ՌԴ-Ուկրաինա. ազգայնականության և պատմության հետնախորքը
4 ր. | 2022-03-20Ռ ուս-ուկրաինական պատերազմի տեղեկատվական և փորձագիտական-վերլուծական հսկայածավալ անդրադարձերը հիմնականում սևեռվում են երկու պետությունների հարաբերությունների զարգացման արդի փուլին՝ բաց թողնելով դրանց սկզբնապատճառները։
Քսանորերորդ դարը Ուկրաինայի՝ որպես պետության կազմավորման և հետագա զարգացման ժամանակաշրջանն էր։ Ուկրաինական պետության կազմավորումը զուգակցվում էր Ռուսական նախկին կայսրության տարածքում ընթացող բարդագույն քաղաքական անցուդարձերի հետ։ Ըստ էության, մինչև 1917թ. հեղափոխական իրադարձությունները Ուկրաինայում անկախ պետականություն ստեղծելու գաղափարը հանրային գերիշխանություն չէր վայելում։ 1917թ. քաղաքական բուռն իրադարձությունների ընթացքում էլ ուկրաինական վերնախավի հիմնական մասը Կիևի ապագան շարունակում էր կապել Ռուսաստանի հետագա կերպաձևի հետ։ Հենց այդ շրջանում էլ ավելի ընդհանրական տեսք ստացավ ուկրաինական ազգայնական պատումները։
Ուկրաինացի պատմաբան Միխայիլ Գրուշևսկին ուկրաինական պատմության հիմնական ուրվագծերը ներկայացնող և ընդհանրացնողն էր, ուկրաինացիների՝ որպես առանձին էթնիկ հանրություն ներկայացնող ինտելեկտուալը։ Գրուշևսկին պատահական անձնավորություն չէր. նա 1917թ. մարտից մինչև 1918թ. գոյատևած Ուկրաինական Կենտրոնական Ռադայի նախագահն էր, ըստ էության՝ այդ ժամանակ Ուկրաինայում կազմավորված առաջին քաղաքական-պետական մարմնի առաջին դեմքը, պետության ղեկավարը։ Գրուշևսկու հայեցակարգային հեղաբեկումը այն էր, որ իր աշխատություններում առաջ քաշեց տեսակետ, թե Ուկրաինան Ռուսաստան չէ, միասնական ռուսական ժողովուրդը ընդամենը միֆ է։
Ըստ նրա՝ Վլադիմիր-Մոսկովյան իշխանությունը Կիևյան Ռուսիայի հետնորդը և ժառանգորդը չէ, այլ առաջացել և զարգացել է իր սեփական արմատի հիման վրա։ Եվ ընդհակառակը, Կիևյան իշխանությունը Կիևյան Ռուսիայի անընդհատական ժառանգորդն է, որի հիման վրա կազմավորվեց ուկրաինական ժողովուրդը և Ուկրաինա պետությունը։
Չխորանալով պատմագիտական մանրամասնությունների և բանավեճերի մեջ՝ հարկ է արձանագրել, որ և ռուսաստանյան, և ուկրաինական մասնագետների բանավեճերը կրում են քաղաքական երանգ։ Քաղաքական բաղկացուցիչը և 1918-1920-ական թվականներին, և խորհրդային շրջանում, և հետխորհրդային ժամանակաշրջանում ուղեկցել և ուղեկցում է Ուկրաինայի և Ռուսաստանի պատմության վերաբերյալ հրապարակումներին ու բանավեճերին։
Ռուսաստանի դեպքում քաղաքական բաղկացուցիչը հղում է անում կայսերական անցյալին և տրամաբանությանը, Ուկրաինայի դեպքում՝ այդ կայսերական ուղեծրից անջատվելուն։ Ուկրաինայի պետականության կայացման համար, որքան էլ տարօրինակ թվա, կարևոր դեր խաղաց Խորհրդային Միության կազմավորումը։ ԽՍՀՄ կազմավորման գործընթացում կարևոր էր Ուկրաինայի գործոնը, ինչի վրա էլ կատարվեց խաղադրույքը։ Ուկրաինան այն սահմաններով, որոնցով 1991թ. անկախացավ, ձևավորվել էր Խորհրդային Միության կազմավորման սկզբնական հատվածում և առաջին տարիներին, իսկ 1954թ.-ից էլ՝ ավելացավ Ղրիմը։ Ուկրաինան որպես պետական միավոր կայացավ խորհրդային շրջանում ոչ միայն վարչական-սահմանային, այլև լեզվամշակութային առումով։
1930-ական թվականների առաջին կեսին ընթացող կորենիզացիայի կամ ազգայնացման քաղաքականությունը միտված էր միութենական հանրապետություններում տեղական լեզուների, վերնախավի, մշակույթի տեղայնացմանը։ Ուկրաինայի դեպքում դա ստացավ «ուկրաինիզացիա» անվանումը։ Իհարկե, նման քաղաքականությամբ Մոսկվայի բոլշևիկյան ղեկավարությունը նպատակ ուներ ամրապնդելու իր իշխանությունը, և որոշ չափով լիբերալ այդ քաղաքականությունը ընդգրկեց կյանքի գրեթե բոլոր ոլորտները։
