Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի անվանման ձևափոխումը թուրքական խոսույթում

5 ր.   |  2021-08-02

Գ աղտնիք չէ, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության տեքստում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին միացնող կապուղու մասին ձևակերպումը[1] Թուրքիայում Ադրբեջանից ոչ պակաս ոգևորություն առաջացրեց: Ավելին, թուրքական մամուլում եռակողմ հայտարարության մասին հրապարակումներում այս թեման առաջին պլանում էր, շատ դեպքերում էլ՝ առանձին ենթավերնագրով: Եթե հայտարարության հրապարակումից ցայսօր թուրքական խոսույթում քննարկվող հնարավոր ճանապարհը/կապուղին միանշանակորեն ներկայացվում է որպես միջանցք, ապա իրավիճակն այլ է ենթադրյալ «միջանցքի» անվանման կամ բնորոշման դեպքում:

Ի սկզբանե, եղել են այլ անվանումներ ու բնորոշումներ, մինչև թուրքական շրջանակները վերջնականապես կանգ առան Ալիևի հնարած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման վրա: Հարկ է նշել, որ անվանումների փոփոխությանը զուգահեռ՝ ձևափոխվել է նաև ճանապարհի նշանակության ու դրանից ստացվելիք ենթադրյալ օգուտի ու առավելության վերաբերյալ գնահատականները: Հայտարարությանը հաջորդած առաջին օրերի համատարած ոգևորության պայմաններում մամուլում տեղ գտած հրապարակումներում ու վերլուծություններում կապուղիների բացման դրույթը ներկայացվում էր Արցախի տարածքների զավթմանը հավասար ձեռքբերում, երբեմն՝ դրանից էլ կարևոր:

Առաջին օրերին թուրքական խոսույթում և հատկապես վերլուծաբանների շրջանում հնարավոր ճանապարհն անվանվեց «Թյուրքական միջանցք», «Թյուրքական դարպաս», ինչն արդեն բնութագրում է ենթադրյալ միջանցքի հետ կապված թուրքական ծրագրերը։ Ըստ այդմ՝ բացվելիք «միջանցքը», թուրքական պատկերացմամբ, պետք է Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան ցամաքային հաղորդակցություն ապահովի՝ վերածվելով  Թուրքիայի ու թյուրքական աշխարհի համար կարևոր դարպասի, ինչպես նաև այդ երկրի համար ճանապարհ բացի մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը:

Ըստ թուրքական մամուլում հայտնված որոշ գնահատականների՝ այդ ճանապարհի գործարկումն զգալիորեն կաշխուժացնի Թուրքիայի ու Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի հետևանքով անխուսափելիորեն ավելի ինտենսիվ կդառնան այդ պետությունների քաղաքական և այլ կապերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ինտեգրման նոր հարթակների կամ եղածների ընդլայնման համար:

Այս համատեքստում խոսվում էր նաև Թուրքիայի հնարավոր տնտեսական օգուտների մասին, մասնավորապես նշվում էր, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանակից նահանգների առևտրի ծավալը կմեծանա 3-4 անգամ (դրա մասին խոսել է Աղրը նահանգի Առևտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Սաիմ Ալփասլանը) և այլն:

Պաշտոնական մակարդակում ևս առավել հաճախ խոսվում էր Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքբերումների, նոր հնարավորությունների մասին, սակայն ավելի զգուշորեն ու համեմատաբար ավելի «համեստ» բառամթերքով: ԹՀ ԱԳՆ Մ. Չավուշօղլուն, օրինակ, նոյեմբերի 12-ին այս թեմայով ասել է հետևյալը. «Բոլորը կշահեն, երբ ճանապարհները կարճանան, միջանցքները բացվեն, հատկապես Նախիջևանի հետ բացվող միջացնքի շնորհիվ կշահեն Ադրբեջանը և Թուրքիան՝ գները կնվազեն, առևտրով զբաղվող մեր եղբայրները կօգտվեն»։ 

2020թ. դեկտեմբերին արդեն որոշ վերլուծաբաններ Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև նախատեսվող հնարավոր կապուղին սկսեցին անվանել «Նախիջևանի միջանցք», որը թուրքական խոսույթում առանձին եզրի վերածվեց պաշտպանության նախարար Հ. Աքարի՝ այդ թեմայով հայտարարությունից հետո, որտեղ ասված էր. «Լաչինի և Նախիջեւանի միջանցքների ուղղությամբ աշխատանքները զուգահեռաբար ընթանում են»: Աքարն այս հայտարարությամբ ամեն ինչից զատ փաստորեն նույն հարթության մեջ էր դնում Լաչինի միջանցքի ու Ադրբեջանի 2 հատվածները միացնող կապուղու հարցը՝ չնայած եռակողմ հայտարարության տեքստում 3 անգամ հիշատակվում է Լաչինի միջանցք բառակապակցությունը, իսկ Հայաստանով անցնող կապուղիների վերաբերյալ ընդհանրապես չի կիրառվում «միջանցք» ձևակերպումը:

