«Օտարերկրյա գործակալները» Ռուսաստանի իրավական դաշտում

5 ր.   |  2021-03-18

Ռ ուսաստանի և ԱՄՆ-ի հակասություններում առանձին խնդիր է «օտարեկրյա գործակալ» ԶԼՄ-ները, որոնց շուրջ նոր լարվածություն է հասունանում՝ պայմանավորված վերջերս «Ազատություն ռադիոկայանին» տուգանելով, որը ռադիոկայանը պատրաստվում է վիճարկել ՄԻԵԴ-ում։

Փետրվարին Ռուսաստանում «Ազատություն» ռադիոկայանը և նրա գլխավոր տնօրենը տուգանվեցին 11 միլիոն ռուբլով`օտարերկրյա գործակալ պիտակը չնշելու համար: Նույն պատճառով փետրվարին 2 մլն ռուբլու չափով տուգանվեցին «Ազատություն» ռադիոկայանին պատկանող «Idel. Реалии», «Сибирь. Реалии» տեղեկատվական կայքերը և «Настоящее Время» հեռուստաալիքը։ Արդեն մարտին հայտնի դարձավ, որ «օտարեկրյա գործակալ լրատվամիջոցների» պիտակի բացակայության պատճառով «Ազատություն» ռադիոկայանի տուգանքների ընդհանուր գումարը  գերազանցել է 53 միլիոն ռուբլին: Ռադիոկայանը չհամաձայնեց  դատարանի որոշման հետ և պատրաստվում է դիմել միջազգային արդարադատության մարմիններին, այդ թվում ՝ ՄԻԵԴ։

Դեռ տարեսկզբին որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Ռուսաստանի կառավարությունը սպառնում է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին բազմամիլիոնանոց տուգանքներով, որպեսզի ճնշումների միջոցով Ռուսաստանից դուրս մղի Ամերիկայի կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները։
«Ազատություն» ռադիոկայանի վերաբերյալ Ռուսաստանի դատարանի որոշմանը անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ով «խիստ մտահոգություն» է հայտնել «Ռուսաստանում մամուլի ազատության ճնշմանը ուղղված ռեպրեսիվ միջոցառումների կապակցությամբ»: Արդեն մարտի 13-ին հանրապետականները և դեմոկրատները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ մեղադրեցին Ռուսաստանի իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Կրեմլի քննադատներին «պատժելու» համար օրենսդրությունը խստացնելու, ինչպես նաև լրագրողների անվտանգությանը սպառնացող գործողությունների համար»: Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Վաշինգտոնին կոչ արեց  չխառնվել Ռուսաստանի ներքին դատական գործերին։

ՌԴ-ում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել՝ ավելի խստացնելով սահմանափակումները։ Օրենքը Ռուսաստանում ընդունվել է համեմատաբար ավելի ուշ՝ 2012թ.-ին, որը կարելի է կապել 2011-12թթ. երկրում  զանգվածային քաղաքական ցույցերի ալիքի հետ: Նոր լրացում արվեց «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում, որի արդյունքում օտարերկրյա գործակալի կարգավիճակ են ստանում Ռուսաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվող շահույթ չհետապնդող այն կազմակերպությունները, որոնք օտար երկրներից, նրանց պետական կառույցներից, միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից գումար են ստանում: Ըստ օրենքի՝ ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ քաղաքական կուսակցությունների, ՌԴ տարածքում համարվում են քաղաքական գործընթացների մասնակիցներ, եթե անկախ գաղափարից, պահանջներից և հիմնադիր փաստաթղթերում նշված նպատակներից, պետական քաղաքականության փոփոխման ուղղված որոշումների ընդունման վրա ազդելու նպատակով քաղաքական գործողություններ են կազմակերպում և իրականացնում, ինչպես նաև այդ նպատակների համար հասարակական կարծիք են ձևավորում:

 «Օտարերկրյա գործակալ» չեն համարվում

  • Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միությունում, Առևտրաարդյունաբերական պալատում և այլ բիզնես կազմակերպություններում աշխատող օտարերկրացիները,
  • գրանցված կրոնական կազմակերպությունները,
  • պետական կորպորացիաները և պետական ընկերությունները, ինչպես նաև նրանց ստեղծած հասարակական կազմակերպությունները:

Օրենքը միանշանակ չընդունվեց․ բացի հնարավոր տուգանքներից, այստեղ խնդիրը «օտարերկրյա գործակալ» պիտակն էր, որն ունի բացասական երանգ, քանի որ կապվում է «լրտես» (шпион) հասկացության հետ, չնայած այս համատեքստում այն ավելի շատ կապվում է լոբբիստական գործունեության հետ: Ըստ  «Левада» կենտրոնի 2017թ.-ի հարցումների՝ բնակչության 57%-ը «գործակալներին» վատ է վերաբերվում։ Օրենքն ընկալվեց որպես պետության քաղաքացիական հասարակության գործունեությունը վերահսկելու լրացուցիչ պարտավորություն և անհարկի միջամտություն, սակայն նմանատիպ օրենքներ գործում են մի շարք երկրներում։ ԱՄՆ-ն առաջիններից է օգտագործել տերմինը՝ 1938թ.-ին ընդունելով «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը»։ Սկզբնական շրջանում ակտն ուղղված էր նացիստական Գերմանիայի գործակալների ազդեցության դեմ պայքարին, իսկ 1966 թ.-ին՝ Սառը պատերազմի տարիններին, առաջին հերթին ուղղված էր օտարերկրյա պետությունների անունից գործող քաղաքական լոբբիստներին, որոնք պարտավոր էին գրանցվել: Այդ տարիներին գրանցամատյանում են հայտնվել ռուսական «ТАСС»-ը և «Известия»-ն։

2 012թ․-ին Ռուսաստանի ընդունված օրենքում, սակայն, խոսք չկար ԶԼՄ-ների մասին։ Դրանից 5 տարի անց միայն ընդունվեց նոր օրենք «օտարերկրյա գործակալ ԶԼՄ-ների» մասին: Լրատվության մասին օրենքի 6-րդ հոդվածի նոր խմբագրության համաձայն՝ Արդարադատության նախարարությունն իրավունք ստացավ «օտարերկրյա գործակալ» ճանաչել ցանկացած օտարերկրյա լրատվամիջոցի, որը օտարերկրյա մարմիններից կամ քաղաքացիներից ֆինանսավորում կամ գույք է ստանում ուղղակիորեն կամ Ռուսաստանի իրավաբանական անձանց միջոցով: ԶԼՄ-ները իրենց պարտավորություններով հավասարվում են ոչ առևտրային կազմակերպություն- գործակալներին: Օրենքը Մոսկվայի կողմից ԱՄՆ-ի որոշման հայելային պատասխանն էր, քանի որ նույն թվականին ԱՄՆ-ում «RT America»  и «Sputnik» կայքերը գրանցվեցին, որպես «օտարերկրյա գործակալներ»: ԱՄՆ արդարադատության նախարարությունն RT-ի գործակալ գրանցելը կապեց նրա հետ, որ  այն ստեղծվել է Ռուսաստանի կառավարության կողմից ամբողջ աշխարհում հեռարձակելու համար: Sputnik-ի դեպքում պատճառ էր դարձել կայքից Էնդրյու Ֆայնբերգին աշխատանքից ազատելը, որից հետո նա իր գործունեության մասին պատմել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյին:

Օրենքի ընդունումից անմիջապես հետո այս ցուցակում հայտնվեցին «Ամերիկայի ձայնը» և «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանը, ինչպես նաև նրանց կողմից ֆինանսավորվող «Настоящее время» հեռուստալիքը, թաթար-բաշկիրական «Ազատություն» ռադիոկայանը (AzatliqRadiosi), «Сибирь.Реалии»-ին, «Idel.Реалии»-ին, «Фактограф»-ը, «Кавказ.Реалии»-ին, «Крым.Реалии»-ին։ 2019թ․-ին ցուցակը համալրել է «Север.Реалии»-ին, իսկ 2020թ․-ին՝  չեխական «MEDIUM-ORIENT» լրատվական գործակալությունը։

Միակ խնդրահարույց դեպքը մինչ այժմ եղել է «Ազատություն» ռադիոկայանի վերոնշյալ դեպքը։
Բուռն քննարկումների առիթ դարձավ 2018թ․-ին ընդունված որոշումը, ըստ որի՝ «արտասահմանյան գործակալ» կարող են համարվել ֆիզիկական անձինք, ովքեր ստեղծում և տարածում են «օտարերկրյա գործակալներ ԶԼՄ-ների» նյութերը։ Արդարադատության նախարարությունը և Արտաքին գործերի նախարարությունը որոշելու են այն մարդկանց, ովքեր ընդգրկվելու են «գործակալների» ցուցակում: Ռիսկի գոտին ներառում է լրագրողներ, որոնք աշխատում էին «արտասհմանյան գործակալ ԶԼՄ-ներում», օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ընկերություններում։

2020թ․-ի ցուցակում հայտնվել են Մոսկվայում Հելսինկյան խմբի անդամ, Ռուսաստանի ժողովրդական պատգամավոր(1990-1993), Առաջին գումարման Պետդումայի պատգամավոր(1994-1995) Լև Պանամարևը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Լյուդմիլա Սավիցկայան, «7 × 7»-ի լրագրող Սերգեյ Մարկելովը, «Псковская губерния»-ի լրագրող Դենիս Կամալյագինը, նկարչուհի Դարյա Ապախոնիչը,որը ակտիվ ցուցարար է։

2020թ․-ի վերջին օրենսդրական նոր փոփոխություններ մտցվեցին, ըստ որի,  «օտարերկրյա գործակալի» նյութերն առանց պիտակի տարածելու դեպքում  քաղաքացիները կտուգանվեն 2-ից 2,5 հազար ռուբլիով, պաշտոնատար անձինք`4-ից 5 հազար ռուբլիով, իսկ իրավաբանական անձինք` 40-ից 50 հազար ռուբլիով: