Ուկրաինացիների և վրացիների ազատության զգացումները նման են. վրացի փորձագետ
5 ր. | 2022-05-24Ռ ուս-ուկրաինական պատերազմը խնդիրներ է ստեղծել ինչպես վրաց-ուկրաինական ռազմավարական հարաբերություններում, այնպես էլ Վրաստանի ներքաղաքական կյանքում։ Վրաստանի պաշտոնական արձագանքն ու դրան հաջորդած հանրային դժգոհությունն արդեն տևական ժամանակ լարված են պահում երկու երկրի հարաբերությունները։
Այնուամենայնիվ, աճող քննադատությունների համատեքստում Վրաստանն Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրող երկրների ցանկում առաջինն է։ Վրաստանում Ուկրաինայից տեղահանված և բնակություն հաստատած 28 հազար քաղաքացու պետական աջակցություն է տրամադրվում, Վրաստանի տարբեր քաղաքներում դպրոցներում ուկրաինացի երեխաները շարունակելու են սովորել Ուկրաինայի կրթական ծրագրով։
Մայիսի 13-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում վերահաստատել է պատերազմի մեկնարկից հետո իշխանության դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ «Մենք երաշխավորում ենք բնակչությանը երկարաժամկետ խաղաղություն։ Ոչ մի երկրորդ ճակատ, ոչ մի պատերազմ երկրում չի լինելու։ Բոլոր քաղաքացիների համար կարևոր է, որ երկրում լինի խաղաղություն և կայունություն։ Սա հիմքերի հիմքն է։ Մեր երկիրը, մեր ժողովուրդը, կարելի է ասել արդեն երեք անգամ կռվել է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Սկսած 90-ականներից, հետո ներքին, քաղաքացիական պատերազմը, օգոստոսյան պատերազմը, որը մինչ օրս շարունակվում է...»,- հայտարարել էր Ղարիբաշվիլին։
Հատկանշական է, որ Իրակլի Ղարիբաշվիլին դեռևս պատերազմի մեկնարկի հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին, հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին՝ հաշվի առնելով ազգային ու սեփական բնակչության շահերը։ Նշվել էր, որ Վրաստանը չի պատրաստվում անցկացնել Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ «Որևէ անհրաժեշտություն չկա այս իրավիճակում անցկացնել ԱԱԽ նիստ։ Իմ ձեռագիրը չէ ԱԱԽ նիստ անցկացնել, PR կամ ինչ-որ շոու կազմակերպել.... Վրաստանին ոչինչ չի սպառնում»,- հայտարարել էր երկրի վարչապետը։
Վրաստանի վարչապետի, ինչպես նաև ԱԳՆ-ի զուսպ մոտեցումները և դրանց համատեքստում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ակտիվ հայտարարությունները միջազգային հանրություն շրջանում և Վրաստանի ներքաղաքական կյանքում շահարկումների առիթ դարձան, թե կառավարությունն ու նախագահը տարաձայնություններ ունեն։ Վրաստանի իշխանությանը դիրքորոշման համար ակտիվ քննադատել և քննադատում է ուկրաինական կողմը։
Խնդիրն ավելի ակնառու դարձավ, երբ մարտի 14-ին երկրի խորհրդարանում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարեկան հաշվետվություն ներկայացնելիս՝ քննադատեց ինչպես իշխանությանը, այնպես էլ՝ ընդդիմությանը՝ անդրադառնալով Ուկրաինային և դրա շուրջ իրավիճակին։
«Այսօր երկու կողմն էլ՝ իշխանությունն ու ընդդիմությունը մեղք են գործում։ Մեծամասնությունը, փոխանակ համաձայնության ուղիներ գտնելուն, բոլորին, ովքեր չեն համաձայնում իրենց հետ, անվանում է դավաճան, հետևաբար՝ պատերազմի կողմնակիցներ։ Ընդդիմությունն էլ համաձայնություն փնտրելու փոխարեն՝ իշխանության ցանկացած գործընթաց և հայտարարություն ռուսամետ է անվանում... Համաձայն եմ իշխանության հետ, որ անհրաժեշտ է որոշակի զգուշություն, համաձայն եմ նաև ընդդիմության հետ, որ կարելի է ցուցաբերել որոշակի խիզախություն...»,-հայտարարել էր Զուրաբիշվիլին։
Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (GFSIS) փորձագետ Զուրաբ Բաթիաշվիլին «Օրբելի» կենտրոնի հետ զրույցում նկատում է, որ «Վրաստանը պետք է իր տեղը գտնի նոր աշխարհակարգում, որը կստեղծվի պատերազմից հետո»։
«Վրաստանի կառավարությունն ասում է, որ պատերազմ չի ուզում Ռուսաստանի հետ։ Իրականում՝ ոչ ոք չի ուզում։ Բոլորս խաղաղություն ենք ուզում, բայց մենք պետք է հստակ հայտարարենք, թե ով է այս պատերազմում ագրեսիվը։ Մենք պետք է ասենք, որ Ռուսաստանն օկուպացրել է ոչ միայն Ուկրաինան, այլև՝ Վրաստանը։ Մենք պետք է պահանջենք ռուսական զորքի դուրսբերում Վրաստանի օկուպացված տարածքներից (Աբխազիա և Ցխինվալի շրջան)»,- նշել է Զուրաբ Բաթիաշվիլին։
Անդրադառնալով վրաց-ուկրաինական հարաբերությունների լարվածությանը՝ փորձագետը շեշտում է, որ «Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը շատ նման են ու այդ երկու երկրի մարդիկ նույն զգացողություններն ունեն ազատության վերաբերյալ»։
«Բայց Վրաստանի կառավարությունը չի մասնակցում Ռուսաստանի դեմ Արևմտյան պատժամիջոցներին։ Նույնիսկ չի փակել օդային սահմանը։ Այդ իսկ պատճառով այս իրավիճակը ստեղծում է հարցեր ոչ միայն պաշտոնական Կիևի և Թբիլիսիի միջև, այլ նաև՝ հենց Վրաստանում»,- նշել է փորձագետը։
Ուկրաինական իրադարձությունների համատեքստում Վրաստանում բազմիցս անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու հանրային կարծիքը հակամարտության, Վրաստանի իշխանության արձագանքի և այլ հարցերի վերաբերյալ։
Ռ ազմական գործողությունների մեկնարկից մի քանի օր անց՝մարտի 4-6-ը վրացական ACT ընկերությունը հեռախոսային հարցումներ էր իրականացրել Վրաստանում՝ պարզելու հանրային ընկալումները Ռուսաստանի, պատերազմի և դրա հնարավոր ազդեցության մասին։
Ըստ հետազոտության (մասնակցել է 809 հոգի )՝ հարցվածների 84%-ի համար Ռուսաստանը թշնամի է, նման կարծիքի չի եղել 11%-ը։ 88%-ը ցանկացել է, որ պատերազմում հաղթի Ուկրաինան, 1%-ը՝ ՌԴ-ն։ Հարցվածների 96%-ը կարծում է, որ Ուկրաինայի դեպքերն ուղղակիորեն կամ մասամբ վերաբերում են Վրաստանին, իսկ 87%-ն էլ վստահ է, որ «Ուկրաինայի պատերազմն իրենց պատերազմն էլ է»։ Հարցման մասնակիցների 72%-ը նշել է, որ Ուկրաինայում հաջողության հասնելու դեպքում հաջորդը Վրաստանը կլինի։
Ուկրաինայի պատերազմն իրենցը համարելու դիրքորոշման վերաբերյալ Զուրաբ Բաթիաշվիլին նշել է, որ այն լիովին բնական է։ «Դա է պատճառը, որ հարյուրավոր վրացիներ միացել են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ պայքարող օտարերկրյա լեգիոնին։ Ուկրաինայի դրոշը դարձել է ազատության խորհրդանիշ։ Այսօր Թբիլիսիի փողոցներում և պատշգամբներում կարելի է գտնել այնքան ուկրաինական դրոշներ, որքան վրացական»- նշել է Բաթիաշվիլին։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում կռվող վրացիներին և Վրաստանի քաղաքացիներին, փորձագետը նշել է, որ «նրանք կռվում են ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև՝ Վրաստանի համար»[1]։
Հատկանշական է, որ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) պատվերով 2022թ. փետրվարին և մարտին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի (CRRC) իրականացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 46%-ը դրական է գնահատել Վրաստանի վարչապետի արձագանքը պատերազմին։ Բացասական է համարել հարցվածների 37%-ը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արձագանքը դրական է համարել հարցվածների 63%-ը, բացասական՝18-ը։
[1] Մայիսի 13-ի դրությամբ Ուկրաինայում զոհվել է վրացի 11 մարտիկ։