Համաշխարհային տնտեսությունը պարենային նոր ճգնաժամի շեմին

8 ր.   |  2022-04-13

Ի՞նչ վիճակում է Հայաստանը

Վ երջին տարիներին համաշխարհային տնտեսությունը կրել է կառուցվածքային փոփոխություններ՝ ենթարկվելով բազում ցնցումների, որոնք կապված են Քովիդ-19 համավարակի բացասական ազդեցությունների, էներգակիրների պահպանվող բարձր գների, բեռնափոխադրումների գների կտրուկ աճի, ինչպես նաև պարենի համաշխարհային մատակարարումների խաթարումների հետ: Ներկայում այս բացասական սպասումներին գումարվել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչն էլ ավելի է բարձրացրել համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գները, այդ թվում՝ ամենակարևոր հացահատիկային մշակաբույսերից մեկի՝ ցորենի գները:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա մարտին պարենային ապրանքների համաշխարհային գները զգալի բարձրացել են՝ սահմանելով նոր հակառեկորդ, ինչը հիմնականում պայմանավորված է Սևծովյան տարածաշրջանում ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած ցնցումներով։  Մասնավորապես, պարենի գների ինդեքսը 2022թ․-ի մարտին կազմել է 159․3 կետ, ինչը փետրվարի համեմատ աճել է 12․6%-ով, իսկ 2021թ․-ի մարտի համեմատ՝ 33․6%-ով։ Կազմակերպությունը տեղեկացնում է նաև, որ աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի առջև, ինչը պայմանավորված է հիմնականում սննդամթերքի գնաճով, երաշտով, ինչպես նաև աղքատության ավելացմամբ։

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ պարենային գլոբալ նոր ճգնաժամ է հասունանում. չնայած վերջին շրջանում պարենային ապրանքների գների աճին, պարենային երեք հիմնական ապրանքների՝ բրնձի, ցորենի և եգիպտացորենի համաշխարհային պաշարները պատմական կտրվածքով շարունակում են բարձր մնալ: Պետք է նաև նշել, որ վերջին մի քանի շաբաթում սննդամթերքի արտահանման սահմանափակումներ կիրառող երկրների թիվն աճել է 25%-ով՝ հասնելով 35-ի։ Մարտի վերջի դրությամբ պարենային ապրանքների առևտրի վրա ազդող քաղաքականության 53 նոր սահմանափակումներ են կիրառվել, որոնցից 31-ը վերաբերում են արտահանմանը, իսկ 9-ը՝ միայն ցորենի արտահանմանը: Սահմանափակումները զգալի բացասական հետևանքներ կարող են ունենալ. մեկ տասնամյակ առաջ դրանք սրել են պարենային համաշխարհային ճգնաժամը՝ ցորենի գները բարձրացնելով 30%-ով։ Վերջինս կարող է կործանարար լինել առաջին հերթին աղքատ և բարձր խոցելի երկրների համար, քանի որ այդ երկրները հիմնականում սննդամթերք ներմուծող են և տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերի առնվազն կեսը բաժին է ընկնում սննդամթերքին։

2020թ.-ի տվյալներով՝ ցորենի արտադրությամբ աշխարհում առաջատար երկրների հնգյակում ներառված են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Կանադան: 2021/2022թթ.-ին աշխարհում ցորենի արտադրության ծավալը կազմել է 778.6 մլն մետրիկ տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 4 մլն տոննայով կամ 0.5%-ով: Հատկանշական է, որ Gro Intelligence վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ Ուկրաինային և Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտադրության մոտ 14%-ը: Երկու երկրներն ապահովում են ցորենի համաշխարհային արտահանման մոտ 29%-ը։ Ռուսաստանը ցորենի արտահանման ծավալներով առաջատարն է, մինչդեռ Ուկրաինան առաջին հնգյակում է: Երկու երկրները մրցակցում են արտահանման այնպիսի շուկաներում, ինչպիսին Եգիպտոսը, Թուրքիան և Բանգլադեշն են: Եգիպտոսը համարվում է աշխարհում ցորենի առաջատար ներկրողը, երկիրը տարեկան ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսում իր ավելի քան 100 միլիոն բնակչությանը կերակրելու համար: 2020թ.-ի տվյալներով՝ Եգիպտոսում ցորենի ներկրման պաշարները կազմել են 2.7 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ցորենի համաշխարհային ներմուծման ծավալների 5.6%-ը:

Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակված հացահատիկի առաջարկի և պահանջարկի ամփոփագրի՝ 2022թ․-ին ցորենի համաշխարհային արտադրությունը կազմելու է 784 միլիոն տոննա, ինչը 1․1%-ով ավելի է 2021թ․-ի համեմատ:

Անդրադառնալով ցորենի արտահանման ծավալներին նշենք, որ 2020թ.-ի տվյալներով՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Կանադան արտահանել են ավելի քան 20 մլրդ տոննա ցորեն և այս երեք երկրները ցորենի արտահանման ծավալներով 20 առաջատար երկրների շարքում ունեն ավելի քան 45% տեսակարար կշիռ: 2020թ.-ին ցորենի համաշխարհային արտահանումը կազմել է շուրջ 45 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2020թ.-ին Ռուսաստանից ցորենի արտահանման ծավալները կազմել են շուրջ 8 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ցորենի համաշխարհային արտահանման ծավալների 17.6%-ը, Ուկրաինային բաժին է ընկնում 8% տեսակարար կշիռ՝ 3.6 մլրդ ԱՄՆ դոլար արտահանման ծավալով: 2019-2020թթ.-ին ցորենի արտահանման ծավալներն ամենաարագ աճն են գրանցել Գերմանիայում՝ 67.7%-ով, Լեհաստանում՝ 42.4%-ով, Լատվիայում՝ 35.2%-ով և Լիտվայում՝ շուրջ 35%-ով:

Ինչ վերաբերում է ցորենի համաշխարհային գներին, ապա ներկայում այն 1 բուշելի դիմաց գերազանցում է 10 ԱՄՆ դոլարի շեմը, ինչը գրեթե 25%-ով ավելացել է ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ գրանցված մակարդակի համեմատ: Ցորենի բարձր գնաճը հիմնականում արտացոլում է նոր անորոշությունները Սևծովյան տարածաշրջանում համաշխարհային մատակարարման խափանումների ֆոնին, որոնք խոչընդոտում են Ուկրաինայից և Ռուսաստանից ցորենի արտահանմանը: Գրաֆիկից նկատելի է, որ ինչպես ռուս-ուկրաինական հակամարտության, այնպես էլ ցանկացած պատերազմական և ճգնաժամային իրավիճակում ցորենի համաշխարհային գները ցուցաբերել են աճի միտում:

Ներկայում ցորենի համաշխարհային գները գերազանցել են 2008թ․-ի համաշխարհային պարենային ճգնաժամի ժամանակ արձանագրված մակարդակը: Պետք է նշել, որ ընթացիկ տարում ցորենի գներն աճել են 37%-ով, նախորդ տարվա՝ 20% աճի դիմաց, ինչը պարենային ապրանքների գների բարձրացման առաջնային գործոն էՀատկանշական է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ունեին մոտ 14 միլիոն տոննա ցորեն և 18.5 միլիոն տոննա եգիպտացորեն այս սեզոնին մատակարարելու համար, ինչն ըստ ՄԱԿ-ի տվյալների, հացահատիկի համաշխարհային առևտրի մոտ 7%-ն է:

Պարենային անվտանգության ապահովման նպատակով իրականացվող քայլերը տարբեր երկրներում

Հ ացահատիկի միջազգային խորհրդի (IGC) տվյալները ցույց են տալիս, որ ցորենի խոշոր արտահանողների՝ Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ուկրաինայի, Արգենտինայի, Ավստրալիայի և Ղազախստանի պաշարները 2021/22 սեզոնի ավարտին նվազելու են՝ հասնելով 57 միլիոն տոննայի, որը վերջին 9 տարվա նվազագույն արդյունքն է լինելու: Եթե ​​Ռուսաստանը և Ուկրաինան դադարեցնեն ցորենի արտահանումը, ապա մյուս խոշոր արտահանողներին բաժին է ընկնում համաշխարհային պաշարների 16%-ը կամ այնքան ցորեն, որն աշխարհին կբավարարի երեք շաբաթից էլ քիչ ժամանակով:

Որոշ պետություններ ուղիներ են փնտրում մատակարարման ռիսկերից պաշտպանվելու համար՝ ավելացնելով ներկրվող ցորենի պաշարները կամ ընդլայնելով սեփական արտադրությունը: Որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Քենիան, փորձում են արդիականացնել իրենց պահուստային համակարգը: Սաուդյան Արաբիան դեկտեմբերին հավանություն է տվել տեղական ցորենի մթերման գնի բացառիկ բարձրացմանը՝ ներքին արտադրությունը խթանելու նպատակով, քանի որ երկիրը որոշել է հրաժարվել ներմուծման վրա հիմնվելու նախկին քաղաքականությունից: Ցորենի առաջատար ներմուծող Եգիպտոսը դիտարկում է տասնամյակներ շարունակ պարենային սուբսիդավորման ծրագրի իրականացումը, որն էժան հաց է տրամադրում բնակչության գրեթե երկու երրորդին: Մոլդովան, թեև փոքր տեսակարար կշիռ ունի ցորենի համաշխարհային արտահանման ծավալներում, սակայն ժամանակավորապես դադարեցրել է ցորենի, եգիպտացորենի և շաքարավազի արտահանումը: Ներքին շուկայում դեֆիցիտի առաջացումից խուսափելու նպատակով Ղազախստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը ցորենի և ալյուրի արտահանման քվոտաներ է սահմանել: G7 երկրները վերջերս կարևոր քայլ են կատարել՝ որոշելով սննդամթերքի արտահանման արգելքներ չսահմանել և օգտագործել բոլոր գործիքներն ու ֆինանսավորման մեխանիզմները՝ համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ընթացիկ տարում ցորենի պաշարներն աճ են գրանցել Չինաստանում, սակայն նվազել են հիմնական արտահանող երկրներում: Ըստ IGC-ի տվյալների՝ ակնկալվում է, որ ընթացիկ սեզոնի վերջում Չինաստանում ցորենի պաշարները կազմելու են 131 մլն տոննա կամ համաշխարհային պաշարների 47%-ը: Վերջին տարիներին Չինաստանից տարեկան կտրվածքով արտահանվել է մոտ 1 մլն տոննա ցորեն:

ՀՀ-ում ցորենի պաշարները և ներկա անորոշությունների ազդեցությունը

Ա շխարհաքաղաքական այս զարգացումներն իրենց ազդեցությունն ունենալու են նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկրում ցորենի պաշարների հիմնական մասը ներմուծվում է Ռուսաստանից. վերջին 10 տարում 2021թ.-ին արձանագրվել է ցորենի ներկրման ծավալների ամենացածր արդյունքը՝ բացառությամբ 2019թ.-ը, ինչը պայմանավորված էր Քովիդ-19 համավարակի առաջացման հետ: Միաժամանակ, կարևոր է նշել, որ Հայաստանում նախորդ տարում համախառն բերքի ծավալն ու ցանքատարածությունների թիվը նույնպես ամենացածրն է եղել վերջին 10 տարվա համեմատությամբ:

2021թ.-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը 1% անկում է գրանցել, այդ թվում՝ անկում է գրանցվել հացահատիկի արտադրության ճյուղում։ 2021թ.-ին արտադրվել է 97.2 հազ. տոննա ցորեն, որ նախորդ տարվա համեմատ նվազել է 34.4 հազ. տոննայով կամ 26.3%-ով։ Միաժամանակ, պետք է նշել, որ Հայաստանում ցորենի համախառն բերքի ամենամեծ ծավալն արձանագրվել է 2015թ.-ին՝ կազմելով շուրջ 363 հազար տոննա:

Նախորդ տարում ցորենի ցանքատարածությունները կազմել են 59.1 հազ. հեկտար, ինչը 2020թ.-ի նկատմամբ նվազել է 3000 հեկտարով: Ինչ վերաբերում է ցորենի բերքատվության մակարդակին, ապա պետք է նշել, որ 2021թ.-ին 1 հեկտար հողատարածքից ստացվել է 16.8 ցենտներ ցորեն, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 5.7 ցենտներով կամ 25.3%-ով:

Անդրադառնալով ցորենի ինքնաբավության մակարդակին՝ նշենք, որ 2016թ.-ից ի վեր Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը նվազման միտում է գրանցել. 2020թ.-ին այն կազմել է 24.4%, որը 2019թ.-ի համեմատ նվազել է 1.5%-ով, իսկ 2018թ.-ի համեմատ՝ ավելի քան 7%-ով:

Նշենք, որ ինքնաբավության մակարդակը ցույց է տալիս երկրի տվյալ ապրանքի նկատմամբ պահանջարկի բավարարման աստիճանը սեփական միջոցների հաշվին, որը հաշվարկվում է տոկոսներով՝ հետևյալ բանաձևով.

Արտադրություն / (Արտադրություն + Ներմուծում - Արտահանում)

Անդրադառնալով ՀՀ-ում ցորենի ներկրման ծավալներին՝ նշենք, որ 2021թ.-ին Հայաստան է ներկրվել շուրջ 270.7 հազ. տոննա ցորեն, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 29.4%-ով: 2020թ.-ին ցորենի ներկրման ծավալը կազմել է ավելի քան 350 հազ. տոննա: Հատկանշական է, որ 2020թ.-ին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել շուրջ 348 հազ. տոննա ցորեն, Ղազախստանից և Բելառուսից՝ 23.5-ական տոննա ցորեն, Վրաստանից՝ 3 հազ. 248 տոննա: 2020թ.-ի տվյալներով՝ ներմուծման ծավալների 99%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ մնացած չնչին տոկոսը՝ Վրաստանին, Բելառուսին և Ղազախստանին։

Անհրաժեշտ է նշել, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում այս պահին առկա են անհրաժեշտ քանակով ցորենի պաշարներ, իսկ ներմուծումը կատարվում է՝ ըստ պլանավորված հաճախականության: Միաժամանակ նշենք, որ չնայած ներկայում Հայաստանում ցորենի անհրաժեշտ պաշարների առկայությանը և Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական կապերի առկայությանը՝ Հայաստանը ներկա զարգացումներից, մասնավորապես՝ պարենի համաշխարհային գների բարձրացումից և սպասվող գլոբալ պարենային դեֆիցիտի ռիսկերից չի կարող անմասն մնալ: Ակնկալվում է, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումներն ու ռուս-ուկրաինական հակամարտության երկարաձգումն առաջիկայում աշխարհի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կհանգեցնի պարենային ապրանքների գների շարունակական բարձրացման: Ներկա իրավիճակում անհրաժեշտ է Հայաստանում այնպիսի համալիր միջոցառումների իրականացում, որոնք ուղղված կլինեն ցորենի բերքատվության արդյունավետության բարձրացմանը, ներմուծման քաղաքականության փոխարինմանը, ինչպես նաև շուկաների դիվերսիֆիկացմանն ու այլընտրանքային շուկաների հայտնաբերմանը: