ԱԹՍ արտադրելու Վրաստանի հնարավորությունները

8 ր.   |  2021-11-30

Ա րցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում այդ երկրի զինված ուժերի և Թուրքիայի անմիջական աջակցությամբ կիրառված անօդաչու թռչող սարքերը մի շարք երկրների և ոլորտի ընկերությունների ստիպեցին կենտրոնանալ  ԱԹՍ-ների արտադրության և ԶՈւ հաշվեկշիռը համալրելու վրա։ Վրաստանը, որտեղ պատերազմի օրերին մարտական գործողություններից շատ կիլոմետրեր հեռու ընկել էր Ադրբեջանին պատկանող իսրայելական Harop տիպի ԱԹՍ, նույնպես մեծ ուշադրություն է դարձնում դրանց արտադրությանն ու պաշտպանության ուժերը նոր նմուշներով համալրելուն։

2021թ. հուլիսի 22-ին Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ներկայացրել էր պաշտպանության ուժերի «2020-2030թթ. գործողությունների պլանը», որը ներառում էր նաև 2022թ.-ից փոքր և մեծ անօդաչու թռչող սարքերի արտադրություն պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի հիմքի վրա։ «Համատեղ ձեռնարկություն հիմնելու բանակցություններ են ընթանում հարավաֆրիկյան և լեհական ընկերությունների հետ»,- հայտարարել էր Բուրճուլաձեն։

Վրաստանի պաշտպանության նախարարն անօդաչուների համատեղ արտադրություն հիմնելու մասին խոսել էր նաև 2021թ. մարտի 23-ին Ռուսթավի-2-ի եթերում։ «Մի ամիս առաջ ես ինքս եմ այցելել Լեհաստան և Չեխիա։ Մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք ԱԹՍ-ների և այլ սպառազինության համատեղ արտադրության ուղղությամբ, ինչն էլ առաջիկայում արդյունքի կհանգեցնի»։ Ավելի վաղ Լեհաստանի, Չեխիայի և Իսրայելի հետ համատեղ ռազմական արտադրություն հիմնելու աշխատանքների մասին հայտնել էր նաև Իրակլի Ղարիբաշվիլին։

Հարկ է նշել, որ Արցախում ակտիվ մարտական գործողությունների ավարտից մի քանի ամիս անց՝ 2021թ. հունվարին, վրացական մի քանի լրատվամիջոց վերահրապարակել էր TAM MANAGEMENT ընկերության տնօրեն Վաժա Թորդիայի հայտարարությունը, թե «վրացական արտադրության առաջին Т-31 ԱԹՍ-ն պատրաստ է ու գերազանցում է թուրքական և հրեական անալոգներին»։ Ըստ Թորդիայի [1]՝ ԱԹՍ-ի մշակման աշխատանքներն սկսվել են 2 տարի առաջ։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ԱԹՍ-ները մեծ հետաքրքրություն են առաջացրել՝ ցամաքային թիրախներն արդյունավետ խոցելու տեսանկյունից։ Թորդիան նշել էր նաև, որ ԱԹՍ-ն սպառազինված կարող է թռչել 24 ժամ, իսկ հավելյալ լիցքավորման բաք ունենալու դեպքում մինչև 72 ժամ։ T-31-ի իրական նմուշ ցուցադրված չէ մինչ այս պահը, հասկանալի չէ, թե ԱԹՍ-ի մասերը ո՞ր երկրներից կամ ընկերություններից է ձեռք բերվելու։ Այնուամենայնիվ, Թորդիան հայտարարել է, որ ֆինանսավորման դեպքում ընկերությունը կարող է պատվեր գրանցել և սերտիֆիկացված ԱԹՍ-ներ ներկայացնել։

Վրացալեզու և ռուսալեզու կայքերը, վերոնշյալ հայտարարությունը տարածելիս, շեշտը դրել են «վրացական արտադրության առաջին ԱԹՍ-ն» լինելու վրա, սակայն հարկ է նշել, որ ի տարբերություն TAM MANAGEMENT-ի հրապարակած նմուշի վիրտուալ տարբերակի, Վրաստանում արտադրված և ցուցադրված ԱԹՍ-ներ վաղուց կան։

«Օրբելի կենտրոնի» հետ հարցազրույցներից մեկում վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել էր վրացի ռազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեն, նշելով, որ «Ցանկացած ընկերություն իրավունք ունի և պետք է գովի իր արտադրանքը։ Չնայած իմ տեղեկություններով՝ և արտադրության, գործընկերների ներուժով, արտադրանքն իրականում կարող է մրցել մեզ հայտնի ԱԹՍ-ների հետ։ Մնացածը ժամանակը ցույց կտա»։

Վրացական «առաջին» ԱԹՍ-ն

2 012թ. ապրիլի 10-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացվել էր «վրացական առաջին» հետախուզական ԱԹՍ-ն։ Նշվել էր, որ այն նախատեսված է ինչպես հետևակի, այնպես էլ հրետանու համար։ ԱԹՍ-ի հիմնական գործառույթը մարտի դաշտի հետախուզության և կոորդինատների փոխանցումն է։ Սարքն ունի ցերեկային և գիշերային ռեժիմներ։ ԱԹՍ-ն օդ է բարձրանում հատուկ նետող սարքով և վայրէջք կատարում պարաշյուտի օգնությամբ։ Սաակաշվիլին ցուցադրության ժամանակ հայտարարել էր, թե այդ ԱԹՍ-ն դառնալու է Վրաստանից արտահանվող արտադրանքներից մեկը։ «Սա մերն է... մենք այլևս կախված չենք ուրիշներից»։

Վերոնշյալ ԱԹՍ-ի վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները շատ չեն, առկա տվյալները, սակայն պնդում են, թե ԱԹՍ-ն ոչ թե վրացական արտադրության է, այլ էստոնական  Eli Military Simulations ընկերության։ Վրաստանի «Արսենալի» ռազմական ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին ցուցադրությունից հետո գրել էր, որ «վրացական ԱԹՍ-ի մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն շատ նման է էստոնականին... հնարավոր է այն պատրաստվել է էստոնական Eli-ի լիցենզիայով։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ ցուցադրության ժամանակ նրանք մեզ ճշմարտությունն ասեին»։  Վրացական աղբյուրները գրում են, որ ԱԹՍ-ի մոդելը մշակել է էստոնական ընկերությունն ու դրա արտադրման լիցենզիան տվել Վրաստանին։

Էստոնական UAV Swan ԱԹՍ-ն Էստոնիայում ցուցադրվել էր 2006 թվականին զորավարժության ժամանակ։ Սարքը, սակայն, այդպես էլ չի բավարարել ՊՆ պահանջներին և զինվորականները դրանից հրաժարվել են։

Դելտայի արտադրած ուղղաթիռատիպ ԱԹՍ-ն

2 015 թ. մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը, երկրի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը ներկայացրել էր ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարք, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդման, հարվածային-հետախուզական է, սպառազինված է М134 Minigun տեսակի 2 վեցփողանի գնդացրով և 8 չկառավարվող ավիացիոն հրթիռով։ Թռիչքի բարձրությունը 3 կմ է, իսկ առավելագույն արագությունը 180 կմ/ժ։ Օդում կարող է մնալ առավելագույնը 2 ժամ։

2019թ. դեկտեմբերի 7-ին այն ժամանակ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան այցելել էին «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոն և ծանոթացել կենտրոնի արտադրանքին։ Ի թիվս այլ արտադրանքի՝ ներկայացվել էր ուղղաթիռատիպ ԱԹՍ-ն, որը դեռ մշակումների փուլում էր։ Նշվել էր, որ սարքն ունակ է լինելու օդից կրակային աջակցություն ցուցաբերելու կառավարվող և չկառավարվող հրթիռներով։

Վրաստանի ՊՆ ցուցադրած տեսանյութում և նկարներում երևում էր, որ ԱԹՍ-ն արդեն սպառազինված է հրթիռներով։ Defence Blog-ի հիմնադիր Դիլան Մալյասովն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դրանք ուկրաինական արտադրության հակատանկային կառավարվող հրթիռներ են։ Դրանք արտադրում է Ուկրաինայի պետական «Луч» կոնստրուկտորական բյուրոն։

2015-ին և 2019-ին ցուցադրած ԱԹՍ-ները գրեթե նույնն են, տարբերվում են իրենց սպառազինությամբ։


Դելտայի արտադրած ուղղաթիռատիպ ԱԹՍ-ն

Հարկ է նշել նաև, որ Վրաստանի պաշտպանության ուժերի սպառազինությունում առկա են այլ երկրներից ձեռք բերված ԱԹՍ-ներ։ Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) տվյալների՝ 2005 թ. Վրաստանն Իսրայելից ստացել է 2 միավոր Aerostar ԱԹՍ, իսկ 2007-ին՝ 5 միավոր Hermes-450։

 2020թ. սեպտեմբերի 28-ին Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ իսպանացի գործընկերներից գնել են ԱԹՍ-ներ, ինչպես նաև վերանորոգել են առկա հին մոդելներն ու վերապատրաստել անձնակազմին։ Վրաստանի գնած մոդելներից մեկը Alpha 800 UAV-ն է։ Այս մոդելն ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ իսպանական ընկերությունը մեղադրել էր Իսրայելին այն 2016 թվականին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին նվիրելու համար։