«Նախիջևանի միջանցք» անվանմանը զուգահեռ որոշակի փոփոխություններ ու սրբագրումներ կատարվեցին նաև թուրքական բարձրաստիճան ղեկավարության հայտարարություններում, ինչը, բնականաբար, պետք է թեկուզև անուղղակի ազդեցություն ունենար վերլուծական շրջանակների վրա: Մասնավորապես, առաջին պլան բերվեց տարածաշրջանի երկրների համագործակցության, տնտեսական զարգացման թեման, ինչի համատեքստում անընդհատ շեշտվում էր, թե իբր այդ համագործակցությունից ամենաշատը կշահի Հայաստանը: ԹՀ ԱԳՆ Մ.Չավուշօղլուի հայտարարություններում շեշտադրումների փոփոխությունները կարելի է նկատել 2021թ. փետրվարի 24-ի ելույթում, երբ հայտարարել է, որ տարածաշրջանի կայունության, խաղաղության, զարգացման ու վերակառուցման համար նոր հնարավորություն է բացվել և հավելել. «Եթե Հայաստանն էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի, կայունությունից և տնտեսական վերելքից ամենաշատը Հայաստանն ու նրա ժողովուրդը կօգտվեն»:

Ա յս բոլոր «օգուտներն» էլ, բնականաբար, առավելապես կապվում էին ճանապարհների ու հիմնականում «Նախիջևանի միջանցքի» բացման հնարավորության հետ: Այս փուլում թուրքական կողմը ձեռնամուխ եղավ առավել ակտիվ ջանքեր գործադրելու առևտրային ուղիների բացման նախագծին տարածաշրջանային երկրներին ներգրավելու գործին, ինչի նպատակով սկսեց առավել ակտիվ շրջանառել ավելի վաղ Ադրբեջանի հետ համատեղ առաջ քաշած «վեցնյակ հարթակի» կամ «3+3» ձևաչափի գաղափարը:

Այս ուղեգիծն էլ նպատակ ուներ և ունի տարածաշրջանի երկրների մոտ ևս հետաքրքրություն առաջացնել այս կապուղու նկատմամբ՝ փորձելով նրանց շահագրգռել ապագա համագործակցությունից ստացվելիք իրենց բաժին հնարավոր օգուտներով և ավելի ընդլայնելով ձևաչափի գաղափարի իրականացման հնարավոր խոչընդոտող դերակատարի դեմ:

Թուրքիայում, ինչպես Ադրբեջանում կապուղիների ապաշրջափակման դեպքում բացվելիք Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը վերջնականապես ամրագրվեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ, երբ Ալիևն իր ելույթում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրներին հրավիրեց օգտագործել «Զանգեզուրի միջանցքը», որը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ։

Դրանից հետո Անկարան Բաքվի հետ համագործակցությամբ շարունակում է այդ կապուղին գործարկելու լոբբինգը՝ ջանալով ավելի շատ երկրների դարձնել «շահառու»: Ներկայում թուրքական առաջատար լրատվամիջոցներում հրապարակվող վերլուծություններում քննարկվում է «Զանգեզուրի միջանցքը» միջազգային այլ տարանցիկ տրանսպորտային ուղիներին, մասնավորապես Չինաստանի առաջ քաշած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջանցքին ինտեգրելու հեռանկարների մասին: Դրա գործարկմամբ Թուրքիան նպատակ ունի վստահելի տարանցման գոտի դառնալ թե՛ Չինաստանի, թե՛ դրա գործընկեր եվրոպական պետությունների համար, քանի որ չինական բեռները Կենտրոնական ու Արևմտյան Ասիայի տարածքով Եվրոպա տեղափոխման համար Անկարան Բաքվի հետ միասին փաստորեն 2-րդ ճանապարհն է նախատեսում առաջարկել Պեկինին (առաջինը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է):

Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված հեռահար նպատակները, սակայն, միայն տնտեսական շահերով չեն սահմանափակվում` դրանք զուգակցվում են Անկարայի և Բաքվի ջանքերով, որոնք ուղղված են միջազգային հանրությանը համոզելու 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակը որպես իրողություն ընդունելուն:

Հասկանալու համար Անկարայի շահագրգռվածության չափն այս հարցում, բավական է հետևել Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության վերջին հայտարարություններին, որտեղ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն արդեն բառացիորեն որպես նախապայման է ներկայացվում Կովկասում իրավիճակի կարգավորման համար: Օրինակ՝ Թուրքիայի ԱԳՆ Մ.Չավուշօղլուն հուլիսի 16-ին Ուզբեկստանում հայտարարել է, որ այդ կապուղին կենսական նշանակություն ունի Կովկասում հարաբերությունների կարգավորման համար:

Փաստորեն, Անկարան ու Բաքուն միջանցքը ցանկանալով ինտեգրել միջազգային նախագծերին, մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհին», նպատակ ունեն դառնալ ոչ միայն անփոխարինելի տարանցիկ կենտրոն, այլև ամրագրել ու միջազգային գործընկերների համար անշրջելի դարձնել Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակը:


[1] Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: