Սաուդյան Արաբիա. Տեսլական 2030

19 ր.   |  2022-04-14

2 016թ․ ապրիլի 25-ին հրապարակվել է «Սաուդյան Արաբիա։ Տեսլական 2030» (այսուհետ՝ «Տեսլական») մեգածրագիրը, որի նախաձեռնությունը պատկանում է թագաժառանգ Մուհամմադ բին Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդին։ Առաջին հերթին այն միտված է նվազեցնելու Սաուդյան Արաբիայի տնտեսության կախվածությունը նավթից՝ զարկ տալով տնտեսության այլ ճյուղերի զարգացմանն ու արդիականացմանը, ինչպես նաև հանրային ծառայության այլ ոլորտների արդիականացմանը։

 «Տեսլական»-ի ընդունմանը նախորդել են նավթային գների կտրուկ անկման հայտնի իրադարձությունները, որոնք բեկում մտցրին տրանսֆորմացիոն գործընթացներն արագացնելու գործում։ Տնտեսության նավթային կախվածությունը առավելագույնս զգացվեց հենց այդ ժամանակ։ Սաուդական էլիտան գիտակցում էր, որ հետագա ճգնաժամերից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել երկրի տնտեսության նավթային կախվածությունը։ Իշխանության գալով՝ թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանն անմիջապես ձեռնամուխ եղավ այս գործընթացին։ Դեռևս իր հոր՝ Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդի թագավոր դառնալուց հետո Մուհամմադն արդեն զբաղեցնում էր պաշտպանության նախարարի, տնտեսական և զարգացման հարցերով խորհրդի նախագահի պաշտոնները։ Նա տիրապետում էր իրավիճակին և քաջատեղյակ էր հնարավոր մարտահրավերների մասին։

«Տեսլական»-ը Սաուդյան Արաբիայի ամենահավակնոտ ծրագրերից մեկն է։ Դրա իրագործմամբ թագավորությունը հայտ է ներկայացնում տարածաշրջանային և համաշխարհային ասպարեզում հավակնոտ դիրքի և վճռորոշ դեր զբաղեցնելու համար։ Պատահական չեն Սաուդյան Արաբիայի՝ իսլամի պահապանի դերի մասին արված դիտարկումները։ Կրկին ընդգծվել են սրբազան քաղաքների և  ուխտավայրերի առկայությունը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի պարտավորությունը՝ ապահովելու ումրա այցելուների անվտանգությունը։

 «Տեսլականը» միայն տնտեսական զարգացման ծրագիր չէ, այլ ընդգրկում է Սաուդյան Արաբիայի հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Ի վերջո, այս ծրագրի առանցքային ռազմավարական նպատակակետերից է նաև կենսունակ հասարակություն և արդյունավետ ու պատասխանատու կառավարման համակարգի ստեղծումը։ Այսպիսով, «Տեսլական»-ի իրագործմամբ լուծվում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, իսկ Սաուդյան Արաբիան ներկայանում է նորովի։

Տեսլականը

Ի նչպես գիտենք 1932թ․ Աբդուլազիզ բին Սաուդը հիմնադրեց այսօրվա Սաուդյան Արաբիայի թագավորությունը։ Շատ չանցած՝ 1938թ․, Ալ-Ահսայի շրջանում նավթի զգալի պաշարներ հայտնաբերվեցին, ինչից հետո Սաուդյան Արաբիայում նավթարդյունաբերությունն սկսեց արագ տեմպով զարգանալ։ 1941թ․ հիմնադրվեց ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ԱՐԱՄԿՕ արաբ-ամերիկյան նավթարդյունաբերական ընկերությունը։ Այնուհետ Սաուդյան Արաբիայի տնտեսությունն սկսեց կախվածություն ունենալ մեծապես նավթարդյունաբերությունից։ Արդեն 1970-ական թթ․ նավթարդյունաբերությունը զգալի եկամուտներ էր ապահովել Սաուդյան Արաբիային։ Մասնավորապես, 1970-1981թթ․ տնտեսական աճի ժամանակահատվածում ՀՆԱ-ն աճում էր տարեկան 11%-ով, ինչին հետևեց կարճատև ակնում։ 1980-ական թթ․ վերջերից սկսած՝ թագավորությունում գրանցվել էր հարաբերականորեն կայուն, տարեկան 3% տնտեսական աճ, սակայն տնտեսության կախվածությունը նավթից ավելի էր մեծանում։

Ներկայում Սաուդյան Արաբիան նավթային պաշարների գնահատմամբ աշխարհում երկրորդ երկիրն է Վենեսուելայից հետո, իսկ նավթարդյունաբերությամբ աշխարհում կրկին զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով ԱՄՆ-ին։ Նավթային գործոնին ավելանում է նաև Սաուդյան Արաբիայի բնակչության աճող թվաքականը։ Թագավորությունը աշխարհի երիտասարդ բնակչություն ունեցող երկրներից է (35 783 433 մարդ 2022թ. տվյալներով):

Այսպիսով, արդի փուլում ի հայտ են եկել նոր իրողություններ, որոնք կենսական նշանակություն ունեն Սաուդյան Արաբիայի ապագայի համար։ Հատկապես բնակչության թվաքանակի աճն ու տնտեսության նավթային կախվածությունը այն կարևոր գործոններն են, որոնց ազդեցության լրջագույն գիտակցմամբ էլ ընդունվեց «Տեսլական»-ը։

«Տեսլականը» կազմված է 3 հիմքերից, ընդգրկում է 96 ռազմավարական նպատակ և իրականացման 13 ծրագիր։

«Տեսլական» ծրագրի հիմքերը հետևյալ 3 կարևոր դիտարկումներն են․

  • արաբական և իսլամական աշխարհում Սաուդյան Արաբիան կենտրոնական դեր ունի, այն երկու սրբազան մզկիթների պահապանն է,
  • Սաուդյան Արաբիան ֆինանսական զգալի ներուժ ունի, կարող է հանդիսանալ որպես ներդրումային կարևորագույն վայր,
  • թագավորությունը աշխարհագրական բացառիկ դիրք ունի երեք աշխարհամասերը միմյանց կապող ջրային ճանապարհներին։

Հենվելով այս դիտարկումների վրա՝ «Տեսլականում» սահմանված են հետևյալ  երեք նպատակակետերը՝ զարկ տալ բարգավաճող տնտեսությանը, նպաստել  կենսունակ հասարակության և բարձր ներկայացվածությամբ, արդիական կառավարության ստեղծմանը։

Քանի որ, ինչպես նշվեց, «Տեսլականը» մեգածրագիր է, ապա այն իրագործելու համար ստեղծվել են նաև օժանդակ ծրագրեր՝ «Տեսլականի» իրականացման ծրագրեր (ՏԻԾ), որոնցից յուրաքանչյուրը նպատակներին հասնելու համար պետք է ռազմավարություն մշակի։ «Տեսլականի» յուրաքանչյուր ծրագրի աշխատանքներն ու առաջընթացը համակարգում է տվյալ ենթածրագրի կոմիտեի նախագահը: Նախագահներն էլ նշանակվում են Տնտեսական և զարգացման հարցերով խորհրդի կողմից։

«Տեսլականի» իրականացման ծրագրերն են․

  • Կառավարություն վերակազմավորման ծրագիր,
  • Ռազմավարական ուղղությունների ծրագիր,
  • Պետական բյուջեի հավասարակշռման ծրագիր,
  • Նախագծի մենեջմենթի ծրագիր,
  • Սահմանված կանոնների վերանայման ծրագիր,
  • Կատարողականության չափման ծրագիր,
  • Սաուդական ԱՐԱՄԿՕ-ի ռազմավարական տրանսֆորմացման ծրագիր,
  • Հանրային ներդրումների հիմնադրամի վերակառուցման ծրագիր,
  • Մարդկային կապիտալի ծրագիր,
  • Ազգային տրանսֆորմացման ծրագիր,
  • Հասարակական ոլորտի կառավարման ուժեղացման ծրագիր,
  • Մասնավորեցման ծրագիր,
  • Ռազմավարական գործընկերությունների ծրագիր։

«Տեսլական»-ը, ինչպես նկատեցինք, զարգացման համընդգրկուն ծրագիր է, որը փաստացի ներառում է Սաուդյան Արաբիայի թագավորության կյանքի բոլոր ոլորտները։

Տեսլականի ընդունման հիմքում ընկած գործոնները

Ի նչպես նշեցինք վերևում, «Տեսլական»-ի ընդունման և իրագործման գլխավոր նպատակը տնտեսության զարգացումն ու արդիականացումն է՝ նվազեցնելով նավթային կախվածությունը։ Շատ վերլուծաբաններ վստահեցնում էին, որ 2014թ․-ից նավթի գնի անկման հետ կապված իրադարձություններն են պատճառ հանդիսացել «Տեսլական»-ի արագ ընդունման և կիրառման համար։ Սակայն «Տեսլական»-ի կառուցվածքն ու ընդգրկվածությունը հուշում են, որ այն պարզապես տնտեսական ադիականացման ծրագիր չէ։ Հնարավոր ճգնաժամերից խուսափելու համար թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանն առանձնացրել է երկու հիմնական գործոններ «Տեսլական»-ի ընդունման նախապատմության համատեքստում։ Առաջինը բնակչության աճն է, իսկ երկրորդը՝ Սաուդյան Արաբիայի բազմաթիվ չօգտագործված հնարավորությունները։ Որպեսզի Սաուդյան Արաբիան խուսափեր տնտեսական ճգնաժամից, անհրաժեշտ էր արագացված տեմպերով հասարակությանը նախապատրաստել գալիք փոփոխություններին։ Բնակչության թվաքանակը շատ կարևոր գործոն է պետության զարգացման համար։ Թեև նավթարդյունաբերությունից եկող եկամուտները կարողացել են հասարակության բարեկեցության համար լավ կենսապայմաններ ապահովել, բնակչության թվաքանակի աճի պարագայում միայն նավթարդյունաբերությունն արդեն բավարար չէ։ Օրինակ, 1930-1940-ականն թթ., երբ Սաուդյան Արաբիայի բնակչությունը ընդամենը 3 միլիոն էր, համապատասխանաբար Էլ-Ռիյադում ապրում էր 150 հազար մարդ, ապա նավթային եկամուտները ոչ միայն բավարար էին քաղաքացիներին բարեկեցիկ կենսամակարդակ ապահովելու համար, այլև Սաուդյան Արաբիան համարվում էր հարուստ պետություն։ Սակայն իրավիճակն այսօր այլ է։

2014թ․ նավթի գնի կտրուկ անկումը ցույց տվեց, թե ապագայում ինչպիսի մարտահրավերների կարող է բախվել Սաուդյան Արաբիան, եթե խնդրին լուծում չտրվի։ Միայն նավթարդյունաբերությունը բավարար չէ երկրի կայուն զարգացման համար այն դեպքում, երբ բնակչության թիվը հասել է 35 միլիոնի և աշխարհում ամենաերիտասարդ բնակչություններից է: Իսկ այս երկու խնդիրները փոխկապակցված են միմյանց և կարող են ոչ միայն լուրջ տնտեսական ճգնաժամ, հասարակության շրջանում դժգոհություններ առաջացնել, այլև վիճարկել Սաուդյան արքայատոհմի իշխանության մնալը։ Գաղտնիք չէ,  որ քաղաքական իրադարձությունները կարող են համակել ամբողջ պետությունը, որտեղ հատկապես կան հասարակության դժգոհություններ իշխանություններից, տնտեսական զարգացման տեմպի դանդաղեցում կամ կանգ։ Նմանատիպ սցենարներից խուսափելու համար Սաուդյան Արաբիայի գահակալները հասարակության դժգոհությունը զսպելու նպատակով իրականացրել են տնտեսական զարգացման տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր, որոնց նպատակներից է եղել նաև նավթային կախվածությունը թուլացնելը։ Սակայն, ինչպես նկատում ենք, դա նրանց մասամբ է հաջողվել, կամ գրեթե չի հաջողել, քանզի նավթային կախվածությունն այդպես էլ չի թուլացել։

Հետևաբար, այս ամբողջ պատճառահետևանքային կապը հաշվի առնելով՝ թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը որոշում է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող տրանսֆորմացման գործընթացներին ավելի հստակ մոտեցում մշակել։ Չնայած 2015թ․ կեսերին նավթի գինը բավականին կայունացել էին, սակայն իշխող էլիտան շատ լավ գիտակցում էր, որ տնտեսության տրանսֆորմացումը խնդրի լուծումն է, որքան էլ այն ռիսկային լիներ այդ պահին։

Մուհամմադ բին Սալմանն առաջ է մղում այն թեզը, որ Սաուդյան Արաբիան հիմնադրվել և գոյություն է ունեցել դեռևս այն ժամանակ, երբ նավթի պաշարները երկրում հայտնաբերված չեն եղել։ Նավթի հայտնաբերումը մեծապես նպաստել է թագավորության զարգացմանը, սակայն այդ ժամանակաշրջանի պայմաններին և պահանջներին համապատասխան։ Հետևաբար, ժամանակակից նոր միտումներին համապատասխան, կիրառելով երկրի չյուրացված հնարավորությունները, Սաուդյան Արաբիայում պետք է զարգացնեն ենթակառուցվածքները, տնտեսության այլ ոլորտները՝ մասնավորապես արդյունաբերությունը, խրախուսվեն ներդրումները, մասնավոր հատվածի զարգացումը և այլն, որոնք իրենց բովանդակալից և մանրամասն արտացոլումն են գտել «Տեսլական»-ում և դրան աջակցող այլ ծրագրերում։

«Տեսլականի» ընդունման ներքին գործոններից բացի, կային արտաքին մի շարք գործոններ ևս: «Տեսլականի» ամբողջական իրագործումը թագավորությունը դարձնելու է մրցակցային երկիր տարածաշրջանում: Այս համատեքստում կարող ենք նշել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գործոնը: Զբաղեցնելով փոքր տարածք՝ ԱՄԷ-ն մերձավորարևելյան տարածաշրջանի ամենաարագ զարգացող պետություններից է: Թեև Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դաշնակիցներ են, սակայն վերջին զարգացումների ֆոնին նրանց միջև նկատվում է մրցակցություն, նրանց արտաքին քաղաքականություններում կան էական տարբերություններ: Երկու «եղբայրական» երկրները տարակարծություններ ունեն Եմենի քաղաքացիական պատերազմում, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և այլն: Կարող ենք փաստել, որ «Տեսլականի» իրագործմամբ Սաուդյան Արաբիան կարողանալու է պահել իր «ավագ եղբոր դերը» Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններում:

Կրոնաիրավական ոլորտի արձագանքը «Տեսլական 2030»-ին․ նոր   մոտեցումներ

Ո րքան էլ որ «Տեսլական 2030»-ը խոստանում է տնտեսական զարգացում, կենսունակ հասարակություն ու հավակնոտ պետություն, միևնույն է, այն միանշանակ չէր կարող ընդունվել հասարակության բոլոր շերտերի կողմից։ Հասարակության տարբեր շերտեր միմյանցից տարբերվող արձագանքներ էին տալու «Տեսլական»-ին։ Այս առումով կարևոր է նշել իսլամական կրոնաիրավագետների (ալիմների և ֆակիհների) արձագանքը, քանի որ նրանք երկար ժամանակ մեծապես ազդել են Սաուդյան Արաբիայում որոշումներ կայացնելու վրա։

Հարկ է նշել, որ դեռևս 18-րդ դարում սաուդական ալիմների՝ Մուհամմադ բին Սաուդի և Մուհամմադ իբն ալ-Վահաբի միջև կնքված դաշիքնի շրջանակներում է դիտարկվել Սաուդյան Արաբիայի կառավարման շուրջ հավասարակշռության պահպանումը։ Իսկ Սաուդյան Արաբիայի թագավորության հիմնադրումից հետո կրոնաիրավագետները շարունակել են ազդեցիկ դեր ունենալ պետության կառավարման գործերում։ Նրանց հետ են համաձայնեցվել կյանքի և գործունեության բոլոր ոլորտներին առնչվող հարցերը, քանի որ իրենք էին վկայում այս կամ այն օրենքի, որոշման կամ գործողության համապատասխանելիությունը կամ հակասությունը սուննիական իսլամի հանբալիական մազհաբին։

Սաուդյան Արաբիայի կրոնաիրավագետների էլիտան կազմում են գերագույն մուֆթին և թագավորի կողմից նշանակվող կրոնաիրավական ոլորտի գիտնականների հեղինակավոր մարմինը, իսկ ալ-Շեյխ ընտանիքը, որը սերում է Մուհամմադ իբն Աբդ ալ-Վահաբից, արտոնյալ դիրք էր զբաղեցնում պետության կառավարման որոշակի բնագավառներում։

Շուրջ 80 տարի թագավորության հիմնադիր Աբդուլազիզ Ալ-Սաուդը և նրա հաջորդները կենտրոնացնում էին պետության գաղափարախոսություն հռչակված վահաբականությունը՝ որպես իշխանության գործիք և օրինականության աղբյուր՝ իրենց ենթարկելով Սաուդյան Արաբիայի բազմատար բնակչությանը։ Իսկ սաուդական կրոնաիրավագետները, հիմնվելով վահաբականության վրա, բնակչության շրջանակներում խրախուսել են թագավորությունում հանդարտություն և հանդուրժողականություն պահպանելու, թագավորի դեմ չապստամբելու և նրան հնազանդվելու գաղափարը։ Սա քաղաքական աջակցություն էր սաուդական իշխող արքայատոհմին՝ մի կողմից դատապարտելով թագավորական ընտանիքի որոշման դեմ որևէ ընդվզում, մյուս կողմից էլ բացառելով իշխող ընտանիքի վարած քաղաքականության նկատմամբ որևէ անհամաձայնություն։

Այսպիսով, ազդեցիկ կրոնաիրավագետների հետ ունեցած փոխշահավետ հարաբերություններից բացի՝ կրոնական ավանդույթի և բարեպաշտության պահպանումը կարևոր էր Ալ-Սաուդների իշխանության համար, որն արտացոլված է Սաուդյան Արաբիայի թագավորի պաշտոնական տիտղոսում՝ որպես «երկու սրբավայրերի պահապան»։

Իհարկե, հասկանալի է, որ Ալ-Սաուդների կառավարող ընտանիքի և կրոնաիրավագետների միջև հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթացել։ Ժամանակ առ ժամանակ եղել են հակասություններ տարբեր հարցերի շուրջ: Սակայն, ընդհանուր առմամբ, փոխհարաբերությունները եղել են երկուստեք շահավետ, իսկ դրանց բնույթը հիմնականում փոփոխություն չի կրել։

Սակայն Մուհամմադ բին Սալմանի՝ իշխանության գալուց և «Տեսլական»-ը հրապարակելուց հետո այս փոխհարաբերությունների բնույթը փաստացիորեն փոփոխվել է։

2016թ․ Սալման թագավորի հրամանով ընդլայնվեց կրոնաիրավական ոլորտի հեղինակավոր գիտնականների խորհուրդը, որում սաուդական իշխանությունները ներդրեցին սեփական քաղաքական գիծն ուղղորդող և աջակցող կրոնաիրավական ներկայացուցիչներ։ Նպատակն էր դյուրացնել «Տեսլական 2030»-ի շրջանակներում իրականացվող փոփոխությունների ընթացքը։

Առաջին հերթին նվազեցվեց «Սաուդական կրոնական ոստիկանական ուժերի» դերը։ Այս ուժերը դուրս բերվեցին Ռիադի փողոցներից, նրանց լիազորությունները կրճատվեցին և դրվեցին Իսլամական հարցերով նախարարության վերահսկողության ներքո։ Իսկ դառնալով արդեն նախարարության կազմում կից մարմին՝ ոստիկանական ուժերը զրկվեցին անկախ մարմնի կարգավիճակից[1]։

Բացի այդ, ավելի զգուշավոր մեկնաբանություններ էին տրվում այնպիսի հասկացություններին, ինչպիսիք են, օրինակ, արդիականությունը, կամ  որևէ մազհաբի պատկանելը։ Հաշվի առնելով Մուհամմադ բին Սաուդի և Մուհամմադ իբն Աբդ Ալ-Վահաբի միջև կնքված դաշինքը՝ շատերը համարել են, որ Սաուդյան Արաբիայում պաշտոնապես տարածված գաղափարախոսությունը հենց վահաբականությունն է։ Սակայն իշխող էլիտան արդեն սկսել էր զգուշավորություն ցուցաբերել նման եզրույթներ կշիրառելիս։

Դեռևս 2010թ․ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, ով այդ ժամանակ երկրի մայրաքաղաք Ռիադի կառավարիչն էր, ԶԼՄ-ներին տված հարցազրույցում շեշտել է, որ Սաուդյան Արաբիայում «վահաբականություն» որպես ուսմունք գոյություն չունի, մինչդեռ Մուհամմադ իբն Աբդ  Ալ-Վահաբի ուսմունքը պարզապես իսկական, մաքուր իսլամի մասին է և որևէ աղերս չունի ծայրահեղականության հետ։ Այսպիսով՝ արձագանք էր տրվում նաև քննադատություններին վահաբականությունը չափազանց ծայրահեղ հայեցակարգ համարողներին։

Իսկ «Տեսլական»-ի հրապարակումից հետո նմանատիպ քննարկումներին ավելի շատ զգուշություն ու խոհեմություն է դրսևորվել։ Փաստորեն նկատվում է հայեցակարգային փոփոխություն, որը ցուցաբերում է թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը։ Իսկ ARAB NEWS-ին տրված հարցազրույցում արդեն նկատում ենք առավել հստակ մոտեցում։ Նշվում է, որ Ղուրանը Սաուդյան Արաբիայի սահմանադրությունն է, իսկ վահաբականությունը՝ որպես ուսմունք, գոյություն չունի Սաուդյան Արաբիայում։ Նոր մոտեցումները ժամանակի ընթացքում ավելի են կարծրանում (2022 թվականի մարտին «The Atlantic»-ին տված հարցազրույցում թագաժառանգը շարունակել է այս մոտեցումների կրկնությունը)։ Սրանք կարևոր դիտարկումներ են, որոնց օգնությամբ լուծվում են երկու խնդիր․ առաջինը՝ բոլոր այն քննադատություններին, համաձայն որոնց՝ Սաուդյան Արաբիայում արդիականությունը խարխլելու է իսլամական գաղափարախոսության հիմքերը, Մուհամմադ բին Սալմանը պատասխանում է՝ Սաուդյան Արաբիան շարունակելու է լինել իսլամի պահապանը։ Եվ երկրորդ՝ ժխտվում է վահաբականության՝ որպես առանձին ուսմունքի գոյությունը։ Թագաժառանգը առանցքային է դարձնում Սաուդյան Արաբիայի դերը իսլամական աշխարհում որպես «իրական իսլամի երկիր՝ մերժելով անձերին աստվածացնելը և որևէ մազհաբի պատկանելը, քանզի Աստված իր և մարդկանց միջև խոչընդոտներ չի դրել»։

Կարևոր էին նաև թագաժառանգի դիտարկումները` կապված դատական օրենսգիրքը մերժելու և չորս համակարգերը՝ ներառյալ անձնական կարգավիճակի մասին օրենքի ընդունումը։ Նման որոշումներն ու դրան հետևող հայտարարությունները պատահական չեն։ «Տեսլական»-ում կան բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր օտարերկրյա ներդրումներ խրախուսելու, զբոսաշրջությունը զարգացնելու, մասնավոր ոլորտին աջակցելու և այլն, որոնցում հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է, որ օրենքները լինեն հստակ ու պարզ, ընթացակարգերը հասանելի լինեն և հստակ կանոնակարգված։ Իսկ միջազգայնորեն ընդունված նորմերը և սկզբունքները կիրառելի են նաև Սաուդյան Արաբիայում, քանի դեռ դրանք համապատասխանում են Ղուրանի և Սուննայի հետ։ Դժվար չէ նկատել, որ կրոնաիրավագետները փաստացի չունեն այն ազդեցությունը Սաուդյան Արաբիայում, որը նախկինում ունեին։ Այդ ազդեցությունը նվազեցնելու համար տարված աշխատանքը փաստացի հաջողություն է գրանցել։ Սակայն ամբողջությամբ նրանց բացառելը հասարակությունից նույնպես իրատեսական չէր, քանի որ դա կհանգեցներ արդեն այլ բնույթի հակասությունների և կոնֆլիկտների։

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ Մուհամմադ բին Սալմանը բացում է երկիրը աշխարհի առջև՝ միևնույն ժամանակ պահպանելով իսլամական ժառանգությունը, ավանդույթներն ու մշակույթը:

Խոչընդոտները «Տեսլական»-ի հրապարակման ճանապարհին

Շ ատ վերլուծաբանների համար սաուդների իշխանության մնալը համարվում է առեղծվածային։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող շրջադարձային ցանկացած իրադարձությունից հետո (նասերականության տարածում, Իրանում իսլամական հեղափոխություն, «Արաբական գարուն», անգամ նավթի գնի տատանումը 2014թ․) շատերը կարծում էին, թե սաուդների իշխանությանը ևս վերջ կդրվի։ Սովորաբար ցանկացած վարչակարգ գործում է իրեն բնորոշ ռազմավարությամբ, որի հիմքում որոշակի գործոններ կան: Սկսած 1970-ական թթ․-ներից Սաուդյան Արաբիայի գոյատևման ռազմավարությունը միայն ու միայն հիմնված էր նավթի վրա։ Սակայն նավթարդյունաբերությունը անվտանգության միակ երաշխավորը չէ։ Սաուդները, նավթային եկամուտները օգտագործելով, կարողացել են ստեղծել ցանցեր և ինստիտուտներ։ Նավթարդյունաբերությամբ տնտեսության բնութագրական գծերից մեկն է սաուդական կառավարության կողմից իր քաղաքացիներին տնտեսական օգուտների լայն բաշխումը։ Այդ տնտեսական օգուտները ներկայացված էին պետական աշխատատեղերի, բարձր աշխատավարձերի, անվճար բուժման ու կրթության տեսքով՝ ի դեպ առանց հարկման։ Պետության կողմից այս առավելությունները տրվել են քաղաքացիներին հիմնականում սոցիալական այլ դերակատարների՝ մասնավորապես շեյխերի կամ այլ տեղական էլիտաների ներկայացուցիչների միջոցով։ Այս կերպ սաուդական կառավարությունը նվազեցրել է նրանց անկախությունն ու համախմբել իր շուրջը։ Սաուդական վարչակարգը այս ռազմավարությունն իրականացրել է նաև այն ժամանակ, երբ նավթային գների անկումներ են եղել 1980-ականների վերջում և 1990-ականներին։ Այս գործելաոճը ակնհայտորեն արտահայտվեց «Արաբական գարնան» մեկնարկին, երբ Աբդուլլահ թագավորի երկու հրամանագրով՝ 2011թ. փետրվար և մարտ ամիսներին նախատեսվում էր քաղաքացիներին տրամադրել 100 միլիրադ դոլլար։ Աջակցության այս փաթեթը ներառում էր աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի բաձրացում, պետական աշխատողների և կենսաթոշակառուներին միանգամից երկամսյա բոնուս աշխատավարձ և այլն։

Նավթային հարստությունը նաև հնարավորություն էր ընձեռել սաուդական վարչակարգին սոցիալական հատուկ խմբերի հետ հիմնել հովանավոր-հաճախորդ հարաբերություններ։ Սաուդական բիզնես համայնքն արդեն բավականին կախվածություն ուներ պետությունից լիցենզիաներ ստանալու, վարկերից, ներդրումներից օգտվելու և ազգային աշխատաշուկա հիմնելու համար։ Այսպիսով, Նաջդում սաուդական վարչակարգը կարողացավ նպաստավոր պայմաններ ստեղծել ինչպես նոր բիզնես դերակատարների համար, այնպես էլ միևնույն ժամանակ հովանավորում էր արդեն գոյություն ունեցող առևտրական ընտանիքներին Հիջազում և Արևելյան մարզերում[2]։ Շիաներով բնակեցված վայրերում գործող բիզնես համայնքները նույնպես իշխանամետ են եղել մինչև 1970-ական թթ.։

Հաջորդ սոցիալական կարևոր խումբը, որին հովանավորում էր սաուդական վարչակարգը, կրոնական համայնք էր, որոնց հարաբերություններն ավելի վաղ են հաստատվել։ Սակայն 1970-ական թվականներից նավթային հարստությունից հետո այս հարաբերությունների դինամիկան փոխվեց։ Վահաբականության ներկայացուցիչները ծառայել են որպես վարչակարգի բյուրոկրատներ, ովքեր հավաքում էին հարկերը և կիրառում օրենքները։ Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նավթարդյունաբերությունից ստացված գումարներով սաուդական վարչակարգն սկսեց կառուցել արդիական բյուրոկրատիա՝ արդեն մեծամասամբ իշխանամետ սաուդցիներով։ Հարկ է նշել, որ վահաբականները նույնպես բյուրոկրատացվել էին՝ պարզապես համալրելով պետական աշխատակիցների շարքերը։ Հետևաբար նրանց փոխհարաբերությունների բնույթը կտրուկ փոխվել էր։ Այսինքն, եթե նախկինում այդ փոխհարաբերությունները հավասար էին, ապա արդեն դարձել էին ենթակառուցվածքային։ Սրա դիմաց կրոնական ներկայացուցիչներին տրվեց զգալիորեն ընդլայնված պետական բյուջեից նշանակալի կրճատում, բայց թույլատրվեց սեփական միջոցներով ստեղծելու իրենց սեփական բյուրոկրատիան տարբեր նախարարություններում և հաստատություններում։

«Տեսլականի» իրականացման ճանապարհին կարևորագույն խոչընդոտներից էր թագավորությունում իշխանության փոխանցման խնդիրը։ Այս հարցի շուրջ արքայական ընտանիքի անդամիների միջև զգալի տարաձայնություններ կային։

 Աբդուլլահ թագավորի մահից հետո 2015թ․ հունվարին գահն անցավ նրա եղբայր Սալման թագավորին, ով Աբդուլազիզ թագավորի (ժամանակակից Սաուդյան Արաբիայի հիմնադիրն է), որդիներից է։ Սալման թագավորն իր որդուն՝ Մուհամմադին նշանակեց պաշտպանության նախարար և թագավորական արքունիքի գլխավոր քարտուղար։ Սալման թագավորը և Մուհամմադն առաջնային խնդիր համարեցին թագավորության կերպարին նոր շունչ հաղորդելը և տնտեսությունը բազմաճյուղ դարձնելու հրատապությունը։ Իրավիճակն այնպիսին էր, որ ստատուս քվոն պահելն այլևս անհնարին էր։

Ունենալով հոր աջակցությունը՝ Մուհամմադ բին Սալմանը ձեռնամուխ եղավ նաև Տնտեսական և զարգացման գործերի խորհրդի հիմնադրմանը: Հարկ է նշել, որ Մուհամմադ բին Սալմանը 2017թ․ նշանակվել էր գահաժառանգ։ Նման իրադարձությունը մարտահրավեր էր թագավորությանը, որովհետև փաստացի խախտվել իշխանության փոխանցման կարգը: Սաուդյան Արաբիայում գահը չէր փոխանցվում հորից որդուն, այլ՝ եղբորից եղբորը՝ հիմնադիր թագավորի որդիներին: Սակայն արքայական ընտանիքում հակասություններ կային գահի փոխանցման շուրջ: Դեռևս 2011 թվականին Աբդուլլահ թագավորը գահաժառանգ էր նշանակել իր եղբայր Նայեֆ բին Ադբուլազիզ Ալ-Սաուդին: Սակայն նա թագաժառանգի պաշտոնում մնում է գրեթե մեկ տարի՝ մինչև 2012 թվականը: Իսկ երբ թագավորն արդեն Սալմանն էր, գահաժառանգ էր նշանակվել ոչ թե Սալմանի եղբայրներից մեկը, այլ Նայեֆի որդին՝ Մուհամմադ բին Նայեֆը: Այս իրադարձությունն աննախադեպ էր թագավորությունում: Տասնամյակներ շարունակ գործող կարգը խախտվել էր առաջին անգամ, և անհետևանք չէր կարող մնալ: Մուհամմադ բին Նայեֆը թագաժառանգի պաշտոնում մնաց մինչև 2017թ.: Ավելի ուշ նա ձերբակալվում է, և Սալման թագավորը թագաժառանգ է նշանակում իր որդուն՝ Մուհամմադ բին Սալմանին: Հաշվի առնելով, որ Սալման թագավորը վատառողջ է, թագավորության դե ֆակտո ղեկավարը Մուհամմադ բին Սալմանն է: Ուստի իշխանությունը պահելու և օրինականացնելու համար նոր թագաժառանգը մի շարք քայլեր պետք է ձեռնարկեր:

Մուհամմադը ձեռնարկեց հավակնոտ ծրագրեր, որոնց արդյունքում էլ արագորեն աճեց նրա հեղինակությունը՝ ներքին բարեփոխումների փորձեր, Եմենի քաղաքացիական պատերազմում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի ձևավորումը և ընդհանրապես համաշխարհային իրադարձություններին թագավորության ակտիվ մասնակցությունը։ Սալմանը և Մուհամմադն արագորեն իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացնելու քայլեր արեցին՝ թագավորության ներսում ավելի ավանդական և իշխանամետ համակիրներ բերելով։ Նրանք նոր նախարարներ նշանակեցին, ովքեր վճռորոշ դեր կխաղային տնտեսական նոր ծրագրի մշակման համար։

Վերոնշյալ խոչընտոտները հաշվի առնելով՝ հասկանալի էր, որ «Տեսլականի» մեկնարկը հեշտ չէր տրվելու։ Սովորաբար, երբ տնտեսությունը նորմալ վիճակում է, պետությունը քաղաքական կամք չի ցուցաբերում բարեփոխումների համար։ Նման խնդիր առաջանում է ճգնաժամների կամ իշխանափոխության պարագայում։ Սաուդյան Արաբիան կիրառեց երկուսն էլ։ Սալման թագավորի՝ գահը ժառանգելը և նավթի գնի անկմամբ պայմանավորված տնտեսական ճգնաժամը բացառիկ և միաժամանակ ռիսկային հնարավորություն ընձեռեց բարեփոխումների համար։

Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները 2016թ․ հունվարին հանրայնորեն առաջին անգամ խոսել են ապագա բարեփոխումների մասին The Economist-ին տված հարցազրույցում։ Նշվել է, որ պետությունը մտադիր է սեփականաշնորհել մի շարք ոլորտներ։ Սաուդյան Արաբիային պատկանող ԱՐԱՄԿՕ նավթարդյունաբերական ընկերության IPO (Initial public offering) ընթացակարգով մասնավորեցման գործընթացի մասին է հայտարարվել։ Մի քանի ամիս անց ապրիլին հրապարկվեց «Տեսլական» ծրագիրը։

Այսպիսով, «Տեսլական»-ը հրապարակելու ճանապարհին գրեթե բոլոր խոչընդոտները վերացված էին։ Մասնավորապես, բիզնես համայնքը հատկապես խնդրահարույց վայրերում (Նաջդում, Հիջազում Արևելյան մարզերում) կախվածություն ուներ պետությունից և իշխանության համակիրն էր։ Հաջորդը՝ որոշումների կայացման գործընթացում կրոնաիրավագետների ազդեցության կրճատումն էր, և ընդհանրապես նրանց կախյալ դարձնելը պետությունից։ Իսկ Մուհամմադ բին Սալմանն արդեն զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, Տնտեսական և զարգացման գործերով խորհրդի հիմնադիրն էր, իսկ 2017թ․-ից՝ թագաժառանգ։

Այսպիսով, հարթեցնելով «Տեսլականի» իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները, հաշվի առնելով արտաքին և ներքին գործոնները՝ արդեն մի քանի տարի է, ինչ մեկնարկել են «Տեսլականի» իրագործման ծրագրերը: Մի շարք ոլորտներում արդեն ակնառու փոփոխություններ կան: Ստորև ներկայացնում ենք տարբեր ոլորտներում գրանցված հաջողությունները:

 «Ազգային տրանսֆորմացման ծրագրի շրջանակներում պետական շատ ծառայությունները դարձել են առցանց։ Գործարկվել են հավելվածներ՝ Absher, Etimad հավելվածները, որոնք պետական բազում ծառայություններ օնլայն ապահովող հարթակներ են։ Այս ծրագրի շրջանակներում ստեղծվելու են նոր աշխատատեղեր, ձեռնարկվելու են կրթական ծրագրեր ինչպես արտերկրում կրթություն ստանալու համար կրթաթոշակներ տրամադրելով, այնպես էլ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելով։ Իրականացվել է նաև բնակարանաապահովման խնդիրը։ Նախատեսվում էր, որ բնակչության 60%-ը դառնալու էր բնակարանի սեփականատեր, որը և կատարվեց։ Ակնկալվում է բնակարանաապահովվածության ցուցանիշը հասցնել 75%-ի 2025թ․-ին։

Սաուդյան Արաբիան շարունակելու է սաուդիզացման գործընթացը, որը ևս իր հերթին նպաստելու է գործազրկության ցուցանիշի նվազմանը։ Զբոսաշրջության ոլորտում մինչև 2030թ․-ն ստեղծվելու են երեք միլիոն նոր աշխատատեղեր, որոնցից մեկ միլիոն աշխատատեղերը լինելու են սաուդների համար, իսկ երկու միլիոնը՝ Սաուդյան Արաբիա ներգաղթողների համար։ Ապագայում նախատեսվում է սաուդականացնել այդ աշխատատեղերը։

Թագավորությունը խթանում է նաև աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունը՝ բացառելով սեռով պայմանավորված խտրականությունը։

«Տեսլական»-ի առաջնահերթ խնդիրներից է բիզնես միջավայրի բարելավումը անհրաժեշտ և արդյունավետ կարգավորիչ ենթակառուցվածքներով։ Սաուդյան Արաբիան աջակցում է մասնավոր ոլորտի զարգացմանը, մանր ու միջին ձեռնարկությունների գործունեության առավել ակտիվացում, օտարերկրյա ուղղակի և անուղղակի ներդրումների խրախուսում։ Սաուդյան Արաբիան ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ օրինակ՝ «53 մլրդ դոլլար մասնավոր ոլորտին», Kafalah նախաձեռնությունը մասնավոր արդյունաբերական ոլորտի զարգացման համար և այլն։

Ներդրումները խրախուսելու նպատակով «Տեսլական»-ում կենտրոնական տեղ է հատկացվում մասնավորեցման ծրագրին։ ԱՐԱՄԿՕ-ի արժեթղթերն արդեն ներկայացվել են առաջնային հանրային առաջարկի,  իսկ ներկայումս Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում աշխարհի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի հետ՝ ԱՐԱՄԿՕ-ի բաժնետոմսերի մեկ տոկոսի վաճառքի համար։

«Տեսլական»-ի ամենաառանցքային ծրագրերից է «Հանրային ներդրումների ֆոնդը», որը նախատեսվում է դարձնել աշխարհում ամենամեծ դրամական հիմնադրամը։ Այն «Տեսլական»-ի ծրագրերի ֆինանսական հովանավորն է և տնտեսության դիվերսիֆիկացման ողջ գործընթացի շարժիչ ուժը։ Ֆոնդը հովանավորելու է նաև «Նեօմ», «Կարմիր ծով», «Քիդդայա» ժամանցի քաղաքի հավակնոտ ծրագրերի իրականացումը։

Նեոմը ՝ «Ապագայի քաղաքը», «Տեսլականի» ամենահետաքրքական ծրագրերից է: Նախատեսվում է, որ այն կառուցվելու է Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմտյան նահանգում՝ Թաբուքում, զբաղեցնելու է 26 հազար 500 քառ.կմ տարածք և Կարմիր ծովի ափով ձգվելու է 460 կմ: Քաղաքի կառուցման առաջին փուլը պետք է ավարտվի մինչև 2025 թվականը։ Այն լինելու է գերժամանակակից քաղաք՝ նորագույն տեխնոլոգիական լուծումներով: Նախատեսվում է նաև, որ Նեոմը դառնալու է միջազգային ներդրումային կենտրոն:

Քաղաքի «Նեոմ» անվանումը երկու մասից է բաղկացած. առաջին երեք տառերը հին հունարենի Neo նախածանցն է, որը նշանակում է «նոր»: Իսկ չորրորդ տառը վերցվել է արաբերեն  مستقبل (mustaqbal) բառից, որը նշանակում է «ապագա»։


Ավելացվել են Հանրային ներդրումների ֆոնդի ակտիվները՝ 2021թ․ կազմելով 2,5 տրիլիոն սաուդական ռիալ։ Հանրային ներդրումների ֆոնդը 160 միլիարդ սաուդական ռիալ հատկացրել է մասնավոր հատվածին։ Ֆոնդը ֆիանանսավորում է բազմաթիվ այլ նախաձեռնություններ՝ բնակարանապահովման, մասնավոր ոլորտի գործունեության խրախուսման, մեգանախագծերի և այլ ծրագրերի իրագործումը։ Հանրային Ներդրումների ֆոնդը համարվել է լավագույն ներդրումների ֆոնդը Global SWF-ի (Սուվերեն դրամական ֆոնդեր) կողմից։


Հաջորդ մարտահրավերներից էր գործազրկության ցուցանիշի նվազեցումը։ 2019թ․ գործազրկության ցուցանիշը կազմել է 12%, մինչդեռ 2020թ․ առաջին եռամսյակում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված բարձրացել է՝ կազմելով 14%: Համաձայն «Տեսլական»-ի գործազրկությունը կազմելու է 11-7%։ Սակայն 2021թ․ առաջին եռամսյակում հնարավոր է եղել գործազրկությունը հասցնել կրկին 12%-ի: Մինչև տարեվերջ այս ցուցանիշը պետք է կազմի 11%, իսկ 2030թ․՝ 7%։

Մեծացել է նաև մանր և միջին ձեռնարկությունների մասնաբաժինը ՀՆԱ-ում։ 2020թ. նրանց մասնաբաժինը արդեն կազմեց 29%, իսկ 2016թ․ ընդամենը 20% էր։

Օտարերկրյա ներդրումները Սաուդյան Արաբիայում զգալիորեն աճել են։ Համաձայն ՄԱԿ-ի Առևտրի և Զարգացման համաժողովի տվյալների՝ 2020թ․ 17,6 միլիարդ սաուդական ռիալի համարժեք օտարերկրյա ներդրումները են կատարվել թագավորությունում, մինչդեռ 2017թ.՝ ընդամենը 5,3 միլիարդ ռիալ։

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ «Տեսլական»-ը, լինելով բավականին հավակնոտ ծրագիր, այնուամենայնիվ, հրապարակումից հետո վեց տարիների ընթացքում գրանցել է ակնառու ձեռքբերումներ։ Շատ ոլորտների հաջողությունների պաշտոնական ամփոփումը դեռևս չի իրականացվել, քանի որ բազում ծրագրեր դեռ իրականացման փուլում են։ Սակայն կարող ենք փաստել, որ տրանսֆորմացման գործընթացները հիմնականում դրական ուղով են ընթանում։


[1] Արա Մաթևոսյան, «Սաուդական կրոնաիրավական ոլորտի գիտնականների արձագանքը «Տեսլական 2030»-ի վերաբերյալ, Երևան, 2019, էջ 162:

[2] Madawi AL-RAsheed, “Salman’s legacy: The Dilemmas of a New Era in Saudi Arabia, Oxford University Press, 2018, Page 35.