ԱՄԷ-ի և Հայաստանի հարաբերություններում առաջընթաց է գրանցվել
4 ր. | 2021-09-13Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական, մշակութային և դիվանագիտական հարաբերությունների մասին «Օրբելի» կենտրոնը զրուցել է ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար Ն.Գ. Տկն. Ահլամ Ալ Սալամիի հետ։
— Տիկին ալ Սալամի, արդեն ավելի քան 2 տասնամյակ է՝ մեր երկրների միջև հաստատված են դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև տարբեր ոլորտներում բավականաչափ հաջողված համագործակցություն։ Վստահաբար, երկկողմ համագործակցությունը որակապես նոր փուլ է մտել Հայաստանում և ԱՄԷ-ում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների բացման և արդյունավետ գործունեության շնորհիվ։ Հատկապես վերջին 3 տարում Հայաստանում ակնառու է ԱՄԷ դեսպանատան առավել ակտիվ գործունեությունը։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներում է արձանագրվել առավել նկատելի առաջընթաց։
— Վերջին տարիներին ԱՄԷ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները շոշափելի առաջընթաց են գրանցել բոլոր ոլորտներում, քանի որ երկու բարեկամ երկրների միջև ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր: 2019թ․-ին հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարումը և երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը նոր լիցք են հաղորդել համագործակությունն ավելի բարձր մակարդակի հասցնելուն, հատկապես առևտրի, տնտեսության, սննդի անվտանգության, գիտության և կրթության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և զբոսաշրջության ոլորտներում: Բացի այդ, երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը նույնպես նպաստել է տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը:
— Հայտնի է, որ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներում ՀՀ-ն և ԱՄԷ-ն ունեն բավականաչափ մոտ դիրքորոշում։ Հնարավոր համարո՞ւմ եք այս ուղղությամբ երկկողմ առարկայական համագործակցությունը։
— ԱՄԷ-ի իմաստուն ղեկավարությունը մշակել է արդյունավետ արտաքին քաղաքականության հաստատուն սկզբունքներ՝ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, հանդուրժողականության ամրապնդման, չափավորության տարածման և խաղաղության ու երկխոսության խթանման նպատակով կենտրոնանալով գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության ամրապնդման վրա։ Էմիրությունները խաղաղության, համերաշխության, հանդուրժողականության, բազմամշակութայնության և այլոց ընդունման հիմնասյուների շրջանակներում ձգտում է ընդունել և ամրապնդել երկխոսության և այլոց հետ համագործակցության պատրաստակամ լինելու սկզբունքներն ու հասկացությունները։
ԱՄԷ-ն հաստատում է աշխարհի երկրների հետ համագործակցության և հաղորդակցության մոտեցման ամրապնդման, ստեղծագործական և մարդասիրական նախաձեռնությունների ավելացման, գործընկերության հաստատման և փոխադարձ հաշտության հասնելու նպատակով ժողովուրդների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը։
— Երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են բավականաչափ բարձր մակարդակում, մինչդեռ տնտեսական երկկողմ օրակարգի ներուժը լավագույնս իրացված չէ։ Տիկին ալ Սալամի, Ձեր կարծիքով, տնտեսության հատկապես ո՞ր ոլորտում կա զարգացման ավելի մեծ հեռանկար։
— Նախքան Covid-19 համաճարակի բռնկումը երկկողմ առևտրում տեղի են ունեցել բազմաթիվ դրական զարգացումներ, և 2019թ․-ին երկրների առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 338.5 մլն դոլար։ Նշեմ, որ խոստումնալից հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացման համար: Ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄԷ և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագիրը հիմք են հանդիսանում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման համար: Բացի այդ, Աբու Դաբիի և Երևանի միջև ուղիղ չվերթների իրականացումը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների ամրապնդմանը, իսկ «Դուբայ Էքսպո 2020»-ը և դրանում Հայաստանի մասնակցությունը նոր խթան կհանդիսանա այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար:
— Երկկողմ հարաբերությունների զարգացման համար ինչպիսի՞ խոչընդոտներ եք տեսնում, որոնց լուծմանը կարող են նպաստել ՀՀ իշխանությունները։
— Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը խոչընդոտող նկատելի արգելքներ չկան, քանի որ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ըմբռնման սկզբունքների վրա, և բոլոր հարցերը քննարկվում են կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ երկու բարեկամ երկրների:
— Մարզերում և մայրաքաղաք Երևանում ԱՄԷ դեսպանությունը հանդես է գալիս տարաբնույթ մարդասիրական ծրագրերով։ Առաջիկայում արդեն իսկ նախանշված ի՞նչ ծրագրեր կան Ձեր օրակարգում։
— 1971թ․-ին հիմնադրվելուց ի վեր ԱՄԷ-ն մեծ աջակցություն է ցուցաբերել և այժմ էլ ցուցաբերում է աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին՝ առանց հաշվի առնելու ցանկացած քաղաքական դիրքորոշում, աշխարհագրական տարածաշրջան, ռասայական կամ կրոնական պատկանելություն։ Դա ԱՄԷ-ի որդեգրած հանդուրժողականության քաղաքականության սկզբունքի գործնական կիրառում է:
Այս մոտեցմանը համահունչ, ԱՄԷ-ն 2015թ․-ին Երևանում իր դեսպանության բացումից ի վեր իրականացրել է բազմաթիվ հումանիտար նախաձեռնություններ, որոնցից օգտվել են Հայաստանի տարբեր սոցիալական խմբեր, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ, սահմանափակ կարողություններով մարդիկ և ուսանողներ։ Նախաձեռնություններն իրականացվել են էմիրաթական բարեգործական և մարդասիրական հաստատությունների հետ համագործակցությամբ, որոնք ջանք չեն խնայում օգնության ձեռք մեկնելու կարիքավորներին։
Շարժայի կառավարիչ, Գերագույն խորհրդի անդամ Ն․Գ․ Շեյխ դոկտոր Սուլթան բն Մուհամմադ ալ Կասիմիի կողմից Հաղարծին վանական համալիրի հիմնանորոգումը և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Արփա-Սևան թունելի վերականգնումը հանդիսանում են ԱՄԷ–ի կողմից Հայաստանում իրականացված խոշորագույն ծրագրերը։
Covid-19 համաճարակի դեմ պայքարի ԱՄԷ ջանքերի շրջանակում Հայաստան են ուղարկվել մոտ 7 տոննա բժշկական պարագաներ՝ աջակցելու համաճարակի տարածումը սահմանափակելու ՀՀ ջանքերին:
Ընթացիկ տարում դեսպանությունն արդեն մեկնարկել է մի շարք հումանիտար նախաձեռնություններ, որոնց շրջանակում սննդամթերքի ավելի քան 800 արկղեր են տրամադրվել ՀՀ մարզերի սահմանափակ եկամուտ ունեցող տարբեր ընտանիքների: Ինչպես նաև Երևանի և Վայոց Ձորի մարզի որոշ մանկապարտեզների տրամադրվել է երեխաների մտավոր կարողությունները զարգացնող ուսուցողական պարագաներ։ Նաև նախատեսում ենք Հայաստանում «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության հետ համագործակցությամբ Շիրակի մարզի մի խումբ գործազուրկ կանանց աջակցելու նպատակով իրականացնել կարուձևի ուսուցման դասընթացներ։
Առաջիկա ամիսներին դեսպանությունը կշարունակի իրականացնել հումանիտար և բարեգործական այլ ծրագրեր, որոնցից կօգտվեն սոցիալական տարբեր խմբեր, ինչպիսիք են՝ երեխաները, կանայք, ծերերը և հաշմանդամները: