Քաղաքական մշակույթը և բողոքի պոտենցիալը Գորիս համայնքում
18 ր. | 2022-08-08Խնդիրը
Ա րցախի և Հայաստանի համար խիստ ծանր հետևանքներ ունեցած 44-օրյա պատերազմը արմատապես փոխել է հասարակական տրամադրությունները Հայաստանում։ Մյուս կողմից, պատերազմից հետո՝ 2020 թ. նոյեմբերից Հայաստանում սկսել են արագորեն աճել առաջին անհրաժեշտության ապրանքների գները (Գծապատկեր 1) ինչն աստիճանաբար վատթարացրել է բնակչության լայն շերտերի սոցիալական վիճակը։ Ակնհայտ է, որ այդ երկու գործոններն ունեն հասարակության լայն շերտերում բողոք առաջացնելու պոտենցիալ և ազդում են իշխանությունների նկատմամբ Հայաստանի հասարակության լոյալության մակարդակի վրա։
Գծապատկեր 1[1]
Պատերազմի բացասական հետևանքները հատկապես ծանր են Ադրբեջանին սահմանակից և ռազմավարական կարևորություն ունեցող Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիս սահմանամերձ համայնքում, որը Հայաստանի և Արցախի միջև միակ հաղորդակցության ճանապարհի վերջին քաղաքն է։
2022 թ. ապրիլին Գորիս համայնքում իրականացվել է սոցիոլոգիական հարցում նույնականացնելու համար Գորիս համայնքի բնակչության քաղաքական մշակույթը, այդ մշակույթի և ներկա իրավիճակի կոնտեքստում կուտակված բողոքի պոտենցիալը, ինչպես նաև դրանց ազդեցությունը իշխանությունների նկատմամբ բնակչության լոյալության վրա։ Դիտարկվել են քաղաքական մշակույթի մի շարք բաղադրիչներ, այդ թվում՝ հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, քաղաքական կոմպետենտության զգացողությունը, քաղաքական սուբյեկտության զգացողությունը, քաղաքական և քաղաքացիական մասնակցության ձևերը։ Այդ բաղադրիչների հիման վրա նույնականացվել է Գորիսի բնակչության քաղաքական մշակույթի տիպը։ Գնահատվել է բնակչության բողոքի պոտենցիալը պայմանավորված նրանց սոցիալ-տնտեսական վիճակով։ Բացահայտվել են բնակչության դիրքորոշումները պատերազմի հետևանքների, դրանց վերացման ձևերի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապագա հարաբերությունների, Արցախի հարցում Հայաստանի դաշնակից երկրների նկատմամբ և գնահատվել են դրանցով պայմանավորված բողոքի պոտենցիալները։
Հարցման դաշտային աշխատանքներն իրականացրել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Բաբախանյանը՝ իր ավարտական աշխատանքի շրջանակներում։ Գիտական ղեկավար՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի վերլուծաբան՝ սոց. գ. թ. Ս. Մանուկյան։
Հարցման ընտրանքի նկարագրությունը։ Գորիս համայնքի բնակավայրերն են՝ Գորիս քաղաքը (բնակչությունը 2022 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 21,712), Ակներ (1,117), Բարձրավան (105), Հարթաշեն (678), Խնձորեսկ (1,918), Ներքին Խնձորեսկ (231), Քարահունջ (1,342), Շուռնուխ (145), Վերիշեն (2,094), Որոտան (271), ընդամենը՝ 29,679 անձ, որոնցից 6060-ը անչափահասներն են։
Հետազոտության ընթացքում հարցվել է 302 անձ։ Ընտրանքը՝ կլաստերային-ստրատիֆիկացված (շերտավորված)։ Ընտրանքի սեռատարիքային բաշխումը տրված է ստորև՝ աղյուսակում։ Այն կառուցվել է պահպանելով Գորիս համայնքի 18 և ավելի տարիքի բնակչության սեռատարիքային կառուցվածքը։
Հետազոտության ընտրանքի սեռատարիքային կառուցվածքը |
||||
|
Սեռ |
|||
Իգ. |
Ար. |
Ընդամենը |
||
Տարիք |
18-29 |
10.2% |
11.3% |
21.5% |
30-44 |
15.7% |
12.9% |
28.7% |
|
45-59 |
12.5% |
10.7% |
23.2% |
|
60+ |
16.3% |
10.4% |
26.6% |
|
Ընդամենը |
54.7% |
45.3% |
100.0% |
Ընտրանքում ընդգրկվել են Գորիս համայնքի բոլոր բնակավայրերը (Նկար 1)։
Նկար 1․ Գորիս համայնքի քարտեզը։ Կապույտով նշված են այն բնակավայրերը, որտեղ իրականացվել են հարցազրույցները
Կլաստերների բաշխումը բնակավայրերում ստորև՝ աղյուսակում։
|
Բնակավայրեր |
||||
|
Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Հարթաշեն |
Գորիս |
Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ |
Ակներ, Վերիշեն |
Քարահունջ |
Կլաստերների քանակ |
1 |
22 |
2 |
3 |
1 |
Գորիս քաղաքում, ապահովելու համար ընտրանքի տարածքային ցրվացքը կազմավորվել են բավական մեծ քանակով՝ 22 կլաստերներ, որոնք ընդգրկում են քաղաքի բոլոր թաղամասերը (Նկար 2)։
Նկար 2․ Գորիս քաղաքի քարտեզը։ Կարմիր աստղանիշերով նշված են այն փողոցները, որտեղ իրականացվել են հարցազրույցները։
Կառուցվել է մաթեմատիկական մոդել, որը բացատրում է Գորիսի բնակչության շրջանում բողոքի պոտենցիալների և քաղաքական մշակույթի բաղադրիչների միջև փոխազդեցությունները և դրանց բազմաչափ ազդեցությունը իշխանությունների նկատմամբ լոյալության վրա։
Հետազոտության արդյունքները դիտարկելիս հարկ է հիշել, որ բողոքի պոտենցիալը արտապատկերում է բողոքի գործողությունների հավանականությունը։ Բողոքի նույնիսկ բարձր պոտենցիալի առկայությունը չի նշանակում, որ այն պարտադիր կվերածվի բողոքի արտահայտության։ Բողոքի պոտենցիալի գնահատումների իմաստն այն է, որպեսզի հաշվի առնելով հասարակության կարծիքը և տրամադրությունները մշակվեն համապատասխան ռազմավարություններ՝ հանգուցալուծելու կամ կարգավորելու համար դրանք առաջացնող իրավիճակները կամ երևույթները։
Տեքստում թվային արդյունքների մեկնաբանություններում կիրառվել է հետևյալ սանդղակը․
- 0-20% ցուցանիշի շատ ցածր մակարդակ,
- 20-40% ցուցանիշի ցածր մակարդակ,
- 40-60% ցուցանիշի միջին մակարդակ,
- 60-80% ցուցանիշի բարձր մակարդակ,
- 80-100% ցուցանիշի շատ բարձր մակարդակ։
Հետազոտության արդյունքներն ունեն կողմնորոշիչ նշանակություն։
Հետազոտության արդյունքները
Քաղաքական մշակույթի բաղադրիչները և տիպը Գորիսում
Քաղաքական հետաքրքրության, կոմպետենտության և սուբյեկտության գնահատականները
Գորիսում բնակչության հետաքրքրվածությունը քաղաքականության նկատմամբ, նրանց քաղաքական կոմպետենտության և սուբյեկտության գնահատականները միջին մակարդակում են (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 2
Կոնվենցիոնալ քաղաքական մասնակցությունը
Ի նչ վերաբերվում է կոնվենցիոնալ (օրենքով թույլատրելի) քաղաքական մասնակցությանը, ապա Գորիսում բարձր է ընտրական մասնակցությունը, իսկ քաղաքական մասնակցության մյուս ձևերի տարածվածությունը բավական ցածր է (Գծապատկեր 3)։
Գծապատկեր 3
Ոչ կոնվենցիոնալ քաղաքական մասնակցությունը
Հ այաստանում հասարակական բողոքի ոչ կոնվենցիոնալ ձևերը՝ չթույլատրված հավաքների մասնակցությունը, պետական կառավարման մարմինների շրջափակումը, միջքաղաքային ճանապարհների արգելափակումը, դիմադրությունն իրավապահներին, առաջացել և սկսել են զարգանալ 1987 թ.-ից՝ Ղարաբաղյան շարժմանը զուգընթաց։ Դրանք ինտենսիվ բնույթ են կրել 1988-1991, 1997-2003, 2008 թվականներին։ Այդ տարիներին դրանք ունեցել են քաղաքական բովանդակություն և առաջնորդվել են քաղաքական կուսակցությունների կողմից։
