Իրան-Չինաստան 25-ամյա համագործակցության փաստաթուղթը

9 ր.   |  2022-01-18

Հ ունվարի 13-ին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը մեկնեց Չինաստան, որտեղ իր պաշտոնակցի հետ քննարկեց Իրան-Չինաստան 25-ամյա համագործակցության փաստաթղթի իրագործման հարցը։ Նշենք, որ փաստաթուղթն իրանցիների շրջանում «երկիրը ծախում են Չինաստանին» տիպի աղմուկ էր առաջացրել։ Այցի ֆոնին համացանցում նորից ակտիվացան այդ քննարկումները և միֆերի շրջանառումը: Ստորև կներկայացնենք, թե իրականում ինչ է հայտնի այդ փաստաթղթի մասին, ինչպես է այն լուսաբանվել ԶԼՄ-ներում և իրագործման ինչ փուլում է գտնվում:

Համագործակցության փաստաթղթի ստորագրումը

Չ ինաստանի և Իրանի 25-ամյա համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվել է 2021թ. մարտի 27-ին՝ Չինաստանի արտգործնախարարի Թեհրան այցի ժամանակ: Բայց փաստաթղթի անհրաժեշտության հարցն առաջին անգամ քննարկվել է դեռևս 2016թ.՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Իրան կատարած այցի ընթացքում:

Երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության 6-րդ կետում նշվում էր. «Հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար երկու կողմերի մոտ առկա ուժեղ կամքը և հաշվի առնելով տնտեսական կարողությունների փոխլրացնող լինելը, ինչպես նաև էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հիմքերի առկայությունը՝ կողմերը պայմանավորվում են համապարփակ համագործակցության 25-ամյա պայմանագիր կնքելու համար օրակարգ ներառել անհրաժեշտ խորհրդակցությունները և բանակցությունները»:

2016 թ.-ից մինչև բուն ստորագրման օրը փաստաթուղթն անցել է երկար դիվանագիտական աշխատանքի հորձանուտով։

2016թ. մարտից 2019թ.    փետրվար

Իրանի ԱԳՆ-ն երկրի այլ նախարարությունների և կառույցների հետ համագործակցությամբ մշակել է փաստաթղթի նախագիծը

2019թ. փետրվարի 21

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Չինաստան այցի ընթացքում հայտնել է, որ փաստաթղթի նախնական տարբերակը շատ մոտ  ապագայում պատրաստ կլինի

2019թ. փետրվարից 2019թ.  օգոստոս

Փաստաթղթի շուրջ ներքին քննարկումներ են ընթացել Իրանում

2019թ. օգոստոսի 25

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Չինաստան այցի ընթացքում փաստաթղթի նախագիծը հանձնել է չինացի   գործընկերոջը

2020թ. մարտ

Չինական կողմը փաստաթղթի առնչությամբ դիտարկումներն է ներկայացրել

2020թ. մայիս

Իրանում փաստաթղթի նախագծի տեքստը և ազգային կառույցների դիտարկումների հիման վրա ԱԳՆ եզրակացությունը քննարկման  նպատակով  ներկայացվել է երկրի կառավարությանը

2020թ. հունիսի 23

Իրանի կառավարությունն ԱԳՆ-ին լիազորել է համապարփակ համագործակցության ծրագիրը ստորագրելու նպատակով սկսել բանակցություններ

2020թ. հունիսի 24

Չինաստանի ԱԳՆ-ի հետ տեսակապով հանդիպման ընթացքում իրանական կողմը ներկայացրել է նախագծում չինական կողմի առաջարկած  փոփոխությունների վերաբերյալ Թեհրանի դիտարկումները

2020թ. օգոստոս

Փաստաթղթի նախագծի երկրորդ տարբերակն է ներկայացվել չինական կողմին

2020թ. հոկտեմբերի 10

Զարիֆի Չինաստան այցի ընթացքում քննարկվել են փաստաթղթին և դրա առաջմղմանն առնչվող տարբեր հարցեր

2021թ. փետրվար

Չինական կողմը ներկայացրել է իր դիտարկումները նախագծի երկրորդ տարբերակի վերաբերյալ

2021թ. մարտ 11

Պեկինը հայտարարել է, որ փաստաթղթի նախագծային տարբերակի ամբողջացման դեպքում Չինաստանի ԱԳ նախարարը պատրաստ է մեկնել  Իրան և ստորագրել այն

2021թ. մարտի 17

Իրանի բարձրագույն իշխանությունները համաձայնություն են տվել փաստաթղթի ստորագրմանը

2021թ. մարտի 27

Համապարփակ համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվել է


Փաստաթղթի բովանադակությունը

2 021-ի մարտին ստորագրված փաստաղթղթի մասին Իրանի ԱԳՆ տարածած տեղեկության մեջ նշվել է, որ այն պայմանագիր չէ, այլ՝ «ճանապարհային քարտեզ», «գործողությունների ծրագիր», որը գծում է երկու եկրների միջև համագործակցության հեռանկարները, և կողմերից որևէ մեկի համար պարտավորություններ չի սահմանում:

Իրանական կողմի հիմնավորման համաձայն՝ փաստաթուղթը հիմնված է փոխադարձ հարգանքի ու win-win ռազմավարության վրա: Սակայն դրա բովանադակությունը երբեք չի հրապարակվել։ Դրա վերաբերյալ ներկայացվել են միայն որոշ պարզաբանումներ, որոնցից հայտնի է հետևյալը․

  • Կողմերն ավելացնելու են խորհրդակցությունները և տարածաշրջանային, միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը,
  • Կողմերն ամրապնդելու են պաշտպանական ենթակառուցվածքները, ահաբեկչության դեմ պայքարում և պաշտպանական տարբեր ոլորտներում համագործակցությունը,
  • Կողմերը համագործակցելու են նավթի, արդյունաբերության, հանքերի, էներգետիկային առնչվող (վերականգնվող էներգիա և այլն) ոլորտներում՝ հաշվի առնելով ազգային կայուն զարգացման և բնապահպանական խնդիրները,
  • Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առավելություններից օգտվելու համար ընդգծվել է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն Իրանի մասնակցության կարևորությունը,
  • Կարևորվել է ենթակառուցվածքների, հաղորդակցության (երկաթուղային, ճանապարհային, նավահանգստային, օդային), կապի, գիտատեխնիկական, կրթության, առողջության ոլորտներում համագործակցությունը,
  • Կարևորվել է ֆինանսա-բանկային, մաքսային ոլորտներում համագործակցության դյուրացումը, ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիներում, այդ թվում՝ համագործակցության խթանումը Մաքրանի ծովափում,
  • Կարևորվել է ոչ նավթային, հատկապես՝ գյուղատնտեսության և գիտելիքահեն ոլորտներում համագործակցության ամրապնդումը,
  • Կարևորվել է ներդրումների, տնտեսական նախագծերի ֆինանսավորման հարցում համագործակցության դյուրինացումը,
  • Կարևորվել է զբոսաշրջության, ԶԼՄ-ների, ՀԿ-ների միջոցով երկու երկրների հասարակությունների փոխադարձ ճանաչելիության ապահովումը: Մշակութային համագործակցության ընդլայնման համար նաև նախատեսվել են ներդրումներ, 
  • Փաստաթղթում հիշատակվել է տարածաշրջանային, միջազգային խաղաղության, կայունության և զարգացման նպատակադրումները: Այն ուղղված չէ որևէ երրրոդ կողմի և որևէ երկրի ներքին գործերին միջամտելու նպատակ չի հետապնդում,
  • Փաստաթուղթն Իրանի ու Չինաստանի համապարփակ համագործակցության համար ճանապարհային քարտեզ է, ուստի չի պարունակում որևէ համաձայնություն կամ պարտավորություն,
  • Փաստաթղթի ոչ մի հատվածում համագործակցության հեռանկարների  վերաբերյալ քանակական տվյալներ չկան, այն չի պարունակում հատուկ թվեր, այդ թվում` ներդրումերի, ֆինանսական կամ դրամական ռեսուրսների վերաբերյալ,
  • Փաստաթղթով որևէ տարածքի, ոլորտի կառավարում կամ շահագործում չի հանձնվել մյուս կողմին:

Վերջին կետը, ի դեպ, կարևոր է հենց Իրանում քննարկումների տեսանկյունից․ այնտեղ, ինչպես նշել են, ապոկալիպտիկ հայտարարություններ են հնչել՝ Իրանի ինքնիշխանությունը Չինաստանին զիջելու վերաբերյալ։ Այս կետով, սակայն, իրանական իշխանությունները վստահեցրել են, որ նման վտանգ չկա։

Հարկ է նշել, որ փաստաթղթի ստորագրումից ամիսներ առաջ համացանցում էր հայտնվել նաև մի փաստաթուղթ, որը ներկայացվում էր որպես 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի «սևագիր» տարբերակ: Դրա բովանադակությունը համընկնում և որևէ կերպ չի հակասում Իրանի իշխանությունների ներկայացրած պարզաբանումներին: 

Նշված փաստաթղթում խոսք է գնում միջազգային տարանցիկ տարբեր միջանցքների մասին, և ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի մասին որևէ հիշատակում չկա: 

Ըստ այդ փաստաթղթի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն առնչվող հատվածում ընդգծվել է, որ կողմերը ողջունում են հարևան կամ երրորդ երկրների մասնակցությամբ բազմակողմ համագործակցությունը:

«Հաշվի առնելով ընդհանուր շահերը՝ խորհրդակցության և համագործակցության միջոցով ակտիվ մասնակցություն ապահովել  Հարավ-Հյուսիս (Չաբահարի նավահանգիստ-Կենտրոնական Ասիա) և Հարավ-Արևմուտք (Չաբահար և Բանդարաբբաս-Թուրքիա և Ադրբեջան) միջանցքներում»,- նշվել է այդ փաստաթղթում: 

Համաձայն այդ փաստաթղթի՝ խրախուսվում են նաև ենթակառուցվածքային նախագծերում, ազատ տնտեսական գոտիներում (Ղաշմ, Մակու, Արվանդ), արդյունաբերական ավանների հիմնման համար, նավթարդյունաբերական և մի շարք այլ ոլորտներում չինական ներդրումների իրականացումը, Իրանի նավթահանքերի զարգացումը, նավթի կայուն գնման համար մեխանիզմների մշակումը, ռազմական կրթության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության զարգացումը և այլն:

Փաստաթղթի լուսաբանումը ԶԼՄ-ներում

Ը նդհանուր առմամբ, փաստաթղթի ստորագրումը դրական է ներկայացվել Իրանի հիմնական երկու քաղաքական ճամբարներին՝ բարեփոխականներին և պահպանողակններին պատկանող ԶԼՄ-ներում: Իսկ փաստաթղթի դեմ քարոզչությունը տարվել է հատկապես արտասահմանյան և Իրանի իսլամական վարչակարգին դեմ հանդես եկող ԶԼՄ-ներում:

Դրական տեսանկյունից իրանական ԶԼՄ-ներում փաստաթուղթը ներկայացվել է որպես ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացնելու, Իրանում ներդրումներ գրավելու, ենթակառուցվածքները զարգացնելու, արդյունաբերությանը զարկ տալու լավ հնարավորություն: Միաժամանակ շեշտադրվել է տեղական արտադրողին չվնասելու անհրաժեշտությունը: Փաստաթղթի ստորագրումը մեկնաբանվել է նաև որպես Իրանի՝ Արևելյան բևեռին հակվելու ցուցիչ: 

Փաստաթղթի ստորագրման առնչությամբ կարևորվել է Իրանի տարածքով անցնող միջանցքների զարգացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում հնչել է նաև փորձագիտական կարծիք, որ կարելի է չինական ներդրումներ գրավել «Հյուսիս-Հարավ» տարանցիկ միջանցքի մաս կազմող Ռաշտ-Աստարա  երկաթուղու կառուցման համար: (1,2)։ Սա այն երկաթուղին է, որ Իրանը կապելու է Ադրբեջանի հետ՝ շարունակկվելով դեպի Ռուսաստան ու Եվրոպա։

Շեշտվել է, որ պետք է հետամուտ լինել նաև Ջոլֆայի երկաթուղու գործարկմանը և Չինաստանի հնարավորություններն օգտագործելով՝ կարգավորել Թուրքմենստանի, Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ տարանցման ոլորտի խնդիրները: Որպես օրինակ՝ նշվել է, որ եթե հնարավոր լիներ Եվրոպայի հետ կապն ապահովել Ջոլֆայի երկաթուղով, ապա միգուցե Ռաշտ-Աստարա  երկաթուղու կառուցման կարիք այլևս չլինի: 

Իսկ արտասահմանյան լրատվամիջոցներում շրջանառվել են թեզեր, թե ըստ փաստաթղթի՝ Իրանում չինական զորքեր են տեղակայվելու կամ, որ Իրանի հարավային կղզիները հանձնվելու են Չինաստանին: Այս թեզերը լայն տարածում են գտել իրանական հասարակության շրջանում՝ հակադրվելով փաստաթղթի մասին իրանական իշխանությունների և կառավարող քաղաքական խմբերի ընդհանուր դրական գնահատականներին: Իրանցիների շրջանում փաստաթուղթը որակվել է որպես «երկրորդ Թուրքմենչայ»: Փաստաթղթի ստորագրման դեմ կազմակերպվել էին նաև բողոքի ակցիաներ՝ «Իրանը չի վաճառվում» կարգախոսով:

Մամուլում եղել են նաև հրապարակումներ, որ Իրանի նավթային և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում Չինաստանը կատարելու է 280 մլրդ դոլարի ներդրում և ևս 120 մլրդ դոլար էլ՝ ենթակառուցվածքների զարգացման համար: Սակայն, ինչպես նշվեց, ըստ Իրանի ԱԳՆ-ի, փաստաթղթում որևէ քանակական տվյալ չկա և որևէ տարածք չի հանձնվում մյուս կողմին։

Նոր փուլը

Թ եև Իրան-Չինաստան համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է Իրանի նախկին կառավարության օրոք, սակայն նոր նախագահի՝ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած կառավարությունը ևս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումն, այդ թվում՝ համագործակցության փաստաթղթի իրագործումն առաջնահերթություն է սահմանել։

Չնայած դրան՝ 2021-ի մարտին փաստաթղթի ստորագրումից հետո դրա առնչությամբ գործնական տեսանելի քայլեր մինչև հիմա չէին իրականացվել։ Այդ ընթացքում, սակայն, Իրանում և Իրանի շուրջ տեղի են ունեցել կարևոր զարգացումներ․

  • ապրիլին Վիեննայում մեկնարկել են Միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցությունները,
  • հունիս-օգոստոս ամիսներին տեղի են ունեցել նոր նախագահի ընտրության ու կառավարության ձևավորման գործընթացները,
  • օգոստոս-սեպտեմբերին տեղի է ունեցել ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից և Թալիբանի իշխանության գալը այդ երկրում,
  • նոյեմբերի վերջից Վիեննայի միջուկային բանակցությունները վերսկսվել են։

Իրանի և Չինաստանի հարաբերություններում այդ ընթացքում նկատված միակ տեղաշարժն այն է, որ դեկտեմբերի վերջին Իրանի կառավարությունը համաձայնություն տվեց Իրանի հարավային գլխավոր ճանապարհային հանգույցում՝ Բանդարաբբասում Չինաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը:

Հունվարին Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի Չինաստան այցն արդեն տեղի ունեցավ հարաբերական դրական անդորրի ֆոնին։ Այցի ավարտին Աբդոլլահիանը հայտարարեց, որ չինական կողմի հետ պայմանավորվել են հունվարի 14-ից սկսել 25-ամյա համագործակցության փաստաթղթի իրագործումը։

Ըստ Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզիի՝ Իրանն ու Չինաստանը դեռ պետք է այդ փաստաթղթում մատնանշված ոլորտներից յուրաքանչյուրի համար առանձին պայմանագրեր կնքեն։ Խանդուզիի խոսքով՝ վերջին ամիսներին Իրանի տարբեր նախարարություններ զբաղված են այդ պայմանագրերի մշակմամբ, և դրանք կկնքվեն առաջիկայում։

Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ փաստաթղթի հիման վրա պայմանագրերի իրագործումը կարող է խթան լինել Իրանի տնտեսության համար, իսկ Վիեննայի բանակցությունների դրական ելքն ու պատժամիջոցների չեղարկումը լրացուցիչ հնարավորություններ կբացեն Իրանի համար, թե՛ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման և թե առհասարակ արտաքին աշխարհի հետ կապի զարգացման տեսանկյունից։ Այս պահին, սակայն, Իրանի և Չինաստանի ռազմավարական փաստաթուղթը միայն դրական ցանկությունների հավաստիք է։