Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը մեր տարածաշրջանում
4 ր. | 2022-04-12Իրանցի փորձագետ Շուաիբ Բահմանի գնահատականը
Ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում Իրանի մոտեցման, Հարավային Կովկասի, Իրան-ԵԱՏՄ համագործակցության վրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև Միջուկային համաձայնագրի վերականգնման հավանականութան շուրջ ներկայացնում ենք Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ, Ժամանակակից աշխարհի ռազմավարական հետազոտողների ինստիտուտի ղեկավար Շուաիբ Բահմանի հետ հարցազրույցը։
— Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ աշխարհի ուշադրությունը սևեռվել է ուկրաինական ճգնաժամին: Այս զարգացումներում մեծ ակտիվություն է դրսևորում Թուրքիան, որը փորձում է ՌԴ և Ուկրաինայի միջև միջնորդի դեր կատարել: Իրանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանում Թուրքիայի նմանօրինակ ակտիվությանը, և ո՞րն է Թեհրանի մոտեցումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ:
— Ուկրաինան Իրանի ազգային անվտանգության և ազգային շահերի առաջին օղակում առանձնահատուկ տեղ չունի: Իրանն ու Ուկրաինան աշխարհագրական առումով միմյանցից հեռու են, և երկու երկրների միջև որևէ էթնիկական, ցեղային, լեզվական, կրոնական կապ չկա, որպեսզի Թեհրանը ցանկանա այս պատերազմում ակտիվ և հատուկ դերակատարություն ունենալ: Բացի այդ, Իրանն Ուկրաինայի պատերազմը Մոսկվայի և Կիևի միջև պայքար չի դիտարկում, այլ հավատացած է, որ այս պատերազմն Արևելյան Եվրոպայում ԱՄՆ լարվածություն առաջացնող քաղաքականության պատճառով է: Իրականում, ըստ Իրանի, հիմնական դիմակայությունը Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի միջև է: Սա այն պարագայում, երբ Թուրքիայի նման երկիրը և՛ աշխարհագրական առումով ավելի մոտ է Ուկրաինային, և՛ Սև ծովում աշխարհաքաղաքական հատուկ շահեր ունի: Միաժամանակ, ուշադրության է արժանի նաև Թուրքիայի ու Ուկրաինայի տնտեսական հարաբերությունների մակարդակը: Թուրքիան նաև վերջին տարիներին ջանացել է էթնիկական հարցերի միջոցով (ինչպիսին է Ղրիմի թաթարների հարցը) ուկրաինական ճգնաժամում դերկատարում ունենալու համար նոր լծակներ ստեղծել:
— Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն ակտիվացրել է իր սադրանքներն Արցախում: Ձեր գնահատմամբ՝ այս պայմաններում հնարավոր ի՞նչ սցենարներ կարող են զարգանալ Կովկասում, և ինչպե՞ս իրեն կդրսևորի Իրանը:
— Ադրբեջանի տեսանկյունից՝ այն ինչ տեղի է ունեցել երկրորդ պատերազմի ընթացքում, անավարտ է: Քանի որ Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի հարավով միջանցքի ստեղծումն էր, որպեսզի կարողանա Թուրքիային միանալ: Իհարկե, միջանցք ասելով Բաքվի նպատակը միայն հաղորդակցական ուղին չէր, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում էին Հայաստանի հարավային որոշ հատվածների նկատմամբ վերահսկողություն ունենալ: Հաշվի առնելով, որ Բաքվի ու Անկարայի այդ ծրագիրն Իրանի ու Ռուսաստանի հստակ դիրքորոշման պատճառով ձախողվել է, կարելի է ակնկալել, որ Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությունը և նրա նկատմամբ Արևմուտքի տնտեսական ու քաղաքական ճնշումներն Ադրբեջանին ու Թուրքիային ևս մեկ անգամ բերելու են այն եզրակացությանը, որ Կովկասում ևս պատերազմ բորբոքեն: Իհարկե, Իրանը բազմիցս նախազգուշացրել է, որ իր հարևան երկրներում միջազգայանորեն ճանաչված սահմանների ցանկացած տեսակի փոփոխությանը շատ խիստ է արձագանքելու: Ներկայում իրանցի պաշտոնյաները երկրի հյուսիսային սահմաններին Բաքվի և Անկարայի քաղաքականության էությունն ավելի լավ են ընկալում, քան ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում էր: Եթե այն ժամանակ իրանցի պաշտոնյաները տարածաշրջանում պատերազմը որպես Ղարաբաղի հարց էին պատկերացնում, ապա այժմ ըմբռնել են, որ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը, նրանց հետևում՝ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն ավելի հեռու գնացող ծրագրեր են դիտարկել:
— Ռուսաստանի շուրջ ստեղծված իրադրությունն ինչպե՞ս է ազդում ԵԱՏՄ-Իրան համագործակցության վրա: Ի՞նչ հնարավորություններ ու խնդիրներ են ստեղծվում այս ուղղությամբ:
— Նախկինում Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար լուրջ խոչընդոտ էին համարվում, սակայն ներկայում Ռուսաստանն ինքն է ամենաշատ տնտեսական պատժամիջոցների ենթարկվել: Արդյունքում Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման շատ խոչընդոտներ վերացրել է հենց Արևմուտքը, քանի որ ռուսական ընկերություններն ու բանկերն Իրանի հետ գործակցության համար արդեն նախկին մտահոգությունները չունեն: Մյուս կողմից՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև մաքսային համաձայնագիր կա, որը կարող է կողմերի առևտրային հարաբերությունների զարգացման լավ հիմք ծառայել։ Իհարկե, նախորդ տարիներին այս առնչությամբ բազմաթիվ խնդիրներ են եղել, որ պետք է արագ լուծվեն: Խնդիրներից մեկը հարմար տարանցիկ երթուղի ծառայող ճանապարհների բացակայությունն է: Այս ուղղությամբ Հայաստանն ու Իրանը կարող են, միմյանց աջակցելով, շատ խնդիրներ հաղթահարել:
— Վիեննայի միջուկային բանակցություններն այս պահին դադարեցված են, չնայած կողմերը հայտարարում են, որ համաձայնությանը շատ մոտ են: Ինչպե՞ս եք գնահատում համաձայնության հավանականությունը: Միջուկային համաձայնագրի վերականգնման դեպքում ի՞նչ հնարավորություններ են բացվում Իրանի համար:
— Վիեննայի միջուկային բանակցություններն իրենց վերջնակետին են հասել: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է համաձայնության համար, կողմերը քննարկել են, բանակցել: Բանակցությունների արդյունավետությունն առավելապես կախված է Վաշինգտոնի քաղաքական որոշումներից: Բայդենի կառավարությունն այնքան հզոր պայմաններում չէ, որ կարողանա համաձայնագրի վերականգնման շուրջ վճռական որոշում կայացնել: Սակայն, եթե Սպիտակ տանն այդ հարցում պատրաստակամություն ցուցաբերեն, մյուս կողմերը, այդ թվում՝ Իրանը, որևէ խնդիր չունեն վերջնական համաձայնության հասնելու համար:
Միջուկային համաձայնագրի վերականգնման դեպքում Իրանը կկարողանա ընդլայնել իր նավթի արտահանումը, ինչպես նաև արտասահմանյան բանկերում արգելափակված միջոցները ծախսել երկրի ներսում՝ տնտեսական տարբեր ոլորտներում: Համաձայնագրի վերականգնումն զգալիորեն կնպաստի նաև Իրանի և այլ՝ հատկապես հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների կարգավորմանը: Այժմ Իրանը մեծ ուշադրություն է դարձնում հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը և Միջուկային համաձայնագրի վերականգնումը կարող է այդ հարցում ազդեցիկ լինել: