Կփակվի՞ արդյոք Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը

7 ր.   |  2021-03-30

Ք րդական խնդրի սրման վերջին դրսևորումները Թուրքիայում, բացի պաշտոնական և ոչ պաշտոնական մեկնաբանություններից, հանգեցրին նաև քրդերի նկատմամբ պետության հալածանքների և իրավական հետապնդումների ահագնացմանը։ Հիմնական թիրախն այս առումով բնականաբար պետք է լիներ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)։ Քրդամետ համարվող կուսակցությունը երկրի ազդեցիկ քաղաքական դերակատարներից է և ներկայացված է խորհրդարանում։ Հինգ խորհրդարանական կուսակցություններից ԺԴԿ-ն մեծությամբ երրորդն է օրենսդիր մարմնում, պատգամավորական 600 մանդատից նրան է պատկանում 68-ը։

ԺԴԿ-ի և նրա անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումների ու հալածանքների քաղաքականության պաշտոնական հիմնավորումը ահաբեկչությանը նպաստելու մեղադրանքն է։ Կուսակցությունը փաստացիորեն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) մասնաճյուղը լինելու մեջ։ Իսկ ՔԲԿ-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց, և նրա գործունեությունը երկրի տարածքում արգելված է։

Մարտի սկզբին Թուրքիայի դատախազությունը միջնորդություն ուղարկեց խորհրդարան՝ պահանջելով կուսակցության 9 պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից։ Նրանց թվում է նաև հայազգի Կարո Փայլանը։ Ավելի վաղ նման միջնորդություն արվել էր 18 պատգամավորի համար։

Ըստ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Ջահիդ Յոզքանի՝ ԺԴԿ պատգամավորներին պետք է զրկել անձեռնմխելիությունից, նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ, կուսակցությունը պետք է փակվի թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով։ «Այն 6 մլն հայրենակիցները, որոնք իրենց քվեն տվել են այդ պատգամավորներին, պարզապես խաղաղություն էին ցանկանում։ Այդ քվեն տվել են՝ հավատալով ժողովրդավարության և ազատության մասին հայտարարություններին, այլ ոչ թե ահաբեկչությանը»,- հայտարարել է Յոզքանը։ Ըստ պատգամավորի՝ բնակչությունն այլևս որևէ հույս չի կապում ԺԴԿ-ի հետ և ցանկանում է, որ այն սահմանադրական իրավունքի ուժով փակվի [1]։

Փաստորեն, իշխող ուժի ներկայացուցիչը ԺԴԿ-ն համարում է ահաբեկչական կառույց և իրեն իրավունք վերապահում խոսել ողջ ժողովրդի, այդ թվում՝ կուսակցության 6 մլն ընտրազանգվածի անունից։

Մարտի 17-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի ավագ դատախազ Բեքիր Շահինը Ժողովուրդների դեմոկրատական կուսկացության դեմ հայց է ներկայացրել սահմանադրական դատարան՝ պահանջելով, որ այն փակվի։ Շահինը իր երկարաշունչ գրավոր մեղադրականում նշում է, որ ԺԴԿ-ի գործունեությունը հակասում է քաղաքական կուսակցությունների պարտականություններին։ Ըստ մեղադրականի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը գործում է որպես ՔԲԿ-ի մի ճյուղը։ Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ժամանակին վճռել է, որ ահաբեկչական կազմակերպությանը չդատապարտելն իսկ բավարար հիմք է կուսակցության փակման համար։ Դատախազը պահանջում է նաև քաղաքական գործունեության արգելք սահմանել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 687 անդամի համար։ Հայազգի Կարո Փայլանը կրկին նրանց մեջ է։

Ստացվում է, որ պետությունը ձգտում է ոչ միայն լուծարել ընդդիմադիր կուսակցությունը, այլև նրա կարկառուն ներկայացուցիչներին մոտ ապագայում զրկել առհասարակ քաղաքական գործունեության հնարավորությունից։ Այսինքն՝ հայցի բավարարման դեպքում ԺԴԿ-ի ներկա 687 անդամ չի կարող նոր կուսակցություն կամ այլ քաղաքական կառույց հիմնել, անդամակցել այլ կուսակցության, ծավալել անհատական քաղաքական գործունեություն և այլն։

Նման իրավիճակը տարօրինակ է, քանի որ, եթե կան ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մասին վկայող փաստեր, ապա այդ գործիչները պետք է օրենքի ուժով ենթարկվեն պատասխանատվության։ Իսկ եթե նման պատասխանատվություն առկա չէ, ապա նրանց քաղաքական գործունեության նկատմամբ արգելք սահմանելը մարդու հիմնարար իրավունքների խախտում է։

Չնայած ձևականորեն ԺԴԿ-ն փակելու հարցն իրավական հարթությունում է, քանի որ խնդրի լուծումը վերապահված է Թուրքիայի սահմանադրական դատարանին, այնուամենայնիվ, պետության ձեռնարկած քայլը բավական մեծ աղմուկ է բարձրացրել երկրի հասարակական-քաղաքական, տեղեկատվական ասպարեզում։ Կան թեր և դեմ կարծիքներ։ Նախագահ Էրդողանի և կառավարության դիրքորոշումը համահունչ է դատախազության մոտեցմանը։ Նրանք պնդում են, որ ԺԴԿ-ն ՔԲԿ-ի գաղտնի մասնաճյուղն է, չի դատապարտում նրան, ինչը բավարար պատճառ է այդ կուսակցությունը փակելու համար։ Մինչդեռ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը սխալ է համարում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու ուղղությամբ ձեռնարկված քայլը՝ գտնելով որ նման անիմաստ որոշումը մեծ վնաս կհասցնի երկրին։

Քրդերի, մասնավորապես, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք կա ոչ միայն իշխանությունների, այլև հասարակական կարծիքի մակարդակով։ Ռազմավարական և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի վերջերս իրականացրած հարցման տվյալներով՝ թուրքական հասարակության գերակշիռ մեծամասնությունը կողմ է ԺԴԿ-ի փակմանը։ Այն հարցին, թե պե՞տք է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակվի, հարցվողների 59%-ը դրական պատասխան է տվել։ Բացասական պատասխան է տվել 26.6%-ը [2]։

Միաժամանակ, պետք չէ միանշանակ վերաբերվել հիշյալ հարցման արդյունքներին։ Թուրքիայի նման երկրում դժվար թե լինի անկախ սոցիոլոգիա։ Այստեղ այդ գիտությունն ավելի շատ հասարակական կարծիք ձևավորելու կամ «հասարակական պահանջով» իշխանությունների գործողությունները հիմնավորելու խնդիր է լուծում։ Բացառված չէ, որ թուրքական իշխանությունները նախապես պատվիրել են նման արդյունքներով սոցիոլոգիական հետազոտություն՝ ԺԴԿ-ի նկատմամբ ներկա քաղաքականությունն արդարացնելու համար։

Այնուամենայնիվ, քրդերի նկամամբ Թուրքիայում իշխող տրամադրությունների մասին է վկայում նաև առաջին հայացքից անմեղ թվացող մի դեպք։ Ստամբուլի մայր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն (ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ) մարտի 8-ին Կանանց տոնը շնորհավորելիս կողք-կողքի էր նշել Իյի կուսակցության ղեկավար Մերալ Աքշեների և ԺԴԿ ներկայացուցիչ Փերվին Բուլդանի անունները։ Արդյունքում քաղաքապետը հայտնվել է տհաճ իրավիճակում՝ ենթարկվելով ծանր քննադատությունների, հատկապես, սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից։ Երկու կին գործիչների անունները կողք կողքի դնելը համարվել է մեծ անարդարություն, հատկապես, թուրք զոհերի հանդեպ, քանի որ ԺԴԿ-ն Թուրքիայի քաղաքական շրջանակներում համարվում է ՔԲԿ-ին և այլ ահաբեկչական կազմակերպություններին զորակցող ուժ։

Աքշեները նշել է, որ իր կուսակցական ընկերներից շատերը հավանություն չեն տվել քաղաքապետի ուղերձին, ինքն էլ հարգանքով է վերաբերվում նրանց զգացմունքներին։

ԺԴԿ-ի դեմ իրականացվող հետապնդումների համատեքստում հետաքրքիր է այդ կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Ֆարուք Գերգերլիօղլուի դեպքը։ Վերջինս զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և ներգրավվել դատական գործընթացում։ Մարտի 18-ին նա հայտարարել էր, որ դուրս չի գա խորհրդարանից մինչև իր հանդեպ իրականացված անարդարությունը չսրբագրվի։ Այնուամենայնիվ, ոստիկանները մարտի 21-ի առավոտյան խորհրդարանում իր աշխատասենյակից դուրս գալիս հսկողության տակ են վերցրել Գերգերլիօղլուին և հարցաքննության տարել ոստիկանություն։

Ժ ողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու ուղղությամբ սկսված գործընթացը հարուցել է արևմտյան աշխարհի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի քննադատական արձագանքը։ Համաձայն արևմտյան դիրքորոշման՝ Թուրքիայի վճռաբեկ դատարանի դատախազության քայլը ծանր հարված է թուրքական ժողովրդավարությանը։

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը, խնդրահարույց համարելով ԺԴԿ-ն փակելու սահմանադրական գործընթացը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), որպես միավորումներ ստեղծելու և հավաքներ կազմակերպելու իրավունքի երաշխավոր, պաշտպանում է նաև քաղաքական կուսակցությունների իրավունքները։ «ՄԻԵԴ-ը բացահայտորեն ընդգծում է քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարության պահպանման հարցում։ Դատարանը միայն ծայրահեղ դեպքերում կարող էր արդար համարել քաղաքական կուսակցության փակումը կամ այդ կուսակցության լուծարումը՝ որպես ծայրահեղ ու միակ ելք»,- հայտարարել է Բուրիչը՝ ավելացնելով, որ քաղաքական կուսակցությունը չի կարող փակվել միայն այն պատճառով, որ փորձում է հանրային քննարկման առարկա դարձնել հասարակության այս կամ այն հատվածի դրությունը։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում էլի են կուսակցություններ փակվել։ ՄԻԵԴ-ում քննվել է նմանօրինակ յոթ գործ, որից վեցի դեպքում դատարանը Թուրքիայի կառավարությանը մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելու մեջ։ Ըստ Բուրիչի՝ ՄԻԵԴ-ը նմանօրինակ վճիռ կարող է կայացնել նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պարագայում [3]։

Մարտի 23-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, խոսելով Բրյուսել-Անկարա հարաբերությունների ներկա վիճակի մասին, հայտարարել է, որ, չնայած վերջին շրջանում Թուրքիայից դրական ազդակներ են գալիս, սակայն այդ երկրում այս օրերին արձանագրվող զարգացումները մտահոգիչ են։ Բարձր ներկայացուցչի խոսքերով՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու նպատակով սկսված դատական գործընթացը և նմանատիպ այլ զարգացումներ հեռացնում են Թուրքիան եվրոպական ուղուց։

Պաշտոնական Անկարան շարունակում է անհաղորդ մնալ ԺԴԿ-ն փակելու գործընթացը դադարեցնելու արևմտյան հորդորներին և կոշտ հակադարձում է դրանց։ Մարտի 18-ին Թուրքիայի արտաքին գործոց նախարարությունը երկրի ներքին գործերին չմիջամտելու կոչ է արել Արևմուտքին՝ պահանջելով հարգանք ցուցաբերել «անկախ» դատական գործընթացների նկատմամբ։


[1] Սեւ ամպեր՝ Հէ-Տէ-Փէ կուսակցութեան գլխուն վրայ, Նոր Մարմարա, 04.03.2021։ 
[2] Ըստ ընկերաբանական հարցումներու միայն Ա-Գէ-Փէ ու Ճէ-Հէ-Փէ կրնան յաղթահարել ընտրութիւններու շեմը, Նոր Մարմարա, 16.03.2021։
[3] Հէ-Տէ-Փէ կուսակցութիւնը փակելու քայլերուն դէմ բողոք՝ Եւրոպայէն, Նոր Մարմարա, 20.03.2021։