ՌԴ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

6 ր.   |  2021-08-23

2 021թ․ հուլիսի 2-ին ՌԴ նախագահի հրամանագրով ուժի մեջ է մտել «ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունը»։ Փաստաթուղթն ամբողջապես նոր չէ, այլ թարմացվել է երկրում  ներքին և արտաքին իրադրության փոփոխությունների արդյունքում ծառացած նոր սպառնալիքների ու մարտահրավերների ֆոնին: Նախորդ ռազմավարությունը հաստատվել էր 2015թ.-ին՝ 6 տարի ժամկետով:

ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունը ռազմավարական պլանավորման հիմնական փաստաթուղթն է, որը սահմանում է ՌԴ ազգային շահերը և ռազմավարական  գերակայությունները, ազգային անվտանգության ապահովման և ՌԴ կայուն զարգացման ոլորտում պետական քաղաքականության նպատակներն ու խնդիրները երկարաժամկետ հեռանկարում: Ռազմավարության առաջնային նպատակը երկրի հարմարեցումն է աշխարհաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, տեղեկատվական և այլ ոլորտներում աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններին։ Փաստաթղթում արված են մի շարք կարևոր շեշտադրումներ, որոնք սահմանում են պետության անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի մոտեցումները։

2021թ․ ռազմավարությունը որպես ՌԴ ազգային ռազմավարական առաջնահերթություններ է սահմանում՝

  • Ռուսաստանի ժողովրդի պաշտպանությունը ու մարդկային ներուժի զարգացումը,
  • երկրի պաշտպանությունը,
  • պետական և հասարակական անվտանգությունը,
  • տեղեկատվական անվտանգությունը,
  • տնտեսական անվտանգությունը,
  • գիտատեխնոլոգիական զարգացումը,
  • էկոլոգիական անվտանգությունը և ռացիոնալ բնօգտագործումը,
  • ռուսական հոգևոր-բարոյական ավանդական արժեքների, մշակույթի և պատմական հիշողության պաշտպանությունը,
  • ռազմավարական կայունությունը և փոխշահավետ միջազգային համագործակցությունը:

Երկրի պաշտպանության ոլորտում հիմնական սպառնալիք է դիտարկվում աշխարհում ուժային նոր կենտրոնների ձևավորումը և նրանց միջև պայքարի սրումը, ինչպես նաև այդ պայքարում ռազմական ուժի նշանակության մեծացումը: Առավել մեծ անվտանգային սպառնալիք է դիտվում Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի ավելացումը։ Եթե 2015թ․ «Ազգային անվտանգության ռազմավարությունում» Ռուսաստանը շահագրգռված էր համընկնող շահերի հիման վրա ԱՄՆ-ի հետ կառուցել լիարժեք գործընկերային հարաբերություններ, ապա նոր ռազմավարությունում ԱՄՆ-ը դիտարկում է միայն անվտանգային սպառնալիքների համատեքստում: ԱՄՆ-ի հրաժարումը սպառազինությունների վերահսկման ոլորտում միջազգային պարտավորություններից,  Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին և փոքր հեռահարության ամերիկյան հրթիռների նախատեսվող տեղակայումը նույնպես դիտվում է սպառնալիք։ Սպառնալիք է համարվում նաև հետխորհրդային տարածքի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Աֆղանստանի և Կորեական թերակղզու հակամարտությունների գոտիներում լարվածության աճը։

Եթե 2015թ. փաստաթղթում պաշտպանության ոլորտում առկա սպառնալիքները և դրանց չեզոքացմանն ուղղված ձևակերպումներն ավելի ընդհանուր էին, ապա 2021թ. ռազմավարության համանուն բաժնում ավելի հստակ ու համապարփակ գործիքակազմ է ներկայացվում ռազմական հակամարտությունների ռազմավարական զսպման և կանխարգելման, պետության ռազմական պատրաստվածության կատարելագործման համար: Այս հարցում հատկապես կարևորվում է ՌԴ պաշտպանական-արդյունաբերական համալիրի տեխնոլոգիական անկախության ապահովումը, դրա նորարարական զարգացումը, սպառազինությունների, ռազմական և հատուկ տեխնիկայի նոր հեռանկարային  նմուշների (համալիրների, համակարգերի) մշակման և արտադրության մեջ առաջնորդության պահպանումը:

Պետական և հասարակական անվտանգության համար սպառնալիք է համարվում արտաքին ուժերի կողմից ՌԴ-ում սոցիալ-տնտեսական դժվարությունների օգտագործմամբ բացասական գործընթացների խթանումը (օր․՝ հակաիշխանական ցույցեր),  ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունների սրումը, տեղեկատվական մանիպուլյացիները, Ռուսաստանում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը, միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների քարոզչական գործունեությունը՝ ՌԴ քաղաքացիների հավաքագրմամբ ու ՌԴ տարածքում նրանց օջախների ձևավորմամբ, և այս գործողություններում համացանցի լայն կիրառությունը։

Տեղեկատվական անվտանգության ոլորտն այս փաստաթղթում մեծ կարևորություն է ստացել։ Ի տարբերություն 2015թ․ ռազմավարության՝ տեղեկատվական անվտանգության ապահովումն այժմ դիտարկվում է որպես ազգային ռազմավարական առաջնահերթություններից մեկը: Նոր փաստաթղթում տեղեկատվական անվտանգությունն առանձին բաժնով առանձնացված չէ, սակայն տեղեկատվական ոլորտի մարտահրավերները (տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը՝ ֆաշիզմի, ծայրահեղականության, ահաբեկչության և անջատողականության գաղափարախոսության տարածման և քարոզչության, ինչպես նաև քաղաքական և  սոցիալական կայունությանը վնաս հասցնելու նպատակով) ներառված են պետական անվտանգության սպառնալիքների թվում։

Տ եղեկատվական անվտանգության ոլորտում սպառնալիք է համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառումը պետությունների ներքին գործերին միջամտելու, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խաթարելու նպատակով, օտար պետություններից ՌԴ տեղեկատվական ռեսուրսների վրա հարձակումները,  ՌԴ տեղեկատվական տարածքում հետախուզական գործողությունների իրականացումը, ՌԴ-ում իրավիճակը ապակայունացնելու նպատակով ապատեղեկատվության տարածումը, ռուսական տեղեկատվական հարթակների արգելափակումը, պատմական փաստերի, ՌԴ-ում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների  խեղաթյուրումը։ Ի տարբերություն 2015թ. ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության՝ նոր փաստաթղթում ռազմավարական ազգային առաջնահերթությունների շարքում ավելացել է ևս մեկը՝ երկրի կիբեռանվտանգության ապահովումը՝ հաշվի առնելով ռուսական ռեսուրսների վրա հաքերային հարձակումների և պետության ներքին գործերին միջամտության աճը:

Ռուսական հոգևոր-բարոյական ավանդական արժեքների, մշակույթի և պատմական հիշողության պաշտպանության սպառնալիք են համարվում օտար գաղափարների և արժեքների սերմանումը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացումը՝ առանց նախորդ սերունդների պատմական ավանդույթներն ու փորձը հաշվի առնելու,  ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների, միջազգային կորպորացիաների, օտարերկրյա հասարակական, կրոնական, ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների կողմից ռուսաստանյան հոգևոր-բարոյական և պատմամշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները, տեղեկատվա-հոգեբանական դիվերսիաները և մշակույթի «արևմտականացումը»: Ռազմավարության 2015թ. տարբերակում ավանդական և հոգևոր-բարոյական արժեքների նկատմամբ սպառնալիքների մասին նշված էր փաստաթղթի «Մշակույթ» բաժնում և ներառում էր ընդհանուր ձևակերպումներ՝ առանց սպառնալիքի կոնկրետ աղբյուրների ու դերակատարների: Ներկայիս տարբերակում մշակույթի ոլորտում որպես ազգային անվտանգության ամրապնդման համար հատուկ նշանակության միջոցառում առանձնացվել է ռուսաց լեզվի նշանակությունը:

Ռազմավարական կայունություն և փոխշահավետ միջազգային համագործակցության համար սպառնալիք է համարվում որոշ երկրների կողմից միջազգային հանրության մյուս անդամներին իրենց կանոնները թելադրելու, անբարեխիղճ մրցակցության, միակողմանի պատժամիջոցների և ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու փորձերը: Ռազմավարությամբ ամրագրվում է, որ Ռուսաստանը ձգտում է պետությունների միջև հարաբերությունների կանխատեսելիության բարձրացման, միջազգային ոլորտում վստահության և անվտանգության ամրապնդման, հավատարիմ է միջազգային և ներպետական հակամարտությունների կարգավորման գործում քաղաքական միջոցների, առաջին հերթին դիվանագիտության և խաղաղապահության մեխանիզմների օգտագործմանը:

