«Հյուսիսային հոսք – 2»-ի հեռանկարը
6 ր. | 2021-03-03Ե Մ-Ռուսաստան, մասնավորապես, Գերմանիա-Ռուսաստան ներկա սուր և բավականին բարդ հարաբերությունների ետնապատկերին կրկին այժմեականություն է ձեռք բերում «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարության ավարտի հարցը։ Նախագիծը ներկա իրավիճակում իսկական փրկօղակի դեր է կատարում Մոսկվա-Բեռլին հարաբերություններում։
«Հյուսիսային հոսք – 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար։ Այն «Հյուսիսային հոսք – 1» գազատարի կրկնօրինակն է։ Ունի տարեկան հիսունհինգ մլրդ մ3 թողունակություն։
Որքան էլ այս կամ այն ժամանակահատվածում բարդ են եղել Ռուսաստան-Գերմանիա հարաբերությունները, միևնույն է, էներգետիկ համագործակցությունը դրանից չի տուժել։ Դրա հիմքում ընկած է շահերի համընկնումը։ Գերմանիան խնդիր ունի ապահովելու իր էներգետիկ անվտանգությունը, ինչը կարևոր է նաև տնտեսական աճի շարունակականության ապահովման տեսանկյունից։ Որքան էլ վերջին տարիներին ջանքեր ու դրամական միջոցներ են ներդրվում կանաչ կամ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ուղղությամբ, համաձայն փորձագիտական գնահատականների՝ առաջիկա տասնամյակներում ավանդական էներգետիկան շարունակելու է պահպանել իր գերակշիռ տեղը։ Միաժամանակ, մեծանալու է էներգակիրների պահանջարկը Եվրոպայում և, մասնավորապես, Գերմանիայում։ Բացի այդ, ռուսական գազամատակարարումը Գերմանիայի համար և՛ մատչելի է, և՛ երաշխավորված։
Ռուսաստանի համար «Հյուսիսային հոսք – 2-ի» կառուցումն ու շահագործումը նույնպես կարևոր է. նախ՝ դրանով մեծանում են գազի արտահանման հնարավորությունները, ինչը Ռուսաստանի համար ավելացնում է էներգակիրներից ստացվող եկամուտը։ Գերմանիան ներկայում էլ շարունակում է մնալ ռուսական գազի թիվ մեկ սպառողը, այսինքն՝ ամենամեծ շուկան։
Երկրորդը՝ մեծացնելով իր դերակատարությունը Եվրոպայի, մասնավորապես, Գերմանիայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ Ռուսաստանը բարձրացնում է նաև իր քաղաքական կշիռը։
Որքան էլ սուր լինեն քաղաքական հարաբերությունները ԵՄ-ի և Ռուսաստանի միջև, որի հետևանքով տուժում են նաև տնտեսական կապերը, միևնույն է, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների լիակատար խզում հնարավոր չէ։ Այդ մասին է վկայում վիճակագրությունը։ Չնայած ԵՄ-ի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2020-ին 2013 թ. (նախքան ուկրաինական ճգնաժամը) համեմատ նվազել է ավելի քան երկու անգամ, այնուամենայնիվ, 2020 թ. այն կազմել է ավելի քան $190 մլրդ (չհաշված Մեծ Բրիտանիան)։ Այստեղ իր կարևոր տեղն ունի էներգակիրների արտահանումը։
Վերջապես, «Հյուսիսային հոսք – 2-ի» կառուցմամբ Ռուսաստանը թուլացնում է իր կախվածությունը տարանցիկ երկրներից, մասնավորապես, Ուկրաինայից, որի հետ հակասությունները ներկայում այնքան սուր են, որ պաշտոնական Մոսկվան հրապարակավ Ուկրաինան համարում է ոչ բարեկամական երկիր։
Այս է պատճառը, որ Ռուսաստանը և Գերմանիան, սուր տարաձայնություններ ունենալով այլ հարցերում, միասնաբար են պայքարում «Հյուսիսային հոսք – 2-ի» կառուցման համար։ Իսկ որ այդ նախագիծն ավարտելու համար անհրաժեշտ է հաղթահարել լուրջ խոչընդոտներ, ակնհայտ է։ Դրան դեմ են ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ուկրաինան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շահերը։
ԱՄՆ-ի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք – 2-ի» հարցում պայմանավորված է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական դրդապատճառներով։ Տնտեսականն այն է, որ Վաշինգտոնը ձգտում է Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում շուկա ապահովել իր հեղուկ գազի համար։ Այլ կերպ ասած՝ ցանկանում է, որ Գերմանիան ռուսական բնական գազի փոխարեն գնի ամերիկյան հեղուկ գազը։ Սակայն ամերիկյան հեղուկ գազն ավելի թանկ է։ Մատակարարումների անխափանության հարցում էլ է զիջում ռուսական գազին։ Պատահական չէ, որ պաշտոնական Բեռլինն իր ամերիկյան և եվրոպական գործընկերներին շարունակաբար հիշեցնում է, որ «Հյուսիսային հոսք – 2» գազատարը զուտ տնտեսական նախագիծ է՝ զերծ աշխարհաքաղաքական նկատառումներից։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական դրդապատճառին, ապա այստեղ խնդիրը Ռուսաստանին լրացուցիչ եկամուտներից զրկելու և Եվրոպայում նրա քաղաքական դերի ու կշռի մեծացումը կանխելու մեջ է։ Բացի այդ, ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ուկրաինայի՝ որպես ռուսական գազի տարանցիկ երկրի դերակատարության թուլացմամբ։
Դեռևս նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի օրոք Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց այն եվրոպական ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք – 2-ի» շինարարության մեջ։ Դրա հետևանքով 18 ընկերություն դադարեցրեց իր մասնակցությունը նախագծին։ Կանգ առավ նաև շինարարությունը, որը գրեթե հասել էր ավարտին։ Առհասարակ, «Հյուսիսային հոսք – 2-ը» նախատեսվում էր իրականացնել մինչև 2020թ. ավարտը։ Ներկա պահին աշխատանքների մեծագույն մասն իրականացված է։ Մնացել է կառուցել ավելի քան 1200 կմ երկարությամբ գազատարի 150 կմ-ից էլ պակաս հատվածը։
Հույս կա, որ Ջո Բայդենի վարչակարգի օրոք ԱՄՆ-ը կմեղմացնի իր դիրքորոշումը «Հյուսիսային հոսք – 2-ի» հարցում։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը դեռևս շարունակում է պատժամիջոցների քաղաքականութունը՝ ընդգրկելով նոր ընկերությունների։
Եվրոպական Միությունը նույնպես դեմ է գազատարի շինարարությանը, քանի որ այն չի նպաստում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը և էներգակիրների աղբյուրների բազմազանեցմանը. էապես մեծանում է Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ ԵՄ-ն նույնպես շահագրգռված չէ Ուկրաինայի՝ որպես տարանցիկ երկրի դերի նվազմամբ։ Այստեղ ինչպես Վաշինգթոնի, այնպես էլ Բրյուսելի պարագայում առկա է նաև տնտեսական հաշվարկ։ Չէ՞ որ տարանցիկ եկամուտներից Ուկրաինայի զրկվելու և, հետևաբար, տնտեսական անկման պարագայում ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է մտածեն իրենց դաշնակցի վնասները փոխհատուցելու մասին։
Ուկրաինայի բացասական դիրքորոշման պատճառներն ակնհայտ են։ «Հյուսիսային հոսք – 2-ի» շահագործումը նրա համար կնշանակի տարանցիկ երկրի դերակատարության նվազում կամ կորուստ՝ դրանից բխող տնտեսական և քաղաքական հետևանքներով։ Կիևը կկորցնի ոչ միայն կայուն եկամուտներ, այլև Ռուսաստանի վրա ազդեցության կարևոր լծակ։
Ո րքան էլ մեծ է արտաքին ճնշումը «Հյուսիսային հոսք – 2-ի» վրա, այնուամենայնիվ, այդ ճնշման հաղթահարումը և նախագիծն ավարտին հասցնելն անհնար չեն։ Նախ՝ Միացյալ Նահանգների համար Գերմանիան կարևորագույն դաշնակից է։ Այդ դաշնակցային հարաբերությունները պակաս կարևոր չեն Վաշինգտոնի համար, որքան Բեռլինի համար։ Հետևաբար, ԱՄՆ-ի շահերից չի բխում գազատարի պատճառով փչացնել հարաբերությունները մայրցամաքային Եվրոպայում իր հիմնական դաշնակցի հետ։
Գերմանիան առանցքային պետություն է Եվրամիությունում, նրա ներքին և արտաքին քաղաքականության վրա առաջնային ազդեցություն ունեցող երկիր։ Հետևաբար, որքան էլ ԵՄ այլ անդամներ բացասական դիրքորոշում ունենան «Հյուսիսային հոսք – 2-ի» նկատմամբ, Բրյուսելն, այնուամենայնիվ, չի կարող ետ պահել Բեռլինին նախագիծն ավարտին հասցնելու մտքից։
Պատահական չէ, որ արդեն նկատվում է ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ ԵՄ երկրների դիրքորոշման որոշակի փոփոխություն՝ հօգուտ գազատարի կառուցման։ Փորձ է արվում գտնել ինչ-որ փոխզիջումային տարբերակ՝ հետևյալ տրամաբանությամբ. թող գազատարը կառուցվի, սակայն դա չպետք է ազդի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի Եվրոպա մատակարարումների վրա։
«Հյուսիսայի հոսք – 2» գազատարի կառուցումը նաև Գերմանիայի ինքնիշխանության հարցն է։ Բեռլինը բազմիցս է հայտարարել, որ արտատարածքային (էքստերիտորիալ) պատժամիջոցներն անընդունելի են իր համար. դա ոտնձգություն է իր ինքնիշխանության նկատմամբ։
Ավելորդ չէ հիշատակել նաև խնդրի նախադեպի մասին։ 1980-ականներին ԱՄՆ-ն կրկին դեմ էր Խորհրդային Միությունից Գերմանիա ցամաքային գազատարի՝ ներկայիս ուկրաինական գազատարի կառուցմանը։ Այն ժամանակ էլ Ռոնալդ Ռեյգանի վարչակարգը կիրառեց պատժամիջոցներ, սակայն Գերմանիան գնաց գազատարի կառուցմանը՝ տրամադրելով խոշոր տրամաչափի խողովակներ։ Վաշինգտոնը ստիպված էր տեղի տալ։ Եթե նախորդ դարի 80-ական թվականներին Սառը պատերազմի պայմաններում մասնատված Գերմանիան կարողացավ հաղթահարել ամերիկյան ճնշումները, ապա այսօր դրա նախադրյալներն ավելի մեծ են։
Վերջապես, ինչպե՞ս կարող է ավարտին չհասցվել մի նախագիծ, որի մեծագույն մասն արդեն իրականացվել է։ Ներդրվել են հսկայական միջոցներ։ Ի դեպ, բացի նախագծի ծովային հատվածի մեծագույն մասից, պատրաստ են նաև ցամաքային ենթակառուցվածքները՝ Գերմանիայի տարածքում գազի ընդունման և բաշխման կայանները։ Այսպիսով, նախագծի իրականացումը միայն ժամանակի հարց է։ Ինչպես նշում է ռուս լրագրողը, այն կարելի է հետաձգել, բայց ոչ կանգնեցնել։