Համավարակի տնտեսական ազդեցությունը Հայաստանում

12 ր.   |  2020-06-03

Համաշխարհային տնտեսության միտումների, ՀՀ եռամսյակային ցուցանիշների, Կառավարության սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի ամփոփում

Միջազգային կառույցները համաշխարհային տնտեսության աճի դանդաղում կանխատեսում էին ավելի վաղ, քան կորոնավիրուսային համաճարակի բռնկումը։ Արժույթի միջազգային հիմնադրամը դեռ հունվարին համաշխարհային տնտեսության համար որպես հիմնական ռիսկ առանձնացնում էր աշխարհաքաղաքական լարվածությունը, մասնավորապես` Իրանի և Միացյալ նահանգների, ԱՄՆ-ի և առևտրային գործընկերների վատթարացող հարաբերությունները և տնտեսական այլ վեճերի խորացումը։ Տնտեսական վիճակն ու վատատեսական կանխատեսումները սրվեցին, երբ 2019թ-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում առաջին անգամ հայտնաբերվեց հետագայում COVID-19 անվանումը ստացած վիրուսը: Այն արագորեն տարածվեց ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում՝ լուրջ վնաս հասցնելով համաշխարհային տնտեսությանը: Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հայտարարվեց արտակարգ դրություն, և տնտեսական գործունեության մի շարք տեսակներ արգելվեցին։ Կորոնավիրուսի տնտեսական բացասական հետևանքները համեմատվում են 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, և ըստ կանխատեսումների, անկումը կլինի ավելի մեծ, քան 2008-ին էր։ Միաժամանակ, սակայն պետք է ընդգծել, որ համավարակի հիմքում առողջապահական համակարգն է, իսկ վնասի չափը պայմանավորված է համավարակի տևողությունից և պատվաստանյութի հայտնաբերումից։

Կորոնավիրուսային վիճակագրությանը զուգահեռ անկում են ապրում աշխարհի խոշորագույն տնտեսությունները մի շարք երկրներ արդեն ռեցեսիայի փուլում են:

Չինաստանը, որտեղից սկիզբ էր առել վիրուսը, մեծ վնասներ կրեց և շարունակում է ուղիներ փնտրել տնտեսության վերականգման համար։ Վերջինիս վկայությունն է առանց բյուջեի դեֆիցիտը մեծացնելու «հատուկ» պարտք ներգրավելու հայտարարությունը։ Ի տարբերություն սովորական կառավարության պարտքի, հատուկ բոնդերը տեղաբաշխվում են կոնկրետ քաղաքականության համար՝ ուղղված նպատակային խնդրի լուծմանը։ Չինաստանում միայն այս տարվա առաջին 3 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում են գրանցել արդյունաբերական արտադրությունը, վաճառքի ծավալները և ներդրումները: Հաշվի առնելով, որ Չինաստանն աշխարհի ամենախոշոր արտահանողն է, ում բաժին է ընկնում համաշխարհային արտադրության մեկ երրորդը, արդյունաբերական արտադրանքի հունվար-փետրվարի 14 և մարտի՝ 9 տոկոս անկումը ահռելի վնաս է հասցրել ինչպես Չինաստանին, այնպես էլ համաշխարհային տնտեսությանը: Օրինակ՝ մեքենաների վաճառքը Չինաստանում մարտին նվազել է շուրջ 48 տոկոսով:

Ռեկորդային անկում է գրանցել նաև ԱՄՆ տնտեսությունը. 2020թ-ի առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն գրանցել է 4.8 տոկոս անկում, որն ուղեկցվել է մեկ այլ ռեկորդային ցուցանիշով։ Մարտի վերջից մինչև մայիսի սկիզբը 30 մլն մարդ գործազրկության թերթիկ է լրացրել․ ապրիլին գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում 10.3 տոկոսից դարձել է 14.7։

Համավարակը չի խնայել նաև ԵՄ տնտեսությունը. 2020թ.-ի առաջին եռամսյակում ԵՄ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2.6 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 3.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրությունը մարտին նախորդ ամսվա նկատմամբ կրճատվել է 10.4 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 12 տոկոսով: 2020թ.-ի մարտին ԵՄ արտաքին առևտրաշրջանառությունը  հունվարի համեմատ կրճատվել է 24 մլրդ եվրոյով: ԵՄ ամենախոշոր տնտեսությունում՝ Գերմանիայում առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 2.2 տոկոսով։ Վիճակագրական գործակալությունը վերանայել է նաև 2019թ. չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշը՝ 0-ից մինչև 0.1 տոկոս անկում, ինչը նշանակում է, որ այժմ Գերմանիան պաշտոնապես անկման փուլում է, քանի որ երկու եռամսյակ անընդմեջ բացասական աճ է գրանցում:

Կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել նաև զբոսաշրջությանը. ավելի քան 100 երկիր համավարակի պատճառով փակել է օդային սահմանը, ինչի արդյունքում մի շարք ավիափոխադրողներ և տուրիստական ընկերություններ կանգնել են սնանկացման եզրին: Սակայն այս ամենին զուգահեռ, որպես դրական տեղաշարժ, առանձնացվում է շրջակա միջավայրը. ավիափոխադրումների կտրուկ կրճատումը, մեքենաների և գործարանների արտանետումների նվազումը հանգեցրել է շրջակա միջավայրի աղտոտվածության նվազման: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ այս տարի արտանետումները կնվազեն 4-8 տոկոսով:

Աշխարհի երկրների տնտեսությունների վրա կորոնավիրուսի ազդեցության ալիքները բնութագրվում են յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններով։ Հայաստանի համար դա առավել բնութագրվում է երկրի տնտեսության ճյուղային կառուցվածքով՝ համախառն ներքին արդյունքի մեջ ոլորտների տեսակարար կշիռներով, արտաքին աշխարհից կախվածությամբ։ Միջազգային կառույցների կանխատեսումներով՝ Հայաստանում ընթացիկ տարում կգրանցվի մինչև 3 տոկոս, իսկ փորձագիտական շրջանակները նույնիսկ 10 և ավելի տոկոս անկում։ Արդեն իսկ Հայաստանի տնտեսության վրա տնտեսական գործունեության սահմանափակումներն ունեցել են բացասական ազդեցություն. միայն ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կրճատվել է ավելի քան 17 տոկոսով, իսկ 4 ամսվա կտրվածքով՝ 1.7 տոկոսով։

Առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը նախնական տվյալներով կազմել է 3․8 տոկոս, որին նպաստել է հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտը, իսկ մեծ աճ է գրանցել ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 21․2 տոկոս և հանքարդյունաբերությունը՝ մոտ 21 տոկոս։ Թեև երկու ոլորտներն աճ են գրանցել, բայց դրանց բաժինը ՀՆԱ կառուցվածքում մեծ չէ։ Համեմատելով 2019 և 2020թթ․-ի առաջին եռամսյակների ՀՆԱ-ի տեսակարար կշիռները՝ պետք է նշել, որ հիմնական ճյուղերից կրճատվել է գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, մանրածախ և մեծածախ առևտրի մասնաբաժինը։ Շինարարության տեսակարար կշիռը չի փոխվել, սակայն անշարժ գույքի հետ կապված գործունեության տեսակարար կշիռն ավելացել է, ինչը, հավանաբար, պայմանավորված է տարվա առաջին երկու ամիսների ակտիվությամբ։



Մեկ այլ կարևոր ցուցիչ է հավաքագրված հարկային եկամուտները․ առաջին եռամսյակում պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են մոտ 17 տոկոսով, սակայն մաքսատուրքերի գծով անկում է գրանցվել՝ հարկային եկամուտները կրճատվել են 10 տոկոսով, ընդ որում ԵՏՄ բյուջեից հաշվեգրված եկամուտների անկումը կազմել է մոտ 2 տոկոս։ Ընդհանրապես, ԵԱՏՄ-ի թե՛ առանձին երկրների, թե՛ որպես Միության տնտեսության վրա համավարակի ազդեցությունը զգալի է։ Միության երկրներում ընդհանուր բեռնաշրջանառությունը և ուղևորաշրջանառությունը կրճատվել է համապատասխանաբար 3.8 և 3․9 տոկոսով։ Կրճատվել է արդյունաբերական արտադրանքի աճի տեմպը, արտաքին և փոխադարձ առևտրի ծավալների կրճատումը նկատելի է նաև հունվար-փետրվար ամիսներին։

Արտաքին աշխարհից Հայաստանի կախվածության ազդակներից մեկը դրամական փոխանցումներն են. ընթացիկ տարվա մարտին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով նվազել են շուրջ 11 տոկոսով, իսկ եռամսյակային կտրվածքով՝ մոտ 10 տոկոսով։ Միայն Ռուսաստանից առաջին եռամսյակում փոխանցումները կրճատվել են 16 տոկոսով։ Փոխանցումների տատանումների պատճառ են ինչպես փոխարժեքի տատանումները, այնպես էլ ՌԴ-ում գնողունակ պահանջարկի անկումը։ Համեմատության համար նշենք, որ 2014-2015թթ․-ին տրանսֆերտների ներհոսքը հաշվարկած եռամսյակային կտրվածքով նվազել էր շուրջ 35 տոկոսով։ Տնտեսական կախվածության թուլացման տեսանկյունից համեմատելով 2014-2015թթ. և 2020-ի հետ, նկատենք, որ դրա մասին որոշակիորեն վկայում է համախառն ներքին արդյունքի մեջ տրանսֆերտների զուտ ներհոսքի կշիռը․ եթե 2014-2015թթ․-ին այդ ցուցանիշը 10 տոկոսի շրջակայքում էր, ապա 2019թ․-ին՝ 3․7 տոկոս։ Կրճատման միտումը նկատվում է 2013թ․-ից։

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մի կողմից՝ նավթի պահանջարկի կրճատմամբ, մյուս կողմից՝ առաջարկի ավելցուկով, նավթի գինն ընկավ․ եթե մինչև մարտի 6-ը Brent տեսակի նավթի գինը միջինում 54 ԱՄՆ դոլար էր, ապա ՕՊԵԿ-ի և ՌԴ միջև նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ բանակցությունների ձախողումից հետո նավթի գինը կտրուկ նվազեց՝ մարտի 9-ին հասնելով 34 ԱՄՆ դոլարի։ Չկարողանալով գալ համաձայնության՝ և՛ Ռուսաստանը, և՛ Սաուդյան Արաբիան հայտարարեցին, որ ոչ միայն չեն կրճատի նավթի արտադրության ծավալը, այլ կարող են նույնիսկ ավելացնել: Արդյունքում՝ նավթի գինն իջավ ռեկորդային ցածր մակարդակի՝ մարտի 31-ին հասնելով 22.72 դոլարի, իսկ WTI տեսակինը՝ 20.3 դոլար: Սրա հետևանքով մարտի 6-ին, նախքան բանակցությունների ձախողումը, 1 ԱՄՆ դոլարն արժեր 68.5 ռուբլի, իսկ արդեն մարտի 9-ին՝ 74.8 ռուբլի։ Եթե 2014-2015թթ. առաջին եռամսյակում դրամը ռուբլու նկատմամբ արժևորվել է շուրջ 35 տոկոսով, ապա 2019-2020թթ. այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1․8 տոկոս։ Նշենք, որ USD/RUB փոխարժեքը եռամսյակային տվյալներով կտրուկ չի տատանվել, սակայն օրական կտրվածքով դրա տատանումն զգալի էր։

Ինչպես ցույց է տալիս իրական արդյունավետ փոխարժեքի ինդեքսը, ՀՀ դրամը վերջին շրջանում արժևորման միտում ունի, ինչը պայմանավորված է թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոններով՝ ցածր գնաճային միջավայր, կապիտալ ծախսեր, արտասահմանյան օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, դոլարիզացիայի մակարդակ։ Վերջինս (խոսքը D2-ի մասին է․ ռեզիդենտների արտարժութային ավանդներ/ռեզիդենտների ընդհանուր ավանդներ հարաբերակցություն) մարտ ամսին կազմել է 45․5 տոկոս՝ փետրվարի համեմատ աճելով 1.1 տոկոսային կետով։ Կենտրոնական բանկն իր հերթին համավարակային պայմաններին արձագանքեց վերջին ամիսների ընթացքում 2 անգամ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև դրամական միջոցների ներգրավման, լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները:

Ա զդեցության հաջորդ ուղղություններից է զբոսաշրջության ոլորտը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կրճատվել է մոտ 15 տոկոսով կամ Հայաստան են այցելել մոտ 53 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ զբոսաշրջիկի միջին ծախսը 770 ԱՄՆ դոլար է, ստացվում է, որ մոտ  հաշվարկներով միայն առաջին եռամսյակում կորուստը կկազմի 40 մլն 810 հազար ԱՄՆ դոլար։

Դիտարկենք նաև առաջին եռամսյակի սահմանահատում կատարած անձանց վիճակագրությունը․ 2019-ի համեմատ մուտք գործած քաղաքացիների թիվը կրճատվել է 10 տոկոսով, ընդ որում՝ արդեն իսկ ՀՀ քաղաքացիների մուտքերը գերազանցել են ելքերը, ինչն էլ հասկանալի է, որ պայմանավորված է ՀՀ քաղաքացիների վերադարձով։ Նշենք, որ Հնդկաստանի քաղաքացիների մուտքերի թիվը կրճատվել է շուրջ 3․5 անգամ, իսկ ելքերի թիվն ավելացել է երկու անգամ։ Նույն պատկերն է նաև ԱՄԷ-ի, Իրանի, Չինաստանի և մի քանի այլ երկրների դեպքում։ Ուշագրավ է, որ Ուզբեկստանի, Տաջիկստանի քաղաքացիների մուտքը ՀՀ կտրուկ աճել է։ Նշենք, որ նույնիսկ մի շարք երկրների կողմից սահմանները բացելու որոշումը կարճաժամկետ հեռանկարում չեն փոխհատուցի արդեն իսկ կրած վնասները, քանի որ ռիսկերին ավելանում է մարդկանց վարքագծային մոտեցումը։ Նման պայմաններում ոլորտի զարգացումը կարող է պայմանավորվել ներքին զբոսաշրջությամբ։

Ազդեցությունը նկատելի է նաև առևտրաշրջանառության գծով․ միայն մարտին Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը կրճատվել է 16 տոկոսով, իսկ առաջին եռամսյակի կտրվածքով՝ 4 տոկոսով։ Դեպի ԵԱՏՄ, ԵՄ երկրներ արտահանումը կրճատվել է, իսկ դեպի ԱՊՀ և այլ երկրներ արտահանումն ավելացել՝ ի հաշիվ Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ճապոնիայի, Կորեայի, ԱՄԷ-ի, Իրանի։ Դեպի Իտալիա արտահանումն ավելացել է ավելի քան 47 հազար 435 անգամ, Իսպանիա՝ 58 անգամ, իսկ մնացած ԵՄ երկրների մասով հիմնականում կրճատվել է։ Կարող ենք ենթադրել, որ դեպի Իտալիա և Իսպանիա արտահանումն ավելացել է մեծապես բժշկական ապրանքների հաշվին, թեև այս պահին բացակայում է այդ մասին վիճակագրությունը: Դեպի Բելառուս արտահանումն ավելացել է գրեթե կրկնակի։ Ներմուծման ծավալները կրճատումը տեղի է ունեցել ի հաշիվ ԵՄ և այլ երկրների։ Վերջինիս շարքում միայն աճ է նկատվել Չինաստանից և Կորեայից։ Դեպի ՀՀ ներմուծման կտրուկ աճ է գրանցվել Իտալիայից, Սլովակիայից, Ուզբեկստանից և Ղրղզստանից։ Չինաստանից ներմուծումը կրճատվել է 5.8 տոկոսով, իսկ արտահանումն ավելացել 14 տոկոսով։ ՀՀ-ից ավելացել է սարքերի և ապարատների, հանքահումքային արտադրանքի, արվեստի ստեղծագործությունների արտահանումը։ Ավելացել են պատրաստի սննդի արտադրանքի, սարքերի և ապարատների և այլ ապրանքների ներմուծման ծավալները։ Այս պահին ներդրումների եռամսյակային կտրվածքով վիճակագրությունը դեռ հրապարակված չէ, սակայն ենթադրելի է, որ այդ գծով ևս անկում գրանցված կլինի։

Կ որոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում երկրների կառավարությունները փորձում են տնտեսության աջակցության օպտիմալ ուղիներ գտնել։ ՀՀ կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերն իրականացվում են բանկերի միջնորդությամբ, ինչն էլ իր հերթին խոսում է ֆինանսական համակարգի միայն կարճաժամկետ հատվածի զարգացածության մասին։ Համավարակի պայմաններում բանկերի գործունեության ռիսկերն ավելի են սրվում, սակայն պետության առաջարկած վարկավորման պայմանները որոշակիորեն մեղմում են դրանք։ Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարվա մարտի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առևտրային բանկերը տրամադրել են 20 տոկոսով ավելի վարկեր, ընդ որում՝ ռեզիդենտներին ՀՀ դրամով տրամադրված վարկերն ավելացել են շուրջ 27.5 տոկոսով, իսկ արտարժույթով վարկերի ծավալն ավելացել է 16 տոկոսով։ Վարկերի կառուցվածքում մարտի դրությամբ մեծ տեսակարար կշիռ շարունակում են ունենալ սպառողական վարկերը՝ 28 տոկոս, ապա արդյունաբերության և առևտրի ոլորտները, իսկ ամենամեծ աճն է գրանցվել հիփոթեքային, սպառողական, շինարարության վարկերի գծով։

Գյուղոլորտում մարտի վերջին և առաջին երեք ամիսներին նկատվում է ակտիվություն․ վարկերի աճը կազմել է 15-16 տոկոս, մինչդեռ վերջին 2-3 տարիներին զգալի աճ չէր գրանցվել, ավելին՝ 2016-2018թթ. տրամադրված գյուղոլորտի վարկերի ծավալն ունեցել է նվազման միտում։ Գյուղոլորտի վարկերի գծով գրանցված աճը պայմանավորված է գյուղոլորտի աջակցության ծրագրերի առավել հարմար և բարենպաստ պայմաններով։

Տարբեր երկրների աջակցության ձևերը տարբեր են՝ կախված այն հանգամանքից, թե տվյալ պետությունն ինչ տնտեսական քաղաքականություն է որդեգրել։ Հայաստանում ավելի շատ շրջանառվեց ԱՄՆ կառավարության՝ ցածր և միջին եկամուտ ունեցող քաղաքացիներին 1200 դոլար հատկացնելու մոդելը, ավելին՝ առաջարկ եղավ նման մի օգնություն կազմակերպել Հայաստանում, սակայն այն հղի էր բազմաթիվ բացասական հետևանքներով։ Մեկ այլ քննարկվող առաջարկ է հարկային արձակուրդների տրամադրումը, որը ներառված չէ աջակցության փաթեթներում, սակայն այդ համատեքստում ՊԵԿ-ը հայտարարել էր, որ 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04 տոկոսի չափով՝ 0․075 տոկոսի փոխարեն։ ՀՀ կառավարությունն աջակցության այլ մոդել ընտրեց, բայց մինչ Կառավարության կողմից աջակցության իրականացումը, համավարակի հետևանքների մեղմացմանը միտված առաջին քայլն արեց բանկային համակարգը. ՀՀ-ում գործող բոլոր բանկերը կա՛մ վարկային արձակուրդ տրամադրեցին, կա՛մ վարկային պարտավորությունների կատարման անհատական վերանայում իրականացրեցին իրենց հաճախորդների համար: Չնայած տրված վարկային արձակուրդին՝ ընդհանուր վարկային պորտֆելում փետրվար-մարտին նկատվում է ռեզիդենտների չաշխատող ակտիվների տեսակարար կշռի ավելացում․ մարտին կազմել է 4.87 տոկոս։ Ընդ որում՝ չաշխատող ակտիվների կշիռն ավելացել է մշակող արդյունաբերության, առևտրի, կեցության և հանրային սննդի կազմակերպման ոլորտների գծով։

Այսպես՝ համավարակային պայմաններից ելնելով կառավարությունը հանդես եկավ սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային 19 ծրագրերով, որոնցով նախատեսվում էին ֆինանսական ներարկումներ՝ ՀՆԱ-ի 2.29 տոկոսի կամ  շուրջ 150 մլրդ դրամի չափով, որի կեսից ավելին արդեն տրամադրվել է 48 հազար 400 իրավաբանական և շուրջ 1.1 միլիոն ֆիզիկական անձանց: Համեմատելով այլ երկրների հետ՝ նշենք, որ Իրանը հայտարարել է ՀՆԱ-ի մոտ 10 տոկոս աջակցության մասին, սակայն առկա տվյալները ցույց են տալիս, որ աջակցությունը կազմում է ՀՆԱ-ի արդեն 14 տոկոսը, Ադրբեջանը՝ 3.5 տոկոս, Թուրքիան՝ 2, Ռուսաստանը՝ 2․9 և այլն։ Դիտարկվող երկրները պարբերաբար  թարմացնում են իրենց փաթեթները, օրինակ, Թուրքիան ավելացրել է աջակցության փաթեթի ծավալը՝ հասցնելով ՀՆԱ-ի 5 տոկոսին, որի մեջ մտնում են նաև վարկի հետաձգված մարումները։ Պետք է նշել, որ չնայած ներկա տվյալներով ՀՀ աջակցության փաթեթներ/ՀՆԱ հարաբերակցությամբ զիջում է իր դիրքերը դիտարկվող երկրների համեմատությամբ, սակայն այդ ցուցանիշների միջև համեմատություն անցկացնելը միանշանակ չէ, քանի որ դրանք ունեն նաև համադրելիության խնդիր, ինչպես օրինակ՝ Ադրբեջանն իր փաթեթում չի ներառել լրացուցիչ առողջապահական ծախսերը, իսկ Իրանի դեպքում՝ դրանք ներառված են։

Կառավարության իրականացրած աջակցության ծրագրերը որոշ չափով մեղմեցին համավարակի պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները, սակայն ծրագրերում առկա էին նաև բացթողումներ, որոնք բխում էին ինչպես համակարգային, այնպես էլ կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներից։ Պետք է նշել, որ օժանդակութան ծրագրերն ամբողջությամբ թիրախավորված չէին. մի շարք ընտանիքներ, որոնք չունեին գրանցված աշխատանք, բայց համավարակի պատճառով փաստացի կորցրել էին աշխատանքը, ներառված չէին աջակցության ծրագրերի մեջ: Սա էլ, իր հերթին, վերաբերում է առկա ստվերին,երբ աշխատողները դուրս են մնում պետության սոցիալական պաշտպանության շրջանակներից։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում խոցելի աշխատողների մեծ մասը գտնվում են ոչ ֆորմալ (ստվերային) տնտեսության մեջ, որը կազմում է համաշխարհային աշխատուժի 60 տոկոսը: Նրանք չունեն կամ ունեն սահմանափակ սոցիալական պաշտպանության հասանելիություն։ Ենթադրվում է, որ այս համատեքստում համավարակը կհանգեցնի նաև վարքագծային փոփոխությունների։ Վերջինիս թվում է նաև էլեկտրոնային, անկանխիկ վճարումները․ դեկտեմբերի համեմատ մարտին աճել է թողարկված վճարային քարտերի քանակը՝ մոտ 3 տոկոս, ինտերնետ միջավայրում գործառնությունների քանակի աճին զուգահեռ, կրճատվել է ծավալը, ինչը նշանակում է, որ ավելի շատ մարդ, ավելի քիչ ծավալով գործառնություն է իրականացրել։ Բացի այդ, փետրվարի համեմատ մարտին աճել է նաև POS տերմինալով անկանխիկ գործառնությունների ծավալն ու քանակը։

Ամփոփելով նշենք, որ համավարակային ճգնաժամն ընդգծեց առողջապահական համակարգի կարևորությունը, ինտեգրացիոն միավորումների կենսունակության բարձրացման կամ համավարակային պայմաններում միասնական գործելու անհրաժեշտությունը։ Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններից ելնելով փորձում է պայքարել կորոնավիրուսի դեմ՝ փնտրելով հավասարակշռված մոտեցումներ տնտեսության վերականգման համար, միաժամանակ փորձելով հարթեցնել համավարակի կորը։ Հայաստանին դեռ չի հաջողվում հարթեցնել կորը, ինչն էլ, իր հերթին, մեծացնում է տնտեսության ավելի մեծ չափով անկման հավանականությունը։