Ռուսաստանի ներթափանցումը Անդրկովկաս. քաղաքականության հիմնական ուրվագծեր
11 ր. | 2022-06-271 9-րդ դարի առաջին կեսին Կովկասում առկա իրադրությունն ամենուրեք միակերպ չէր: Անդրկովկասի երկրները, գտնվելով տնտեսական և քաղաքական համեմատաբար ավելի բարձր մակարդակի վրա, ունեին առավել մեծ հնարավորություններ առաջընթացի, քան Կենտրոնական և Հյուսիսային Կովկասի էթնիկ հանրությունները: Ի հավելումն` Կովկասի լեռնային շրջաններում տիրող պատրիարխալ-ավատական հարաբերությունները և տոհմական ինստիտուտները, կրոնի և հոգևորականության գերիշխանությունը արգելակում էին տվյալ շրջանների տնտեսական զարգացումը և մերձեցումը տարածաշրջանում առկա ռուսական և մյուս սուբյեկտների հետ:[1]
Կովկասում, և մասնավորապես Անդրկովկասում Ռուսական կայսրության քաղաքականության համատեքստում կարևոր էր նաև հայկական գործոնը: Այստեղ Ռուսաստանի խնդիրը որոշ չափով հեշտանում էր, քանի որ հայերը դրական էին տրամադրված Ռուսական կայսրության ապագա ներկայությանը տարածաշրջանում` իրենց անկախ պետականության վերականգնման հույսերը շաղկապելով այդ գործոնի հետ: Իհարկե, պետականության վերականգնման գաղափարը հիմնականում շրջանառվում էր քաղաքական-եկեղեցական վերնախավի շրջանում։ Սակայն Անդրկովկասում հաստատվելուց հետո, չնայած սկզբնական շրջանում Հայկական մարզի (ընդգրկում էր նախկին Երևանի և Նախիջևանի խանությունները[2]) ստեղծմանը, հայերը բախվեցին ռուսական կայսերական իրական քաղաքականության հետ: Ռուսաստանը սկսեց սիրաշահել կովկասյան թաթարներին կամ թյուրքախոս շիաներին:
Դեռևս 19-րդ դարում Անդրկովկասի թյուրքախոս բնակչությունը չուներ հստակ արտահայտված էթնիկ ինքնանվանում, և փոխարենը ինքնույնականացման համար օգտագործվում էր «մուսուլման» ինքնանվանումը[3]։ Ընդ որում, «մուսուլման» ինքնանվանման մեջ ներառվում էին միայն Անդրկովկասի թյուրքախոս շիա մահմեդականները, և իրենք իրենց տարանջատում կամ հակադրում էին Անդրկովկասի սուննի մահմեդական տեղաբնիկ կովկասալեզու, սուննի մահմեդական իրանալեզու և շիա մահմեդական իրանալեզու ժողովուրդներին[4]։ Գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ բացի թյուրքախոս շիա մահմեդականներից, մնացած էթնիկ հանրությունները «մուսուլման» բառն օգտագործում էին հենց կրոնական իմաստով, իսկ ահա թյուրքախոս շիա մահմեդականները՝ էթնիկ իմաստով, որով էլ տարբերակվում էին Կովկասի մյուս մահմեդականներից։ Ռուսական կայսերական վարչարարները նրանց անվանում էին «թաթար», «կովկասյան թաթար», «ադրբեջանական թաթար», «թուրք-թաթար», «ղզլբաշ» և այլն[5]։
Առաջին հայացքից Ռուսական կայսրության՝ թյուրքախոս շիաներին սիրաշահման քաղաքականությունը որոշակիորեն կարող է կասկածի տեղիք տալ. վերջիններս պարսիկների նման իսլամի շիա ուղղության ներկայացուցիչներ էին: Սակայն այստեղ հարկ է չմոռանալ ևս մեկ ոչ պակաս ազդեցիկ գործոնի` ազգայնականության մասին: Կայսրության կենտրոնում շատ լավ գիտեին, որ եթե բորբոքեն ազգայնական տրամադրությունները, ապա դրանք կարող են գերիշխել մնացյալ բոլոր արժեքների նկատմամբ, այդ թվում՝ կրոնական:[6] Դա լավ հաշվարկված քաղաքականություն էր, քանզի կայսրությունը փորձում էր իր քաղաքատնտեսական ու մշակութային ներկայությունը տարածաշրջանում լիարժեք ապահովելու նպատակով պիտանի էթնիկ հանրություն գտնել` ի դեմս կովկասյան թաթարների: Թաթերը, քրդերը, թալիշները պարսիկներին ազգակից էթնոսներ են, նրանց հաղորդակցման լեզուն պարսկերենն է։ Հայերն էլ ունեին պարսիկների հետ որոշ փոխառնչակցություններ, և հարմար չէին Ռուսաստանի կրոնական քաղաքականության համար: Պարսիկների պոտենցիալ թշնամիներ տարածաշրջանում կարող էին լինել հավանաբար թուրքերը: Ուստի և 19-րդ դարի հաջորդ տասնամյակների ընթացքում կայսրության քաղաքականությունը տարածաշրջանում ուղղված էր թյուրքական էթնոգործոնի դերի ու կշռի բարձրացմանը:
Ռուսաստանյան բարձրագույն շրջանակներում սկսեցին «չնկատել» տարածաշրջանի մյուս իսլամադավան էթնիկ հանրույթները: Նրանք բոլորը ներկայացվում էին որպես մահմեդականներ: Այնուհետ հետևեց նրանց նույնականացումը տեղական թուրք-կովկասյան թաթարների հետ: Կարծում ենք, որ ներկայիս ադրբեջանցիների ազգակերտման սկզիբը ծայր է առնում տվյալ պատմափուլից, և դա կատարվեց վերևից` ռուսական կայսերականության շահերի հետ ներհյուսման և միաժամանակ դրան ծառայելու արդյունքում: Կովկասյան թաթարների օգտին տարածաշրջանի էթնիկական խճանկարի համահարթեցմանն էին ծառայում հասկացութենական-հայեցակարգային նորամուծությունները` բնութագրելու համար էթնոքաղաքական խնդիրները և գործընթացները: Դրանում երկրամասի էթնիկ բազմազանությունը մղվեց հետին պլան և ներկայացվեց «մահմեդականներ» հասկացության ներքո:[7] Սա բխում էր նաև այն հանգամանքից, որ պաշտոնական պետական հայեցակարգը խարսխված չէր որևէ կոնկրետ ազգային սկզբունքի վրա, և բնակչությունը դասակարգվում էր ամենից առաջ ըստ դավանանքի (օրինակ՝ ռուսների մեջ ներառվում էին բելառուսներին, երբեմն՝ ցանկացած ուղղափառ քրիստոնյայի)[8]։ Մեր կարծիքով, Ռուսական կայսրությանը ձեռնտու էր բնակչությունը տիպաբանել ըստ դավանանքի, քանզի ազգային սկզբունքի վրա շեշտադրելը հղի էր վտանգով, որ հետագա ազգայնական տրամադրությունների արթնացումը որպես վերջնական հանգրվան տեսնելու էր անկախ պետականության ստեղծումը։ Այսպիսով, իր քաղաքականությամբ Ռուսաստանը նպաստում էր Արևելյան Անդրկովկասի թյուրքացմանը:
Ի վերջո, ռուսական կառավարության սիրաշահման քաղաքականությունը, մեր կարծիքով, պայմանավորված էր նաև նրանով, որ թյուրքախոս շիաները նախկին խանությունների հիմնադիրները և վերնախավն էին, պարսկական կառավարության ռազմասոցիալական հենարանը տարածաշրջանում, պարսկական բանակում խոշոր ռազմական ուժ էին ներկայացնում, ուստի և ռուսական կառավարական շրջանակների համար ցանկալի չէր նման հակառակորդի ձեռքբերումը։ Խնդիր նաև այն էր, որ դարեր շարունակ Պարսկաստանը ռազմաքաղաքական և մշակութային զորեղ ներկայություն ուներ Անդրկովկասում, այստեղի թյուրքախոս շիաները պարսկական քաղաքակրթական ներկայության մի մասն էին։ Հետևաբար, տարածաշրջանում քաղաքական խաղադրույքը կատարելով նրանց վրա և ուժեղացնելով թյուրքական գործոնը՝ Ռուսաստանը նպատակ ուներ պոկել Անդրկովկասը պարսկական դարավոր ազդեցությունից և ինտեգրել ռուսաստանյան ընդհանուր տարածքին։ Ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանի վարած այդ քաղաքականությունը շուռ էր գալու իր դեմ, քանզի կովկասյան թաթարների կողմնորոշումն արդեն տասնիներորդ դարի վերջում ուղղվեց դեպի Օսմանյան Կայսրություն:
Կայսրության նման տարբերակված քաղաքականությունն ուներ նաև այլ պատճառներ: Այն պայմանավորված էր հայերի մոտ պետականության և ազգային արժեքների բարձր գիտակցությամբ, և համապատասխան հող գտնելու պարագայում կարող էր գործնական հարթությունում վերաճել ազգային անկախության և ինքնուրույնության համար պայքարի։ Ուստի, Կայսրությունը նաև որպես հակակշիռ վերոնշյալին` օգտագործում էր պետական ավանդույթներից զուրկ և դեռևս ազգային արժեբանության և համապատասխան գիտակցության չտիրապետող կովկասյան թաթարներին:
Բ ացի այդ, 19-րդ դարի 1-ին կեսին Ռուսաստանի կառավարող շրջաններում մեծ կարևորություն էր ստացել Անդրկովկասում ցարիզմի սոցիալական ամուր հիմքի ստեղծման հարցը: Սրա լուծումը կապվում էր այստեղ ռուսական հողատիրական տարրի ուժեղացման և տեղական, այսպես կոչված, բարձր դասի նկատմամբ քաղաքական կայուն կուրսի մշակման և գործադրման հետ:[9] Թեպետ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկելուց հետո ստեղծվեց Հայկական մարզը, սակայն իրողություն է, որ այդ տարածաշրջանում հողատերեր էին մահմեդական տարբեր տրամաչափի իշխողները: Հենց 1830-ականներին էլ շարունակվում էր պահպանվել մելիքների, բեկերի, աղալարների, մինբաշիների ինստիտուտը։[10] Նրանցից ոմանք Ռուսաստանի տիրապետության հաստատումից հետո էլ կողմնորոշվեցին դեպի նրան հակառակորդ պետությունները: Այս իրողությունները ստիպում էին ռուսական կառավարող օղակներին փորձել մշակել համապատասխան քաղաքականություն, քանզի անհրաժեշտ էր վերացնել խոչընդոտները, որոնք կարող էին ի հայտ գալ երկրամասում ռուսական աստիճանավորներով ռուսական վարչաձև մտցնելու ժամանակ: Եվ այդ նոր վարչաձևի ներկայացուցիչները, արդեն իրենց կողմը քաղաքական կուրսի մեջ ինտեգրված մահմեդական հողատերերի աջակցությամբ, զսպելու էին ազգային որևէ շարժման դրսևորում:
Ստատուս-քվոյի պահպանումը հարգելուց հետո ազգային քաղաքականության երկրորդ անկյունաքարը կենտրոնական կառավարության լայն համագործակցությունն էր ոչ ռուսական վերնախավերի հետ, որոնք մեծամասամբ ստացան ռուսական արքունականության իրավունքները, ինչը դյուրացրեց կենտրոնական կառավարության համար նոր տարածքների կառավարումը:
Հաջորդը ազգային քաղաքականությունում ոչ ռուսական բնակչության իրավական դրության որոշակի շտկումն էր՝ ի համեմատ ռուսականի: Խոցելի էր հրեական խնդիրը: Գաղտնիք չէ, որ հակասեմականությունը տվյալ պատմաշրջանի ռուսական իրականության առանձնահատկություններից էր: Նկատելի էր խտրականություն հրեաների նկատմամբ վերաբերմունքում, մկրտված հրեաները ունեին գրեթե ռուսներին հավասար իրավունքներ:[11]
Մեկ առանձնահատկություն ևս կար Կայսրության ազգային քաղաքականության մեջ: Ոչ ռուսական ազգությունները, որոնց մոտ մինչև Ռուսական կայսրության կազմում ներգրավելը առկա չէին ճորտատիրական հարաբերություններ, այդպես էլ չիմացան, թե ինչ է դա: Կենտրոնական կառավարությունը զերծ մնաց այդ հարաբերություններն ազգային ծայրամասեր արտահանելուց:
Ազգային քաղաքականության չորրորդ սկզբունքի համաձայն` էթնոազգային չափորոշիչները, թեև ուշադրության առնվում էին, սակայն, ըստ էության, չէին խանգարում սոցիալական սանդուղքով շարժունակությանը: Մինչև 1917 թ. լոյալությունը գահին, արհեստավարժությունը և ազնվական ծագումը առավել բարձր էին դասվում, քան էթնիկ կամ դավանաբանական պատկանելությունը:[12]
Ազգային քաղաքականության հիշյալ սկզբունքները համընդհանուր էին կայսրության գոյության ողջ ժամանակահատվածում, սակայն նրանց իրականացումն էականորեն կախված էր ներգրավյալ ազգությունների վերնախավի` դեպի ռուսական տիրապետությունն ունեցած վերաբերմունքից: Առաջին հերթին, կարևոր դեր խաղացին պետականության ավանդույթները և բարձր զարգացած մշակույթը, այսինքն` ուներ տվյալ էթնիկ հանրությունը մինչև Կայսրության կազմում ներգրավելը, իր սեփական տարածքը, սահմանները` ճանաչված միջազգային հանրության կողմից, վարչակազմը, գրավոր օրենքները, գիրը, արվեստը, գրականությունը և այլն: Այդ ավանդույթները ազդում էին ինչպես ռուսական կառավարության քաղաքականության, այնպես էլ տվյալ ազգային փոքրամասնության դիրքորոշման վրա: Երկրորդ, էական նշանակություն ունեին կրոնների և մշակույթների ընդհանրությունները և տարբերությունները: Քրիստոնյա ժողովուրդները, բացառությամբ լեհերի, անհամեմատ ավելի քիչ դիմադրություն ցույց տվեցին ռուսական ծավալապաշտությանը, քան՝ մահմեդականները: Հյուսիսային Կովկասի լեռնականների անհաշտության մասին կարող է վկայել այն փաստը, որ Կովկասը Ռուսական կայսրության կողմից հպատակեցվելուց հետո շուրջ 400 հազար մարդ արտագաղթեց Օսմանյան Կայսրություն:[13]
Ռուսական կայսրության ազգային քաղաքականության վայրիվերումներում հնարավոր է տարանջատել երկու փուլ. 1863 թ.-ից առաջ և հետո: 1863 թ.-ից ազգային ծայրամասերի վարչական ինտեգրացիան կայսրության կազմ դարձավ համընդհանուր և դրան ավելացավ նաև լեզվամշակութային միատարրացումը (ունիֆիկացիա) ռուսականացման տեսքով:
Ա զգային քաղաքականության կառավարական ուղեգծի փոփոխության պատճառ կարող էր հանդիսանալ ազգային շարժումների զարգացումը, որոնք որոշ շրջաններում ի հայտ եկան, իսկ մյուսներում էլ ուժեղացան 1860-ական թթ.: Կառավարությունը փոխեց քաղաքականությունը` հույս ունենալով կոշտ քաղաքական ուղեգծի միջոցով կասեցնել այդ շարժումները: Եվ ամենևին էլ պատահական չէ հայկական միջավայրում մտավոր և հասարակական-քաղաքական կյանքի բուռն ակտիվացումն այս շրջանում։ Լեհաստանում ապստամբության ճնշումը ունեցավ հակառակ ազդեցությունը՝ զարկ տալով ազգայնական տրամադրությունների արթնացմանը։
Լեհական ապստամբությունը և դրա ճնշումը, ցարական կառավարության քաղաքականության կոշտացումը ևս դետոնատորի դեր խաղաց տվյալ շրջանում Եվրոպայում լայն ծավալում ստացած ազգային տրամադրությունների համար։ Եվրոպայում կրթություն ստացած արևմտահայ մտավորականների միջոցով էլ այդ տրամադրությունները թափանցում էին Օսմանյան կայսրություն։ Դրա արտահայտություններն են և՛ 1856 «Հաթթը Հումայուն» («Կայսերական գիր»` Օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրովարտակը կայսրության ոչ մահմեդական ժողովուրդների վիճակը բարելավելու վերաբերյալ) հետևած խմորումները, և՛ 1860 թ․ ազգային կանոնադրության գործադրումը, և՛ հետայդու հայկական միջավայրում ծավալվող ազատագրական պայքարը, արևմտահայ և արևելահայ հատվածների փոխառնչությունների սերտացումը։[14] Պակաս կարևոր չէ հայ հասարակական-քաղաքական հոսանքների առաջացումը, որոնք թեև ունեին տարբեր գաղափարաբանական տրամադրություններ ու արձագանք աշխարհում տեղի ունեցող անցուդարձերին, որոշակի սոցիալական խմբերի աշխարհայացքային պատկերացումների արտահայտություններն էին,[15] այդուհանդերձ հավաքականորեն ազգայինը նրանց համար մնում էր գերխնդիր, և այդ շարժումը ձևավորվել ու զարգացել է Հ․ Ալամդարյանի, Խ․Աբովյանի, Ս․ Նազարյանի, Մ․ Նալբանդյանի,Ռ․ Պատկանյանի, Հ․ Սվաճյանի, Գ․Օտյանի, Րաֆֆու, Մ․ Մամուրյանի, Գր․ Արծրունու, Գ․ Սրվանձտյանի և այլոց գրական, գեղարվեստական, մամուլի հանրայնացման գործունեության շնորհիվ։[16]
Ռուսաստանում ազգային շարժումները բավական հաջող կերպով համընկնում են Մ. Հրոհի առաջարկած սխեմայի հետ` բնութագրելու համար ազգային շարժումները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Այսպես, զարթոնքի կամ արթնացման փուլում ազգային մտավորականության համեմատաբար ոչ մեծ խմբի մոտ առաջանում է հետաքրքրություն իր ժողովրդի լեզվի, պատմության և բանահյուսության հանդեպ, քարոզչության փուլում ազգային գիտակցությունը տարածվում է տվյալ էթնոսի լայն շերտերի մոտ, և վերջապես, զանգվածային շարժման փուլում տվյալ ժողովուրդը ընդհանուր առմամբ տարվում է ազգային ինքնագիտակցության գաղափարներով և մոբիլիզացվում է սկզբում հանուն ինքնավարության պայքարի, իսկ հետո՝ հանուն անկախության: Այսպիսով, յուրաքանչյուր ազգային շարժման մեջ դրված էր քաղաքական ինքնորոշման գաղափարը, և եթե այն սկսում էր, ապա, որպես կանոն, զարգանում էր մինչև իր տրամաբանական ավարտը:[17] Այս սխեմայով եթե դիտարկենք, 18-րդ դարի վերջից սկսած կայսրության արևմտյան սահմանագծերում, իսկ 19-րդ դարի առաջին կեսին հարավային և արևելյան ծայրամասերում առավել զարգացած էթնոսների ազգային շարժումները թևակոխեցին մշակութային զարթոնքի փուլ, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20 դարի սկզբում ` քաղաքական քարոզչության փուլ: Զանգվածային շարժումների փուլը նկատվեց 1905թ., միայն ռուսների, լեհերի ֆինների, էստոնացիների, լատիշների, լիտվացիների, հայերի և վրացիների մոտ, իսկ մնացյալ էթնիկ հանրությունների մոտ` 1917թ. և հետայդու:
Ռուսական կայսրությունում ինտեգրացիոն քաղաքականությունը գնահատելիս որպես արդյունք կարող ենք նկատել հետաքրքիր փաստ. այդ քաղաքականությունը նպաստեց կայսրության համեմատաբար զարգացած էթնոսների` հայերի, լեհերի, վրացիների մոտ ընդդեմ Ռուսաստանի մոբիլիզացիային, առաջ բերեց հակառուսական տրամադրություններ կայսրության տարբեր հատվածներում և տարբեր հասարակական շերտերի մոտ: Ընդհանուր առմամբ, արդիականացումը ստեղծեց լուրջ նախադրյալներ ազգային շարժումների նոր վերելքի համար։
[1] Там же, с. 182:
[2] Зубов П., Картина Кавказскаго края , принадлежащаго Россlи, и сопредъльныхъ оному земель въ историческомъ, статистическомъ, этнографическомъ, финансовомъ и торговомъ отношенiяхъ,Ч. 1, СПб, 1834, с. 101:
[3] «Կովկասյան թաթարներ» ձևակերպումը Ռուսական կայսրության վարչական շրջանակների տրված անվանումն էր ներկայիս ադրբեջանցիների 19-րդ դարի նախնիներին։ Քանզի նրանք դավանանքով մահմեդական շիա ուղղությանն էին պատկանում, լեզվով ՝ թյուրքախոս, և «մուսուլման», «մահմեդական» ձևակերպումները նրանց մոտ ստանում էր էթնիկական ինքնանվան իմաստային ծանրաբեռնվածություն, որի դեպքում շեշտադրվում էր լեզվակրոնական գործոնը, և այդ ինքնանվան մեջ ներառում էին բացառապես թյուրքախոս շիաներին, Կովկասի մնացյալ մահմեդականությանը համարում էին աղանդավորներ, ուստի հետագա շարադրանքում մեր կողմից «կովկասյան թաթարներ» և «թյուրքախոս շիաներ» ձևակերպումները կօգտագործվեն որպես հոմանիշներ:
[4] Խառատեան Հ․, Հայատեացութիւնը որպես թուրքական ինքնութեան կառուցման գործօն։ Գաւառահայերը Թուրքիայի Հանրապետութիւնում 20րդ դարի միջնադարում, Եր․, ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտ, 2018, էջ 486:
[5] Նույն տեղում, էջ 487։
[6] Манасян Ал. , Карабахский конфликт: Ключевые понятия и хроника, Ер.։ НОФ “Нораванк”, 2005,с. 157:
[7] Там же, с. 158:
[8] Алпатов В., 150 языков и политика 1917-2002. Социолингвистические проблемы СССР и постсоветского пространства, М.,Крафт+ИВ РАН, 2000, с.29:
[9] Ալեքսանյան Ս., Արևելյան Հայաստանի նոր շրջանի ագրարային հարաբերությունների պատմագրությունը, Եր․, 1991, էջ 133:
[10] Акты, собранные Кавказской археографической комиссией, под ред. А.П. Берже, Тф.,Тип. Глав. Управ. Наместника кавказского,1881, Т. 8, с. 469:
[11] Миронов Б., Указанная работа, с. 31
[12] Суни Р. , Национализм и демократизация в русской революции 1917 г., Анатомия революции, Черняев В. Ю. (ред.), СПб., 1994, С. 278—291:
[13] Olson J. S. (ed.), An Ethnohistorical Dictionary of the Russian and Soviet Empires, Westport, CT, London: Greenwood Press, 1994, p. 147:
[14] Վարանդեան Մ․, Հայկական շարժման նախապատմութիւն, Հ․Յ․Դ․ հրատ․, Ժընեվ, 1913, էջ 4-5:
[15] Խառատյան Ա․, Հայ հասարակական հոսանքները XIX դ․ 50-70-ական թվականներին,Պատմա-բանասիրական հանդես (հետայսու՝ ՊԲՀ), 2006, № 1, էջ 272:
[16] Սարգսյան Ս․, XIX դարի հայ հասարակական հոսանքների հարցի շուրջ, Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2002, № 2 , էջ 6:
[17] Hroch М., Social Preconditions of National Revival in Europe : A Comparative Analysis of the Social Composition of Patriotic Groups among the Smaller European Nations, Cambridge: Cambridge University Press, 1985 : Каппелер А., Россия — многонациональная империя: Возникновение, история, распад, М., 1996, с. 174—203 :