Բաքվի հերթական պահանջները Հայաստանին

7 ր.   |  2022-08-23

2 022 թ․ օգոստոսի 3-ին Բաքվում կայացել է «Ադրբեջանի փախստականների համայնք» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովը։ ՀԿ-ն վերակազմավորվել է և դե յուրե վերակոչվել է նոր անունով՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»։ Հայաստանի ներկա սուվերեն տարածքը թիրախավորող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ տեղանունն սկիզբն է միայն քարոզչության այն մեծ շերտի, որ դրվել է այս ՀԿ-ի կազմավորման առանցքում։

Ուշադրության է արժանի ոչ միայն այն փաստը, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի կազմավորման գաղափարական հիմնավորումներում ներկայիս Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը համարվում և ներկայացվում է «պատմական ադրբեջանական հող», որտեղ «քանակապես միշտ գերակշռած ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախնիների օջախները», այլև այդ ՀԿ-ի ղեկավարի՝ հայ ժողովրդին ուղղված հեռատորաբանությունը, որը լի է ատելության խոսքի տարրերով։ ՀԿ-ի ղեկավարն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող կուսակցության՝ «Նոր Ադրբեջանի» անդամ Ազիզ Յուսիֆ օղլու Ալաքբերլին է, որը, ինչպես ներկայացվում է, ծնվել է Խորհրդային Հայաստանում 1960 թ․ և Բաքու է տեղափոխվել 1988 թ․ աշնանը։

Ի տարբերություն մինչ այս Ադրբեջանում ստեղծված և գործած նման կազմակերպությունների և նախաձեռնությունների («Վտարանդի Արևմտյան Ադրբեջանի (Իրևանի) Հանրապետությունը», «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետություն և Արևմտյան Ադրբեջան վերադարձի միությունը» և այլն)՝  նկատելի է, որ այս ՀԿ-ն ունի նաև պետական հովանավորություն։ Ադրբեջանական պետական և իշխանամետ լրատամիջոցների կողմից դրան հատկացվող ուշադրությունից զատ այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դրան անդամակցում է Ադրբեջանի խորհրդարանի թվով 24 պատգամավոր։ Կարելի է պնդել, որ փորձ է արվում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի ճանապարհը կառուցել 2006-2021 թթ․ գործունեություն ծավալած և իրեն որպես մինչև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների շահերը ներկայացնող կազմակերպություն հռչակած «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի օրինակով։ 2018 թ.-ից Թուրալ Գյանջալիևի նախագահությամբ գործած այդ ՀԿ-ն, որը 44-օրյա արցախյան պատերազմից հետո՝ 2021 թ․ ապրիլի 30-ին, վերակոչվել է «Վերադարձ դեպի Ղարաբաղ» անունով, մինչև պատերազմը լուրջ քարոզչական և Արցախի ու Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու գործիք էր դարձել Ադրբեջանի ղեկավարության ձեռքին։

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի կազմավորումը և նպատակները

Բ աքվում Արցախի Հանրապետությունից զատ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ևս առկա տարածքային և մյուս պահանջները հստակեցնելու, ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու անհրաժեշտության, դրանք ՀՀ-ին ներկայացնելու համար ստեղծված հարմար պատմական պահի, աշխարհաքաղաքական նպաստող մթնոլորտի մասին դիտարկումները, ընդհուպ Ադրբեջանի նախագահի մակարդակով կատարվող ակնարկները և շեշտադրումներն սկսել են ակտիվանալ անմիջապես 44-օրյա պատերազմից հետո։ Մինչդեռ դրանց գործնականացման միտումներն էլ ավելի ընդգծված և նկատելի են դառնում այս օրերին։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի բեմելը և դրա առջև սահմանված նպատակները, ինչպիսիք են․

  • «Միջազգային մակարդակում վերականգնել տարբեր ժամանակներում Հայաստանի տարածքից ազգային պատկանելության պատճառով արտաքսված ադրբեջանցիների, նրանց ժառանգների իրավունքները»։
  • «Ուսումնասիրել և տարածել Հայաստանի տարածքում Ադրբեջանի ժողովրդի ստեղծած հարուստ պատմամշակութային ժառանգությունը, կանխել դրա լրիվ ոչնչացումը»։
  • «Ապահովել նշված մարդկանց՝ իրենց նախնիների հայրենիք վերադառնալու իրավունքը և հասնել համակեցության»։
     

Այս առումով, կարծում ենք, պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ընդգծումներին․ եթե մինչ այժմ 1989 թ.-ից շուրջ 33 տարի գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն, ինչպես իրենք հայտարարում են, զբաղվում էր Հայաստանից միայն 1988-1991թթ․ «վտարված» ադրբեջանցիների սոցիալական և վերաբնակեցման հարցերով, ապա «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ն այսուհետ, Ազիզ Ալաքբերլիի ձևակերպմամբ, բարձրաձայնելու է «վերջին 220 տարում Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերում հայերի կամ նրանց հովանավորների կողմից արտաքսված, ցեղասպանված, էթնիկ զտման ենթարկված ադրբեջանցիների, նրանց ժառանգների իրավունքների» մասին։ 1988-1991 թթ.-ից զատ հիշատակվում է հատկապես 1948-1953 թթ.-ն և 1918-1920 թթ.-ն, խոսվում է այդ ամբողջ ընթացքում «վտարվածների» և նրանց ժառանգների այժմ թվաքանակով ավելի քան 5 միլիոն լինելու, նյութական և բարոյական փոխհատուցման անհրաժեշտության մասին։ Այս կեղծ թեզերից պակաս ուշադրության արժանի չէ այն, որ առաջ է մղվում ՀՀ տարածքում «հազարավոր տարիներ ապրած ադրբեջանցիների պատմամշակութային ժառանգության» մասին հերթական հորինված պնդումը։ Չնայած այս պնդումն ամենևին էլ նոր չէ և մշտապես շրջանառվել է Բաքվում՝ վերջին ամիսներին այն հատկապես համակարգվում է, տարածվում ամենատարբեր միջոցներով։ Նման վերջին ակներև օրինակներից է ադրբեջանցի պատմաբան Սեբուհի Հուսեյնովի կատարած «հետազոտությունը» և դրա արդյունքներով գրած գիրքը Երևանի Կոնդ թաղամասի իբր թե ադրբեջանական լինելու մասին։ Հուլիսին քարոզչական աղմուկով հանրությանը ներկայացված «աշխատանքը» կրում է հետևյալ վերնագիրը․ «Իրևան քաղաքում Ադրբեջանի ազգային-մշակութային, պատմական ժառանգության վերջին մնացորդի՝ Թեփեբաշը թաղամասի ճակատագիրը․ Հայաստանում Ադրբեջանի ժողովրդի ժառանգության ոչնչացումը և պատմական հետքերի ջնջումը»։ Ադրբեջանցիներին Հայաստան «վերադարձնելու» սահմանված նպատակից էլ ավելի հետաքրքրական է հայերի հետ համակեցության հասնելու քարոզն այն դեպքում, երբ նույնիսկ այդ ՀԿ-ի ղեկավարը գործնականում անհնար է համարում դա։ Այս առումով, թերևս, մեջբերենք Ազիզ Ալաքբերլիի խոսքերից մեկ ընդգծում, որը նա արել է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանն օրերս տված հարցազրույցում«․․․ Գործնականորեն հայերի հետ դա [խաղաղ համակեցությունը] հնարավոր չէ։ Քանի որ պատմական փորձը ցույց է տալիս, որ հոգեբանորեն հիվանդ այդ հասարակությունը՝ հայերը, երբեք և ոչ մի շրջանում ի վիճակի չէ խաղաղ ապրել սեփական հարևանների հետ»,-շեշտել է նա։

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի ղեկավարի, դրա անդամների հռետորաբանության վերլուծության համատեքստում կարևոր են նաև նրանց այն ձևակերպումները, որոնք ոչ միայն կասկածի տակ են առնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, այլև ուժի սպառնալիքի կիրառման բացահայտ օրինակներ են՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին։ Այսպես, բացի այն, որ նրանք ՀՀ-ի տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան», ՀՀ-ի մարզերին, քաղաքներին և գյուղերին ադրբեջանական անուններ են տալիս (Իրևան, Գյոյչա, Զանգիբասար և այլն), ՀԿ-ի ղեկավար Ալաքբերլին նաև հայտարարում է․

  • «Այս պայքարը շարունակվելու է, քանի դեռ մեր մարդիկ չեն վերադարձել իրենց ծննդավայր։ Եթե այս հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, հայերի համար ևս լավ կլինի, հակառակ դեպքում կարող ենք ստիպված լինել սեփական տներ վերադառնալու այլ ճանապարհներ փնտրել» (1
  • Մենք այդ մարդկանց [Հայաստանի «վերադարձողների»] անվտանգության հարցը ևս չենք մոռանում։ Դրա համար առաջին հերթին Զանգեզուրում, Դարալայազում, Գյոյչայում բոլոր ադրբեջանական բնակավայրերը, որտեղ վերջին 34 տարում գաղթեցվել և բնակեցվել են հայերը, պետք է դատարկվեն և վերադարձվեն իրենց տերերին» (1
  • «Արևմտյան Զանգեզուրի, Դարալայազի մահալները, Գյոյչայի մի մասը խորհրդային իշխանության շրջանում առանց որևէ իրավական հիմքի պոկվել են Ադրբեջանից և տրվել են Հայաստանին։ Ինչպես Ադրբեջանի Հանրապետությունն է Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ժառանգ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն է այն ժամանակի Արարատի Հանրապետության ժառանգը։ Այն ժամանակ մեր հանրապետության տարածքը եղել է 114 հազար քկմ, իսկ Արարատի Հանրապետության տարածքը՝ մոտ 9 հազար քկմ։ Նշանակում է Հայաստանը պետք է ետ քաշվի մինչև այդ 9 հազար քկմ-ն» (1) և այլն։
«Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի կազմավորմանը Բաքվում տրվող գնահատականները

Բ աքվում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի կազմավորման շուրջ հնչող քաղաքական, փորձագիտական և մեդիայի գնահատականները կարելի է դիտարկել երկու շերտով․ Առաջինը ՀԿ-ի կազմավորման անհրաժեշտության «հիմնավորումներն» են՝ «Հայաստանի ողջ տարածքի՝ պատմականորեն ադրբեջանցիներին պատկանելու» մասին նշյալ թեզերի կրկնությամբ։ Երկրորդն այն հնարավոր թիրախներն են, որոնց Բաքվում մտածում են, որ լավ կլիներ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում հասնել ՀԿ-ի կամ էլ դրա հիմքում դրված գաղափարների օգտագործմամբ։ Եթե ամփոփենք և կարճ ներկայացնենք այդ թիրախները, ապա կստացվի․

  • ««Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի և այլ միջոցներով պետք է Հայաստանի համար բարոյական-հոգեբանական խնդիրներ ստեղծել, զբաղեցնել դրանցով, Հայաստանը պետք է վերածել մի երկրի, որը միայն պատասխանում է Ադրբեջանի պահանջներին» (1,2
  • «Պետք է հասնել նրան, որ Հայաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի նաև Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (1
  • «Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցումը պետք է առաջ քաշել որպես ակտիվ քաղաքական նպատակ, ի վերջո հասնել դրան։ Հայաստանում վերաբնակեցվելիք արդբեջանցիներին պետք է տրվի հստակ կարգավիճակ» (1,2,3,4,5

Միաժամանակ հարկ է ընդգծել, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ի կազմավորումը որակվում է, որպես «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների ձևակերպման գործնականացման առաջին փուլ»։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում նոր գործընթաց է սկսվել արդեն ՀՀ-ի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար գործիքակազմ ստեղծելու կամ էլ վաղուց նախապատրաստված գործիքակազմը թարմացնելու ուղղությամբ։