Ստացվում է, որ 1917-1921թթ. Ուկրաինայում ծավալված ազգային զարթոնքը, ազգայնական տրամադրությունները և որպես արդյունք՝ ուկրաինիզացիայի գործընթացն իրենց ձեռքը վերցրին և շարունակեցին խորհրդային իշխանությունները։ Ուկրաինիզացիայի ենթարկվեցին թերթերը, բուհերը, դպրոցները, թատրոնները, վարչական ապարատը։ Պաշտոնական գրագրությունը ևս ուկրաիներեն էր, լայն թափ ստացավ գրահրատարակչությունը, ուկրաիներեն հրատարակվեցին ուկրաինական դասական և երիտասարդ գրողների ստեղծագործությունները։
Մ ոսկվայի կողմից իրականացվող ուկրաինիզացիայի քաղաքականությունը միանաշանակ չընդունվեց հենց Ուկրաինայում։ Բանն այն է, որ Ուկրաինայի կոմկուսի ղեկավարները էթնիկ ուկրաինացիներ չէին, Ուկր. Կոմկուսի ղեկավարներ էին գերմանացի Էմմանուիլ Կվիրինգը, հրեա Լազար Կագանովիչը, լեհ Ստանիսլավ Կոսիորը։ Նրանք մոսկովյան մշակույթը համարում էին առաջադեմ, իսկ ուկրաինականը՝ «գյուղական ցածր մշակույթ», ինչից ելնելով էլ՝ դիմադրում էին կորենիզացիայի քաղաքականությանը։ Սրա ֆոնին առաջացել էր նացիոնալ-կոմունիստական թևը՝ ի դեմս լուսժողկոմներ Ալեքսանդր Շումսկիի և Նիկոլայ Սկրիպնիկի։ Վերջինս ավելի հեռուն գնաց՝ Մոսկվա հանդիպումների մեկնելիս իր հետ թարգմանիչ էր տանում։ Այն, որ կորենիզացիայի քաղաքականությունը ընդհանրապես և ուկրաինիզացիան մասնավորապես, պայմանավորված էր քաղաքական նպատակահարմարությամբ, ակնբախ է դառնում Մոսկովյան կենտրոնի քայլերով արդեն 1920-ական թթ վերջերին և 1930-ականներին, երբ Կենտրոնում հասկացան, որ ուկրաինիզացիայի գործընթացը բավական հեռու է գնացել, և վերադարձան ռեպրեսիվ մեթոդներին։ Հացահատիկի բռնագրավումը և սովը Ուկրաինայում այդ քաղաքականության բաղադրիչներից էին։
Ի՞նչ է ստացվում։ Խորհրդային Միությունը Ուկրաինայի խորհրդայնացումից հետո չպայքարեց ազգային տրամադրությունների դեմ, ավելին՝ ավելի համակարգային դարձրեց ուկրաինիզացիան, գործնականորեն ձևակերպեց ազգային տարածքը, լեզուն, վարչակազմը, Ուկրաինայի՝ որպես առանձին մշակութային և քաղաքական միավոր լինելու գաղափարը։
Խորհրդային Միության ողջ ընթացքում Ուկրաինան ուներ լուրջ ազդեցություն ներքաղաքական կյանքում, ՄԱԿ-ում Խորհրդային Ուկրաինան ուներ ձայնի իրավունք։ Ահա այն ժառանգությունը, որ ստացավ Ուկրաինան ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հետխորհրդային տարածաժամանակային իրողությունը ՌԴ-ի և Ուկրաինային փոխհարաբերությունների հակասականության արձանագրումն է։ ՌԴ քաղաքականությունը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ Ռուսաստանը, ըստ էության, Ռուսաստանյան կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդն է, և նախկին Ցարական կայսրության և ԽՍՀՄ տարածույթի երկրները իր ազդեցության ոլորտն են։ Այդ տարածքի պետությունների հետ հարաբերությունները կառուցվում են հենց այն համատեքստում, որ նրանք պահվեն ռուսական ազդեցության գոտում՝ տարբեր ինտեգրացիոն մոդելների կիրառման միջոցով։
Ուկրաինան, հետնախորքում ունենալով 1917-1921թթ. ազգայնական վերելքի պատմական հիշողության և ԽՍՀՄ կազմավորման առաջին տասնամյակի ուկրաինիզացիայի իրողությունները, փորձ էր անում վարել ինքնուրույն ինտեգրացիոն կողմնորոշման քաղաքականություն։ Հետխորհրդային Ուկրաինայի համար գաղափարա-քաղաքական բարդություն էր այն հանգամանքը, որ մշակութային, լեզվական, դավանական առումով երկրի տարածքը միատարր չէր։ Գալիչինան և Արևմտյան Վոլինը՝ Արևմտյան Ուկրաինան, ունիատ-կաթոլիկական դավանանքին էր պատկանում, Արևելյանը՝ ուղղափառ ուղղությանը, որը ավանդականորեն Արևմտյան հատվածին ուղղորդում էր եվրոպական ինտեգրացիայի, Արևելյանը՝ ռուսաստանյան միջավայր։ Այս իրողությունը ոչ պակաս ազդեցություն է ունեցել հետխորհրդային Ուկրաինայի քաղաքական զարգացումներում։ ՌԴ-Ուկրաինա հարաբերությունների սրացման համատեքստում վերոշարադրյալ իրողությունները ունեն հանգուցային նշանակություն։