Բայդենի առաջին փորձությունը. Իրան

5 ր.   |  2021-03-09

2 021-ի փետրվարի վերջին ԱՄՆ-ի զինված ուժերը հրթիռային հարվածներ հասցրին Սիրիայի՝ Իրաքի հետ սահմանային տեղանքին՝ թիրախավորելով Իրանի ենթակայության ներքո գործող շիա խմբավորումների հենակետերը։ Նկատենք, որ սա ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի ու նրա վարկաչազմի առաջին ռազմական փորձությունն էր Իրանի հետ դիմակայությունում։ Այս ռազմական գործողությունը հիմք հանդիսացավ տարբեր փորձագիտական գնահատականների ու վերլուծությունների համար, որոնք շատ հաճախ բավական իրարամերժ ու հակասական էին։

Ինչպես արձանագրում են փորձագետները, սա ըստ էության, Իրանի հովանավորության տակ գտնվող, այսպես կոչված, պրոքսի խմբավորումների կողմից վերջին ամսվա ընթացքում Սիրիայում և Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա հրթիռային հարձակումներին Բայդենի վարչակազմի պատասխան-արձագանքն էր։ Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարի 15-ին Իրաքյան Քուրդիստանի Էրբիլի միջազգային օդանավակայանի մերձակայքում կոալիցիոն ուժերի վրա հրթիռային հարձակման արդյունքում եղան զոհեր և տասնյակ վիրավորներ, որոնց թվում էին նաև ամերիկացի զինվորականները: Միայն այդ օրվա ընթացքում Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում շուրջ 14 հրթիռ արձակվեց ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի ուղղությամբ:

Պատասխան ռազմական գործողության նախապատրաստման տրամաբանությունը բխում էր այն ելակետից, որի համաձայն ստեղծված իրավիճակում Բայդենին այլ ելք չէր մնում, քան պարզապես դիմել միջնորդավորված ռազմական գործողության՝ օգտագործելով երրորդ երկրի տարածքը։ Այլ փորձագիտական գնահատականների համաձայն, Բայդենը ամեն դեպքում կարող էր խուսափել միջնորդավորված ռազմական ճանապարհով արձագանքելու տարբերակից՝ ավելի շուտ գործի դնելով քաղաքական կամ տնտեսական ազդակները։ Սա թերևս կարող է խոսել այն մասին, որ Բայդենի ու նրա վարչակազմի կայացրած առաջին արտաքին քաղաքական որոշումների ուղղությամբ կարող է անմիջական ազդեցություն ունենար Պենտագոնը, ինչպես նաև իսրայելական լոբբին։

Առավել հավանական սցենարներից մեկն այն էր, որ հավանաբար այդ քայլով նորընտիր նախագահի վարչակազմը ցանկանում էր ընդգծել իր դիրքորոշումը և Թեհրանին ցույց տալ թույլատրելիության սահմանագծերը։ Ինչպես և ակնկալվում էր, Թեհրանին ռազմական ճանապարհով արձագանքելու Բայդենի պատասխանն արժանացավ ԱՄՆ օրենսդիրների սուր քննադատությանը. վերջիններս հիմնավորում էին նրանով, որ նախագահն օրենսդիրների հետ որևէ խորհրդակցություն չի անցկացրել և չի ստացել կոնգրեսականների թույլտվությունը՝ ձեռնարկելու նման գործողություն։ Վիրջինիա նահանգի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը իր հայտարարությունում մասնավորապես նշում էր, որ «առանց կոնգրեսի հաստատման հարձակողական ռազմական գործողությունները սահմանադրական չեն, բացառությամբ արտակարգ հանգամանքների: Կոնգրեսը պետք է արագ կերպով տեղեկացվի այդ հարցի վերաբերյալ»:

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին իր հերթին անդրադարձավ խնդրին՝ նշելով, որ «բնական վստահություն ունի» Բայդենի՝ ազգային անվտանգության որոշումների կայացման հարցում, սակայն ամերիկյան զորքերի թիրախավորումն «անընդունելի է»: «Այդուհանդերձ, ամերիկյան կողմի պատասխան հարվածները պահանջում են կոնգրեսականների թույլտվությունը: Կոնգրեսը պետք է այս վարչակազմի հետ հարաբերվի նույն չափանիշներով, ինչ նախկին վարչակազմերի դեպքում էր, և ռազմական գործողությունների համար պետք է հստակ իրավական հիմնավորումներ պահանջի, հատկապես Սիրիայի պարագայում, որտեղ Կոնգրեսը հստակորեն չի թույլատրել որևէ ամերիկյան ռազմական գործողություն»։  

Ըստ Պենտագոնի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումների, Սիրիայի սահմանային հատվածում իրանահպատակ զինյալ շիա խմբավորումների թիրախավորման նախաձեռնությունը և որոշումը եկել է ամենավերին օղակից. Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի (John Kirby) հավաստիացմամբ, հրթիռային հարվածները տեղի են ունեցել «նախագահ Բայդենի անմիջական հանձնարարությամբ։

Մասնավորապես հարվածների արդյունքում ոչնչացվեցին մի քանի օբյեկտներ, որոնք տեղակայված էին սահմանային վերահսկման կետերում և օգտագործվում էին Իրանի կողմից աջակցվող մի շարք զինյալ խմբավորումների, այդ թվում ՝ Քաթաիբ Հիզբոլլահի (Kata'ib Hezbollah) և Քաթաիբ Սայիդ ալ Շուհադայի (Kata'ib Sayyid al Shuhada) կողմից։

Ըստ Քիրբիի, «գործողությունը միանշանակ ենթադրում էր այն ուղերձը, որ Բայդենը գործելու է՝ ելնելով ամերիկյան կոալիցիայի անձնակազմի պաշտպանության սկզբունքից: Միաժամանակ, մենք գործել ենք կանխամտածված, որի նպատակն է լիցքաթափել ընդհանուր իրավիճակը ինչպես Արևելյան Սիրիայում, այնպես էլ Իրաքում»[1]։

Քիրբին նաև նշեց, որ Բայդենը հրթիռային հարվածները թույլատրել է ԱՄՆ դաշնակիցների, ներառյալ՝ կոալիցիայի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո: Ըստ նրա դիտարկման, Ռուսաստանի ռազմական նախարարությունը նույնպես համապատասխանաբար նախազգուշացում է ստացել նախատեսվող ավիահարվածների մասին։ Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հակասական կարծիք հայտնեց, որ ամերիկյան կողմը նախազգուշացրել է գործողությունից ընդամենը րոպեներ առաջ։

Պենտագոնի ղեկավարության գնահատականով, տեղանքի ընտրությունը պայմանավորված էր զուտ այդ իրողությամբ, որի արդյունքում վերջին շրջանում Իրաքում սկսել են հաճախակի դառնալ ԱՄՆ-ի ու կոալիցիայի զինված ուժերի նկատմամբ թիրախավորման փորձերն ու գործողությունները։ Պենտագոնը նաև հայտարարել է, որ ավիահարվածներն իրականացվել են «դիվանագիտական միջոցառումների հետ միասին»։

Ա մերիկյան կողմի հրթիռային հարվածների  գործողությունից մեկ օր անց արձագանքեց Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ խստորեն դատապարտելով այն: Նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն (Saeed Khatibzadeh) ավիահարվածներն անվանել է «սիոնիստական ռեժիմի անընդհատ արշավանքների շարունակություն սիրիական տարածքներում»՝ նկատի ունենալով Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացված օդային հարձակումները: Խատիբզադեն նաև նշեց, որ Սիրիայում ԱՄՆ զորքերի ներկայությունն անօրինական է, մեղադրելով Վաշինգտոնին «ահաբեկիչներ» պատրաստելու հարցում: Սիրիայի ղեկավարությունն իր հերթին դատապարտեց ամերիկյան կողմի գործողությունը՝ որակելով որպես ԱՄՆ նորընտիր վարչակազմից եկող «վատ ազդանշան»[2]։

Սա թերևս Վաշինգտոնի կողմից այդ ուղղությամբ իրականացված առաջին միջնորդավորված հրթիռային հարվածներն էին 2019 թվականից ի վեր։ Մինչդեռ Թել Ավիվը վերջին տարիներին բավականին հաճախակիացրել է իր ուղղակի կամ անուղղակի ռազմական ներգրավվածությունը Սիրիայի տարածքի ուղղությամբ։ Փորձագետներից ոմանք նկատում են, որ այդ գործողությունն անուղղակի ուղերձ է առ այն, որ էականը ոչ այնքան հրթիռային հարվածներ հասցնելն է, այլ այդ հարվածների տակ պարունակվող համատեքստը։

Նկատենք, որ ԱՄՆ հարվածները տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են դիրքավորվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար, ինչը կարող է բարդացնել առանց այդ էլ փխրուն գործընթացը: Որոշ փորձագիտական գնահատականներով,  «ամերիկացիները կարող են համաձայնության գալ Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ, բայց միաժամանակ կշարունակեն հարվածներ հասցնել Իրանի հովանավորության ներքո գտնվող խմբավորումներին՝ ուղղակի թե միջնորդավորված կերպով»:[3]

Ըստ էության, Բայդենի վարչակազմը փորձում է փակուղուց դուրս բերել Իրանի հետ բանակցությունները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել տարածաշրջանում լարվածության լիցքաթափման ուղղությամբ, սակայն նորընտիր նախագահը նաև չի ցանկանում որդեգրել առավել զիջողական դիրքորոշում՝ մտավախություն ունենալով, որ այդ իրողությունից անմիջապես կօգտվի Իրանի ղեկավարությունը:


[1] https://edition.cnn.com/2021/02/25/politics/us-iraq

[2] https://www.bbc.com/news/world-middle-east-56

[3] https://www.washingtonpost.com/world/russia-syria