Էրդողանի ակնկալիքներն արևմուտքից
3 ր. | 2021-04-01Մարտի 15-ին Սիրիայի ճգնաժամի 10-ամյակի կապակցությամբ «Bloomberg»-ում տպագրվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հոդվածը, որտեղ նա Սիրիայի հարցում խնդրում է Արևմուտքի (Վաշինգտոն և Բրյուսել) աջակցությունը: Էրդողանն ակնկալում է, որ արևմուտքը՝ 1) պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումը ընդդեմ քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և աջակցի Սիրիայի «օրինական ընդդիմությանը», 2) Եվրոպան պետք է կատարի իր պարտականությունները՝ վերջ տալու Սիրիայում առկա հումանիտար աղետին, «այլապես դեպի Եվրոպա սպասվում է սիրիացի գաղթականների թարմ ալիքներ» և 3-րդ՝ Թուրքիայի կողմից ստեղծված «անվտանգ գոտիներում» ակնկալում է արևմուտքի ներդրումները:
Է րդողանը գտնում է, որ սիրիական ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է ձեռնարկել ռազմական, տնտեսական և դիվանագիտական միջոցներ, սակայն «վերջին տասնամյակում արևմտյան առաջնորդները լուրջ ջանքեր չեն գործադրել այս ուղղությամբ»: Այդպիսով, Էրդողանը պնդում է, որ Սիրիայում խաղաղության հաստատումը կախված է «Թուրքիային ցուցաբերած հզոր աջակցությունից» և արևմուտքի ղեկավարների համար «ամենախոհեմ» տարբերակն է «աջակցել Թուրքիային և դառնալ Սիրիայում խնդիրների լուծման մասնակից՝ նվազագույն ծախսերով և առավելագույն ներգործությամբ»։
«Քաղաքակրթությունների երկխոսություն» ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն գտնում է, որ «Էրդողանը բացահայտ բողոքում է Արևմուտքին, որ վերջինս չի աջակցում Թուրքիային։ Թուրքիային իսկապես չեն աջակցում, որովհետև չեն վստահում՝ ելնելով մի քանի պատճառներից, մասնավորապես, պայմանավորված բոլորովին վերջերս Ղարաբաղում (Արցախում) տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ թուրքերը, վերջին հաշվով, ակտիվ միջամտություն ունեցան»: Այդ պատճառով, ըստ Մալաշենկոյի, Էրդողանը ոչնչի չի հասնի, քանի որ «Եվրոպան զբաղված է և զբաղվելու է իր գործերով, մանավանդ, որ եվրոպացիները կանգնած են Սիրիայից և ընդհանրապես Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսքի աճի սպառնալիքի առջև»։
Մյուս կողմից՝ փորձագիտական գնահատականներով, Սիրիայի հարցում որոշակի լարվածություն է նկատվում Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում: Դեռևս հունվարին Էրդողանը հայտարարել էր, որ Աստանայում ձեռք բերված համաձայնությունները չեն իրագործվում՝ մեղադրելով Ռուսաստանին, որ վերջինս «հավատարիմ չէ Սոչիի և Աստանայի ձևաչափերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին»: Հնարավոր է, որ Բրյուսելին և Վաշինգտոնին ուղղված օգնության կոչով Էրդողանը ի ցույց է դնում իր անհամաձայնությունը Թեհրանին և Մոսկվային՝ փորձելով դեմ դուրս գալ կամ առնվազն մերժել Աստանայում՝ Սիրիայի հարցով կողմերի միջև ընդունված սկզբունքները:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարեց, որ կան որոշակի խնդիրներ, նշելով, որ «այն վայրերում, որտեղ փոխգործակցություն է իրականացվում (Թուրքիայի և Ռուսաստանի միջև), իրադրությունը այդքան էլ լավը չէ: Ահաբեկչական տարրերը շարունակում են մնալ այնտեղ, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, այնուամենայնիվ երկկողմ շփումները շարունակվում են: Միևնույն ժամանակ կան տարաձայնություններ Սիրիայի հարցում»:
Ընդհանուր առմամբ, և՛ Անկարան, և՛ Մոսկվան դժգոհում են միմյանցից պայմանավորվածությունների իրականացման մասով, հատկապես Իդլիբի հարցում, որն Էրդողանի նկարագրմամբ, «ընդդիմության վերջին հենակետն է», ավելի ճիշտ՝ Թուրքիայի վերջին հենակետը, քանի որ, այսպես կոչված, «ընդդիմադիր խմբավորումները» ռազմատեխնիկական աջակցություն են ստանում առաջին հերթին Թուրքիայից:
Այս առիթով, «Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Ֆեհիմ Թաշթեքինը նշում է, որ չնայած Մոսկվայի հետ համագործակցությանը, Էրդողանը մշտապես առաջնորդվել է իր սեփական շահերով։ Իդլիբի հարավային շրջաններում վերջին տարում ստեղծելով ավելի քան 70 ռազմական հենակետ՝ Թուրքիան փաստորեն արգելապատնեշ է կառուցել սիրիական բանակի առջև։ Մյուս կողմից՝ Թուրքիայի բռնազավթած տարածքներում մշտապես տեղի են ունենում բախումներ իր կողմից աջակցություն ստացող խմբավորումների միջև, ինչպես նաև թալան, շորթում, կրոնական և պատմական կառույցների ոչնչացում։
Բացի այդ, ըստ հեղինակի՝ Էրդողանը չի թաքցնում, որ ցանկանում է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը՝ տարհանել քուրդ բնակչությանը, փոխարենը բնակեցնել սիրիացի փախստականներին, ովքեր լքել էին երկիրը պատերազմի պատճառով։ Արևմուտքին ուղղված Էրդողանի առաջարկը «Թուրքիայի կարևորության հիշեցումն է և ազդանշան է նախագահ Ջո Բայդենին»։
Ռուս քաղաքագետ Ֆեոդոր Լուկյանովի կարծիքով Էրդողանը փորձում է առևտուր անել Եվրոպայի հետ՝ օգտագործելով սիրիացի գաղթականների գործոնը։ Սակայն համավարակի պայմաններում դա քիչ հավանական է, մինչդեռ, երբ այն անցնի, Եվրոպայի կախվածությունը Անկարայից մեծ կլինի։