Էր Ռիադ-հութիներ․ նոր առճակատում
4 ր. | 2021-03-15Չ նայած Վաշինգտոնի ջանքերին՝ թուլացնելու լարվածությունը Էր Ռիադ-հութիներ հակամարտությունում և հիմնահարցը տեղափոխելու դիվանագիտական-քաղաքական տիրույթ, վերջին շրջանում առճակատումը նոր թափ է ստանում։ Հետաքրքիր է, որ երկկողմ բախումները տեղի են ունենում մի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգները նոր է հաղթահարել նախագահական ընտրական ճգնաժամը և ի դեմս Բայդենի վարչակազմի փորձում է դիրքավորվել արտաքին քաղաքականությունում, տվյալ դեպքում՝ Մերձավոր Արևելքում։
Եվ Սաուդյան Արաբիայի ու հութիների միջև լարվածության աճը ինչ-որ տեսանկյունից տրամաբանական ու օրինաչափ պետք է ընդունել, քանի որ սա կողմերի համար հնարավորություն է՝ մի կողմից օգտվելու Սպիտակ Տանը տեղի ունեցող վերադասավորումներից, իսկ մյուս կողմից՝ տարիներ շարունակ երկարաձգված հակամարտության վրա մեկ անգամ ևս հրավիրելու միջազգային հանրության և առաջին հերթին նորընտիր նախագահ Բայդենի ուշադրությունը։
Կողմերի միջև կրակի ռեժիմի դադարեցման և բանակցությունների հաստատման ուղղությամբ ակտիվ ջանքեր է տանում ՄԱԿ-ը՝ հանդես գալով կարևոր միջնորդական առաքելությամբ՝ երկկողմ ռազմական առճակատումը թուլացնելու, իսկ այնուհետև՝ հնարավորության դեպքում՝ Եմենում ծագած շուրջ վեցամյա հակամարտությունը դադարեցնելու համար։
Կ ողմերի միջև լարվածությունը խորացավ, երբ 2021-ի փետրվարին հութիները հրթիռային, ինչպես նաև ԱԹՍ-երի միջոցով հարվածներ հասցրին Սաուդյան Արաբիայի մի շարք թիրախների։ 2021-ի մարտի սկզբին հութիները հերթական անգամ թիրախավորեցին Սաուդյան Արաբիայի արևելյան նահանգներում տեղակայված նավթային օբյեկտները, որոնք առավել հայտնի են իրենց նավթային արդյունաբերական կենտրոններով։ Վերջիններիս կառավարման ու գործունեության հիմնական գործառույթներն իրականացվում են սաուդական Aramco հայտնի ընկերության կողմից։ Այդ ամենի արդյունքում, ինչպես և ակնկալվում էր, հում նավթի գներն արձանագրեցին ռեկորդային ցուցանիշներ վերջին 2 տարվա կտրվածքով։
Նկատենք, որ վերջին տարիներին սաուդական նավթային խոշորագույն Aramco ընկերությունը հաճախ է հայտնվում թիրախում. հութիները փորձում են թուլացնել Սաուդյան Արաբիայի նշանակությունը նավթի համաշխարհային շուկայում և ազդել նավթի համաշխարհային գների վրա։ Ընթացիկ տարվա մարտի սկզբին հութիների ու Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող Եմենի կառավարական ուժերի միջև բախումներ տեղի ունեցան նաև ռազմավարական նշանակություն ունեցող Մարիբի նահանգում, որը հայտնի է նավթի հարուստ հանքավայրերով։
Հութիների ակտիվացումը փորձագետները պայմանավորում են նրանով, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Եմենի հակամարտությունում դադարեցրեց աջակցությունը Էր Ռիադին։ Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, միաժամանակ վստահեցրեց, որ շարունակելու է աջակցել Սաուդյան Արաբիային տարածաշրջանային սպառնալիքների զսպման ու հակազդման ուղղությամբ։ Որոշ փորձագետներ, հիմք ընդունելով Սպիտակ Տանից եկող ուղերձները, նկատում են, որ սա կարող էր հիմք հանդիսանալ հութիների համար՝ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ առավել ագրեսիվ ու կոշտ դիրքորոշում որդեգրելու, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի ակտիվացման համար։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը ետ կանգնեց հութիներին որպես ահաբեկչական կառույց ճանաչելու մտադրությունից, որը կարող էր կյանքի կոչվել նախկին նախագահ Դ․ Թրամփի նախագահության շրջանում։
Հութիների ակտիվացումը, թերևս, կարելի է պայմանավորել նաև վերջին շրջանում Եմենի կոալիցիոն ուժերի որոշակի ռազմական հաջողություններով՝ հատկապես Մարիբի տարածաշրջանում, որոնք ուղիղ աջակցություն են ստանում սաուդական կողմից։ Հութիներն իրենց հերթին մեղադրում են սաուդական կողմին, որ վերջինիս իշխանություններն են սրում իրավիճակը՝ բալիստիկ հրթիռային հարվածներ արձակելով Սանաայում տեղակայված հութիների դիրքերին։
Էր Ռիադում նկատում են, որ մարտի սկզբին հութիների կողմից հրթիռային հարձակումները, որոնք ուղղվել էին այս անգամ Սաուդյան Արաբիայի առավել խորքային շրջանների ուղղությամբ, վկայում են այն մասին, որ հութիները անցել են առավել ռազմավարական ու կենսական նշանակության ենթակառուցվածքների թիրախավորմանն ու խոցմանը: Սա ցույց է տալիս, որ վերջիններս շարունակելու են հող նախապատրաստել իրենց դիրքերն ու ազդեցությունը ընդլայնելու համար։
Փորձագետները նկատում են, որ կողմերի միջև մարտի սրացումները կարող են նոր լիցք հաղորդել երկկողմ ռազմական բախումներին՝ խորացնելով լարվածությունը նաև ողջ տարածաշրջանում։ Եթե կողմերին ու միջնորդներին չհաջողվի թուլացնել լարվածությունը, ապա Մարիբի շրջանը կարող է դառնալ այս հակամարտության թեժ կետերից մեկը։ Եթե հութներին հաջողվի վերահսկողության տակ վերցնել այն, ապա սա կարող է ազդարարել Եմենի կառավարության լիազորությունների դադարեցման սկզիբը, ինչը հղի է տարածաշրջանի հնարավոր լարվածության խորացման լրջագույն մարտահրավերով։
Հութիների ղեկավարությունն իր հերթին հավաստիացնում է, որ հութիական շարժման երկու առաջնորդների՝ Ալի Ահսան ալ-Համզիի (Ali Ahsan al-Hamzi) և Մանսուր Ալ-Սաադիի (Mansur al-Sa’adi) նկատմամբ Միացյալ Նահանգների վերջերս սահմանած պատժամիջոցները բացասաբար են անդրադառնալու լարվածության թուլացման և քաղաքական հնարավոր երկխոսության հաստատման գործընթացի վրա։ Ավելին, դա հող է նախապատրաստելու պատերազմի երկարաձգման և երկրում հումանիտար ճգնաժամի սրման համար։ Հիշեցնենք, որ պատժամիջոցների սահմանումն ուղղակիորեն պայմանավորված էր նրանով, որ Վաշինգտոնը մեղադրում է վերջիններիս Սաուդյան Արաբիայի և Կարմիր ծովում նավերի ուղղությամբ հրթիռային հարձակումների համար։