Երբ հարևանի տունն այրվում է, չես կարող քեզ ապահով զգալ
5 ր. | 2021-07-12Օրբելի վերլուծական կենտրոնն արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ուժային հավասարակշռության փոփոխության, Վրաստանի անվտանգային համակարգի, այդ երկրի անօդաչու թռչող սարքերի հնարավոր արտադրության և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ռազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեի հետ։
- Պարոն Սալուքվաձե, արցախյան 44-օրյա պատերազմից հետ տարածաշրջանում անվտանգային միջավայրն ու ուժային հավասարակշռությունը կտրուկ փոխվել է։ Մարտական գործողությունների ընթացքում Վրաստանի փորձագիտական դաշտում մի շարք անհանգստություններ կային Վրաստանի վրա պատերազմի հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ ստեղծված իրողությունը ինչպե՞ս է ազդել Վրաստանի անվտանգության վրա։
- Պատերազմը տարածաշրջանում միշտ էլ լարվածության է հանգեցնում։ Բնականաբար, երբ հարևանների միջև լայնամասշտաբ պատերազմ է, միշտ խախտվում է սովորական դրությունը, անվտանգության սովորական ֆոնը, և ավելի մասշտաբային, արտաքին դերակատարների ներգրավմամբ, առճակատման վերաճելու վտանգ կա։ Այդ առումով ես համակարծիք եմ նրանց հետ։ Այդ օրերին ես ինքս էլ գրեցի և խոսեցի այդ տեսանկյունից։ Երբ հարևանի տունն այրվում է, չես կարող քեզ ապահով զգալ։
- Պատերազմի օրերին հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ երրորդ երկրներն ուղղորդված հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով լարվածություն հրահրել։ Ի՞նչ եք կարծում, պատերազմը երկու պետությունների և երկու ժողովուրդների հարաբերությունների վրա որևէ կերպ ազդե՞լ է։
- Մեր պետությունների անկախության երեք տասնամյակում անցել ենք բազում փորձությունների միջով։ Մեր երկրները շատ պատերազմներով են անցել։ Հուրախություն մեր ժողովուրդների, հաջողվում է հարգալից վերաբերվել միմյանց դիրքորոշումներին և քաղաքականությանը։ Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն։ Մենք միջազգային համատեղ շատ նախագծեր ունենք, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում։ Հայաստանի, հայ ժողովրդի հետ մենք ունենք դարավոր բարեկամություն։ Վրաստանը հարևանների հետ մշտապես պահպանել է վստահելի հարաբերություններ, ինչը շատ կարևոր էր այն փորձությունների ֆոնին, որոնց միջով ստիպված էին անցնել մեր պետությունները։ Համոզված եմ, որ դեռ շատ դարեր, քանի դեռ Երկիր մոլորակը մեզ կկարողանա տանել, մենք կկարողանանք պահպանել այդ ավանդույթները։
- Արցախյան 44-օրյա պատերազմում իսրայելական, թուրքական ԱԹՍ-ների ակտիվ կիրառումը շատ երկրների ստիպեց վերանայել իրենց ռազմական զինանոցը։ Մի մասն սկսեց համալրել ՀՕՊ-ը, մյուսը՝ գնել նոր ԱԹՍ-ներ։ Ըստ Ձեզ, ի՞նչ փոփոխությունների կարիք ունի Վրաստանը։
- Վրացական բանակում լուրջ փոփոխություններ սկսվել էին 44-օրյա պատերազմից առաջ։ Ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու պաշտպանության նախարար դառնալուց հետո՝ մեկ տարում, արվեց շատ ավելին, քան՝ նախորդ տարիներին։ Դա վերաբերում է ինչպես պաշտպանության ուժերի ողջ ենթակառուցվածքը, այնպես էլ բազաների տարածքները, զորանոցները, մարզադահլիճները, այգիները վերանորոգելուն, զինծառայողների համար նոր բնակելի շենքերի կառուցմանը, նոր սպառազինության ձեռքբերմանն ու հին տեխնիկայի, այդ թվում՝ ավիացիոն պարկի վերականգնմանը։ Աշխատանք է տարվում նաև անօդաչուների ուղղությամբ, որոնց թողարկումը շուտով կիրականացվի տեղական ռազմաարդյունաբերական հիմքի վրա։ Բացի ԱԹՍ-ներից առաջնահերթ ուղղություններ են եղել հակատանկային միջոցները, ՀՕՊ համակարգերը, հրետանին, կառավարման ժամանակակից միջոցները։ Այդ աշխատանքները այժմ էլ շարունակվում են։
- Վերջին տարիներին ՀՕՊ և ավիացիայի արդիականացումը Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ղարաբաղյան պատերազմի ուսումնասիրությունն ազդեցություն կունենա՞ այդ գործընթացի վրա։
- Ինչպես արդեն ասացի, ՀՕՊ զարգացումը մշտապես եղել է առաջնահերթ ուղղություն։ Վերջին ժամանակներում այս ուղղությունը նոր ազդակ է ստացել։ Ինչ վերաբերում է ավիացիային, ապա ցուցաբերվել է ոչ բավարար ուշադրություն։ Բայց վերջին 2 տարում ամեն ինչ տրամագծորեն փոխվել է, ինչը չի կարող չուրախացնել։ Վերջերս, օդային շքերթի ժամանակ մենք տեսանք ավիացիոն միջոցների մի քանի տեսակ։
- Հոկտեմբերի 7-ին Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն Ադրբեջանին պատկանող իսրայելական Harop տիպի էր։ Արդյո՞ք եղել է որևէ հետաքննություն ընկնելու պատճառը պարզելու համար։
- Մեր երկրների տարածքները մեծ չեն։ Ես վերևում դրա համար նշեցի, որ երբ հարևանիդ տունն այրվում է, չես կարող ապահով լինել։ Կայծերը կարող են հասնել նաև քո տանը։ Այդ իսկ պատճառով պետք է «քշտել թևերը» և օգնել հրդեհի մարմանը։ Մենք դրանով էլ զբաղված էինք։ Այդ միջադեպի մասին կառավարությունների միջև եղել են քննարկումներ, բայց ես չեմ խորացել, քանի որ համարում եմ տեխնիկական խնդիր։
- Պատերազմից հետո վրացական TAM MANAGEMENT ընկերությունը հայտարարեց, որ վրացական արտադրության առաջին Т-31 ԱԹՍ-ն պատրաստ է ու գերազանցում է թուրքական և հրեական անալոգներին։ Ընկերության ղեկավարն ասել էր, որ ֆինանսավորման դեպքում արտադրություն կհիմնվի։ Ի՞նչ եք կարծում, առանց դաշտային փորձարկումների հնարավոր է նման գնահատական տալ, և ինչ դժվարությունների կհանդիպի ընկերությունը՝ ԱԹՍ-ների պահեստամասերի ձեռքբերման հարցում։
- Ցանկացած ընկերություն իրավունք ունի և պետք է գովի իր արտադրանքը։ Չնայած, իմ տեղեկություններով, արտադրանքն իրականում կարող է մրցել մեզ հայտնի ԱԹՍ-ների հետ։ Մնացածը ժամանակը ցույց կտա։
- Վրաստանի պետական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնն արդեն քանի տարի աշխատում է ուղղաթիռատիպ, հարվածային-հետախուզական ԱԹՍ-ի ստեղծման ուղղությամբ։ Եթե տեղյակ եք, ի՞նչ փուլում են աշխատանքները։ Վրաստանում դեռ խորհրդային տարիներին մեծ համբավ ուներ 31-րդ ավիացիոն գործարանը, որի գործառույթները 2008թ-ից հետո, երբ Սու-25-ի շարժիչների մատակարարումը դադարեցվեց, սահմանափակվեցին։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր դեպքում գործարանն ի վիճակի կլինի ԱԹՍ-ների սերիական արտադրություն ապահովել։
- Դուք ճիշտ եք։ Թբիլիսիի ավիագործարանը միշտ հայտնի է եղել իր ավանդույթներով և ներուժով, թեև եղել է և ծանր շրջան։ Այս պահին գործարանում արմատական փոփոխություններ են։ Բացի այն, ինչ դուք նշել եք, նրանք նաև զբաղված են Սու-25-երի վերականգմամբ։ Գործարանը լավ համագործակցություն ունի «Դելտայի» հետ։ Իսկ ահա ժամկետների մասին դժվարանում եմ ասել։
- Վրաստանի ՊՆ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այս տարվա մարտին հայտարարել է, որ ՊՆ-ն ակտիվ աշխատում է ԱԹՍ-ների համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ։ Դիտարկվում է Լեհաստանի և Չեխիայի տարբերակները։ Ի՞նչ փուլում են բանակցությունները, կամ արդյոք դրանք դեռ ուժի մեջ են։ Երկրորդ՝ ո՞րն է ավելի իրատեսական՝ գործընկեր երկրների հետ համատեղ արտադրություն հիմնե՞լը, թե՞ տեղական որևէ ընկերությունում ներդրում անելը։
- Այո՛, ամեն ինչ ուժի մեջ է։ Այդ նախագծի ուղղությամբ աշխատանքները սկսվել էին նախկին նախարարի կողմից, և պարոն Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնում արդեն վերահսկում է իր սկսած գործերը։ Բանակցություններ են ընթանում նաև այլ արտադրողների հետ։ Դեռևս ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի:
- Պարո՛ն Ամիրան, շնորհակալություն հարցազրույցի համար։
- Ձեզ շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար։ Ուզում եմ իմ հայ ընկերներին մաղթել ամենաանկեղծ բարեմաղթանքները։