Թիրախում Իրանի նավատորմն է

4 ր.   |  2021-03-22

Վ երջին տարիներին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովում և այլ հարակից տարածաշրջաններում հակամարտությունները սկսել են ընդգրկել ծովային տարածքներն ու գոտիները՝ հաճախակի վերածվելով ռազմական լարվածության, ինչպես նաև բախումների թատերաբեմի։ 2021-ի մարտի սկզբին ակտիվացան ծովային հարձակումները մերձավորարևելյան տարածաշրջանում. այս անգամ թիրախում էր իրանական նավատորմը։

Որոշ լրատվամիջոցների ու վերլուծաբանների տվյալներով, որոնք հղում են կատարում ԱՄՆ և տարածաշրջանային պաշտոնական ու պաշտոնականին մոտ կանգնած աղբյուրներին, վերջին 2 տարում Իսրայելի կողմից իրանական ավելի քան 12 նավ է թիրախավորվել ու խոցվել Կարմիր ծովում և տարածաշրջանի այլ ծովային հատվածներում, որոնց մեծ մասը ուղևորվում էր Սիրիա։ Այդ տեղեկատվության համաձայն, նավերը գլխավորապես տեղափոխել են իրանական նավթ, այլ աղբյուրների համաձայն՝ նաև զենք ու զինամթերք[1]։

Փորձագետները նկատում են, որ ծովային հարձակումներն ու ռազմական առճակատումները կարելի է որակել որպես համեմատաբար նոր միտում և հակված են դառնալու Թեհրան-Թել Ավիվ միջնորդավորված հակամարտության անբաժանելի բաղադրիչներից մեկը։ Իրանական տանկերների ուղղությամբ վերջին հարձակումների ընթացքում դրանք կրել են ոչ անդառնալի վնասներ, ինչը հարկադրել է 2 տանկերներին ուղղությունը փոխել և վերադառնալ Իրան։

Մասնավորապես 2021-ի մարտի 12-ին Իրանը պաշտոնապես հաստատեց, որ Միջերկրական ծովում նավարկող իրանական Shahr E Kord բեռնանավը վնասվել է Իսրայելի ձեռնարկած համապատասխան ռազմական գործողության արդյունքում։

Պաշտոնական Թեհրանը նավթ տեղափոխող բեռնանավերի վրա հարձակումների համար անմիջապես մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի հասցեին՝ որակելով դրանք որպես «ահաբեկչություն ու ծովահենություն»[2]։ Իսրայելական կողմն այդպես էլ որևէ մեկնաբանություն չտվեց այդ միջադեպի կապակցությամբ՝ չհերքելով, ոչ էլ հաստատելով տեղի ունեցածը։

Պ ետք է արձանագրել, որ խնդիրներ առաջանում են նաև Իսրայելին պատկանող նավերով իրականացվող բեռնափոխադրումների ընթացքում նույնպես, ինչը հիմք է տալիս իսրայելական կողմի համար այդ ամենում տեսնելու իրանական հետք։ Ընթացիկ տարվա փետրվարին խոշոր պայթյուն տեղի ունեցավ այս անգամ Օմանի ծոցում նավարկող Իսրայելին պատկանող Helios Ray կոչվող բեռնանավի վրա։  

Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն շտապեց այդ միջադեպը որակել է որպես Իրանի կողմից Իսրայելի ենթակառուցվածքների վրա հերթական ծրագրավորված հարձակումներից մեկը։ Ավելին, Իսրայելի Բնապահպանության հարցերով նախարար Գիլա Գամլիելը (Gila Gamliel) այդ միջադեպը որակեց որպես «բնապահպանական ահաբեկչություն»[3]։

Թեև տարբեր լրատվամիջոցներ նկատում են, որ իսրայելական կողմը այդպես էլ որևէ լուրջ հիմնավորում չի ներկայացրել, որը կհաստատեր բեռնանավի վրա տեղի ունեցած պայթյունում Թեհրանի մասնակցությունը։ Իրանական կողմն իր հերթին անմիջապես հերքեց իր հասցեին հնչեցված մեղադրանքները։ Պայթյունի հետևանքով անձնակազմը չէր տուժել, սակայն հետաքննությունն արձանագրել էր բեռնանավի տարբեր կողմերում 2-ական խոշոր անցքեր։

Հիշեցնենք, որ իսրայելական Helios Ray բեռնանավը Մերձավոր Արևելքից ուղղություն էր վերցրել դեպի ԱՄԷ՝ վերանորոգման նպատակով։

Փորձագետները նկատում են, որ երկկողմ ծովային բախումները կարող են ուղղակիորեն պայմանավորված լինել ԱՄՆ նախագահական ընտրություններով և մասնավորապես Բայդենի ու նրա վարչակազմի ուղղությամբ ճնշումների բանեցման իրողությամբ։ Բայդենը քանիցս արդեն հայտարարել է, որ մտադիր է վերանայել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշումը և վերադառնալ միջուկային համաձայնագրին։ 

Որոշ վերլուծաբաններ նկատում են, որ թեև Թել Ավիվը իր ռազմական, հետախուզական գործողությունները, որպես կանոն, կոորդինացնում է Միացյալ Նահանգների հետ, այդուհանդերձ, Իսրայելում խորանում է մտահոգությունն առ այն, որ ԱՄՆ նախագահական նոր վարչակազմը կարող է մեղմել Իրանի նկատմամբ Թրամփի որդեգրած համեմատաբար կոշտ դիրքորոշումը։ 

Տարբեր փորձագիտական գնահատականներում իսրայելական բեռնանավի պայթյունի գործում Թեհրանի հնարավոր ներգրավվածության շուրջ հիմնավորումները ելնում են այն հանգամանքից, որ Օմանի ծոցն առանձնանում է իր կարևոր ռազմավարական նշանակությամբ, որն ուղի է բացում դեպի համաշխարհային նավթային մատակարարումների ու բեռնափոխադրումների իրականացման տեսանկյունից կենսական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցը։

Իսրայելական աղբյուրների տեղեկատվության համաձայն, 2019-ի մայիսին 4 բեռնանավեր են ականների գործադրմամբ խոցվել Օմանի ծովում, հունիսին հարձակման են ենթարկվել ևս երկուսը։ Ըստ այդ տվյալների, միջադեպերն արձանագրվել են Իրանի տարածքին մոտ տեղանքներում, որը հիմք է տվել Վաշինգտոնին հարձակումների համար պատասխանատու համարել Թեհրանին։

Իսրայելական լրատվականները նաև վկայակոչում են, որ վերջին տարիներին իրանական կողմը թիրախավորել է ոչ միայն իսրայելական, այլև այլ երկրներին (Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա) պատկանող բեռնանավերը։ Արդյունքում, միջազգային հանրության առաջատար խաղացողները, ինչպես օրինակ՝ Ֆրանսիան, հանդես եկան առաջարկությամբ՝ բարձրացնել Օմանի ծոցում նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումների արդյունավետությունը։


[1] https://www.wsj.com/articles/israel-strikes-target

[2] https://www.jpost.com/middle-east/shipping-mys

[3] https://www.theguardian.com/world/2021/mar/1