Ընտրարշավն Իսրայելում
5 ր. | 2021-03-29Ի նչպես նկատում են փորձագետները, վերջին տարիներին Իսրայելն առերեսվում է ընտրական ու ներքաղաքական ճգնաժամի հետ՝ այդպես էլ չկարողանալով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։ Հիմնական պայքարն ընթանում էր երկու՝ Լիկուդ (Likud) կուսակցության և նրա առաջնորդ, գործող վարչապետ Նեթանյահուի և Կապույտներ ու Սպիտակներ կուսակցության (Blue and White) և նրա առաջնորդ Բենի Գանցի միջև։ 2021-ի մարտի 23-ին նշանակված հերթական ընտրություններն արդեն թվով 4-րդն էին վերջին 2 տարիների ընթացքում։
Ընտրական շրջապտույտի և հերթական ընտրությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև երկրի նախագահ Ռեուվին Ռիվլինը․ «Այսօր Իսրայելի ժողովուրդը գնում է ընտրության արդեն 5-րդ անգամ, ինչ ես երդվել եմ որպես երկրի նախագահ, և միգուցե քվեարկությունից հետո ինձնից կպահանջվի 6-րդ, կամ հավանաբար 7-րդ անգամ որոշել ում վստահել երկրի կառավարության ձևավորումը։ Անկախացման 73-ամյա պատմության ընթացքում Իսրայելի պետությունն առաջին անգամ է բախվում նման քաղաքական ճգնաժամի հետ»[1]։
Իսրայելական մամուլն ու վերլուծականները քննարկում են երկրում տիրող ընտրական ու քաղաքական ճգնաժամը՝ տեսակետներ հնչեցնելով հերթական ընտրություններով խորացող ճգնաժամը ի վերջո հաղթահարելու հնարավորության վերաբերյալ։ Երկրի փորձագիտական շրջանակներում հնչում են կարծիքներ, որ արդեն 2 տարի տևող քաղաքական ճգնաժամի պատճառը գործող վարչապետ Նեթանյահուի քաղաքական փառասիրությունն է, ով ձգտում է ամեն կերպ պահել իշխանությունը՝ գործի դնելով իշխանական, վարչական ու քաղաքական բոլոր ռեսուրսները։
Արդյունքում, երկիրն ու բնակչությունը բախվում են ընտրական ու հետընտրական անվերջանալի գործընթացների հետ, որը երկրի տնտեսությանը պատճառում է մեծ ֆինանսական կորուստներ, իսկ քաղաքական համակարգը կաթվածահար է։ Ավելին, Քնեսետը չի կարողացել հաստատել պետբյուջեն ավելի քան 2 տարի շարունակ, ինչի հետևանքով լուրջ ֆինանսական ու վարչական խնդիրների առաջ են կանգնել կառավարության մի շարք առաջատար ծառայություններ ու գործակալություններ։
Փորձագետների մի մասն այն տեսակետն է առաջ քաշում, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են էական ազդեցություն թողնել 2021-ի մարտին տեղի ունեցած Իսրայելի խորհրդարանական ընտրական գործընթացի արդյունքների վրա։ Մասնավորապես՝ նախագահականից Թրամփի հեռացումը լուրջ բացասական ազդեցություն է թողնում Իսրայելում գործող վարչապետ Նեթանյահուի քաղաքական դիրքերի ուղղությամբ։
Հասկանալի է, որ նախկին նախագահ Թրամփը Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականությունում էապես մեծացրել էր Իսրայելի դերակատարությունը: Ավելին, երկու երկրների միջև համագործակցության խորացումն իր հերթին նպաստել էր Իսրայելի ներքաղաքական դաշտում Նեթանյահուի դիրքերի ամրապնդմանը։ Ընդ որում, դրան նպաստում էր նաև վերջինիս ու Թրամփի միջև բավական ջերմ անձնական ու գործնական հարաբերությունները։ Որոշ փորձագիտական գնահատականներով, Նեթանյահուհին, ըստ ամենայնի, չի հաջողվելու ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի ու նրա վարչակազմի հետ ձևավորել այնպիսի բարձր մակարդակի երկխոսություն, ինչը գործում էր նախկին նախագահի կառավարման տարիներին։
Կարծեք թե Նեթանյահուին այս անգամ հաջողվեց ընտրությունների նախաշեմին հուսալի դաշնակիցներ գտնել երկրի քաղաքական դաշտից, որը թույլ կտար ձևավորել ամուր կոալիցիա, ինչը չհաջողվեց նախորդ ընտրությունների ժամանակ Բենի Գանցի հետ համագործակցության դեպքում, ով մինչ օրս էլ ներկայանում էր որպես Նեթանյահուի հիմնական հակառակորդներից մեկը։ Նեթանյահուի համար ամուր կոալիցիա ստեղծելը պարզապես անհրաժեշտություն էր, որը հնարավորություն կտար խուսափել 5-րդ անգամ ընտրությունների անցկացումից, ինչը կարող էր իրապես ու էապես թուլացնել իր դիրքերը։
Եվ այսպես, գործող վարչապետին հաջողվեց համագործակցություն հաստատել Շաս (Shas), Միացյալ Թորա Հուդայականություն (United Torah Judaism) և Կրոնական սիոնիստական (Religious Zionist Party) կուսակցությունների առաջնորդների հետ։ Սկզբունքային էր համագործակցությունը ազդեցիկ քաղաքական գործիչներից Նաֆթալի Բենեթի (Naftali Bennet) հետ՝ ընտրությունների համատեղ ճամբարով ներկայանալու տեսանկյունից, ով գլխավորում է Յամինա (Yamina) կուսակցությունը։ Այս ընտրություննրին հիմնական մրցապայքարն ընթանում էր Նեթանյահուի գլխավորած Լիկուդ և քաղաքական հակառակորդ Յաիր Լափիդի (Yair Lapid) առաջնորդած Յեշ Աթիդ (Yesh Atid) կուսակցությունների միջև։
Իսրայելցի փորձագետները նաև նկատում են, որ ազգային համաձայնության կոալիցիոն կառավարության ձևավորումը սկզբունքային նշանակություն ուներ նաև հանրային կյանքի բնականոն գործունեության համար, քանի որ վերջին շրջանում երկրի հանրությունը երկփեղկվել էր Նեթանյահուին աջակցող դաշինքի ու հակադաշինքի համակիրների ճամբարների՝ վտանգ ներկայացնելով երկրում հանրության բևեռացման հնարավորության խորացման առումով։
Ը նտրությունների նախնական արդյունքների հիման վրա կատարված փորձագիտական որոշ գնահատականներով, Նեթանյահուն կարծես թե կարողանում է այս ընտրություններով կասեցնել երկրում խորացող երկամյա քաղաքական-ընտրական ճգնաժամը։ Սակայն փորձագետները, այնուամենայնիվ, թերահավատ են այն հարցում, թե արդյոք կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո կոալիցիայի ուժերին կհաջողվի պահպանել երկխոսությունը և չունենալ քաղաքական ճեղքեր, ինչը կարող է հող նախապատրաստել հետագա հնարավոր նոր ընտրությունների համար։
Ընտրություններից օրեր անց, սակայն, կարծիքներ հնչեցին, որ ամեն դեպքում Նեթանյահուին այդպես էլ չի հաջողվում իրեն միացած մի քանի քաղաքական ուժերի հետ միասին ձևավորել մեծամասնական կառավարություն, և կարող է անրաժեշտություն առաջանալ ստանալու Արաբական-իսլամական (Ra’am Party) կուսակցության աջակցությունը։
Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով, Likud, Shas, United Torah Judaism և Religious Zionism Party կուսակցությունները Yamina կուսակցության հետ միասին խորհրդարանում ապահովել են 59 տեղ, ինչը 2 միավորով քիչ է մեծամասնություն կազմելու համար։
Հետաքրքիր է նշել, որ Ռաամ կուսակցության առաջնորդ Մանսուր Աբբասը նախկինում համագործակցել է Նեթանյահուի հետ։ Խոսվում է, որ հետընտրական փուլում Լիկուդ կուսակցության ղեկավարությունը ակտիվ աշխատանքներ էր տանում ավարտելու կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացը՝ ստանալով արաբական չափավոր ճակատի աջակցությունը։ Հիշեցնենք, որ ընտրութունների վերջնական արդյունքներով, Քնեսետում Լիկուդ կուսակցությունը ստացել է 30 տեղ, Յեշ Աթիդը՝ 17։ Բացի այդ, Նեթանյահուն արդեն լուրջ խնդիրների առջև է կանգնել երկրի Բարձրագույն դատարանի կայացրած որոշման արդյունքում, ըստ որի գործող վարչապետն իրավասու չէ իրավապահ և արդարադատության ոլորտներում նշանակել բարձրաստիճան պաշտոնյաների՝ իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի հետևանքով[2]։
Եվ այսպես, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, գործող վարչապետն ամենայն հավանականությամբ ձախողում է իր ձևավորած դաշինքով մեծամասնություն կազմելու հնարավորությունը, ինչը հնարավորություն է տալիս իր քաղաքական հակառակորդ Յաիր Լափիդին դառնալու կառավարություն ձևավորման համար ամենահավանական թեկնածուն։ Նեթանյահուհին աջակցող դաշինքն այդպես էլ չկարողացավ հավաքել 2 միավոր ավելի՝ պահպանելով 59 միավորը։ Փորձագետները, սակայն, շարունակում են տեսակետներ առաջարկել՝ հարցականներով՝ արդյոք Լափիդին կհաջողվի հավաքել անհրաժեշտ ձայները, թե երկիրը կշարունակի հաղթահարել քաղաքական ճգնաժամի հերթական շրջափուլը։
[1] https://www.jpost.com/opinion/i-want-to-hear-yo
[2] https://www.timesofisrael.com/high-court-bars-n