Մրցունա՞կ է արդյոք Երևանը

6 ր.   |  2019-01-08

Աշխարհի բնակչության 54%-ն այսօր ապրում է քաղաքներում, իսկ 2045թ. քաղաքաբնակների թիվը կհասնի շուրջ 6 մլրդ-ի: Արդեն այսօր համաշխարհային ՀՆԱ−ի 80%−ն ստեղծվում է քաղաքներում: Նշանակում է՝ ուրբանիզացիան (քաղաքակենտրոնացումը) ևս մեկ լրացուցիչ խթան է տնտեսության մեջ նորամուծությունների ներդրման, արտադրողականության բարձրացման և տեխնոլոգիական զարգացման համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհի ամենազարգացած քաղաքներն աչքի են ընկնում շարժունակությամբ, առողջապահության բարձր մակարդակով, հասարակական անվտանգությամբ: Այս առումով առանձնանում են Սինգապուրը, Լոնդոնը, Նյու Յորքը, Սան ֆրանցիսկոն, Չիկագոն և այլն: Սինգապուրում` ասիական այդ հզոր մեգապոլիսում, յուրաքանչյուր բնակիչ տարեկան տնտեսում է մինչև 60 ժամ`զարգացած տրանսպորտային համակարգի շնորհիվ, իսկ քաղաքի տեսահսկողական ցանցն օգնում է իրավապահներին արդյունավետ պայքարել հանցագործությունների դեմ:

Սակայն ուրբանիզացիան ունենում է նաև բացասական հետևանքներ. բնակչության թվի աննախադեպ աճը հանգեցնում է առկա հիմնախնդիրների սրացման և նորերի առաջացման՝ ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման, տրանսպորտային համակարգի զարգացման, բնակարանաշինության, աղքատության աճի, գործազրկության, օդի աղտոտման, բնական աղետների դիմակայության և այլ ոլորտներում:

Ն ախորդ տարվա փետրվարին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի ունեցած Քաղաքների համաշխարհային համաժողովի 9-րդ նստաշրջանում (World Urban Forum WUF9) քննարկվել են քաղաքների ճկուն, կայուն և ներառական զարգացման ուղիների հարցերը, ինչպես նաև՝ առաջավոր փորձի տարածման և նոր քաղաքային ծրագրերի  տեղայնացման հնարավորությունները: Այս տեսանկյունից ենք փորձելու դիտարկել Հայաստանի ուրբանիզացիոն խնդիրներից մի քանիսը, որոնք անմիջական առնչություն ունեն քաղաքի մրցունակության ապահովման հետ:

2018թ. հունվարի տվյալներով Հայաստանի Հանրապետության 2972.7 հազ. մշտական բնակիչներից 1895.8 հազարը բնակվում են քաղաքներում, որից Երևանում՝ 1077.6 հազարը: Քաղաքային բնակչության թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 138.0 հազ. մարդ, ապա՝ Կոտայքի և Լոռու մարզերը, համապատասխանաբար՝ 137.1 հազ. և 128.8 հազ. բնակչությամբ: Քաղաքային բնակչության թիվն ամենաքիչը Վայոց Ձորում է`17,4 հազ. մարդ: Բնակչության նման կենտրոնացվածությունը Երևանում ստեղծում է մի շարք խնդիրներ՝ ազգային տնտեսական անվտանգությունից մինչև օդի աղտոտվածություն, տեղաշարժի խոչընդոտներ` հատկապես տրանսպորտային ցանցի անկատարության պատճառով, բնակարանային սուղ պայմաններ, գործազրկություն և այլն:

Համաշխարհային քաղաքային ֆորումում անդրադարձ է կատարվել նաև քաղաքների մրցունակության բարձրացման խնդրին: Ըստ միջազգային կառույցների բնորոշման [1]՝ «Մրցունակ է համարվում այն քաղաքը, որն աջակցում է կազմակերպություններին` աշխատատեղեր ստեղծելու, արտադրողականությունը բարձրացնելու և քաղաքացիների եկամուտներն ավելացնելու հարցում, ինչը նպաստում է կենսամակարդակի բարձրացմանը»:

Ինչպես նշված է Երևանի քաղաքային նախորդ իշխանությունների 2017թ. տարեկան հաշվետվության մեջ, քաղաքի մրցունակության պատկերացումները սահմանափակվում են գլխավորապես կրթական հաստատություններում պայմանների բարելավմամբ և մայրաքաղաքի մարզական և մշակութային կյանքն արտացոլող միջոցառումների իրականացմամբ: Այսպես, 2018թ.-ին Երևանի բյուջեով կրթության ոլորտին հատկացվել է 28.7մլրդ դրամ կամ քաղաքային բյուջեի 33,7 տոկոսը, ինչը շարունակում է գերազանցել մյուս ոլորտներին կատարված հատկացումները: Համեմատության համար նշենք, որ սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտին հատկացվել է ընդամենը 2,4 մլրդ. դրամ՝ քաղաքի ընդհանուր ծախսերի 2.8 տոկոսը, իսկ տնտեսական հարաբերություններին` 12,4 մլրդ դրամ`14,6 տոկոսը:

Երևանում ընդգծված անհամաչափությամբ են զարգանում նաև վարչական շրջանները, ինչը երևում է Շենգավիթի, Դավթաշենի, Մալաթիա−Սեբաստիայի կամ Կենտրոն վարչական շրջանների համեմատությունից:

Այնինչ, մրցունակ քաղաքն ունի ներառական և հեռանկարային զարգացման գործառույթ, և պետք է համադրի քաղաքի տարածական, սոցիալական և տնտեսական զարգացման ներուժը:

Ք աղաքային բնակավայրերում մեծ է նաև աղքատների թիվը. Երևանում այն 33,3% է, այսինքն մայրաքաղաքի յուրաքանչյուր 3−րդ բնակիչ աղքատ է և անկարող է ապահովել նույնիսկ կենսամակարդակի նվազագույն պահանջները: Պատճառներից, թերևս ամենակարևորը քաղաքում գործազրկության բարձր մակարդակն է: Մասնավորապես, Երևանում 2018թ.−ի օգոստոս ամսվա վերջի դրությամբ աշխատանք փնտրողներից 9560-ը գործազուրկ է: Եթե ավելացնենք նաև աղբահանության, հասարակական տրանսպորտի, քաղաքային բնակարանաշինության և այլ խնդիրները, ապա ակնհայտ է դառնում մրցունակությունը պայմանավորող գործոնների անկատարությունը:

Համեմատելով ուրբանիզացիայի ընթացքն Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում կարող ենք արձանագրել, որ, եթե 2050-ին Հայաստանում քաղաքաբնակների ընդհանուր թիվը կկազմի 2700 հազ., ապա Ադրբեջանում` 11039 հազ., Վրաստանում` 3394 հազ., Թուրքիայում՝ 95627 հազ.:

Թուրքիայում հետազոտվող ժամանակահատվածում քաղաքաբնակների թվի գրեթե քառապատկումը (1950թ. քաղաքաբնակների թիվը 21408 հազ. էր) պայմանավորված է քաղաքների զարգացման այնպիսի նորարարական մոտեցումներով, ինչպիսին քաղաքներում տեխնոպարկերի ստեղծումն է, ենթակառուցվածքների կատարելագործումը, ծառայության և զբոսաշրջության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու սպասարկման բարձր մշակույթի ապահովումը:

Երևան քաղաքի մրցունակության ապահովումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը կարող է իրականացվել, եթե արդյունավետ և համակարգված օգտագործվի քաղաքի տնտեսական, գիտական, ֆինանսական, մշակութային և մարդկային ներուժը: Նշենք, որ աշխարհի խոշոր քաղաքներն առանձնանում են բուհերի, կրթական ու գիտական այլ հաստատությունների կենտրոնացվածությամբ: Հետևաբար, ոչ պակաս կարևոր է քաղաքում տեղակայված բուհերի ներուժի օգտագործումը, ինչը կարող է ծանրակշիռ դերակատարություն ունենալ քաղաքի մրցունակության բարձրացման համար:

Ինչպես վկայում է միջազգային փորձը, երկրի նորարարական զարգացման և մրցունակության բարձրացման ուղիներից մեկը խոշոր քաղաքներում տեխնոպոլիսների, տեխնոպարկերի ստեղծումն է: Դրանք քաղաքներում հիմնված ազատ տնտեսական գոտիներ են, որոնք ստանալով հարկային, ֆինանսական, արտադրական գործունեության արտոնություններ, նպաստում են գիտատեխնոլոգիական, նորարարական զարգացմանը: ԱՄՆ−ում նման ազատ տնտեսական գոտիների օրինակ է «Սիլիկոնային հովիտը», որն իր ծանրակշիռ դերակատարումն ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ամբողջ աշխարհում դրանց տարածման գործում:

Տեխնոպարկերի ստեղծումը Երևանը մրցունակ քաղաք դարձնելու ուղիներից մեկն է: Այս տեսանկյունից ուշադրության է արժանի Երևանում «Սինոփսիս Արմենիա»-ի, «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և այլ կազմակերպությունների արդյունավետ և նորարարական գործունեությունը՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում: Մրցունակ քաղաքի զարգացման տեսլականում ոչ պակաս կարևոր դերակատարություն ունեն քաղաքի արտադրական կարողությունները: Ավելորդ չենք համարում նշել, որ Երևանի արտադրողական ներուժը ևս կարող է էապես բարձրացնել քաղաքի մրցունակությունը: Երևանի տնտեսությունը բազմաճյուղ է՝ թեթև և սննդի արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զանազան ծառայություններ, գյուղմթերքի վերամշակում և այլն: Մշակող արդյունաբերության 80%−ից ավելին կենտրոնացված է Երևանում: Հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42,1%-ը, շինարարության 53,9%-ը, մանրածախ առևտրի 82,6%-ը, ծառայությունների 85,5%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի 77,6%-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների 33,2%−ը նույնպես Երևանում են: Նշենք նաև, որ ծառայությունների 14,6%−ը տեղեկատվության և կապի ծառայություններն են, ինչը մրցունակ քաղաքի կարևորագույն պահանջներից է:

Քաղաքի մրցունակության ապահովման կարևորավորագույն գրավականներից է նաև քաղաքաբնակների եկամուտը: 2017թ. ամսական միջին անվանական աշխատավարձը Երևանում 194182 դրամ էր, որը գերազանցել է հանրապետության ընդհանուր միջին ցուցանիշը 16365 ՀՀ դրամով: Մրցունակության տեսանկյունից ուշագրավ են նաև զբոսաշրջության ոլորտի հաջողությունները: 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1172402 զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր անցկացրել են Երևանում: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 21,1%−ով: Վերոնշյալ վիճակագրությունը փաստում է Երևանի մրցունակ քաղաք դառնալու տնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային հնարավորությունը:

Այսպիսով, մրցունա՞կ է արդյոք Երևանը: Առայժմ` ոչ: Սակայն իրողություն է, որ Երևանը նոր զարգացումների շեմին է և մոտ ապագայում այն կարող է դառնալ «մրցունակ»: Քաղաքների զարգացման միջազգային փորձը վկայում է, որ քաղաքի մրցունակության ապահովումը բազմագործոն և բազմաշերտ է և ներառում է գերազանց ենթակառուցվածքները, անվտանգության ապահովման ժամանակակից համակարգերը, տնտեսական, գիտական ներուժի, մշակութային օջախների, տեսարժան վայրերի առկայությունն ու դրանց ներառական զարգացումը:

Քաղաքի բարձր տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ−ի մեջ, համեմատաբար ուժեղ տնտեսությունը, մեծ թվով տեսարժան վայրերը, մշակութային օջախները, գիտական ներուժը, անվտանգության ապահովման համեմատաբար բարձր մակարդակը, տարվա գրեթե բոլոր եղանակներին բարենպաստ կլիմայական պայմանները կարող են նպաստել Երևանի մրցունակության բարձրացմանը: Քաղաքի կայուն զարգացման ապահովումն ու ռազմավարական գերակայությունների որոշումը օրվա հրամայական է, որի լուծումը թույլ կտա միավորել և ներառականություն հաղորդել քաղաքի առաջընթացին միտված տարածական, սոցիալական և տնտեսական գործոններին: Քաղաքային նոր իշխանությունների կողմից Երևանի տնտեսության ճկուն և արդյունավետ կառավարումը թույլ կտա լուծել բնակարանաշինության, ջրամատակարարման, քաղաքային աղքատության կրճատման, աշխատատեղերի ստեղծման և առհասարակ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազում հիմնախնդիրներ՝ նպաստելով երևանաբնակների քաղաքակիրթ ապրելակերպին: Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև պետական և մասնավոր ոլորտների, քաղաքացիական հասարակության, և բոլոր շահագրգիռ կողմերի գործողությունների համակարգումը:


[1] Competitive Cities for Jobs and Growth: What, Who, and How December 10, 2015World Bank MC 13-121, Washington DC, p.1