Հայաստանն ու Իրանը պետք է ռազմավարական գործընկերության ձգտեն

8 ր.   |  2021-07-16

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Հայաստանի ու Իրանի համար ստեղծված նոր մարտահրավերների, հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ ներկայացնում ենք Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Մաջիդ Քյարիմիի հետ հարցազրույցը:

- Վերջին շրջանում Հայաստանի և Իրանի պաշտոնյաների փոխայցելությունների ականատեսն ենք լինում։ Կողմերը նպատակադրված են ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։ Ձեր կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար ի՞նչ խոչընդոտներ և հնարավորություններ կան։

- Իրանի ու Հայաստանի հարաբերությունները երկուստեք վերանայման կարիք ունեն: Այժմ՝ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից 3 տասնամյակ անց, կարելի է ընդհանուր գնահատական տալ ազգային շահերը գիտակցելու անհրաժեշտության մասին: Ռազմավարական գործընկերության մոդելը պետք է փոխարինի դիվանագիտական պասիվության մոդելին: Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ պետք է մի կողմ թողնեն ռազմավարական հարաբերություններում երկմտելու և ձգձգելու քաղաքականությունը, և երկու երկրների հարաբերություններում պետք է վերահաստատվի սեֆյան մոդելը: Այսինքն՝ մահմեդական և քրիստոնեական երկու երկրները, Սեֆյան ժամանակաշրջանի նման, պետք է միավորվեն ընդդեմ օտարերկրյա կառավարությունների մտադրությունների:

Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մոդելը, որին ես հավատում եմ, պետք է հնարավորինս շուտ իրագործվի: Երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, այնուհետև դաշնակցությունը հարևան երկրների համար որևէ սպառնալիք չի ներկայացնելու: Իրանը պետք է շատ արագ իրականացնի Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցության երկսյուն մոդելը` առանց երրորդ կողմի ազդեցության տակ ընկնելու: 

Իմ կարծիքով՝ երեք հիմնական գործոն կա, որ կարող են Հայաստանի ու Իրանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության փուլ թևակոխել: Առաջինն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո որոշ երկրներ թշնամական նպատակներով մուտք են գործել Հարավային Կովկաս և Հայաստանի ու Իրանի համար սպառնալիք են ներկայացնում: Երկրորդը երկու երկրների 46 կմ-անոց ընդհանուր սահմանն է, իսկ Իրանը Հայաստանից բաժանելու նպատակով, ցավոք սրտի, օկուպացիոն ծրագրեր են մշակվում: Երրորդն այն է, որ և՛ Իրանը, և՛ Հայաստանը դեպի Սև ծով և Եվրոպա իրանական գազի փոխադրումից ռազմավարական և ընդհանուր շահեր ունեն:

Հարաբերությունների ընդլայնման խոչընդոտը, ըստ իս, երկու կողմում ռազմավարական համագործակցության համար կամքի բացակայությունն է: Այսինքն՝ և՛ Երևանը, և՛ Թեհրանը մինչև հիմա չեն հավատում ռազմավարական մակարդակով հարաբերություններին և արտատարածաշրջանային ուժերի կողմից նաև ճնշման են ենթարկվել: Այսինքն՝ հարաբերությունների վերաբերյալ երկու երկրների դիվանագիտական ապարատների մոտեցումը չպետք է լինի միայն կարճաժամկետ ու տնտեսական, այլ պետք է ընդգրկի նաև այլ ասպեկտներ, այդ թվում՝ ռազմական և անգամ համատեղ վարժանքներ պետք է անցկացվեն: Սա պետք է համաձայնեցվի երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով և գործընկերության, իսկ երկրորդ փուլում՝ դաշնակցության մասին համաձայնագիր պետք է կնքվի:

- Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջացած իրադրությունն ինչպե՞ս է ազդել Իրանի վրա, ի՞նչ նոր մարտահրավերներ են առաջացել:

- 44-օրյա պատերազմն Իրանի համար մտահոգություններ է ստեղծել 3 հարթությունում: Նախ՝ Ղարաբաղի հարավում՝ Իրանի հետ 136 կմ-անոց սահմանին աշխարհաքաղաքկան վակուում է ստեղծվել: Մենք չգիտենք՝ ինչ է լինելու այդ հատվածում: Երկրորդ և ավելի կարևոր խնդիր է Մեղրիի ու միջանցքի հարցը։ Ցավոք սրտի, հայտարարությունները, թե Սյունիքը պատկանում է Ադրբեջանին կամ միջանցքը բացելու մասին սպառնալիքներն անմիջականորեն վտանգում են Իրանի ազգային շահերը: Այդ մարզը Իրանի ու Հայաստանի հարևանության միակ կետն է, և որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Հայաստանի հետ Իրանի սահմանը կտրվի կամ փակվի կամ օկուպացվի երրորդ երկրի կողմից: Երրորդ հարթությունը ԼՂ հակամարտության ոչ վերջնականապես կարգավորված լինելն է: Այսինքն՝ ճգնաժամի օջախը դեռ գոյություն ունի: Հյուսիսային կամ Լեռնային Ղարաբաղի և այնտեղի հայերի հարցն անորոշության մեջ է, և դա ապագայում տարածքային հակասությունների հիմքեր է ստեղծելու:

- Պատերազմից հետո քննարկվում է տարածաշրջանի հաղորդակացության ուղիների ապաշրջափակման հարցը. Ի՞նչ մոտեցում ունի Թեհրանը:

- Հաղորդակցական ուղիների առնչությամբ Իրանն, իհարկե, պետք է ողջունի նոր ճանապարհների բացումը, սակայն պայմանով, որ Իրանի ու Հայաստանի միջև աշխարհագրական սահմանները կամ միջազգայնորեն ճանաչված սահմանները փոփոխության չեն ենթարկվի: Երկրորդ՝ Իրանը պետք է Սյունիքում ցանկացած տեսակի ռազմական միջամտությանն ազդու և խիստ արձագանք տա: Իրանը պետք է հետամուտ լինի Ջոլֆա-Նախիջևան-Երևան երթուղու վերաբացմանը, միաժամանակ պետք է աշխատի Մակու-Շարուր-Երասխ-Երևան երթուղու բացման ուղղությամբ: Իրանը պետք է համոզի Հայաստանին և Հայաստանն էլ, ավելի լավ կլինի, հնարավորինս շուտ Իրանին թույլ տա Սյունիքում ռազմաբազա հիմնել: Իրանը կարող է տարածաշրջանում ռազմական բալանս հաստատել: Հայաստանը պետք միշտ սահմանակցի Իրանին: Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Թուրքիան Սյունքիում սահմանակցի Ադրբեջանին: Քանի որ, ցավոք սրտի, Կովկասում Թուրքիայի վարքագիծը ծավալապաշտական է:

- Իրանը ցանկանում է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը գործարկել Հայաստանի տարածքով: Բացի այդ, ցանկություն կա նաև Հյուսիս-Հարավ միջանցքի մի հատվածն անցկացնել Հայաստանի տարածքով: Ինչո՞վ է պայմանավորված իրանական կողմի այս շահագրգռվածությունը:

- Հայաստանն ավելի է մոտ դարձնում Իրանի գազատարների ճանապարհը դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ: Իրանը կարող է Պարսից ծոցից մինչև Վրաստան Հարավ-Հյուսիս միջանցք ստեղծել: Եթե պատժամիջոցների վերացմամբ Իրանի արտահանումներն աճեն, Իրանը կարող է Հայաստանի ճանապարհով իր ապրանքները տեղափոխել Վրաստան և Ռուսաստանի հարավ, և այս տարածաշրջանի շուկան իր ձեռքը վերցնել: Հարավային Կովկասի կենտրոնում լինելով՝ Հայաստանն Իրանի համար բացառիկ դիրք ունի: Նկատենք, որ Հայաստանն Իրան-Հայաստան համատեղ 3000-ամյա պատմության ընթացքում միշտ եղել է իրանական առևտրի ուղին դեպի Սև ծով և Եվրոպա: Իրանը չպետք է կորցնի այս ճանապարհը: Այս ուղին Հայաստանի համար ևս շահեկան է, և Իրանի գազի տարանցման համար միջանցքի ստեղծման դեպքում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը կամրապնդվի: Այս համագործակցությունն ինքնին զսպող գործոն է հետագա հնարավոր պատերազմում, և Իրանին իրավունք կտա Կովկասյան ապագա հակամարտություններում կանգնել Հայաստանի կողքին կամ առանցքային դեր ունենալ: Հայաստանն էլ կարող է Պարսից ծոցին միանալ և առանց սպառնալիքի ու խոչընդոտի այս ճանապարհով իրականացնել իր բեռնափոխադրումները:

44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ հայ-իրանական 46 կմ-անոց սահմանը ոչ մի դեպքում չպետք է փակ լինի, անգամ՝ պատերազմի ժամանակ, և Իրանը Մեղրիի սահմանին Հայաստանի անվտանգության ապահովման հարցում պետք է ավելի մեծ դեր ունենա: Այս սահմանը Հայաստանի համար դեպի Պարսից ծոց և արաբական երկրներ, այդ թվում՝ Իրաք հասնելու համար անվտանգ միջանցք է, և Հայաստանը պետք է օգտագործի այս հնարավորությունն ու ապրանքներ արտահանի արաբական երկրներ: Հյուիս-Հարավ միջանցը միայն Իրանի համար չէ, նաև Հայաստանի համար է: Իրանը Հայաստանի համար ունի այդ աշխարհագրական առավելությունը, որպեսզի այդ երկրին դուրս բերի շրջափակումից, անգամ Հայաստանին մտցնի իրաքյան շուկա և Պարսից ծոցի նավահանգիստները Հայաստանի տրամադրության տակ դնի: 

- Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին: Նոր կառավարության ձևավորումը ինչպե՞ս կարող է ազդել Իրանի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

- Հայաստանի և Իրանի նոր կառավարություններն իրենց աշխատանքն սկսում են Կովկասում նոր իրողության պայմաններում, և  շատ կարևոր է, որ երկու կառավարություններն ավելի ընդգրկուն համագործակցության համար քայլեր ձեռնարկեն: Այս հարաբերությունները ներկա պայմաններում չեն համապատասխանում աշխարհագրական և պատմամշակութային մերձավորության ոգուն: 30 տարի Հայաստանն ու Իրանը անօգուտ վատնել են ժամանակը: Հայաստանը, հաշվի չառնելով արտատարածաշրջանային պետությունների ճնշումները, իսկ Իրանը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները, պետք է բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության ձգտեն, նույնիսկ եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ը դժգոհ լինեն: Հայաստանի ու Իրանի հարաբերությունները չպետք է ազդվեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ճնշումներից: Հայաստանի ու Իրանի հարաբերությունների ամրապնդումը նաև Ռուսաստանի ու ԱՄՆ-ի օգտին է և սպառնալիք չի համարվում: Եթե Իրանը ներկայություն ունենա Կովկասում, կկարողանա ուժերի հավասարակշռություն հաստատել: Իրանը Կովկասի երկրներից որևէ մեկի համար սպառնալիք չէ և տարածքային նկրտումներ չունի: Իրանը լավ է ճանաչում Կովկասի ժողովուրդներին և նրանց հետ լավ հարաբերություններ ունի: Իրանի պաշտոնյաներն էլ քաջտեղյակ են 44-օրյա պատերազմից հետո առաջ եկած ռազմավարական սպառնալիքներին և ուշադրությամբ հետևում են Հարավային Ղարաբաղի իրադարձություններին: Հույս ունեմ, որ երկու երկրների զգոնության մակարդակն իրենց ազգային շահերի դեմ ուղղված նպատակների նկատմամբ բարձր կլինի և կգիտակցնեն, որ միմյանց կարիքն ունեն:

Իմ կարծիքով՝ Իրանում տեղի ունեցած նոր զարգացումների արդյունքում շարժվելու ենք Հայաստանի հետ ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությամբ, և Մեղրիում էներգետիկ ու տարանցիկ միջանցքների բացման հարցը նոր փուլ է մտնելու: Երկու երկրների արտաքին քաղաքականությունում պետք է փոփոխություններ իրականացվեն: Պետք է սեղմ և շարունակական բանակցություններ անցկացվեն, և խոչընդոտներն ու հակասությունները վերացնելով՝ ռազմավարական դաշնակացության ուղղությամբ շարժվել: Այս մոտեցումը մուսուլման և քրիստոնյա երկրների միջև համագործակցության մոդելի կվերածվի: Իրանն այս քաղաքականության փորձն ունի Լիբանանի քրիստոնյա կառավարության հետ համագործակցությամբ: Կանխատեսում եմ, որ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի համար նոր վտանգներ են սպասվում, և կարծում եմ, որ Հայաստանը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը զավթիչների դեմ ՝ Իրանը ներառելով իր ռազմավարական շահերի մեջ: Իրանի նոր կառավարությունը պետք է Հարավային Կովկասում ազգային անվտանգության ռազմավարություն մշակի և պատրաստ լինի դիմակայել հակամարտություններին: Այս հարցում Իրանը չպետք է սպասի Ռուսաստանի կանաչ լույսին կամ արտատարածաշրջանային այլ կողմերի թույլտվությանը: Իրանը պետք է իր ազգային շահերով առաջնորդվելով՝ դիմակայի սպառնալիքներին և Հայաստանի հետ ռազմավարական գործակցություն ունենա: 46կմ-անոց սահմանն Իրանի ու Հայաստանի համար անվտանգ չէ, և Իրանը պետք է գիտակցի, որ եթե մի օր որոշ երկրներ Սյունիքի աշխարհագրությունը փոխելու նպատակ ունենան, պետք է գործողություններ ձեռնարկի և պաշտպանի իր ռազմավարական աշխարհագրությունը: Հայաստանի նոր կառավարությունը ևս պետք է ընդունի Իրանի այս գործընկերությունը և Իրանի ներկայության համար ճանապարհ հարթի: Իրանն էլ պետք է Հայաստանին լուրջ ընդունի և իմանա, որ Հայաստանը Հարավային Կովկասի խարիսխն է և շատ կարևոր դեր ունի տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին դիմակայելու հարցում:

Հայաստանը Կովկասի ռազմավարական կամուրջն է և չնայած դեպի Սև ծով ելք չունի, սակայն աշխարհագրական կարևոր դիրք ունի, որն Իրանի համար կարող է ապագա սպառնալիքներին դիմակայելու հնարավորություն ստեղծել: 44-օրյա պատերազմը երկու երկրների համար մեծ դաս էր, որպեսզի պատրաստվեն ապագա սպառնալիքներին և միմյանց հետ համագործակցեն ռազմավարական մակարդակում: Իրանի ու Հայաստանի նոր կառավարություններն ավելի լավ կլինի՝ հնարավորինս շուտ գործարկեն Մեղրիի ԱՏԳ-ի տարանցիկ ճանապարհը, և Սյունիքը վերածվի արդյունաբերական և առևտրային գոտու: Հայաստանի կոկորդն ու հարավային շնչուղին այս նահանգն է, ուստի և՛ Իրանը, և՛ Հայաստանն այս նահանգում ներդրումների իրականացմանը պետք է առաջնահերթություն տան և շարունակական համագործակցություն ունենան: Ցավոք սրտի, հայ-իրանական համագործակցության ծրագրերը տարիներ շարունակ չեն իրականացվել, այն պարագայում, երբ Ադրբեջանն արագորեն Հարավային Ղարաբաղում տնտեսական ծրագրեր է իրականացնում: Եթե Սյունիքը չզարգանա, և մարդիկ լքեն այս մարզը, դա վտանգելու է երկու երկրների շահերը: Իրանը Հայաստանին պետք է աջակցի, որպեսզի այս մարզը շենանա, և տնտեսական գործունեությունն ակտիվանա: Դա Իրանի օգտին էլ կլինի, և Հայաստանը ևս կշահի: Չպետք է հետաձգել համատեղ ծրագրերի իրականացումը: Հայաստանի կառավարությունը պետք է մեծ վճռականությամբ վերացնի խոչընդոտները: