Թյուրքական խորհուրդը և համագործակցության նոր ոլորտները
3 ր. | 2021-03-03Թուրքիան, իր արտաքին քաղաքականության ռազմավարության համաձայն, ձեռնարկում է թյուրքախոս երկրներին իր առանցքի շուրջը համախմբելու քայլեր, որոնք ուղղված են ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, կրթական, զբոսաշրջության և այլ բնագավառներում ընդհանուր օրակարգ ձևավորելուն։ Վերջին տարիներին, հատկապես Թյուրքախոս երկրների համագործակցության խորհուրդը (կամ Թյուրքական խորհուրդ) ընդլայնում է համագործակցության ոլորտները՝ անդամ պետությունների միջև կապերի ամրապնդման նպատակով։
2 021թ. հունվար-փետրվար ամիսներին Թյուրքական խորհրդի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, առաջին անգամ կառույցի անդամ պետություները կազմակերպել են «Թյուքական աշխարհի օդերևութաբանների» հեռավար ֆորումը, որին մասնակցել են Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, կառույցը ներկայացնող երկրների գյուղատնտեսություն և օդերևութաբանության նախարարները, ինչպես նաև՝ դեսպանները։ Ուշագրավ է, որ ֆորումին ներկայացված էր նաև Տաջիկստանը, որը թյուրքախոս երկիր չէ և չի անդամակցում խորհրդին։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին ֆորումում նշեց, որ առաջիկա տարիներին անդամ երկրների օթևերութաբանության պատասխանատու նախարարությունների հետ միասին պետք է զարգացնեն կապերը արտակարգ իրավիճակների կառավարման, ինչպես նաև տրանսպորտի, բնական ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում։
Այդ առիթով նա առաջարկել է ստեղծել «Թյուրքական աշխարհի օդերևութաբանական միություն», որից հետո Թուրքիան բնական աղետների կանխատեսման և կանխարգելման նպատակով անդամ երկրներին կտրամադրի թուրքական արտադրության տեխնոլոգիաններն ու համակարգչային ծրագրերը։ Նա նաև շեշտել է օդերևութաբանության ոլորտում արհեստական բանականության կիրառման և այս ուղղությամբ համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը թյուրքախոս պետությունների միջև։ Բացի այդ, կողմերը պայմանավորվեցին ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի օդերևութաբանության ու հիդրոլոգիայի ոլորտում՝ թյուրքախոս երկրների միջև ռազմավարական փաստաթղթի և գիտական պլանի պատրաստմանը։
Փ ետրվարի 25-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ նաև Թյուրքական խորհրդին անդամակցող երկրների էներգետիկայի նախարարների առաջին նիստը։ Խորհրդի անդամ պետությունների էներգետիկայի նախարարները քննարկել են վերականգնվող էներգիայի զարգացման համար ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցերը, էներգետիկայի ոլորտում առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ փորձի փոխանակման աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Խորհրդի անդամ պետությունները մտադիր են զարգացնել փոխգործակցությունը նավթի և գազի ոլորտներում, այդ թվում՝ կազմակերպության մասնակից պետությունների արտադրանքի մատակարարման երթուղիների մշակման հարցում։
Ի դեպ, փետրվարին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Թյուրքական խորհրդի ռազմավարություն 2020-2025թթ.» և «Թյուրքական աշխարհի տեսլականը 2040թ.» ռազմավարական փաստաթղթերը կդառնան համապարփակ համագործակցությանը միտված կարևոր ճանապարհային քարտեզ՝ թյուրքական աշխարհի միջև։
Թ ուրքական պաշտոնական աղբյուրների համաձայն, այս փաստաթղթով Թյուրքական խորհրդի անդամ պետությունները պետք է համատեղ գործեն միջազգային հարցերում, ներդաշնակեցնեն իրենց տնտեսական քաղաքականությունը, խորացնեն համագործակցությունը ներդրումների, թվայնացման, տրանսպորտի և էներգետիկայի, ինչպես նաև ռազմական և պաշտպանական արդյունաբերություն բնագավառներում:
Ընդհանուր առմամբ, ըստ ռազմավարության առաջիկա տարիներին համագործակցությունն ընթանալու է արտաքին քաղաքականության, էներգետրիկայի, տուրիզմի, առողջապահության, գյուղատնտեսության, մեդիայի, գիտակրթական, սպորտի և տարբեր բնագավառներում՝ միջնաժակետ և երկարաժակետ նախագծերի շրջանակներում։ Հավելենք, որ սթ. մարտին Ղազախստանում տեղի է ունենալու Թյուրքական խորհրդի հերթական գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են նաև վերոգրյալ բնագավառներում իրականացվելիք քայլերը։