Ռուսաստանի ներթափանցումը Կովկաս

5 ր.   |  2022-05-30

Քաղաքականության հիմնական ուրվագծեր

1 8-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին ակտիվորեն տեղի էր ուննում Ռուսական կայսրության ծավալումը իր հարավային սահմաններից անդին։ Այս ուղղությամբ Ռուսաստանի համար առաջնային գերակայություն էր Կովկաս ներթափանցումը։ Մեր հոդվածը վերաբերում է Կովկասում ռուսական հաստատմանը և քաղաքականությանը։ Հիմնահարցի հետնախորքն ու բովանդակությունն առավել համակողմանի ըմբռնելու համար հույժ կարևորություն է ձեռք բերում նաև այն հանգամանքների դիտարկումը, որոնք հանգեցրեցին Ռուսական կայսրության կազմավորմանը, և հարդյունս դրա` նաև այդ քաղաքականության առաջացումն ու առանձնահատկությունները: Ընդ որում, հետաքրքիր է կայսրության ձևավորման և ազգակերտման գործընթացների առանձնահատկությունները պատմական համապատկերում: Արդյոք կայսրության ձևավորումն ու ընդարձակումը խոչընդոտում էր ազգակերտման և էթնոազգային կոնսոլիդացիայի գործընթացներին: Գրականության մեջ առկա է հասկացությունների տարանջատում` «ազգակերտում» և «պետականակերտում» («строительство нации» և «строительства государства»)[1]:

Ազգակերտումն առավել նվազ շոշափելի, առարկայական գործընթաց է: Այստեղ պահանջվում է բնակչության շրջանում արթնացնել նվիվածության զգացում, ինչին կարելի է հասնել ընդհանրության զգացողության գրգռման հաշվին, ոչ հազվադեպ նաև մշակույթի, պատմության և սիմվոլիզմի մանիպուլյացիայի հաշվին:[2] Ըստ էության, պետականակերտումը Ռուսաստանում խանգարեց ազգակերտմանը: Հարկերի հավաքման և կայսրության պահանջմուքների համար բանակի ստեղծման ջանքերը պահանջում էին գործնականում ողջ բնակչության, հատկապես՝ ռուսների, ենթարկումը պետության շահերին և, այսպիսով, դժվարացնում էին հասարակական միավորումների ստեղծումը, որը ներկայացնում է ազգային ինքնագիտակցությունը քաղաքացիական էութենականությամբ:

Ազգային քաղաքականության սկզբունքների համաձայն՝ նախ, պետականություն ունեցող ժողովուրդների հետ կնքվում էր պաշտոնական համաձայնագիր, և որպես օրինակ կարելի է հիշել 1783 թ. Գեորգիևյան համաձայնագիրը Ռուսաստանի և Վրաստանի միջև: Թեպետ սա անցումային ակտ էր, ըստ իս, քանզի շուտով Ռուսաստանը պետք է վերացներ թագավորական իշխանության ինստիտուտները Վրաստանում և երկիրը վերածեր կայսրության վարչատարածքային միավորի։ Իսկ այն ժողովուրդները, ովքեր զուրկ էին պետականությունից, պարտավոր էին հավատարմության երդում տալ ռուսական ցարին: Կամավոր միացման դեպքում պետությունների միջև հարաբերությունները կարգավորվում էին համաձայնագրին համապատասխան, որը, սակայն, չէր հանգեցնում դաշնության ստեղծման, միացումը իրականացվում էր պրոտեկտորատի տեսքով, որը ժամանակի ընթացքում վերածվում էր լիակատար հպատակության: Լավագույն օրինակը 1805թ․ Ղարաբաղի խանության անցումն էր Ռուսաստանին, որն իրականացվեց Ղարաբաղի խանի և Վրաստանում գտնվող Ռուսաստանի ռազմական ներկայացուցչի միջև կնքված տրակտատով։[3] Այլ դեպքում արդեն հարցը վճռվում էր նվաճմամբ: Այս դեպքում արդեն նվաճված տարածքների վարչատարածքային և հասարակական կառուցվածքը կախված էր Ռուսաստանի կամքից, որը սովորաբար տրամադրում էր նվաճված տարածքներին լայն ինքնավարություն, որը սակայն չպետք է հանգեցներ առանձին պետության առաջացման:[4]

Կայսրության համար կենսական կարևորություն ուներ Կովկասի հարցը և 18-19-րդ դդ. Հյուսիսային Կովկասի հիմնախնդիրը, որը ձեռք բերեց միջազգային նշանակություն: Հայտնի է, որ Անգլիան, Ֆրանսիան, Իրանը և Թուրքիան ձգտում էին ենթարկել իրենց կովկասյան էթնիկ հանրությունները և համատեղ հակազդել ռուսական կայսրության քաղաքականությանը Կովկասում: Այդ առումով հատկապես ակտիվ էր Օսմանյան կայսրությունը: Կրելով բազմակերպ ձևեր` թուրքական միջամտությունը Կովկասում նպաստում էր ազգային վեճերին, կրոնամոլությանը և կրոնական թշնամանքին գլխավորապես մահմեդական էթնիկ հանրությունների մի կողմից, և ռուսների, հայերի, վրացիների միջև մյուս կողմից: Կովկասում լայն տարածում գտավ նաև մյուրիդիզմի կրոնաքաղաքական գաղափարաբանությունը (Ուշագրավ է, որ Կովկաս մյուրիդիզմի ներթափանցման առաջին վայրը համարվում է Շիրվանը[5]): Օսմանյան կայսրությունը, համոզվելով, որ ռազմական միջոցներով կորցրածը Ռուսաստանից ետ խլելն անհեռանկար է, որոշեց օգտագործել Ռուսական կայսրության նորագրավ երկրամասերում քրիստոնեական կարգ ու կանոնից դժգոհ հավատակիցներին: Այսինքն` պայքարին հաղորդվում էր կրոնական երանգավորում: Այդ տեսակետից Ռուսաստանին դիմակայող ուժերի մեջ առավել համառ ու երկարատև էր այն պայքարը, որ մղեցին Կովկասյան լեռնականները 1810-1860-ական թթ.: Սկզբում տարերային այդ շարժումը հետայդու ընկավ Չեչնիայում և Դաղստանում մահմեդական բնակչության շրջանում լայն տարածում գտած, արդեն վերևում նշված մյուրիդիզմի կամ մյուրիդականության ազդեցության տակ:

Մ յուրիդիզմի տեսությունն ու գործունեությունը հանգեցնում էր լեռնականների մեկուսացմանն ու առանձնացմանը Կովկասի և Ռուսական կայսրության քրիստոնյա ժողովուրդներից, նրանց ակամայից գործիք էր դարձնում Ռուսաստանի հակառակորդ Թուրքիայի և Արևմտյան տերությունների քաղաքականությանը:[6]

Այսպիսով, Անդրկովկասն անխուսափելիորեն ներքաշվեց Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական հետաքրքրությունների ուղեծրի մեջ:

Եթե գնահատելու լինենք Կովկասի ներգրավումը Ռուսական կայսրության կազմում, ապա կարելի է փաստել, որ դա ապահովեց նրանց հետամնացության, մեկուսացվածության և քաղաքական մասնատվածության հաղթահարումը, նրանց ընդգրկումը համառուսաստանյան տնտեսության մեջ, համառուսական և համաշխարհային շուկա, ինչպես նաև նպաստեց Թուրքիայի և Իրանի համեմատությամբ մշակութապես և հասարակական շարժունակության առումով առավել զարգացած ռուսաստանյան իրականությանն ինտեգրվելուն:

Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ ռուսական կայսերականության գաղութային քաղաքականության մասին: Կովկասում ցարիզմի հաստատվելուց հետո 19-րդ դարի 1 –ին կեսին այն ձեռք բերեց նոր, առավել խիստ դրսևորումներ, քան նախընթաց հարյուրամյակում էր: Դա էլ տեղական բնակչության մոտ առաջացրեց ոչ միայն անվստահություն, այլև, ոչ հազվադեպ, նաև թշնամական վերաբերմունք ամենայն ռուսականի հանդեպ: Ավատատիրական դասի հայտնի շատ ներկայացուցիչներ (արքայազն Ալեքսանդրը Վրաստանում, խան Կազիկումուխա Սուրխայը և այլն) հանդես եկան որպես Ռուսական կայսրության դեմ ուղղված շարժումների նախաձեռնողներ և կազմակերպիչներ:[7] Այստեղ կարևոր ենք համարում նկատել, որ ի տարբերություն մյուրիդականության հարուցած շարժման, այս շարժումները չէին քողարկվում կրոնական շղարշով հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ հանդես էին գալիս նույն դավանանքն ունեցող տերության դեմ:

Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ Ռուսաստանի նոր տարածքներ յուրացնելու և իր կազմում նոր ժողովուրդների ներառման գործընթացը տարբերվում էր եվրոպական դասական կայսրությունների գաղութարար քաղաքականությունից։ Եթե եվրոպական տերությունների քաղաքականության հիմնական գիծը թեկուզ զենքի ուժով նոր տարածքների նվաճումն էր, ապա Ռուսաստանի քաղաքականությունն ավելի բազմակերպ էր, որն իր մեջ ներառում էր և միացող ժողովուրդների երդմամբ ամրապնդելն իրենց մուտքը Ռուսաստանի կազմ, և համաձայնագրեր կնքելը և կամավոր միացումները։


[1] Хоскинг Дж., Россия: народ и империя (1552-1917) , Смоленск, “Русич”, 2001, с. 10
[2] Там же, с. 11:
[3] Акты, собранные Кавказской археографической комиссией, под ред. А.П. Берже, Тф.,Тип. Глав. Управ. Наместника кавказского,1868, Т. 2, сс. 704-705
[4] Миронов Б.,Социальная история России периода империи (XVIII-начало XXв.): В 2 т., Т 1, СПб., 2003, с. 30:
[5] Махмудбекова, Мюридическая секиа на Кавказе, Сборник материалов для описания местностей и племен Кавказа, Издание Управления Кавказского Учебного Округа, Тифлис, 1898, Вып. 24, Отд.1, с.17
[6] Սարուխանյան Ն., Հայկական հարցը մինչխորհրդային հայ հասրակական-քաղաքական մտքի և պատմագրության մեջ, Եր. , 1997, էջ 206:
[7] Смирнов Н., Политика России на Кавказе в XVI-XIX веках , М., 1958, с. 181: