Թուրքիայի տիեզերական ծրագրերը

5 ր.   |  2021-03-15

Ի նչպես ցույց են տալիս մի շարք հետազոտություններ, վերջին տարիներին տիեզերական գործունեության բնագավառում համաշխարհային ծախսերը տարեց տարի ավելանում են։ Համաձայն «Euroconsult» վերլուծական ընկերության պետական տիեզերական ծրագրերի վերաբերյալ հրապարակված զեկույցի՝ 2018թ. աշխարհի բոլոր երկրների ընդհանուր ծախսերը տիեզերական գործունեության ոլորտում կազմել են $70,8 մլրդ. (տես նկար 1): Այդ ծախսերի 63%-ը՝ $44,5 մլրդ.-ն ուղղված են եղել քաղաքացիական և գիտական ծրագրերին: Ծախսերն աճել են ԱՄՆ-ում, Ասիայում (ի հաշիվ Չինաստանի), Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում (պայմանավորված է ԱՄԷ-ի ներդրումներով):

Բացի քաղաքացիական ծախսերից և գիտական հետազոտություններից, ծախսեր են կատարվում նաև տեխնոլոգիաների զարգացման և անձնակազմի թռիչքների գործում։ Ծախսերի առումով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, որտեղ 2018թ.-ին ընդհանուր ծախսերը կազմել են $40,9 մլրդ., ինչը համաշխարհային ծախսերի 58%-ն է, այնուհետ Չինաստանը՝ $5,8 մլրդ., Ռուսաստանը՝ $4,2 մլրդ, Ֆրանսիան՝ $3,1 մլրդ., Ճապոնիան՝ $3,0 մլրդ., Գերմանիան՝ $2,1 մլրդ., Հնդկաստանը՝ $1,4 մլրդ. և Իտալիան՝ $1,1 մլրդ.: Վերլուծաբաններն ակնկալում են, որ տիեզերական ծախսերն առաջիկայում կշարունակեն աճել և 2025թ.-ին կկազմեն $84,6 մլրդ.: Աճող ծախսերի գերակշիռ մասը ուղղված կլինի պաշտպանական-ռազմական ոլորտին, իսկ քաղաքացիական հատվածում կտրուկ աճ չի նկատվի։


Նկար 1

Վ երջին շրջանում տիեզերքի բնագավառում ակտիվություն է սկսել ցուցաբերել նաև Թուրքիան։ Խոսքը վերաբերում է ոչ միայն տիեզերական տեխնիկայի (նաև տեխնոլոգիաների) զարգացմանն ու տիեզերական ենթակառուցվածքների ստեղծմանը։ Սթ. փետրվարի սկզբին Էրդողանը ներկայացրեց նաև «ազգային տիեզերական ծրագիրը», որի շրջանակներում Թուրքիան՝ 2023թ. հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախատեսում է  հրթիռ ուղարկել լուսին։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը, խոսելով «ազգային տիեզերական ծրագրի» մասին, հայտնել է, որ դեպի լուսին  առաքելությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ 2023թ. և 2028թ.։ Ընդ որում, 2023թ.-ին նախատեսված է կոշտ վայրէջք կատարել լուսնի վրա, որը կիրականացվի միջազգային ընկերությունների հետ համագործակցությամբ, իսկ 2028թ.-ին՝ փափուկ վայրէջք։

Թեև ծրագրի հիմնական նպատակը լուսին հրթիռ հասցնելն է, սակայն, ըստ նախարարի, այն միտված է Թուրքիային դուրս բերել տիեզերքի բնագավառում առաջատար երկրների լիգա և ավելացնել զարգացող տիեզերական տնտեսության մասնաբաժինը: Բացի այդ, Թուրքիան նախատեսում է կրիտիկական տեխնոլոգիաների զարգացմամբ ստեղծել տիեզերական օբյեկտների արձակման ենթակառուցվածք, (վերա)պատրաստել տիեզերքի բնագավառում անհրաժեշտ մասնագետներ, հիմնել տիեզերական տեխնոլոգիաների զարգացման արդյունաբերական գոտի և այլն։ Սահմանված նպատակներն իրագործվելու են Թուրքիայի տիեզերական գործակալության (TUA) կողմից՝ առկա հնարավորությունների ներգավմամբ։

Նշենք, որ Թուրքիայի տիեզերական գործակալությունը հիմնադրվել է 2018թ. դեկտեմբերին։ Այն Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր պետական մարմին է, որը պատասխանատու է տիեզերական տեխնոլոգիաների միջնաժամկետ/երկարաժամկետ ռազմավարական պլանների մշակման, գերակայությունների սահմանման, ռեսուրսների բաշխման և այդ նպատակներն իրագործելուն ուղղված մեթոդների մշակման համար: Ներկայումս գործակալությունն ընդգրկված է մի շարք տեղական և միջազգային նախագծերում, որոնք են՝

  • «KORAH» նախագծով՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի, Պետական օդանավակայանների և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունների հետ համատեղ առաջիկայում կազմվելու է Թուրքիայի տիեզերական ճառագայթման քարտեզը։
  • Մասնակցում է «eXTP» (The Enchanced X-Ray Timing and Polarimetry-eXTP) միջազգային արբանյակային նախագծին։ Նշենք, որ «eXTP»-ի միջազգային կոնսորցիումը ներառում է Չինաստանի գիտությունների ակադեմիան և համալսարանները, Եվրոպական տիեզերական գործակալությունը և այլ խոշոր հաստատություններ: Ինչպես նշված է գործակալության պաշտոնական կայքում, Թուրքիան ֆինանսավորելու է այս նախագիծը, իսկ թուրք ինժեներները մասնակցելու են նախագծի աշխատանքներին։
  • «UTAS-R» անվանումը կրող «Ատոմային ժամացույցի» նախագիծը իրագործվելու է գործակալության և TUBITAK (Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի) Չափագիտության ազգային ինստիտուտի (UME) հետ համատեղ։ Ինստիտուտը մշակել և արտադրել է ռուբիդիումի հիման վրա ստեղծված լաբորատոր տիպի առաջին ազգային ատոմային ժամացույցը, որն օգտագործվում է արբանյակների տեղորոշման համար: Ատոմային ժամացույցը սկզբում պետք է անցնի որակավորման փուլը՝ տիեզերական միջավայրում օգտագործելու համար, ինչից հետո այն տեղափոխվելու է տիեզերք՝ փորձարկման նպատակով։

Տիեզերագիտության ոլորտում անհրաժեշտ թվով մասնագետների (վերա)պատրաստումը ինչպես վերը նշեցինք, «ազգային տիեզերական ծրագրի» կատարման առանցքային հարցերից է։ Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Յըլդըրմի խոսքերով տաս տարվա ընթացքում Թուրքիան պետք է ոլորտում ունենա առավել քան 10 հզ. բարձր որակավորում ունեցող մասնագետ, ովքեր կպատրաստվեն երկրի ներսում, նաև կհամալրվեն ի հաշիվ գիտական սփյուռքի։

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ըստ պաշտոնական տեղեկությունների գործակալության բյուջեն կազմում է $5,46 մլն., մինչդեռ Թուրքիայում գործող մի քանի այլ հաստատությունների կողմից տրամադրված լրացուցիչ միջոցներով՝ տարեկան բյուջեն կազմում է մոտ $50 մլն.: Գործակալության ղեկավարի խոսքով, նախագծերն ունենալու են առանձին բյուջեներ, գործակալությունը՝ այլ։

Փետրվարին հայտնի դարձավ, որ լուսին արձակվող (հիբրիդային) հրթիռը լինելու թուրքական արտադրության, որի նախագծմամբ և արտադրությամբ զբաղվելու է Ստամբուլի տեխնոպարկում տեղակայված «Delta V Space Technologies Inc.»-ն (հիմն. 2016թ.) ընկերությունը։ Նախատեսվում է, որ հենց այս ընկերության ստեղծած հրթիռով լուսնի մակերևույթ պետք է իջեցվի անօդաչու տիեզերական սարքը։ Դեռևս հայտնի չեն հրթիռի տեխնիկական չափորոշիչները։

Թուրքիան ձգտում է նաև զարգացնել միջազգային կապերը տիեզերական ոլորտում։ Փետրվարին Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավարն այցելեց Ադրբեջան։  Թուրքական պատվիրակությունը «AZERCOSMOS»-ի ղեկավարության հետ հանդիպմանը քննարկել են Թուրքիայի «ազգային տիեզերական ծրագրի» շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Յըլդըրմը հայտնեց, որ իրենք նախատեսում են զարգացնել համագործակցությունը տիեզերական ոլորտում թյուրքալեզու բոլոր երկրների հետ:

Հարկ է, նկատել, որ դեռևս 2020թ. հոկտեմբերին Թուրքիայի և Ղազախստանի՝ տիեզերագիտության պատասխանատու մարմինների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։ Միջազգային համագործակցության ակնկալիքով առաջիկայում նախատեսված են նաև հանդիպումներ Ճապոնիայի և Պակիստանի ներկայացուցիչների հետ։

Մյուս կողմից՝ «Ինտերֆաքսի» տեղեկություններով «Ռոսկոսմոսը» ներկայումս աշխատանքներ է տանում երկկողմ միջկառավարական շրջանակային փաստաթուղթ պատրաստելու ուղղությամբ՝ տիեզերական գործունեության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման համար։

«Ռոսկոսմոսը» թուրքական կողմից ակնկալում է ստանալ «կոնկրետ առաջարկներ համատեղ տիեզերական նախագծերի մշակման, ներառյալ տիեզերական թռիչքի մասնակիցների վերապատրաստման համար»: Ի դեպ, թուրքական կողմը հայտնել է, որ աշխատում են Ռուսաստանի հետ համագործակցության առաջարկության փաստաթղթի վրա և հավանաբար մոտ ժամանակներս կկնքեն երկկողմ պայմանագիր։ Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավարը նաև հայտնել է, որ մտածում են «Բայկանուր» տիեզերակայանի օգտագործման շրջանակներում Ղազախստան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության մասին։

Ընդհանուր առմամբ, Էրդողանի կողմից ներկայացված «ազգային տիեզերական ծրագիրը» ոչ միանշանակ ընդունվեց թուրքական հանրության տարբեր շերտերի կողմից։ Մասնավորապես, Թուրքիայի տիեզերական ծրագրի մասին հանրությանն իրազեկելուց հետո խիստ քննադատության ենթարկվեց ընդդիմադիրների, գիտական հանրության առանձին ներկայացուցիչների և որոշ լրատվամիջոցների կողմից։

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Ահմեթ Աքընը քննադատեց Էրդողանին, նշելով, որ առանց տեխնիկական ենթակառուցվածքների և առանց բավարար բյուջեի՝ կառավարության այս նախաձեռնությունը նպատակ ունի Թուրքիայի տիեզերական գործակալությանը օգտագործել ներքին քաղաքականության, այլ ոչ թե տիեզերական նպատակների և ուսումնասիրությունների համար:

«Էվրենսել» պարբերականի վերլուծաբան Իհսան Չարալանն իր հերթին նշում է, որ տիեզերքի հետ կապված Էրդողանի երազանքները դատարկ նպատակներ են, և օրակարգ բերված «տիեզերական դիսկուրսը»՝ «փախուստ է տիեզերք»՝ երկրում առկա առաջնային խնդիրներից  հանրությանը շեղելու համար։