա-Հերցեգովինայի Սրեբրենիցա քաղաքում՝ նախ Իրականացման ուժերի, այդուհետ՝ Կայունացման ուժերի միջոցով[4]։  Թվարկվածները միջանկյալ միջոցներ են՝ երրորդ կողմի, այսինքն՝ միջազգային միջնորդ դերակատարների ներգրավմամբ։ Այս ամենից հետո արդեն հնարավոր է ձեռնամուխ լինել կոնֆլիկտի անմիջական պատճառների, այն բացահայտ բռնկման պայմանների վերհանմանը և լուծմանը։ Դրանից հետո արդեն կոնֆլիկտի նոր բռնկումն նախականխարգելելու նպատակին կարող է ծառայել կոնֆլիկտի անմիջական կողմերի միջև համակեցության հնարավոր մոդելների մշակումը և հնարավոր իմպլեմենտացիան։ Լաչինի բլոկադային պատմաքաղաքական և իրավական հնարավոր պոտենցիալի վերհանումը և գործարկումը իրատեսական են դարձնում վերոթվարկյալ սցենարները եթե ոչ ամբողջապես, ապա գոնե՝ մասամբ։ Ներկա պատային իրավիճակում դա էլ զգալի առաջընթաց է՝ հետագա նոր ուղիների բացահայտման ներունակությամբ։


[1] Нацисты спланировали блокаду Ленинграда в мае 1941 года (https://ria.ru/20200127/1563903769.html վերջին մուտքը 11.01.2023)։
[2] Восстание меньшинств. Косово. Молдавия. Украина. Грузия. Курдистан, АнтологияСерия: Евровосток, Издательство: Европа2006:
[3] Косово: история, характер и динамика конфликта, (https://polit.ru/article/2009/10/04/kosovo/  վերջին մուտքը 12.01.2023)։
[4] Կոնֆլիկտ: Վերլուծությունից մինչև միջամտություն, խմբագիրներ`Սանդրա Չելդելին, Դանիել Դրաքման և Լարիսա Ֆասթ, Եր., 2007, էջ 81։