Alpha 800-ը կշռում է 14 կգ, կարող է օդում մնալ 2.5 ժամ։

Կարո՞ղ է Վրաստանը ստեղծել սեփական անօդաչու թռչող սարքեր

Ա րցախում 44-օրյա պատերազմից հետո ԱԹՍ-ների արտադրությունն ու դրանց կիրառումը մեծապես հայտնվեց միջազգային հանրության և ընկերությունների ուշադրության կենտրոնում։ 2020թ. Դեկտեմբերի 30-ին վրացական «Կվիրիս պալիտրայում» հրապարակվել էր Իրակլի Ալադաշվիլիի անդրադարձն ԱԹՍ արտադրելու Վրաստանի կարողությանը՝ նշելով, որ դեռ 1960-ական թվականներին Թբիլիսիում հավաքում էին Ла-17М անօդաչու թռչող սարքեր։ Ալադաշվիլին պնդում է, որ Վրաստանը սեփական անօդաչուների մշակման մասին հայտարարել է դեռ 2001-ին, իսկ առաջին անգամ ցուցադրել 2012-ին։ Ըստ հեղինակի՝ այդ ԱԹՍ-ների վրա վրացական եղել է միայն պոչի վրայի դրոշը։

Փորձագետը պնդում է նաև, որ «Դելտայի» և «Թբիլավիամշենիի» համատեղ ջանքերով և ՊՆ-ի ֆինանսավորմամբ կարող են սերիական արտադրություն հիմնել ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ների համար։ «Պետք չէ պատրանքներ ունենալ, որ վրացական առաջին ԱԹՍ-ն պետք է հավաքված լինի ամբողջապես վրացական դետալներով»,- գրել է Ալադաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանը պետք է արտասահմանից գնի օպտիկական և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ։

Հարկ է նշել, որ 2020թ. դեկտեմբերի 29-ին Իմեդի հեռուստաընկերության եթերում այն ժամանակ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը կարող է սկսել ռազմական ԱԹՍ-ներ արտադրել։ Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Թբիլիսիի ավիացիոն գործարանի, ինչպես նաև «Դելտայի» և ՊՆ-ի ենթակայությամբ գործող մյուս գիտահետազոտական ընկերությունների պոտենցիալը չօգտագործելը մեղք է։ «Հենց այդ հիմքի վրա և այդտեղ աշխատող աշխատակիցների օգնությամբ հնարավոր է սկսել ԱԹՍ-ների արտադրություն»։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանական լսումների ժամանակ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ 2021-ին երկիրը նախատեսում է գնել նոր օպերատիվ-տեխնիկական, հետախուզական և մարտական ԱԹՍ-ներ։ 

Վրացի ռազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեն «Օրբելի կենտրոնի» հետ հարցազրույցներից մեկում անդրադարձել էր նաև այն հարցին, թե որ պարագայում 31-րդ գործարանն ի վիճակի կլինի ԱԹՍ-ների սերիական արտադրություն ապահովել։ Ըստ փորձագետի՝ «Թբիլիսիի ավիագործարանը միշտ հայտնի է եղել իր ավանդույթներով և ներուժով, չնայած, եղել է և ծանր շրջան։ Այս պահին գործարանում արմատական փոփոխություններ են։ Բացի նրանից, ինչ դուք նշել եք, նրանք նաև զբաղված են Սու-25-երի վերականգմամբ։ Գործարանը լավ համագործակցություն ունի «Դելտայի» հետ։ Իսկ ահա ժամկետների մասին դժվարանում եմ ասել»։

Ամփոփելով պետք է նշել, որ դեռ խորհրդային տարիներին մեծ համբավ ունեցած Թբիլիսիի 31-րդ ավիացիոն գործարանը Վրաստանի համար էական նշանակություն ունի։ Այս գործարանում էին ժամանակին հավաքվում և վերանորոգվում ավիացիոն տեխնիկայի մի շարք մոդելներ, ինչպես օրինակ՝ Սու-25, ՄիԳ-21 ինքնաթիռներ, Մի-8, Մի-24 և Մի-17 ուղղաթիռներ։ Ներկայում Ռուսաստանի հետ խնդիրների պատճառով Սու-25-ի հետագա հավաքումն ընդհատված է, սակայն առկա հաստոցներն, ինչպես նաև մասնագետները կարող են ֆինանսավորման և միջազգային գործընկերների հետ սերտ աշխատանքի պարագայում ավիացիոն տեխնիկայի, այդ թվում՝ ԱԹՍ-ների սերիական արտադրություն հիմնել։  Այլ հարց է, որ դժվար թե վրացական կողմը կարողանա ինքնուրույն ապահովել բոլոր դետալների արտադրությունը և ինչպես մյուս երկրները, դրանք ձեռք բերի այլ մատակարարներից։


[1] Թորդիան երկար տարիներ դատի է տվել Վրաստանի կառավարությանը։ Նա պահանջում է վերադարձնել Թբիլիսիի ավիացիոն գործարանը, որը նրա և գործընկերներից վերցրել են Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

Հոդվածին կից ֆայլեր՝