Նոր ռազմավարությունից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն առաջիկա տարիների համար որդեգրել է նոր, ավելի կոշտ անվտանգային քաղաքականություն՝ հաշվի առնելով աճող մրցակցային պայմաններում պետության ճկունության, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու անհրաժեշտությունը: Գրեթե բոլոր ոլորտներում այդ սպառնալիքների հիմնական աղբյուրը համարվում է հավաքական Արևմուտքը, որն, ըստ փաստաթղթի, փորձում է թուլացնել երկրի ռազմական և տնտեսական ներուժը, ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը, հեղինակազրկել պատմամշակութային ժառանգությունը, վատթարացնել Մոսկվայի հարաբերությունները ավանդաբար բարեկամական համարվող երկրների և հարևանների հետ։

Կարևոր է նշել, որ թե´ նախորդ և թե´ նոր փաստաթղթերում առանձին անդրադարձ չկա Հայաստանին և Հարավային Կովկասին. փոխարենը երկուսում էլ անդրադարձ կա ՌԴ դաշնակիցներին ու գործընկերներին, հետխորհրդային տարածքին,  ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը:

Երկու փաստաթղթերում էլ ընդգծվել է ԱՊՀ պետությունների, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների և ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, «Միութենական պետության» շրջանակներում համագործակցության խորացման կարևորությունը:

Ի տարբերություն 2015թ. ռազմավարության, որտեղ սպառնալիքների թվում նշվել են հետխորհրդային տարածքում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների առկայությունը, նոր տարբերակում ընդգծվում է կենսաբանական անվտանգության ամրապնդման ոլորտում ԱՊՀ պետությունների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Ի տարբերություն 2015թ. ռազմավարության՝ նոր տարբերակում նշված չէ ԱՄՆ և նրա դաշնակիցների հակազդեցությունը բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը: Նոր տարբերակում նշված չէ նաև ՀԱՊԿ-ի զարգացման տեսլականի մասին, մինչդեռ 2015թ. ռազմավարության մեջ նշվում էր, որ ՌԴ-ն հանդես է գալիս ՀԱՊԿ-ի որակական զարգացման, այն ունիվերսալ միջազգային կազմակերպության վերածելու դիրքերից, որը պետք է դիմակայի տարածաշրջանային ռազմաքաղաքական և ռազմավարական մարտահրավերներին, ինչպես նաև տեղեկատվական ոլորտում առկա սպառնալիքներին:

Նոր ռազմավարությունում ավելացվել են արտաքին քաղաքականության իրականացման համար կատարվելիք անհրաժեշտ քայլերը, որոնց թվում՝ ՌԴ դաշնակիցներին և գործընկերներին աջակցությունը պաշտպանության և անվտանգության ապահովման, ներքին գործերին արտաքին միջամտության փորձերի չեզոքացման հարցերում, հետխորհրդային տարածքում միջազգային զարգացման աջակցության ոլորտում համագործակցության ակտիվացումը և հետխորհրդային տարածքում տնտեսական փոխօգնության իրականացման, սոցիալական և հումանիտար հարցերի լուծման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների զարգացման հետ կապված հարցերի շուրջ փոխշահավետ մոտեցումների ձևավորմանն ուղղված աշխատանքի իրականացումը:

Որպես զարգացման ուղղություններ՝ երկու փաստաթղթերում էլ առանձնացվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան, Լատինաամերիկյան և Աֆրիկական տարածաշրջանները, ինչպես նաև  Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի ձևաչափերում, RIC (ՌԴ, Հնդկաստան, Չինաստան) շրջանակներում փոխգործակցության խորացումը:

2015թ․ փաստաթղթում որպես ՌԴ ռազմավարական կայունության ապահովման և զինված հակամարտությունների կարգավորման գործիք է համարվում մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին՝ ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին համապատասխան, մինչդեռ 2021թ․-ի փաստաթղթում ընդգծվում է խաղաղապահ գործունեության մեջ Ռուսաստանի դերակատարության բարձրացումը: 

Ռուսաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին երկրի արտաքին և ներքին սպառնալիքներն աճել են, և Ռուսաստանն այս ռազմավարությունով փորձում է հստակեցնել իր գործողությունները։ Փաստաթղթի բովանդակությունից կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանն ավելի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն է իրականացնելու մոտակա տարիներին՝ հաշվի առնելով, որ Արևմուտքի հետ հարաբերություններում դրական տեղաշարժերի միտում դեռևս չի նկատվում։