Օրակարգում գազի գնի բարձրացման հարցն է
8 ր. | 2022-01-25Փոխկապակցված գործոններն ու հետևանքները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել` առաջարկելով ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին, որի հիմքում կլինի գազի գնի հաշվարկն ըստ կալորիականության։ Ըստ ներկայացված հայտի՝ Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ մոտ 6%-ով` կազմելով 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.7 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1000 խմ–ի դիմաց 135.6 հազ. ՀՀ դրամ` ներկայիս 128 հազ. ՀՀ դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։ Առաջարկվում է, որ նոր սակագինը կիրառվի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվությամբ բնական գազի համար։
Հ այաստանում մինչև 2008թ.-ի դեկտեմբերը բնական գազը ներկրվում էր Ռուսաստանից, սակայն Իրանից Հայաստան գազատարի շինարարության ավարտից հետո, հայ սպառողները գազ են ստանում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից: 2021թ.-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ գազի ներկրման ծավալների ավելի քան 87%-ը, իսկ մնացած 12.9%-ը՝ Իրանին:
Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» պաշարներով, բնական գազի արտադրությամբ և շուկայական կապիտալիզացիայով համարվում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։ Վերջին տասը տարում ռուսական գազի պաշարները հիմնականում ունեցել են աճի միտում. ամենամեծ աճը գրանցվել է 2017թ.-ին՝ կազմելով 38.3 տրլն խ/մ։ Իսկ արդեն 2020թ.-ի տվյալներով՝ Ռուսաստանի բնական գազի պաշարները որոշ չափով նվազել են: Ներկայում, Ռուսաստանում գազի գնահատված պաշարները կազմում են 37.4 տրլն խ/մ։ Բնական գազի արտադրությունը Ռուսաստանում 2020թ.-ին կազմել է 454.5 մլրդ խ/մ, որը 2019թ.-ի համեմատ նվազել է 9.3%-ով, ինչը հավանաբար պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքներով։
Ինչ վերաբերում է գազի արտահանման ծավալներին, ապա պետք է նշել, որ այստեղ նույնպես առաջատարը Ռուսաստանն է. 2020թ.-ին Ռուսաստանից գազի արտահանման ծավալները կազմել են 197.2 մլրդ խ/մ: ԱՄՆ-ն բնական գազի երկրորդ խոշոր արտահանողն է աշխարհում, որին հաջորդում են Քաթարը և Նորվեգիան:
2021թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բնական գազի ներմուծման ծավալները 1.5%-ով ավելացել է՝ կազմելով շուրջ 1 մլրդ 171 մլն խ/մ, նախորդ տարվա 1 մլրդ 153 մլն խ/մ-ի դիմաց: Դիտարկվող ժամանակահատվածում իրացվել է 1 մլրդ 114 մլն խ/մ բնական գազ՝ նախորդ տարվա 1 մլրդ 106 մլն խ/մ-ի դիմաց: 2011-2020թթ.-ի ընթացքում ՀՀ ներկրված գազի ամենամեծ ծավալն արձանագրվել է 2020թ.-ին՝ կազմելով 2 մլրդ 595 մլն խ/մ:
Հատկանշական է, որ ՀՀ-ում նախորդ տարվա առաջին կիսամյակում գազի ամենամեծ սպառումն իրականացվել է բնակչության կողմից՝ կազմելով ընդհանուր սպառման ծավալների 39%-ը կամ 437 մլն խ/մ: Այսինքն, կենցաղային նպատակով գազի սպառումն ընդհանուր սպառման կառուցվածքում զբաղեցրել է առաջին տեղը։ Երկրորդ տեղում է ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի սպառման ծավալները՝ 234.1 մլն խ/մ-ով։ Այլ սպառողներին վաճառված գազի ծավալը 190.7 մլն խ/մ է։ Եվ վերջապես, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ծախսվող գազի ծավալը կազմել է համապատասխանաբար՝ 113.4 մլն խ/մ և 139.8 մլն խ/մ: 2021թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 3%-ով ավելացել է արդյունաբերական նպատակով գազի սպառումը: Միաժամանակ, էներգետիկ նպատակով գազի սպառումը նվազել է 23.6%-ով: Փոխարենը ավելացել են գազի իրացման ծավալները կենցաղային նպատակներով (շուրջ 4%), այլ սպառողների կողմից (շուրջ 29%) և ԱԳԼՃԿ-ների կողմից (շուրջ 8%)` միևնույն ժամանակ նշենք, որ հանրապետության ավտոմեքենաների պարկի շուրջ 80%-ը աշխատում է բնական գազով:
Գազի գնային տատանումները եվրոպայում
Նախորդող տարվա ընթացքում գազի գնի կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան մի շարք երկրներում. 2021թ.-ի սեպտեմբերին այն աճ էր գրանցել եվրոպական շուկայում և ռեկորդային գնին հասել հոկտեմբերի առաջին կեսին։ Եթե Եվրոպայում 1000 խորանարդ մետր գազը սեպտեմբերի առաջին կեսին վաճառվում էր ավելի քան 800 ԱՄՆ դոլարով, ապա հոկտեմբերի կեսերին՝ գազի գինն առաջին անգամ հատել է 2000 ԱՄՆ դոլարի շեմը։ Եվրոպական շուկայում արձանագրված գազի շեշտակի թանկացումը պայմանավորված է եղել նախորդ տարիների կլիմայական փոփոխություններով, ինչի հետևանքով եվրոպական գազի պաշարները զգալիորեն նվազել են, որն էլ համարվում է գազի թանկացման հիմնական պատճառներից մեկը։
Գազի գնի էական տատանումներն իրենց բացասական ազդեցությունը կունենան ԵՄ երկրների տնտեսությունների վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ ցանկացած արտադրության կազմակերպման համար էներգակիրներն առաջնային նախապայման են համարվում։ Եվրոպական շուկայում արձանագրված էներգետիկ ճգնաժամը ու դրանից բխող գազի գնաճը որոշ չափով իրենց ազդեցությունն են թողնում նաև ԵՄ-ից ՀՀ ներկրվող ապրանքների գների վրա, ինչը ՀՀ-ում կարող է ավելի կխորացնել գնաճային ճնշումները, քանի որ ՀՀ-ի ներմուծման ծավալներում ԵՄ-ն ևս ունի էական մասնաբաժին. 2021թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ ԵՄ-ի տեսակարար կշիռը ՀՀ ներմուծման կառուցվածքում եղել է 14%:
Ներկայումս Եվրոպայում բնական գազի գինը նվազել է հասնելով 820-860 ԱՄՆ դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Որպես գազի գների անկման հիմնական պատճառներ առանձնացվում են կլիմայի փոփոխությունները, ինչպես նաև սպեկուլյատիվ շուկայում տիրող իրավիճակը:
Գազի գնի բարձրացման հարցը հայաստանյան օրակարգում
Մ ինչ անդրադառնալը գազի գնի բարձրացման պատճառներին, հակիրճ ներկայացնենք՝ վերջին տարիների ընթացքում ինչպես է փոփոխվել գազի գնային քաղաքականությունը Հայաստանում։ Ներկայում Ռուսաստանից բնական գազի ներմուծումը Հայաստան իրականացվում է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից, որը նախկինում կոչվել է «ՀայՌուսգազարդ»: 2014թ.-ի հունվարին, երբ Հայաստանի կառավարությունը, պարտքի կարգավորման քաղաքականության շրջանակներում իր 20% բաժնեմասը փոխանցեց Գազպրոմին, որը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի: Հատկանշական է, որ 2013թ. ապրիլի 1-ից Ռուսաստանը պարտավորվել է չգանձել Հայաստան բնական գազի արտահանման 30% մաքսատուրքը, որի արդյունքում ներմուծման գինը կրճատվել էր 270-ից մինչև 189 ԱՄՆ դոլար/հազար խ/մ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եկամտաբերության ներքին նորման (ԵՆՆ) պետք է կազմեր նվազագույնը 9%, ինչը նշանակում է, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է ծածկեր սահմանին գազի գնման ու գազաբաշխման հետ կապված իր ծախսերը և ունենար տարեկան միջինում 9% շահութաբերություն: Ըստ էության 2015թ.-ի սեպտեմբերից՝ գազի գինը սահմանին բարձրացվեց մինչև 165 ԱՄՆ դոլար/հազար խ/մ և պահպանվեց մինչև 2016 թ․-ի մարտի 31-ը: Հետագայում 2016թ.-ի ապրիլին գազի գինը սահմանին վերանայվել է մինչև 150 ԱՄՆ դոլար/հազար խ./մ.-ի համար, որը ֆիքսած է եղել մինչև 2018թ.-ը, որից հետո արդեն 2019թ.-ի հունվարի 1-ից գազի գինը բարձրացվել է 1000 խ/մ-ի դիմաց 165 ԱՄՆ դոլար, սակայն հնարավոր է եղել սպառողներին վաճառվող բնական գազի սակագները պահպանել գործող մակարդակում՝ պայմանավորված ընկերությունում շահագործման և պահպանման ծախսերի օպտիալացմամբ, ինչպես նաև ներդրումային ծախսերի կրճատմամբ։
Չնայած ռուսական գազը «Գազպրոմ Արմենիա»-ին սահմանի վրա վաճառվում է ցածր գնով, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը շատ ավելի բարձր է, որն իր մեջ ներառում է՝
- Շահագործման և պահպանման ծախսերը,
- Մաշվածությունը,
- Շահույթը,
- Կորուստներն ու սեփական կարիքները,
- Ներկրման գինը,
- Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)։
Ըստ էության, ստացվող գազը հաշվարկվում է կայուն, ֆիքսված սակագներով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվարկների համաձայն, 2020թ.-ին գազի սակագինը ՀՀ սպառողների համար կազմել է 266.71 ՀՀ դրամ: Սակայն ներկայումս «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է սահմանին ստացվող գինը հաշվարկել ըստ կալորիականության,[1] համաձայն որի՝ գազի գնի հաշվարկման բանաձևը երկու բաղադրիչից է կախված լինելու։ Առաջինը հաստատուն բաղադրիչն է՝ ընկերության մարժան՝ շահագործման, պահպանման ծախսերը, շահույթը։ Երկրորդ բաղադրիչը ներկրվող գազի արժեքն է, որն ամեն ամիս փոփոխվելու է՝ ըստ գազի կալորիականության։ Եվ այն ճշգրտումը, որ պետք է արվի սահմանին, արտացոլվելու է նաև սպառողների սակագներում: Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկի՝ 2022թ.-ի ապրիլի 1-ից Հայաստան առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանին անհրաժեշտ է սահմանել 165 ԱՄՆ դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց 7900 կկալ/խմ պարագայում: Իսկ եթե կալորիականությունը բարձր է և ստորին ջերմատվությունը նվազագույնը 8500 կկալ/խմ է, ապա հազար խորանարդ մետրի դիմաց գինը կազմելու է 177.53 ԱՄՆ դոլար: Փաստացի ներկայումս ստացվող գազի կալորիականությունը գերազանցում է 7900 կկալ/խմ-ն, մասնավորապես 2021թ.-ի սեպտեմբերին ամսական միջին ջերմատվությունը 8156-8662 կկալ/խմ է եղել։
Ներկայումս Հայաստանը ռուսական գազը շարունակում է գնել հազար խորանարդ մետրը 165 ԱՄՆ դոլարով, սակայն ինչպես շատ երկրներ ՀՀ-ն նույնպես կանգնած է գազի գների բարձրացման ռիսկի առջև, որն էապես կարող է խաթարել տնտեսական հավասարակշռությունը՝ առաջացնելով մի շարք ոլորտներում գների ընդհանուր մակարդակի բարձրացում: Այն ոլորտները, որտեղ ապրանքի արտադրության և գնագոյացման մեջ էներգակիրները զգալի նշանակություն ունեն, կկրեն կորուստներ, մասնավորապես՝ էներգակիրների թանկացման արդյունքում կավելանա ապրանքի ինքնարժեքը և վերջինս համաշխարհային շուկայում կկորցնի իր մրցունակությունը:
Միևնույն ժամանակ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ 2022թ.-ին սահմանին գազի գինը մնալու է անփոփոխ, ինչպես նաև ՀՀ-ում անապահով խավի համար գազի գների բարձրացում չի նախատեսվում:
Էներգակիրների գների կանխատեսումները
Հ ամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2021թ.-ին նախորդ տարվա համեմատ էներգակիրների գների 80% բարձրացումը կպահպանվի նաև 2022թ.-ին, ինչը շատ զարգացող երկրներում կհանգեցնի գլոբալ ինֆլյացիայի զգալի կարճաժամկետ ռիսկերի: Գների բարձրացման ռիսկի գործոններ են համարվում կլիմայի կտրուկ փոփոխությունները, COVID-19 համավարակի անհավասարաչափ բաշխվածությունը ու բացասական հետևանքների առաջացումը, հետագայում նոր բռնկումների սպառնալիքը և մատակարարումների շղթայի խափանումները:
Ըստ վերոնշյալ կանխատեսումների՝ 2022թ.-ի երկրորդ կեսին էներգակիրների գները կսկսեն նվազել, քանի որ առաջարկի սահմանափակումների թուլացմանը զուգահեռ սպասվում է, որ ոչ էներգետիկ ապրանքների գները նույնպես կնվազեն՝ 2021թ.-ի զգալի աճից հետո:
ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչակազմի կանխատեսումներով՝ 2022թ.-ին աշխարհում էներգակիրների սպառումն աճելու է 2.2%-ով՝ գերազանցելով նախաճգնաժամային 2019թ.-ի սպառման մակարդակը, որը պայմանավորված է համաճարակի բացասական ազդեցությունից տնտեսությունների որոշակի վերականգնմամբ: Վերջինիս արդյունքում կանխատեսվում է նաև էներգակիրների գների բարձրացում, ուստի ընկերությունները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազի գների տատանումները ունեն նաև քաղաքական բաղադրիչ, հետագա գնաճային տատանումները զսպելու նպատակով կարևոր է ՀՀ-ի կողմից արդյունավետ բանակցությունների վարումը, Ռուսաստանի հետ երկարաժամկետ տնտեսական արդյունավետ համագործակցութան ձեռքբերումը, և որ ամենակարևորն է, ԵԱՏՄ շրջանակներում գազի միասնական շուկայի հնարավորինս շուտ ձևավորումը, որը երկարաժամկետում կապահովի գազի գների կայունություն՝ միչգերատեսչական, ինտեգրացիոն մակարդակում, ինչը նաև թույլ կտա տնտեսական աճի կանխատեսելի ներուժ և նշանակալի մրցակցային առավելություններ ձևավորել: Ռուսական ներքին գներով գազի մատակարարումն ավելի շահեկան կլինի Հայաստանի Հանրապետության համար, իսկ ԵԱՏՄ շրջանակներում գազի միասնական շուկայի ստեղծումը թույլ կտա գազի միջազգային գներին հետևել միջնորդավորված, ընդ որում՝ միջազգային գների տատանումները ներքին գնագոյացման վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա։
[1] Գազի որակը բնութագրվում է կալորիականությամբ։ Երբ կալորիականությունը ցածր է լինում, սպառողները ավելի մեծ ծավալի գազ են օգտագործում: Այսինքն՝ նույնիսկ գազի կալորիականության նվազեցումը խնդրին լուծում չի տալիս։ Հետևաբար, նշված սակագների պարագայում սպառողների համար ակնկալվում է գազի սակագների բարձրացում թե՛ ցածր, թե՛ բարձր կալորիականության դեպքում։