Արդյունաբերական նոր հեղափոխություն՝ միֆ թե՞ իրականություն
6 ր. | 2019-01-082018թ. հունվարի 23-26-ը Շվեյցարիայում տեղի ունեցավ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, որն արձանագրեց համաշխարհային տնտեսության զարգացման նոր իրողություններն ու նոր ռիսկերը: Դավոսյան համաժողովում, մասնավորապես անդրադարձան տնտեսական և տեխնոլոգիական ռիսկերին, դրանց զարգացման ճարտարապետությանը և վերջիններիս նկատմամբ համաշխարհային հանրության գերագնահատված սպասումներին: Այն, որ տեխնոլոգիաները մարդկային քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերում, հատկապես 20-րդ դարի կեսերից մինչ այժմ երկրների տնտեսական աճի և ֆիրմաների կողմից յուրացվող գերշահույթների հիմնական շարժառիթն են և աղբյուրը՝ անվիճելի է: Դեռևս նախորդ դարավերջից համաշխարհային տնտեսության գլոբալացման արդյունքում վերազգային կորպորացիաների (նոր տեխնոլոգիաների հիմնական տարածողների) գործունեության շնորհիվ զարգացած երկրներն արձանագրեցին գերշահույթներ, իսկ զարգացող երկրներից շատերն իրենց հաջողությունները գրանցեցին նույն գլոբալացման ընձեռած հնարավորությունները ազգային շահերին ծառայեցնելու գիտակցումից ելնելով (ներդրումային բարենպաստ միջավայր, ինտեգրում գլոբալ արժեշղթաներին և այլն): Այս համատեքստում, ակնհայտ են, օրինակ ամերիկյան, ճապոնական, ասիական, չինական տնտեսական մոդելների առավելությունները: Եվ միանգամայն օրինաչափորեն, Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը դեռևս 2016թ.-ին իր «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» աշխատության մեջ, նաև 2018թ.-ի դավոսյան համաժողովում շրջանառության մեջ դրեց «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» եզրույթը: Համաշխարհային տնտեսության մեջ արձանագրված նախորդ երեք հեղաշրջումները վերաբերում էին ՝ շոգեշարժիչի գյուտին՝ 17-րդ դարի վերջին, զանգվածային արտադրությանը՝ 19-րդ դարի վերջին և թվային հեղափոխությանը` 20-րդ դարի վերջին:
Ա յսօր մենք մի նոր հեղաշրջիչ դարաշրջանի շեմին ենք, երբ նախատեսվում է բոլոր տեխնոլոգիաների ներդաշնակեցում և միահյուսում՝ ֆիզիկական, բիո, թվային, նույնիսկ՝ կառավարչական տեխնոլոգիաների: Ավելի պատկերավոր, դրանք ներառում են արհեստական ինտելեկտը, արդյունաբերական ռոբոտներին, ավտոմեքենա ռոբոտներին, եռաչափ տպագրությունը, և այլն: Եթե մի քանի տասնյակ տարի առաջ այս ամենի մասին խոսելը կարելի է ասել՝ «միֆ» էր, այսօր այդ ամենն արդեն մասամբ իրողություն են, օրինակ ինտերնետային առևտուրը, օնլայն վճարումները, ավտոմատ գնացքները մետրոյում, առողջապահության ոլորտում բազմաթիվ նորամուծություններ, «Սոֆյա» ինտելեկտ-ռոբոտը, ով մասնակցեց դավոսյան համաժողովին և Հայաստանում` Ֆրանկոֆոնիայի տնտեսական համաժողովին և այլն:
Ուշագրավն այն է, որ այս հեղաշրջման առանցքը դարձյալ արդյունաբերությունն է, միայն թե մի փոքր այլ տեսանկյունից, այն տնտեսության «Ռե-արդյունաբերականացում» է ենթադրում: Իսկ ինչու՞ ռե…(վերա..), այն պարզ պատճառով, որ արդեն երրորդ հազարամյակի սկզբին «էժան աշխատուժ» գործոնն արդեն երկրներին չի երաշխավորում գերշահույթներ, այն իր տեղն արդեն զիջում է տեխնոլոգիաներին, երկրի ներքին ռեսուրսների ակտիվացմանը, տարածաշրջանային զարգացումներին ու ազգային տնտեսությունների ինտեգրմանը՝ գլոբալ տեխնոլոգիական զարգացումներին: Արտադրության ռոբոտացումն այլևս իրողություն է և աշխարհում «խելացի գործարանների» հաղթարշավն արդեն սկսված է: Այն երբեմն նաև անվանում են՝ «Արդյունաբերություն 4.0»:
Սա նոր մտածելակերպ է, նոր տնտեսական մոդել: Անշուշտ, չորրորդ արդյունաբերական հեղաշրջման հետևանքներն երբեմն անկասելի, փոթորկոտ են լինելու,մասնավորապես աշխատանքի շուկայում, որտեղ տևական ժամանակահատված անջրպետը կխորանա աշխատանքի առաջարկի և աշխատանքի պահանջարկի, որակյալ և ոչ որակյալ աշխատանքների միջև, ինչն է՛լ ավելի կխորացնի այսօր արդեն համաշխարհային հանրությանն անհնագստացնող սոցիալական լարվածությունը աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
Սակայն, կարծում ենք, իրավիճակն հաղթահարելի է:Մարդկային քաղաքակրթությունն առաջադիմում է, ի հայտ են գալիս նոր մոտեցումներ, պարադիգմեր, վերջապես՝ նոր մտածելակերպ: Դեռևս նախորդ դարասկզբին ռուս տնտեսագետ Վ. Կոնդրատևը կանխորոշեց այսօր արդեն 30-40 տարի տևողությամբ երկարատև տնտեսական պարբերաշրջանների (ալիքների) անխուսափելիությունը, որոնց հիմնական դրդապատճառը՝ նոր տեխնոլոգիաներն են: Կոնդրատևյան ալիքները բաղկացած են 4 հիմնական փուլերից կամ ինչպես ինքն էր սիրում ասել «եղանակային 4 փոփոխություններից», որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս տնտեսության իրական վիճակը եղանակի որևէ պահի դրությամբ և դրան համապատասխան՝ մարդկանց, կառավարությունների վարքագիծը: Ընդ որում,եղանակային փոփոխությունները նպաստում են նաև նոր տեխնոլոգիաների կուտակմանը, ներդրումային նոր հոսքերի աշխուժացմանը, նոր ճյուղերի և նոր ոլորտների ձևավորմանը, որոնք ինչ խոսք դառնալու են մի նոր հեղաշրջման հիմք կամ կարելի է ասել մի նոր տեխնիկա-տնտեսական պարադիգմի [1], կամ որ նույնն է` տնտեսական կացութաձևի ձևավորման նախապայման:Այսինքն, երկարատև տնտեսական ճգնաժամերն ի տարբերություն կարճատև և միջնաժամկետ ճգնաժամերի, որոնք միայն ճգնաժամային իրավիճակներ են առաջացնում տնտեսության այս կամ այն ոլորտում, ոչ միայն սրում են տնտեսական հակասությունները, այլև նպաստում են տեխնոլոգիաների, նորարարական մտքի առաջացմանն ու դրանց գեներացմանը` վերածվելով զարգացման որակապես մի նոր սկզբի:
2 1-րդ դարն հավակնում է դառնալ մի նոր «Կոնդրատևյան ալիքի» կրողը, որի հիմքում դարձյալ տեխնոլոգիաներն են, սակայն արդեն ոչ մեկուսի, այլ համախմբված, ներդաշնակեցված և միտված այն արարողի՝ անհատի, մարդու շահերի իրացմանը, այլ կերպ՝ պահանջմունքների բավարարմանը:
Աշխարհն արդեն նկատում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության՝ «Արդյունաբերություն 4.0»-ի աղոտ նշմարվող ուրվագծերը և փորձում է «պաշտպանվել» դրանցից:
Այսպես, նույն դավոսյան համաժողովում առաջարկվում է երկրի տնտեսական հաջողությունների գնահատման նոր ցուցանիշ՝ Ինկլյուզիվ զարգացման համաթիվը, ինչի շնորհիվ վերջնահաշվում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետևանքներն անմիջականորեն արտացոլվում են ներառական (ինկլյուզիվ) հարթության մեջ: Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության մեջ երկրների առանձին խմբեր հաջողություններ են գրանցել տարբեր գործոնների շնորհիվ: Այսպես, զարգացած երկրները` հզոր արտադրական կարողությունների, (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Ճապոնիա), զարգացող երկրների մի մասը` էժան և որակյալ աշխատուժի (Չինաստան, նոր արդյունաբերական երկրներ` Հարավային Կորեա, Սինգապուր, Հոնկոնգ, Թայվան և այլն) կամ մյուսները`բնությունից տրված պարգևի (նավթային ռեսուրսներով հարուստ երկրները` Իրան, Իրաք, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ էմիրություններ, Քաթար և այլն) շնորհիվ: Միայն նշյալ գործոնների շնորհիվ տնտեսական աճի բարձր տեմպեր գրանցած հիշյալ երկրները չեն կարող մոտ ապագայում պահպանել համաշխարհային տնտեսության մեջ իրենց զբաղեցրած հորիզոնականները, եթե այդ ամենն իրենց արտացոլումը չեն գտնում մարդկանց ապրելակերպում, նրանց բարեկեցության բարձրացման մեջ:
Երկրների տնտեսական մակարդակի գնահատման գործող մոտեցումներն անհրաժեշտ, սակայն բավարար չեն: Հարկ է երկրների զարգացման մակարդակը գնահատելիս ներառել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի միջին տևողությունը, եկամուտների արդարացի բաշխումը, աղքատության, գործազրկության մակարդակը, ազատ ժամանակը, միջսերնդային արդարությունը, մշակութային, էկոլոգիական գործոնները և այլն, որոնք գերազանցապես պայմանավորված են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Ուստի և համաշխարհային տնտեսության մեջ մոտ ապագայում անխուսափելի են ուժերի հերթական վերադասավորումները և ասիական երկրներն հավակնում են զբաղեցնել առաջին հորիզոնականները` նոր տեխնոլոգիական կացութաձևով, կառավարման եղանակներով և սոցիալական ինստիտուտներով և առհասարակ՝ նոր մտածելակերպով: Այս երկրները բավականաչափ կարճ ժամանակահատվածում` 20-րդ դարի վերջերին կարողացան հաղթահարել իրենց տնտեսական հետամնացությունը և ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր և շարունակական զարգացում` մրցակցելով հին արդյունաբերական երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների հետ: Պատահական չէ նաև, որ վերջին` 2008թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամն առաջինը հաղթահարեցին ասիական վերոնշյալ երկրները, հատկապես Չինաստանը` գիտության և հետազոտությունների բնագավառում կատարված ակտիվ ներդրումների շնորհիվ [2]:
Ավելին, բավական է միայն նշել, որ եթե 2007թ. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն «Արտոնագրային համագործակցության մասին» պայմանգրով /PCT/ արտոնագրման ներկայացված հայտերն ըստ տարածաշրջանների առաջնորդում էին հյուսիս-ամերիկյան և եվրոպական տարածաշրջանները, համապատասխանաբար՝ 35,6% և 34,1% մասնաբաժնով, ապա 2017թ.-ին արդեն այդ տարածաշրջանների ցուցանիշները կազմեցին համապատասխանաբար՝ 24,2% և 24,9%: Մինչդեռ վերը նշված տարիներին տեխնոլոգիաների միջազգային շուկայում աննախադեպ աճ է գրանցվել ասիական տարածաշրջանում՝ այն համապատասխանաբար կազմել է 27,6% և 49,1%:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ արդյունաբերական նոր հեղաշրջումը «միֆ» չէ, այլ իրականություն է, երկարատև պարբերաշրջանները կենսունակ են և օրինաչափորեն համաշխարհային տնտեսության մեջ գարնանն անշուշտ կհերթափոխի ամառը, աշունը, այնուհետև ձմեռը և ինչպես տարվա եղանակների հերթափոխումն է օրինաչափ, այնպես էլ բոլոր ժամանակների հեղաշրջումներին է հատուկ՝ մի նոր գլոբալ տնտեսական պարաբերաշրջանի սկիզբը՝ արդեն 21-րդ դարի կեսերից սկսած:
Այսինքն, սպասվում են հեղաշրջումներ, զարգացումներ, ճգնաժամեր և նոր սկիզբ՝ մարդկային քաղաքակրթության բոլոր ժամանակներում` տեխնոլոգիաներին վերագրված վճռորոշ` հեղափոխական դերակատարումով:
Նոր տեխնոլոգիաները, նորարարական կապիտալը բարձր տնտեսական աճի նախապայմանն են և միաժամանակ նոր տնտեսական պարբերաշրջանի դրդապատճառը: Ուստի և երկարատև պարբերաշրջաններն իրենց «հեղափոխական» դերակատարումով կենսունակ են, «միֆ» չեն և միանգամայն իրականություն է մինչև 21-րդ դարի երկրորդ կեսն ընթացող չորրորդ արդյունաբերական հեղաշրջումը:
[1] Кондратьевские волны Аспекты и перспективы .Ответственные редакторы А. А. Акаев, Р. С. Гринберг, Л. Е. Гринин, А. В. Коротаев, С. Ю. Малков, Издательство «Учитель», Волгоград, 2012, ст.238-239
[2] RAPPORT DE L’UNESCO SUR LA SCIENCE, Vers 2030,Editions UNESCO , Paris , France 2015,p.7 l