Սկսած 2010 թ․-ից Հայաստանում կտրուկ աճել է հասարակական շարժումների ինտենսիվությունը։ Դրանք ունեին բնության, հուշարձանների, բնակչության սոցիալական շահերի և իրավունքների պաշտպանության բովանդակություն։ Աստիճանաբար այդ շարժումները սկսեցին կրել զանգվածային բնույթ և, ինչն ավելի կարևոր է, սկսեցին առաջ քաշել նաև քաղաքական պահանջներ։ Հասարակական շարժման արդյունքում 2018 թ.-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, որը Հայաստանի բնակչության նշանակալի մասն ընդունեց խանդավառությամբ։
Զանգվածային հասարակական շարժումները տեղի էին ունենում ոչ միայն Երևանում, այլև մարզերում, հատկապես մարզային քաղաքներում, որտեղ արևմտյան հիմնադրամները և պետական կառույցները սկսած 1996 թվականից զարգացնում էին հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների խմբերի ընդարձակ ցանցեր։
Ոչ կոնվենցիոնալ բողոքի մասնակցության փորձը Գորիսում (2021 թվականին) և Հայաստանի քաղաքներում (Կովկասյան բարոմետր, 2019) տրված է Գծապատկեր 4-ում։ Գծապատկերում, համեմատության համար տրված են նույն բնութագրերը Հայաստանի բոլոր քաղաքների համար։[2]
Գծապատկեր 4
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Գորիսում ոչ կոնվենցիոնալ բողոքին մասնակցությունը համեմատած Հայաստանի քաղաքների (առանց Երևանի) բավական ցածր է։ Սակայն, Գորիսում 2021 թվականին ոչ կոնվենցիոնալ քաղաքական մասնակցության վերաբերյալ հարցերին հրաժարվել է պատասխանել հարցվածների 13-14%-ը, իսկ «Կովկասյան բարոմետր 2019» հարցման ընթացքում Հայաստանի քաղաքներում այդ հարցերին հրաժարվել է պատասխանել ընդամենը մոտ 0.5%-ը։ Այսինքն, մարդկանց նշանակալի մասը սկսել է խուսափել նման հարցերին պատասխանելուց։ Հետևաբար, Գորիսում որպես ոչ կոնվենցիոնալ քաղաքական մասնակցության ադեկվատ գնահատականներ անհրաժեշտ է ընդունել դրական պատասխանների և պատասխանելուց հրաժարվածների գումարային տոկոսը։ Այդ դեպքում, ինչպես երևում է գծապատկերից, ոչ կոնվենցիոնալ մասնակցության մակարդակը Գորիսում և Հայաստանի քաղաքներում համադրելի են։
Քաղաքական մշակույթի տիպերը
Ք աղաքական մշակույթի բնութագրերի վերաբերյալ գնահատականները հուշում են, որ Գորիսի բնակչության քաղաքական մշակույթը ըստ Գ. Ալմոնդի և Ս. Վերբայի հայեցակարգի, առավելապես հպատակային է, քանի որ առավել տարածված են քաղաքական ընդգրկվածության միջին ինտենսիվության ձևերը՝ մասնակցությունը տարբեր մակարդակի ընտրություններին։ Ստացված ցուցանիշների մաթեմատիկական ընդհանրացումը Գ. Ալմոնդի և Ս. Վերբայի հայեցակարգին համապատասխան, հաստատեց այդ հիպոթեզը՝ (Գծապատկեր 5)։ Ստացվեց, որ Գորիսի բնակչության 75%-ը պատկանում է հպատակային քաղաքական մշակույթին։
Գծապատկեր 5
Բողոքի պոտենցիալները Գորիսում
Սոցիալ-տնտեսական բողոքի պոտենցիալը
Գորիսում սոցիալ տնտեսական վիճակի գնահատականներն անբարենպաստ են (Գծապատկեր 6)։ Բնակչության գերակշիռ մասը համարում է, որ Գորիսում տնտեսական վիճակը վատ է և վերջին մեկ տարվա ընթացքում վատացել է։ Բնակչության կեսից ավելին հոռետես է մոտակա տարվա ընթացքում տնտեսական վիճակի փոփոխության նկատմամբ։ Գծապատկերի տվյալներից բխում է, որ Գորիսում տնտեսական բողոքի պոտենցիալը բարձր է։
Գծապատկեր 6
Պատերազմի և դրա արդյունքներ հետ կապված բողոքի պոտենցիալը
4 4-օրյա պատերազմի և դրա հետևանքների հետ կապված բողոքի պոտենցիալը գնահատվել է պատերազմի տարբեր ասպեկտների վերաբերյալ հարցերի խմբով, մասնավորապես՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից, հնարավո՞ր էր արդյոք հաղթել պատերազմում, հնարավո՞ր էր արդյոք ավելի շուտ ավարտել պատերազմը, պատրա՞ստ էր արդյոք պատերազմին հայկական բանկը (Գծապատկեր 7)։ Հարց է տրվել նաև այն մասին՝ արդյո՞ք պատերազմի արդյունքում աճել, թե՞ նվազել է Հայաստանի տարածաշրջանային դերը։
Նշված հարցերի պատասխանները, որոնք տրված են Գծապատկեր 7-ում, ցույց են տալիս, որ պատերազմին և դրա արդյունքներին վերաբերվող հարցերը Գորիսի բնակչության շրջանում առաջացրել են բողոքի բարձր պոտենցիալ։
Գծապատկեր 7
Բողոքի պոտենցիալը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապագա հարաբերությունների կոնտեքստում
Ն երկայում Հայաստանի քաղաքական օրակարգում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։ Դրանք ոչ այնքան հարևան երկրների միջև հարաբերությունների հարցեր են, այլ հանդիսանում են ներկայիս աշխարհամակարգային ինտենսիվ տրանսֆորմացիայի տարրեր և առավելապես ուղղորդվում են ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Թուրքիայի, Իրանի և Չինաստանի շահերով։
Հետազոտությունը ցույց տվեց, որ Գորիսի բնակչության 84%-ը համարում է, որ Հայաստանի նպատակը պետք է լինի տարածքների վերադարձը, ընդ որում 27%-ը համարում է, որ տարածքների վերադարձը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարևանության կառուցումը հնարավոր է իրականացնել միաժամանակ։ Գորիսում միայն հարևանության կառուցումը ընդունելի է 2%-ի շրջանում:
Գծապատկեր 8
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակմանը, նշենք, որ «Կովկասյան Բարոմետր» հետազոտության 2010 և 2012 թվականների տվյալների շտեմարանի հետազոտությունը ցույց տվեց, որ 2010 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների ճանապարհների բացմանը կողմ էր Հայաստանի բնակչության 33.8%-ը, իսկ 2012 թվականին՝ արդեն 40.6%-ը։
Մեր հետազոտության տվյալներով՝ Գորիսի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 85%-ը, համարում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացումը Հայաստանի համար «ավելի շուտ ստեղծում է վտանգներ, քան զարգացման հնարավորություններ» (Գծապատկեր 9):
Գծապատկեր 9
Եթե ընդհանրացնենք Գծապատկեր 8-ի և Գծապատկեր 9-ի տվյալները, ապա կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարևանության կառուցման և ճանապարհների ապաշրջափակման հարցերի շաղկապումը կորցրած տարածքների վերադարձի խնդրի հետ, ունի հասարակական բողոքի ձևավորման պոտենցիալ։
Տարածքների հետ վերադարձի հնարավորություն, ձևեր, ժամանակահատված և դաշնակիցներ
Գ որիսում կորցրած տարածքների վերադարձը հնարավոր է համարում համայնքի ամբողջ բնակչության ճնշող մեծամասնություն՝ 80%-ը (Գծապատկեր 10): Բացի դրանից, հարցվածների 75%-ը դա հնարավոր է համարում ռազմական և դիվանագիտական միջոցների համատեղ կիրառման և դաշնակիցներ ձեռք բերելու միջոցով։ Ընդ որում, հարցվածների մոտ 7%-ը համարում է, որ «Մենք այսօր էլ պատրաստ ենք տարածքները հետ բերել», մոտ 40% են կազմում նրանք, ովքեր դա հնարավոր են համարում «նույնիսկ այսօր» կամ «մոտակա 5 տարիների ընթացքում»։
Տարածքների վերադարձի հարցում Գորիսում հարցման մասնակիցների 77%-ը, Հայաստանի դաշնակից է համարում Ռուսաստանին, երկրորդ տեղում Ֆրանսիան է։ Կարևոր է նաև հաշվի առնել, որ հարցվածների մեկ քառորդից մի փոքր ավելին՝ 27%-ը տարածքների վերադարձի հարցում Հայաստանի դաշնակից է համարում Իրանին։[3]
Գծապատկեր 10
Հասարակական տրամադրությունների առանձնահատկությունն այն է, որ հարցվածների 22%-ը համարում է, որ կորցրած տարածքների վերադարձի հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի։
Հայաստանի դաշնակիցները Գորիսի բնակչության պատկերացումներում
Ա րդեն 35 տարի է ինչ Հայաստանում քաղաքական ուժերի բևեռացման կարևորագույն հարցը Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումն է[4]։ Հայաստանի հասարակությունում ավանդաբար շատ բարձր է եղել ռուսական կողմնորոշումը։ Սակայն սկսած 2013 թվականից նկատվում է դեպի Ռուսաստան կողմնորոշման նվազում։ Մասնավորապես, «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների շարքի տվյալներով, եթե 2013 թվականին «Ո՞րն է Հայաստանի լավագույն բարեկամ երկիրը» հարցին, որին թույլատրվել է տալ միայն մեկ պատասխան, մարդկանց 84%-ը պատասխանել էր՝ «Ռուսաստանը», ապա 2021 թվականի տվյալներով այդպես է պատասխանել հարցվածների միայն 34%-ը։ Ընդ որում աստիճանաբար նշանակալիորեն աճել է Ֆրանսիան լավագույն բարեկամ համարողների թիվը, որը 2013 թվականին 4%-ից 2021 թվականին հասել է 37%-ի, ինչպես նաև այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, որ Հայաստանը չունի «ամենալավ» բարեկամ երկիր։ Այդ թիվը 2013 թվականին 5%-ից 2021-ին հասել է 19%-ի։
Այդուհանդերձ, Գորիսում պատկերն այլ է (Գծապատկեր 11)։ Հետազոտությամբ պարզվել է, որ Ռուսաստանը Հայաստանի լավագույն քաղաքական դաշնակից են համարում հարցվածների 83%-ը իսկ տնտեսական լավագույն գործընկեր՝ 84%-ը։ Այդ տեսակետերից Ֆրանսիան զգալիորեն զիջում է Ռուսաստանին (27%)։ Կարևոր է նշել, որ որպես Հայաստանի քաղաքական դաշնակից երկրորդ տեղում է Իրանը (52%), որը նույնպես զգալիորեն գերազանցում է Ֆրանսիային։ Սակայն, որպես տնտեսական գործընկեր Ֆրանսիան երկրորդ տեղում է (45%), իսկ Իրանը՝ երրորդ (31%)։ Նշենք, որ այդ հարցերին թույլ էր տրվել տալ երկու պատասխան։
Գծապատկեր 11
Գորիսի բնակչության լոյալության մակարդակը Հայաստանի քաղաքական կուրսի նկատմամբ և բողոքի գործողությունների հավանականությունը
Գ որիսի բնակչության շրջանում հարցվածների լոյալությունը Հայաստանի քաղաքական կուրսի նկատմամբ ցածր է` մարդկանց 75%-ը համարում է, որ Հայաստանն ընթանում է սխալ ուղղությամբ (Գծապատկեր 12)։
Ցածր է նաև Հայաստանի քաղաքական առաջնորդների և պետական պաշտոնյաների նկատմամբ վստահությունը։ Նրանց չեն վստահում հարցվածների համապատասխանաբար՝ 85% և 54%-ը, իսկ 46%-ն աշխատում է ընդհանրապես գործ չունենալ պետական պաշտոնյաների հետ։
Գորիսի բնակչության շրջանում գնահատվել է, թե նրանց կարծիքով, որքանով է հավանական, որ մոտակա մեկ տարվա ընթացքում Գորիսում տեղի կունենան բողոքի արտահայտման գործողություններ։ Այդ գործողությունները հավանական համարող և հավանական չհամարող անձանց քանակը մոտավորապես նույնն է։ Կարծիքների բաշխման տվյալների հիման վրա կատարվել է Գորիսում մոտակա տարվա ընթացքում բողոքի ցույցերի հավանականության գնահատում։ Այդ հավանականությունը մոտավորապես հավասար է 0.55-ի, այլ կերպ՝ մոտ 50։50:
Գծապատկեր 12
Քաղաքական մշակույթի և բողոքի պոտենցիալների մոդելը
Գ որիսում քաղաքական մշակույթի բաղադրիչների և բողոքի պոտենցիալների միջև փոխադարձ կապերը բացահայտելու համար կառուցվել է այդ բոլոր բնութագրերն ընդհանրացնող միասնական մոդել, որը տրված է Գծապատկեր 13-ում[5]։
Մոդելի հիմնական նպատակն է ցույց տալ, թե ինչպես են Գորիսի բնակչության քաղաքական լոյալության և բողոքի ակտուալացման հավանականության վրա ազդում Գորիսի բնակչության քաղաքական մշակույթի բաղադրիչները, պատերազմի հետևանքների, տնտեսական վիճակի, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ դիրքորոշումներն։ Այդ նպատակադրումը կարևոր է Գորիսում քաղաքական զարգացումների հնարավոր սցենարների գնահատման տեսակետից։
Մոդելում շրջանակները բացահայտված գործոններն են։ Շրջանակների վրա գրված են գործոնների անունները։ Գագաթները միացնող գծերը գործոնների փոխազդեցություններն են։ Կապույտ գծերը նշանակում են, որ դրանցով կապված գործոններից մեկի աճը հանգեցնում է նաև մյուսի աճին (գործոնները դրական են կորելացված)։ Կարմիր գծերը նշանակում են, որ դրանցով կապված մի գործոնի աճը նվազեցնում է մյուս գործոնը (գործոնները բացասական են կորելացված)։ Գծերի հաստությունը նշանակում է կապի ուժգնությունը։ Մոդելը չծանրաբեռնելու համար նկարում ներկայացված են միայն առավել ուժեղ ազդեցություններ նշանակող գծերը։
Սլաքները նշանակում են կապի ուղղությունը։ Մոդելը կառուցելիս ենթադրվել է, որ «F1. Լոյալություն» գործոնը միայն կրում է այլ գործոնների ազդեցությունները, այսինքն, F1-ը այլ գործոնների վրա չի ազդում։ Մնացած գործոնների դեպքում ենթադրվել է, որ գործոնները փոխազդում են։
Գծապատկեր 13․ Գորիսում քաղաքական մշակույթի բաղադրիչների, բողոքի պոտենցիալի և հաշտեցման օրակարգի վերաբերյալ դիրքորոշումների գործոնային մոդելը։
Դիտենք մոդելից բխող հիմնական դրույթները։ Առաջին դրույթն այն է, որ բացահայտված 10 գործոններից ոչ մեկը նշանակալիորեն կորելացված չէ «F8. Բողոքի ակտուալացման հավանականություն» գործոնի հետ։[6] Այսինքն, քաղաքական մշակույթի, դրա տարրերի և բողոքի բազմաչափ պոտենցիալը չեն ազդում բողոքի պոտենցիալի ակտուալացման հավանականության գնահատականի վրա։
Ինչպես սպասելի էր, մոդելը ցույց է տալիս, որ «F4. Բողոքի պոտենցիալը պատերազմի արդյունքներից» և «F5. տնտեսական բողոքի պոտենցիալի» աճը գործոնները նվազեցնում են հասարակության լոյալությունը իշխանությունների և նրանց քաղաքականության նկատմամբ (F1)։ Ընդ որում, դրանք լոյալությունը նվազեցնող հզոր գործոններ են։
Բավական անսպասելի և հետաքրքիր արդյունք է այն, որ «F6. Քաղաքացիական մասնակցություն» գործոնի աճը նույնպես նվազեցնում է մարդկանց լոյալությունը (F1)։ Նշենք, որ F6 գործոնն իր մեջ ներառում է այն անձանց, ովքեր մասնակցում են հասարակական շարժումներին և/կամ հասարակական կազմակերպությունների անդամ են։ Այսինքն, դա հասարակության այն հատվածն է, որն առավել ակտիվ է մասնակցել 2018 թվականի հեղափոխությանը։ Այդուհանդերձ, հասարակության այդ հատվածի դիրքորոշումներն [Գորիսում] էապես փոխվել են։
Մյուս կողմից, պետք է նշել, որ «F1. Լոյալություն» գործոնի աճի հետ դրական է շաղկապված «F10. Կարծիքի առաջնորդություն» գործոնը։ Այս գործոնը միավորում է կուսակցությունների անդամներին և այն անձանց, ովքեր քաղաքականության վերաբերյալ քննարկումներում ձգտում են, որ զրուցակիցն ի վերջո ընդունի իրենց կարծիքը։ Նշենք, որ իշխանությունների կողմնակիցների շրջանում հարաբերականորեն ավելի շատ են կարծիքի առաջնորդները։ Լոյալությունը իշխանություններին և նրա քաղաքականությանը համեմատաբար ավելի բարձր է ոչ կոնվենցիոնալ բողոքի ձևերին մասնակցած անձանց շրջանում (F3)։ Հիշենք, որ քաղաքացիական մասնակցությունը (F6) և ոչ կոնվենցիոնալ բողոքի ձևերին մասնակցությունը տարբեր բնութագրեր են։
Մոդելը ցույց է տալիս, որ անձինք, ովքեր համեմատաբար ավելի շատ են հետաքրքրված քաղաքականությամբ, իրենց ավելի կոմպետենտ են համարում Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին հարցերում (F2), ավելի մեծ հավանականությամբ են հանդիսանում կարծիքի առաջնորդներ (F10), նրանց շրջանում ավելի բարձր է տնտեսական բողոքի պոտենցիալը (F5) և նրանք ավելի քիչ են հակված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտությանը (F7)։
Համադրելով նախորդ երկու պարբերությունների դրույթները, կարելի է եզրակացնել, որ իշխանությունների նկատմամբ լոյալությունը պայմանավորված է երկու` առաջին հայացքից հակադիր աշխարհայացքներ ունեցող շերտերով։ Առաջինը՝ 2018 թ. հեղափոխության ակտիվիստներն են, ովքեր ներկայում իշխանական կուսակցության անդամներ են կամ նրանց հետ ասոցացված անձինք, իսկ երկրորդը՝ քաղաքականապես կոմպետենտ անձինք են, ովքեր չնայած մի կողմից՝ հակված չեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգին, սակայն, մյուս կողմից, վերածվելով կարծիքի առաջնորդների (իրենց կոմպետենտության զգացողության հիմքի վրա), որոշ չափով բարձրացնում են լոյալությունը Հայաստանի քաղաքական կուրսի նկատմամբ, քանի որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը հայտարարում է Հայաստանի համար գերակայություն է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումը («ժառանգված է» նախորդ իշխանություններից), իսկ ներքին քաղաքականությունում կոռուպցիայի նվազեցումը և օլիգարխների «զսպումը» (հակադրվում են նախկին իշխանություններին)։
Բողոքի ոչ կոնվենցիոնալ ձևերին մասնակցության փորձ ունեցողների (F3) շրջանում ավելի ցածր է քաղաքացիական մասնակցությունը (F6), ավելի բարձր է քաղաքական սուբյեկտության զգացողությունը (F9), ավելի բարձր է լոյալությունը իշխանությունների նկատմամբ (F1) և ավելի բարձր է կարծիքի առաջնորդության հակումը (F10)։ Դա այն շերտն է, որը չլինելով հեղափոխության ակտիվիստ, մասնակցել է հեղափոխությանը, հասել է հաջողության և, հիմնվելով սեփական փորձին համարում է, որ հեղափոխությունը հնարավոր էր ոչ թե քաղաքացիական (կոնվենցիոնալ) մասնակցությամբ, այլ ոչ կոնվենցիոնալ միջոցների կիրառմամբ։
Եզրակացություններ
Ս տորև տրված են հետազոտությամբ ստացված հիմնական արդյունքները և դրանցից բխող մի շարք եզրակացություններ։
- Գորիսի բնակչությունը հիմնականում պատկանում է հպատակային մշակույթին, չնայած մասնակցային մշակույթը կրող շերտը բավական զարգացած է։
- Գորիսում կոնվենցիոնալ քաղաքական մասնակցության ձևերն ունեն բնակչության համախմբման բարձր պոտենցիալ։
- Գորիսում ոչ կոնվենցիոնալ քաղաքական մասնակցության փորձը համադրելի է Հայաստանում դրա միջին մակարդակի հետ, որը բավական բարձր է։ Բողոքի պոտենցիալների կոնսոլիդացման պարագայում այն կարող է լուրջ ազդեցություններ ունենալ քաղաքական պրոցեսի վրա։
- Գորիսում բարձր է սոցիալական բողոքի պոտենցիալը։
- Գորիսում պատերազմի արդյունքների հետ կապված նույնպես առկա է բողոքի բարձր պոտենցիալ։
- Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության և տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման օրակարգն ունի բողոքի մեծ պոտենցիալ։
- Գորիսում տարածքների վերադարձի գաղափարն ունի միավորող մեծ ներուժ։ Կորցրած տարածքների հետ վերադարձի նպատակադրումը ունի քաղաքական կոնսոլիդացման պոտենցիալ։ Գորիսում կորցրած տարածքների վերադարձի հարցում Ռուսաստանը դիտվում է որպես Հայաստանի կարևորագույն դաշնակից։
- Գորիսում, անկախ տարածքների վերադարձի հարցից, Ռուսաստանն ընկալվում է որպես Հայաստանի կարևորագույն քաղաքական դաշնակիցը և կարևորագույն տնտեսական գործընկերը։ Որպես քաղաքական դաշնակից երկրորդը՝ Իրանն է, իսկ երրորդը՝ Ֆրանսիան։ Որպես տնտեսական գործընկեր Ֆրանսիան երկրորդն է, իսկ Իրանը՝ երրորդը։
- Գորիսում լոյալությունը Հայաստանի քաղաքական կուրսի նկատմամբ ցածր է, բարձր չէ նաև վստահությունը Հայաստանի քաղաքական առաջնորդների և պետական պաշտոնյաների նկատմամբ։
[1] «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվար – մայիսին», Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտե, Երևան – 2022, էջ 46։
[2] Տվյալները հաշվարկված են «Կովկասյան բարոմետր, 2019» հետազոտության տվյալների շտեմարանով։ Շտեմարանը հասանելի է՝ https://www.crrc.am/barometer/ :
[3] Տոկոսների գումարը մեծ է 100-ից, քանի որ դաշնակցի վերաբերյալ հարցին թույլ էր տրվել տալ երկու պատասխան։
[4] Հայաստանում աշխարհաքաղաքական կողմնորոշմանը վերաբերող հարցերը դուրս մղվեցին քաղաքական օրակարգից անկախության առաջին 5 տարիների ընթացքում։
[5] Կառուցված է գործոնային մոդել, որում կիրառվել է գործոնների շեղանկյուն պտույտ (oblimin)։ Մոդելը կառուցվել է 38 փոփոխականների կիրառմամբ։ Ստացվել է 10 գործոն, որոնք բացատրում են 38 փոփոխականների ընդհանուր դիսպերսիայի 67%-ը։ Ընտրանքի ադեկվատության Կայզեր-Մեյեր-Օլկինի ցուցանիշը՝ 0.731: Փոփոխականների ընդհանրության մակարդակները բարձր են։ Ստորև տրված է դրանց բաշխման հիստոգրամը։
[6] Այդ գործոնը միակն է, որը կազմված է միայն մեկ փոփոխականից․ «Որքանո՞վ է հնարավոր, որ մոտակա մեկ տարվա ընթացքում Գորիսում լինեն հասարակական բողոքի արտահայտություններ»։