Քաղհասարակության հետհեղափոխական մարտահրավերները

5 ր.   |  2019-01-08

Որքան ավելի մեծ է քաղհասարակության տեսակարար կշիռն ու ատիվությունը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար։ / Ռոբերտ Փաթնամ/։

Քաղհասարակությունն այն միջավայրն է, որը հավասարակշռող, ինչ-որ առումով՝ միավորող դերակատարություն ունի իշխանություն-հասարակություն հարաբերություններում։ Ալեքսիս դե Թոքվիլի ձևակերպմամբ, քաղհասարակությունը «երրորդ սեկտորն» է, որը գտնվում է «իշխանության» և «ընդդիմության» միջև։ Այն անկախ է ֆորմալ իշխանությունից, գործում է կամավորության սկզբունքով և աջակցում է հանրության պահանջներին ու ակնկալիքներին։ Հնդիկ հասարակագետ Աշուտոշ Վարշնիի ձևակերպմամբ՝ «քաղհասարակությունը մեր հանրային կյանքի այն տիրույթն է, որը մի կողմից պետական ինստիտուտների, մյուս կողմից՝ ընտանիքների միջև է, և թույլ է տալիս մարդկանց միավորվել պետությունից համեմատաբար անկախ հասարակական գործունեությամբ զբաղվելու համար»։

Իհարկե, լայն առումով քաղհասարակության տիպաբանությունն առավել ընդգրկուն է և, ըստ էության, քաղհասարակության տեսակներն են, եկեղեցին, ընտանիքը, արհեստակցական միությունները և այլն։ Ներհայկական դիսկուրսում քաղհասարակությունն ընկալվում է վերհիշյալ սահմանումների տիրույթում, որի դերակատարները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝ ֆորմալ և ոչ ֆորմալ։

Ֆորմալ դերակատարները գրանցված հասարակական կազմակերպություններն են, իսկ ոչ ֆորմալը՝ քաղաքացիական ինքնաբուխ նախաձեռնությունները։ Հանրային լայն արձագանք ստացած իրադարձություններում քաղհասարակության ֆորմալ և ոչ ֆորմալ դերակատարների վարքագիծը կամ գործունեությունը կարող է նույն դրսևորումն ունենալ։

Ն ախկին սոցիալիստական ճամբարի երկրներում և հետխորհրդային տարածքում քաղհասարակության ձևավորման միտումները, քաղաքական և սոցիալական միջավայրն ու քաղհասարակության դերակատարները չափազանց տարբեր էին։ Լեհաստանում, օրինակ, քաղհասարակությունն ուներ ձևավորված ավանդույթներ։ Ըստ էության, լեհական «Համերաշխությունն» արդեն 1980թ. դարձավ կոմունիստական երկրներում առաջին իրավաբանորեն ճանաչված արհեստակցական միությունը։ Կարող ենք նշել, որ լեհական կաթոլիկ եկեղեցին նույնպես իր ուրույն տեղն է ունեցել լեհական քաղհասարակության ձևավորման գործում։ Մի փոքր այլ է պատկերը Էստոնիայում. քաղհասարակության զարգացումն ու ժողովրդավարացման գործընթացները նոր մակարդակի բարձրացնելու համար 2002թ. Էստոնիայի խորհրդարանի կողմից (Ռիյգիկոգու) ընդունվեց «Էստոնիայի քաղհասարակության զարգացման հայեցակարգը» (ԷՔՀԶՀ)։ Այն կարգավորում էր պետական իշխանության և հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների հարաբերությունները։ Մասնավորապես, ամրագրվում էր էստոնական քաղհասարակության դերակատարների իրավունքներն ու պարտականությունները, որով վերջիններս անհրաժեշտ լծակներ էին ձեռք բերում օրենսդրական նախաձեռնությունների, հասարակական տարբեր հացերի քննարկումներում ներգրավվելու համար։ Չորս բաժնից կազմված հայեցակարգում անդրադարձ էր կատարվում հասարակական կազմակերպությունների, հանրային նախաձեռնությունների և պետական իշխանության մարմինների համագործակցության ու պատասխանատվության հարցերին, հրապարակային գործունեությանը, պետական մարմիններից նրանց անկախությանը։ Հայեցակարգի սկզբունքներ էին հրապարակայնությունն ու մասնակցությունը։

Փաստաթղթում առաջարկվում էր ճկուն հարկային մեխանիզմ այն ընկերությունների և կազմակերպությունների համար, որոնք հանդես էին գալիս տարբեր բարեգործական նախաձեռնություններով, որոնք ուղղակի կամ անուղղակի ֆինանսապես կաջակցեին հասարակական սեկտորին։ Հատուկ տեղ էր հատկացվում գործունեության և ֆինանսական հոսքերի հաշվետվողականությանը։ Սրանով հանդերձ շեշտվում էր, որ հասարակական սեկտորի որևէ ներկայացուցիչ չէր կարող հանդես գալ բոլորի անունից։

Ըստ էության, ԷՔՀԶՀ–ն երաշխավորում և խրախուսում էր հանրային լայն շերտերի մասնակցությունը որոշումների կայացմանը։

Հանրային սեկտորի ներկայացուցիչները ոչ միայն պետք է մասնակցեին օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը, այլև պետք է ներկայացնեին իրենց դիտարկումները, առաջարկները և այլընտրանքային լուծումները։

Հ այաստանյան քաղհասարակության ձևավորման սկիզբը կարող ենք համարել 2007-8թթ. քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները («Հիմա», «Սկսել ա»)։ Վերջիններս խիստ քաղաքականացված էին և, ըստ էության, ծնունդ էին առել 2008թ. նախագահական ընտրություննների քարոզարշավի և հետընտրական զարգացումների պայմաններում։ Վերջին տասը տարիների քաղաքացիական պայքարի փորձով («Դեմ եմ» «Էլեկտրիկ Երևան», «Վճարում եմ 100 դրամ», «Մաշտոցի պուրակ», «Թռչկանի ջրվեժ», «Թեղուտ», «Ամուլսար») հայաստանյան քաղաքացիական շարժումները նախագծեցին իրենց հայեցակարգը, համադրեցին սոցիալական հաղորդակցության միջոցները՝ սոցիալական ցանցերի և բջջային հավելվածների միջոցով, որոնք դյուրացրեցին քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպումը։

Ի դեպ, հարկ է նշել, որ «Հիմա», «Սկսել ա» առավել վաղ շրջանի նախաձեռնությունները չունեին կազմակերպական վերոհիշյալ գործիքակազմը տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի նվազ տարածման ու կիրառման պատճառով։ Թվային հաղորդակցության միջոցների ապակենտրոնացվածությունն ու տարածվածությունը լավագույնս դրսևորվեցին ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, երբ քաղհասարակության դերակատարները «արագ արձագանքման» խմբեր էին ձևավորում՝ «թեժ կետեր» մեկնելու, հանրային համախմբման և համացանցում կեղծ տեղեկատվության շրջանառությունը և մանիպուլյացան կանխելու համար։

Բովանդակային առումով 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններում ամրագրվեց Հայաստանի քաղհասարակության զարգացման որակական նոր մակարդակ, և հեղափոխության օրերին քաղհասարակության գրեթե բոլոր դերակատարները հանդես էին գալիս միասնական օրակարգով։

2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում մեկնարկած փոփոխության, ժողովրդավարացման գործընթացի համատեքստում օրակարգային խնդիր է դառնում իշխանության և քաղհասարակության հարաբերությունների հարթակների և հայեցակարգերի ձևակերպումը։

Մայիսից հետ Հայաստանի քաղհասարակությունը ձևափոխումների և վերակազմավորման փուլում է. գործող քաղաքական կուսակցությունների կողմից քաղհասարակության ակտիվ դերակատարների վերակազմակերպումը որպես ֆորմալ քաղաքական ուժ կամ կուսակցություն առաջ է բերում նոր «ստատուս քվո»-ի անհրաժեշտություն։

Որպես օրինակ կարելի է նշել հեղափոխության օրերին «Մերժիր Սերժին» քաղաքացիական հայտնի նախաձեռնության անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս տրամաբանության մեջ է նաև «Քո որոշումը սոցիալ-դեմոկրատական կուսակցություն» ստեղծելու նախաձեռնությունը։ Այս փոխակերպումներն, անշուշտ, քաղաքացիականից քաղաքականի անցման տրամաբանության մեջ են։

Հարկ է նշել, որ քաղհասարակության ակտիվ խմբերի և անհատների անցումը կուսակցական գործունեության բերում է իշխանության և քաղհասարակության միջև սահմանների լղոզման և առաջադրում է քաղհասարակության վերակազմավորման օրակարգ, որը ներառում է ոչ միայն քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ մասնակիցների սերնդափոխություն, այլև քաղհասարակության հայեցակարգի արդիականացման անհրաժեշտություն։

Ի վերջո, ավելի քան մեկ տասնամյակ հայկական քաղհասարակության գործունեության առանցքում եղել է հակադրությունը իշխանությանը, և հեղափոխությունից հետո, չի բացառվում, որ ի հայտ գա մտայնություն, թե քաղհասարակությունն այլևս անելիք չունի։ Մինչդեռ հարկ է շեշտել, որ քաղհասարակության նպատակը ոչ թե հեղափոխությունն է կամ օրինապահ իշխանությունը, այլ, առաջին հերթին, ժողովրդավարությունը։ Այս առումով, քաղհասարակությունը ոչ թե միջոց է իշխանության հասնելու համար, այլ նպատակ։

Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունը քաղհասարակության որոշակի հատվածների նկատմամբ ուներ կանխակալ կամ, այսպես ասած, պիտակավորման մոտեցում՝ «գրանտակերներ», «սորոսականներ», «հակաազգային խմբեր», «կոսմոպոլիտներ» և այլն։ Սա, իհարկե, չի նշանակում, թե նախկին իշխանությունները քաղհասարակության բոլոր դերակատարներին դիտարկում էին նույն հարթության մեջ. նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, առնվազն հայտարարությունների մակարդակում, կարևորել են քաղհասարակության կայացումը։

Հեղափոխությունից հետո ենթադրվում է, որ իշխանության և քաղհասարակության դերակատարների հարաբերվելու հարթակներն ու սկզբունքները պետք է որոշակի փոփոխություններ կրեն։ Ըստ էության, մինչ օրս հասարակական սեկտորի և պետական մարմինների համագործակցությունը հիմնականում եղել է կամավորության սկզբունքով, իսկ վատագույն դեպքերում՝ նախկին ֆորմալ իշխանության համար գործընկեր է հանդիսացել, այսպես կոչված, «գրպանային» քաղհասարակությունը։

Այս տեսանկյունից Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքի ներկայիս փոխակերպումների փուլում արդիական է դառնում քաղհասարակության հետագա զարգացման հայեցակարգի ներդրումը։ Այսօր շատ է խոսվում ուղիղ ժողովրդավարության ինստիտուտների ներդրման մասին, ինչը հնարավոր կլինի միայն քաղհասարակության զարգացման և հասարակական առավել լայն շերտերի ներգրավման պարագայում։