Ռուսական «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտությունը
7 ր. | 2022-05-032 0-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին գլոբալ աշխարհակարգում տեղի ունեցան զգալի փոփոխություններ. երկբևեռ համակարգի փլուզման և մի շարք պետություններում նոր քաղաքական համակարգի հաստատմանը զուգահեռ՝ սկսեց փոխվել դասական դիվանագիտության և միջազգային հարաբերությունների բնույթը։ Մեծ կարևորություն ստացավ պետության հեղինակությունը, ընկալումը միջազգային հանրության կողմից, ուստի պետություններն ավելի ու ավելի մեծ նշանակություն սկսեցին տալ «փափուկ ուժին» և հանրային դիվանագիտությանը, որոնք դարձել են երկրների արտաքին քաղաքականության հզորության բնութագրիչներից մեկը։
«Փափուկ ուժը» (soft power) ենթադրում է պետության նպատակների իրականացում ոչ թե պարտադրանքի, այլ կամավորության և գրավչության հիման վրա։ Հասկացությունն առաջին անգամ շրջանառել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը։ Նրա կարծիքով՝ համաշխարհային քաղաքականության մեջ կարևոր է օրակարգ ձևավորել և ներգրավել ուրիշներին՝ ոչ թե ռազմական ուժով կամ տնտեսական պատժամիջոցներով, այլ՝ գրավչությամբ։ Նայի առաջ քաշած գրավչության գաղափարը «փափուկ ուժի» հասկացության հիմնական բնութագրիչն է և հենց դրանով էլ տարբերվում է, օրինակ, քարոզչությունից, որի ընկալումներն առավել բացասական են։ Ի տարբերություն «կոշտ ուժի»՝ «փափուկ ուժի» ռեսուրսները նյութական չեն, և իրացման համար երկար ժամանակ է պահանջվում։ Այդ ռեսուրսներն են մշակույթը, քաղաքական արժեքները և արտաքին քաղաքականությունը։ Միաժամանակ, ավելի բարդ է չափել «փափուկ ուժի» արդյունավետությունն ու ազդեցությունը։
«Փափուկ ուժի» հետ ուղղակիորեն և սերտորեն կապված է հանրային դիվանագիտություն հասկացությունը։ Չնայած հանրային դիվանագիտության գործիքակազմն օգտագործվել է վաղուց՝ այն էապես զարգացել է հատկապես Սառը պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը տեղեկատվական պատերազմում սկսեցին օգտագործել նաև հանրային դիվանագիտության մեթոդները։ Հասկացությունն ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում։ Հանրային դիվանագիտության նպատակը կարող է լինել օտարերկրյա հանրության և կառավարության համար սեփական մշակույթի, արժեքների, գաղափարախոսության, արտաքին քաղաքականության առավել ընկալելի դարձնելը, ինչպես նաև նրանց տրամադրությունների փոփոխությունը՝ այդ երկրի արտաքին քաղաքական որոշումների նկատմամբ ազդեցություն ունենալու նպատակով։ «Փափուկ ուժ» և «հանրային դիվանագիտություն» հասկացությունները երբեմն նույնացվում են, սակայն պետք է նշել, որ հանրային դիվանագիտությունը գործնականում հանդես է գալիս որպես «փափուկ ուժի» գործիք։
Թեև հանրային դիվանագիտության «հայրենիքը» համարվում է ԱՄՆ-ը, ներկայում մի շարք երկրներում ստեղծվել և գործում են հատուկ մարմիններ, որոնց գործունեությունն ուղղված է հանրային դիվանագիտության նպատակների իրականացմանը, ինչպես լեզվի, մշակույթի, երկրի մասին գիտելիքների տարածմանը և դրա վերաբերյալ դրական տրամադրությունների ապահովմանը, օրինակ՝ Բրիտանական խորհուրդը (Մեծ Բրիտանիա), Գյոթեի ինստիտուտը (Գերմանիա), Ալյանս Ֆրանսեսը (Ֆրանսիա), Սերվանտեսի ինստիտուտը (Իսպանիա), Ճապոնական հիմնադրամը (Ճապոնիա), Կորեական հիմնադրամը (Կորեա), Արտասահմանում չինարենի տարածման պետական գրասենյակը (Չինաստան) և այլն։
Ռուսական քաղաքական շրջանակներում «փափուկ ուժի» մասին առաջին անգամ խոսել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2008թ․։ Նա հասկացությունը բնութագրել է որպես «քաղաքակրթական, հումանիտար-մշակութային, արտաքին քաղաքական և այլ գրավչության միջոցով աշխարհի վրա ներգործելու ունակություն»։ 2012թ. հրապարակված՝ «Ռուսաստանը և փոփոխվող աշխարհը» հոդվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փափուկ ուժ» հասկացությունը բնորոշել է որպես «գործիքների և մեթոդների համալիր՝ ուղղված արտաքին քաղաքական նպատակների իրականացմանը ոչ թե զենքի կիրառման, այլ տեղեկատվական և ազդեցության այլ լծակների միջոցով»։ Այս սահմանումով ՌԴ նախագահը շեշտադրում է ոչ թե գրավչությունը, ինչն առանցքային է Նայի ձևակերպման մեջ, այլ հենց ազդեցության լծակների՝ «փափուկ ուժը» հավասարեցնելով «ոչ ռազմական ուժին»։
Ինչ վերաբերում է հանրային դիվանագիտությանը, ապա այն ռուսական շրջանակներում տարբեր կերպ է մեկնաբանվում։ Ոլորտի մասնագետների և փորձագետների մի մասը հանրային դիվանագիտությունը դիտարկում է որպես PR-ի ժամանակակից միջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մշակված մեխանիզմների օգտագործում պետական քաղաքականության նպատակներն առաջ տանելու համար: Մյուս խմբի կարծիքով՝ հանրային դիվանագիտությամբ զբաղվող կազմակերպությունների հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե պետության շահերի սպասարկումը, այլ ուրիշ պետությունների հասարակությունների հետ շփումը՝ ժողովուրդների միջև փոխըմբռնումը խորացնելու նպատակով։ Տարակարծության հիմնական պատճառն այն է, որ մասնագիտական գրականության մեջ «public diplomacy» հասկացությունը ռուսերենում երկու կերպ է թարգմանվում՝ «հանրային դիվանագիտություն» (публичная дипломатия) և «հասարակական դիվանագիտություն» (общественная дипломатия): Հասարակական դիվանագիտությունն ավելի նեղ իմաստով է դիտարկում հանրային դիվանագիտություն հասկացությունը, ինչի պատճառով էլ շփոթմունք է առաջանում։
Ռուսաստանը «փափուկ ուժի» քաղաքականության արդյունավետ կիրառման բավական լավ ներուժ ունի, սակայն ոչ լիարժեք և ցածր արդյունավետությաբ է իրացնում։ Պատճառներից մեկն այն է, որ «փափուկ ուժի» կիրառումը Ռուսաստանի համար, ի տարբերություն Արևմուտքի, բավական նոր է։ Հանրային դիվանագիտության խնդիրների իրականացման համատեքստում Ռուսաստանը, զանգվածային լրատվամիջոցների հնարավորություններն օգտագործելուց զատ, այլ գործիքակազմի ակտիվ կիրառումը սկսեց միայն 2000-ականներին։ Մասնավորապես, ռուսերենի տարածումն ապահովելու համար 2007թ․ ստեղծվեց «Ռուսական աշխարհ» հիմնադրամը, ՀԿ-ների հետ համագործակցության և նրանց միջոցով հանրային դիվանագիտության իրականացման համար 2010թ․ ստեղծվեց «Հանրային դիվանագիտության աջակցության Մ․Ա․ Գորչակովի անվան հիմնադրամը», հետազոտություններ իրականացնելու, մասնագետներ պատրաստելու նպատակով 2010թ․ հիմնադրվեց նաև «Միջազգային հարցերով ռուսական խորհուրդը» և այլն։ 2013թ. «փափուկ ուժը» պաշտոնապես ընդգրկվեց Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում։
Մյուս կողմից, Արևմուտքի «փափուկ ուժի» արդյունավետ կիրառման արդյունքում, ինչը մեծ ազդեցություն ունեցավ այդ թվում ԽՍՀՄ փլուզման վրա, Ռուսաստանի համար բավական բարդ խնդիր է սեփական հեղինակության վերականգնումն արևմտյան հասարակություններում։ Ռուսաստանն ինքնին ընկալվում է որպես պետական ապարատ։ Արևմուտքում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից քաղաքական, հասարակական ուժերը մեծ թիվ չեն կազմում ու մեծ ժողովրդականություն չեն վայելում։ Արևմտյան երկրներում ռուսական լրատվամիջոցներին և ՀԿ ոլորտին չի հաջողվում էական ազդեցություն ունենալ Մոսկվայի նկատմամբ ընկալումների վրա, քանի որ թե՛ ԶԼՄ-ները, թե՛ կազմակերպություններն ուղղակիորեն կապված են պետական իշխանության հետ, և դրանց գործունեությունն ընկալվում է որպես քարոզչություն։ Միաժամանակ, այսօր Արևմուտքի երկրներում անթաքույց պայքար է մղվում ռուսական լրատվամիջոցների, հատկապես՝ Russia Today-ի, Sputnik-ի դեմ։
Ռ ուսաստանի նկատմամբ դրական մոտեցումներ ձևավորելը կամ դրանք պահպանելը բավական բարդ է անգամ հետխորհրդային տարածքում։ Ընդհանուր առմամբ, այստեղ վերջին տասնամյակներին Ռուսաստանը կիրառել է «փափուկ ուժի» դասական գործիքակազմը․ ռուսական դպրոցների, ռուսական բուհերի մասնաճյուղերի բացում, կրթական ու մշակութային միջոցառումներ, ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանք։ Չնայած դրան՝ Ռուսաստանի քաղաքական, մշակութային, հումանիտար ազդեցությունը, որն ամուր էր դեռ 1990-աններին և 2000-ականների սկզբին, շարունակում է թուլանալ։ Ավելին, մերձբալթյան երկրներն արդեն Եվրամիության անդամ են, Արևելյան գործընկերության վեց երկրներից երեքը՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրեր ունեն։ Այս երկրներում ոչ միայն թուլացել է Ռուսաստանի ազդեցությունը, այլև ՌԴ-ն ընկալվում է ծայրահեղ բացասական երանգներով։ Այստեղ ևս բավական արդյունավետ է աշխատում արևմտյան «փափուկ ուժը»։ Ի տարբերություն ռուսական «փափուկ ուժի», որի գործունեությունը սահմանափակվում է քաղաքական, դիվանագիտական, պատմական (այդ թվում՝ ընդհանուր պատմական անցյալ, ԽՍՀՄ, ինչը ավելի շատ բացասաբար է ընկալվում, իսկ դրականի դեպքում ընդգրկում է ոչ մեծ թվով մարդկանց), կրթական ոլորտներով՝ արևմտյան «փափուկ ուժը» գործունեության հսկայական դաշտ ունի՝ ժողովրդավարական զարգացում, մարդու իրավունքներ (առանձին ճյուղերով), առաջնորդություն, բնապահպանություն, առողջապահություն, մշակույթ, արվեստ, գիտություն, սպորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։
Ռուսական «փափուկ ուժի» ցածր արդյունավետության պատճառներից մեկն էլ «կոշտ ուժի» կիրառումն է։ Ինչպես նշվեց, «փափուկ ուժի» քաղաքականության զարգացումը սկսվել է միայն 2008-ից հետո, ավելի հստակ՝ 2010-ականներին։ Հենց այդ ընթացքում էր, որ տեղի ունեցավ Հարավային Օսիայում զինված հակամարտությունը, որին 2010-ականներին հաջորդեցին հակամարտությունն Ուկրաինայի Արևելքում, Ղրիմի իրադարձությունները, Սիրիայում ռուսական ուժերի ավելացումը, իսկ 2022թ․ փետրվարից էլ սկսվեց ռուսական հատուկ գործողությունն Ուկրաինայում։
Հոգևոր, մշակութային, լեզվական առումով Ռուսաստանին ամենամոտը գտնվող Ուկրաինայի «կորուստն» առավել ընդգծեց ռուսական «փափուկ ուժի» ձախողումը։ Բանն այն է, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանը ցուցաբերում էր իներցիոն մոտեցում, ինչը ցանկալի արդյունք չունեցավ երիտասարդ սերնդի դեպքում։ Մյուս կողմից, պետք է արձանագրել, որ ուկրաինական հասարակության հետ անհրաժեշտ աշխատանքի բացակայությունը պայմանավորված էր նաև նրանով, որ այս հասարակությունը լիարժեք ուսումնասիրված չէր, իսկ Կիևի հետ հակասությունների հավանականությունը թերագնահատված էր։ Ուկրաինական հասարակությունում Մոսկվայի բացթողումները գրագետ ու արդյունավետ կերպով լրացնում էր արևմտյան «փափուկ ուժը»։ Ի դեպ, ի տարբերություն ռուսականի՝ արևմտյան «փափուկ ուժը» բազմակենտրոն է․ ֆինանսավորվում և կյանքի է կոչվում ինչպես պետական կառույցների, այնպես էլ ոչ կառավարական հիմնադրամների կողմից, աշխատում է ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակության լայն շերտերի հետ, ուստի քաղաքականության հետ դրա ասոցացումը բավական թույլ է։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից հետո, եթե անգամ աշխարհաքաղաքական փոփոխություններ չլինեն, տարածաշրջանային «ստատուս քվոյի» փոփոխությունն անխուսափելի է։ Կփոխվի նաև «փափուկ ուժի» մասին պատկերացումը ու դրա գործնական կիրառությունը։ Ռուսաստանի առջև սեփական հեղինակությունը վերականգնելու խնդիր կդրվի։ Նման իրավիճակում Ռուսաստանը պետք է համակարգային մոտեցում որդեգրի «փափուկ ուժի» քաղաքականության համար և ընդլայնի դրա գործողության ոլորտը՝ ընդգրկելով օտարերկրյա հասարակության առավել լայն շերտեր։ Մոսկվան պետք է ավելի շատ ուշադրություն կենտրոնացնի ու ջանքեր գործադրի առաջին հերթին դաշնակիցների շրջանում։ Ռուսաստանի նկատմամբ դրական մոտեցումներ ձևավորելու համար համեմատաբար արդյունավետ ուղղություն կարող են դառնալ, թերևս, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, Լատինական Ամերիկան, Մերձավոր Արևելքը։ Միաժամանակ, «փափուկ ուժի» քաղաքականության արդյունավետության բարձրացման համար Ռուսաստանը նախ և առաջ պետք է բարձրացնի սեփական գրավչությունը, այդ թվում՝ իր հանրության համար։