Վիեննայի միջուկային բանակցությունները
10 ր. | 2022-04-15Ա պրիլի 6-ին լրացավ Իրանի հետ Միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունների մեկնարկի մեկ տարին: Այդ ընթացքում անցկացվել է բանակացությունների 8 փուլ, որից 6-ը՝ Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի կառավարության օրոք՝ 2021թ. ապրիլ-հունիս ամիսներին: Վերջին երկու փուլերն անցկացվել են 2021թ. նոյեմբերից 2022թ. մարտ ամիսներին՝ արդեն ԻԻՀ նոր կառավարության մասնակցությամբ: Վիեննայում այժմ ընդմիջում է․ բանակցությունները կանգնած են մարտի 11-ից։
Իրանական կողմի պնդմամբ՝ կա 95 տոկոս առաջընթաց: Ըստ մամուլի հրապարակումների՝ հիմնական հարցը, որի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, վերաբերում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջազգային կարգավիճակին և նրա նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը։
Բանակցություններ և ընտրություններ
Պ աշտոնական Թեհրանի պահանջում է, որ ԱՄՆ-ն իրանական կառույցը հանի ահաբեկչական կառույցների ցանկից։ Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, ուղղակի մասնակցություն չունի բանակցություններին։ Բանն այն է, որ ներկայում բանակցությունները վարում են այն երկրները, որոնք մնում են համաձայնագրի կողմեր (մի կողմից՝ Իրանը, մյուս կողմից՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան)։
Իսկ ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի կառավարման շրջանում դուրս է եկել համաձայնագրից ու պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։ Պատժամիջոցներից մեկն էլ հենց ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելն է եղել։ Ընթացիկ բանակցություններին ԱՄՆ-ն մասնակից է միջնորդավորված՝ գործընկեր պետությունների միջոցով։ Եվ, ըստ էության, հենց ԱՄՆ վերադարձին են ուղղված բանակցությունները։
Բանակցությունների 8 փուլից 6-ն անցկացվել է մինչև Իրանի նախագահական ընտրությունները։ Նախկին նախագահ Հասան Ռոհանիի օրոք անցկացված բանակցությունների վերջին փուլում՝ հունիսի սկզբին, կողմերը հավանական էին համարում, որ կարող են ավարտին հասցնել բանակցությունները, սակայն չհասցրին։
Ռոհանին նախագահ էր դարձել Իրանի դեմ պատժամիջոցների վերացման խոստումով։ Նախքան նոր ընտրությունները համաձայնության հասնելը նրա կառավարության համար «դեմքը փրկելու» և ընտրություններում բարեփոխական ճամբարի դիրքերն ամրապնդելու նշանակությունն ուներ։ Ըստ Ռոհանիի՝ իր կառավարությանը պարզապես թույլ չտվեցին համաձայնության հասնել։
«Եթե ցանկանան, հենց այսօր էլ կարող ենք պատժամիջոցներին վերջ դնել: Հենց այսօր կարող ենք անել դա: Հենց հիմա պարոն Արաղչիին լիազորություն կտանք, նա էլ Վիեննա կգնա ու մի քանի օրվա ընթացքում համաձայնության կհասնի, և պատժամիջոցներն էլ կվերացվեն»,- կառավարության հունիսի 23-ի նիստին հայտարարել էր Ռոհանին:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ այդ ընթացքում վերջնական համաձայնություն ձեռք բերել չէր հաջողվել ԱՄՆ-ի պատճառով։ Ըստ դիվանագետի․
- ԱՄՆ-ն պահանջել է, որ հետագայում բանակցություններ ընթանան Իրանի տարածաշրջանային քաղաղաքականության հարցի շուրջ: Վաշինգտոնը դրանով է պայմանավորել նաև որոշ պատժամիջոցների չեղարկումն ու ԻՀՊԿ-ն ահաբակեչական կառույցների ցանկից բացառելու հնարավորությունը,
- Վաշինգտոնը պատրաստ չի եղել չեղարկելու Իրանին զենքի վաճառքի էմբարգոն,
- ԱՄՆ-ն չի համաձայնել չեղարկել ֆիզիկական և իրավաբանական 500 անձանց նկատմամբ Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցները,
- ԱՄՆ-ն պատրաստ չի եղել երաշխիք ներկայացնելու, որ Թրամփի օրոք դրսևորված վարքագիծը չի կրկնվի,
- ԱՄՆ-ն պատրաստ չի եղել քննարկելու Միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքով Իրանին պատճառված վնասի հատուցման հարցը,
- ԱՄՆ-ն Իրանի միջուկային գործողությունների վերաբերյալ առավելապաշտական պահանջներ է ներկայացրել, որոնք իրենց հերթին համաձայնագրի դրույթներից դուրս են,
- ԱՄՆ-ն պատրաստ չի եղել առաջինը կատարելու իր պարտավորությունները, ինչը ստուգելուց հետո Իրանը կանի իր քայլը:
Իրականում բանակցությունների առաջին վեց փուլում (Ռոհանիի օրոք) համաձայնության չհասնելու հարցում ազդեցություն են ունեցել թե՛ Ռոհանիի, և թե՛ Ղարիբաբադիի ներակայացրած պատճառները:
Ռոհանիի դժգոհությունը տեղին է այն առումով, որ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո նրա կառավարությունը երկրի ներսում մեծ ճնշումների էր ենթարկվում։ Բանակցությունների ընթացքում անգամ բանակցող թիմի նկատմամբ քարոզչական մեծ գրոհներ էին իրականացվում, ու միանգամայն հավանական էր, որ Իրանի իշխող օղակներից կփորձեին սահմանափակել նրանց։
Մյուս կողմից, բանակցությունների 6-րդ փուլի ավարտին Իրանի գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ կարևոր հարցեր են մնացել համաձայնեցնելու։
Նոր նախագահ, նոր բանակցություններ՝ նոր կետից
Ի րանում նախագահական ընտրություններն անցկացվեցին հունիսի 18-ին, որտեղ հաղթեց պահպանողական Էբրահիմ Ռայիսին: Նրա գլխավորությամբ նոր կառավարությունն իր գործունեությունն սկսեց օգոստոսին: Փոխվեցին և՛ արտգործնարարարը, և՛ գլխավոր բանակցողը։
Արտգործնախարարի պաշտոնում Մոհամմադ Ջավադ Զարիֆին փոխարինեց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, իսկ փոխարտգործնախարար և գլխավոր բանակցող Աբբաս Արաղչիին՝ Ալի Բաղերի Քանին, որոնք երկուսն էլ հայտնի էին իրենց առավել կոշտ քաղաքականությամբ:
Նոր կառավարության ձևավորումից միայն 3 ամիս անց՝ նոյեմբերի 29-ին, վերսկսվեցին Վիեննայի բանակցությունները: 7-րդ փուլն անցկացվեց մինչև դեկտեմբերի 18-ը: 8-րդ փուլը մեկնարկեց դեկտեմբերի 27-ին և ընդմիջումներով տևեց մինչև մարտի 11-ը:
Բանակցությունների 8-րդ փուլի մեկնարկին Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցային նախկին թիմի օրոք ձեռք բերված փաստաթուղթը մի կողմ է դրվել, և կողմերը նոր փաստաթղթի հիման վրա են բանակցելու: Մինչև այդ արևմտյան մամուլը գրել էր, որ Իրանի բանակցող նոր թիմը հրաժարվել է գրեթե բոլոր փոխզիջումներից, որոնք ձեռք էին բերվել նախորդ թիմի հետ շփումների ընթացքում։
Փետրվարին կողմերը սկսեցին հայտարարել, որ արդեն շատ մոտ են համաձայնությանը: Բանակցություններում ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարեց, որ հավանական է մինչև փետրվարի վերջ կամ մարտի սկիզբ բանակցություններն ավարտվեն: Սակայն, եթե Արևմուտքն ու նաև ՌԴ-ն համաձայնության մասին խոսում էին որպես արդեն գրեթե կայացած իրողություն, Իրանից շարունակում էին պնդել, թե առաջընթաց կա, բայց դեռ հարցեր կան համաձայնեցնելու:
Թեհրանը պնդում էր, որ չեն տրվելու ճնշումներին ու կբանակցեն այնքան, ինչքան անհրաժեշտ է լավ համաձայնության հասնելու համար: Մարտի դրությամբ, ըստ իրանական մամուլի, «3-4 հարց» էր մնացել համաձայնեցնելու։
Մարտի սկզբին BBC-ին գրել է, որ չլուծված 4 հարց է մնացել, որոնք առնչվում են՝
- Թրամփի օրոք կիրառված բոլոր պատժամիջոցների վերացմանը,
- երաշխիքներին, որ ԱՄՆ-ն նորից դուրս չի գա նոր գործարքից,
- պատժամիջոցների վերացումը ստուգելու ժամանակահատվածին,
- ԱԷՄԳ-ի կողմից ստուգման ենթակա օբյեկտների հետ կապված խնդրին։
Չորրորդ կետի հետ կապված խնդիրն այն էր, ԱԷՄԳ-ն Իրանի կողմից չհայտարարագրված 3 օբյեկտներում ուրանի մասնիկներ էր հայտնաբերել, իսկ Իրանն այդ հարցով պարզաբանումներ չէր ներկայացրել: Այս և տեսչական ստուգումների հետ կապված այլ հարցերի շուրջ գործակալությունն ու Իրանը Վիեննայի բանակցություններին զուգահեռ անցկացնում էին առանձին բանակցություններ։ Երբեմն հենց այս երկկողմ բանակցություններից էր կախված լինում Վիեննայի բազմակողմ բանակցությունների առաջընթացը։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Իրան վերջին այցը եղել է մարտի 5-ին, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը չհայտարարագրված օբյեկտներում իրադրության վերաբերյալ ԱԷՄԳ-ին ներկայացնելու է գրավոր բացատրություն, որը կառույցն ուսումնասիրելու է և 2022թ. հունիսին Կառավարիչների խորհրդի նիստին հանդես է գալու զեկույցով։
Ըստ BBC-ի՝ եթե կողմերին հաջողվի համաձայնության հասնել առաջին երեք հարցում, ապա համաձայնագրի վերականգնման համար կողմերը պետք է սպասեն ԱԷՄԳ-ի հունիսի զեկույցին։
Հակադիր կարմիր գծեր
Մ արտի 16-ին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարում է, որ Իրանն ունի 4 կարմիր գիծ, որոնցից երկուսի շուրջ գրեթե համաձայնության են հասել։ Ապրիլի 11-ին Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարում է, որ չլուծված «մեկից ավելի» հարցեր կան: Այդ «մեկից ավելին», դատելով մամուլի հրապարակումներից, առնչվում է բոլոր պատժամիջոցների չեղարկմանն ու երաշխիքների տրամադրմանը:
Մարտին՝ բանակցությունների սառեցումից հետո, եղան հրապարակումներ, որ բանակցությունների ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ Իրանը պահանջում է վերացնել Թրամփի օրոք կիրառված բոլոր պատժամիջոցները, մասնավորապես՝ ԻՀՊԿ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ-ն, սակայն, առայժմ չի պատրաստվում ԻՀՊԿ-ն հանել ահաբեկչական կառույցների ցանկից և վերացնել նրա նկատմամբ պատժամիջոցները։
Այս առնչությամբ Իրանում եղավ նաև տրամադրությունների շոշափում: Մարտի 26-ին Իրանի պետական ռադիոհեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, որ համաձայնության հիմնական խոչընդոտն ԱՄՆ-ի առավելապաշտությունն է: Նրա խոսքով՝ մնացել են քիչ, բայց կարևոր հարցեր: Այդ հարցերից մեկն, ըստ Իրանի ԱԳ նախարարի, ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԻՀՊԿ-ին պատժամիջոցների ցանկից հեռացնելուն է առնչվում: Աբդոլլահիանը նաև նշել էր, որ ԻՀՊԿ հրամանատարությունն ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ ԻՀՊԿ հարցը չպետք է խոչընդոտ լինի համաձայնության համար:
Աբդոլլահիանի այս հայտարարությունը մեծ արձագանք ու քննադատություն առաջացրեց Իրանում: Այն մեկնաբանվեց որպես կարմիր գծերից հրաժարում: Քննադատություններից հետո Աբդոլլահիանը հանդես է եկավ պարզաբանող հայտարարությամբ՝ նշելով, որ իր խոսքերը չեն նշանակում, որ Իրանը հրաժարվել է իր կարմիր գծերից: Հատկանշական է, որ հարցազրույցի ընթացքում ևս Աբդոլլահիանը շեշտել էր, որ չնայած ԻՀՊԿ հրամանատարության թույլտվությանը՝ իրենք ԻՀՊԿ հարցը չեն շրջանցում, և այն բանակցությունների մաս է կազմում:
Ապրիլի 11-ի դրությամբ՝ իրանական կողմը հերթական անգամ հայտարարեց․
«Մեր կարմիր գծերը մինչև օրս պահպանվել են: Եթե մեր կարմիր գծերից անցնելու լինեինք, մի քանի ամիս առաջ համաձայնության կգայինք: Մենք դեռ այն կետին չենք հասել, որ ամերիկյան կողմը ցույց տա, որ հավատարիմ է պարտավորություններին: Մեզ համար պատժամիջոցների վերացումից օգուտ քաղելը կարևոր է: Առավելագույն ճնշման բոլոր տարրերը պետք է վերանան: Մենք իսկապես չգիտենք՝ համաձայնության կհասնենք, թե չէ։ Համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կամքն ԱՄՆ-ն դեռ չի ցուցաբերել»:
ԻՀՊԿ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացումն Իրանի համար կարևոր է երկու պատճառով․
- կառույցը Իրանի զինված ուժերի կարևոր մաս է,
- կառույցն ակտիվ ներգրավվածություն ունի Իրանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում (նավթագազային արդյունաբերություն, արտադրություն, հեռահաղորդակցություն, էներգետիկա, շինարարություն):
Ըստ The Economist պարբերականի՝ Իրանի տնտեսության մեկ քառորդը տնօրինում է հենց ԻՀՊԿ-ն։ ԱՄՆ կոնգրեսի համապատասխան ենթահանձնաժողովին ներկայացված զեկույցներից մեկում էլ նշվում է, որ կորպուսը տիրում է Իրանի տնտեսության 20-40 տոկոսին (այլ տեղերում՝ 20-30 տոկոսին), իսկ դրա տարեկան շահույթը հավասար է Իրանի համախառն ներքին արդյունքի 1/6-ին։ Financial Times պարբերականն էլ մեջբերում է, որ ըստ որոշ մասնագետների՝ ԻՀՊԿ բիզնես կայսրության մեջ մտնող ընկերությունների ընդհանուր արժեքը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի։
Իրանի տնտեսությունում ԻՀՊԿ ազդեցությունը բնութագրելու համար բավական է հիշատակել «Խաթամ ալ Անբիա» ինժեներական ընկերություն, որը զբաղվում է ենթակառուցվածքային մի շարք նախագծեով։ Այս ընկերությանն է, օրինակ, վստահվել նաև միջազգային Հյուսիս-Հարավ միջանցքի մաս կազմող Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցումը։
Ուկրաինայի պատերազմն ու Ռուսաստանի դիրքավորումը
Ու կրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից և ՌԴ նկատմամբ պատժամիջոցների սահմանումից օրեր անց՝ մարտի 5-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պետք է երաշխիքներ տրամադրի ՌԴ-ին, որ Միջուկային համաձայնագրի վերականգնման դեպքում այդ պատժամիջոցները չեն ազդելու Թեհրանի հետ առևտրատնտեսական համագործակցության վրա:
Սա մեծ իրարանցում առաջացրեց և մեկնաբանվեց որպես Մոսկվայի կողմից համաձայնագրի վերականգնումը խոչընդոտելու փորձ: Հատկապես ընդգծվում էր, որ ՌԴ-ն Իրանին դիտարկում է որպես մրցակից, որը կարող է իր փոխարեն նավթ և գազ արտահանել Եվրոպա, և հենց այդ պատճառով փորձում է թույլ չտալ համաձայնագրի վերականգնումը: Այս միտքը հատկապես տարածվում էր արևմտյան և Իրանի ընդդիմադիր մամուլում:
Սակայն Մոսկվայի կողմից երաշխիքներ պահանջելու հարցը շատ արագ փակվեց: Մարտի 15-ին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը մեկնեց Մոսկվա, որտեղ նա Ռուսաստանին շնորհակալություն հայտնեց կառուցողական ջանքերի համար, որոնք նպաստել են պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության մոտեցմանը: Նա նաև հայտարարեց, որ ՌԴ-ն չի խոչընդոտելու Վիեննայում համաձայնության կայացմանը, և որ Ուկրաինայի իրադարձությունների ու Վիեննայի բանակցությունների միջև որևէ կապ չկա:
Աբդոլլահիանը շեշտեց, որ ինչպես բանակցությունների սկզբում, այնպես էլ հետագայում Ռուսաստանն աջակցելու է Իրանին լավ համաձայնության հասնելու համար: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ Մոսկվան Վաշինգտոնից գրավոր երաշխիքներ է ստացել, որ ՌԴ դեմ պատժամիջոցները չեն ազդի Իրանի հետ համագործակցության վրա: Ըստ նրա՝ այդ երաշխիքները ներառված են Միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնության տեքստում:
Բացի երկու կողմերի հավաստիացումներից, անհրաժեշտ է նշել նաև, որ Իրանի նավթի մատակարարման կարողությունները համեմատելի չեն Ռուսաստանի հետ։ Թեհրանը չի կարողանա ծածկել Եվրոպայի էներգակիրների պահանջարկը, եթե Արևմուտքը հրաժարվի ռուսական նավթից ու գազից։
Չնայած այս ամենին՝ Ռուսաստանի՝ որպես Միջուկային համաձայնագրի կայացման խոչընդոտ ներկայցնելու փորձերը չդադարեցին: Սակայն փաստ է, որ անկախ ՌԴ դերակատարումից, կողմերը համաձայնության չեն հասնում առաջին հերթին այն պատճառով, որ Իրանը ներկայացնում է պահանջներ, իսկ ԱՄՆ-ն չի պատրաստվում բավարարել դրանք։
Ամփոփելով կարելի է արձանագրել, որ Իրանի նոր կառավարության բանակցող թիմը հանդես է գալիս ավելի կոշտ դիրքերից։ Եվ եթե երկու կողմն էլ առանցքային հարցերի շուրջ զիջումների չգնան, համաձայնագրի վերականգնումը քիչ հավանական կլինի։