Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերություններն արդի փուլում

5 ր.   |  2021-02-22

Ռ ուսաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1920թ.։ Ներկայում, չնայած որոշակի խնդիրներին, երկու երկրների հարաբերություններն ընդհանուր առմամբ կարելի բնորոշել բարիդրացիական։ Առկա է համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ բազմակողմ ձևաչափերով։

Երկու երկրների պատկան մարմինները գտնվում են կանոնավոր կապի մեջ։ 2020թ. մարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հելսինկի այցից ի վեր Ռուսաստանի և Ֆինլանդիայի նախագահները հինգ հեռախոսազրույց են ունեցել։ Շարունակվում է փոխգործակցությունը նախարարությունների, խորհրդարանների և այլ մակարդակներով։ Բանակցությունները սովորաբար բովանդակալի են։ Դրանց ընթացքում հանգամանալի քննարկվում են երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և այլն, ինչպես նաև միջազգային հարցեր։

Ա նվտանգային հարցերում փոխընբռնման համար կարևոր գործոն է այն, որ Ֆինլանդիան Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ չէ, որի հետ Ռուսաստանը ներկա պահին ունի սուր հակասություններ։ Մոսկվան բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կառուցման վերաբերյալ Ֆինլանդիայի խորհրդարանում ծավալված քննարկումները։ Դրանք ավարտվեցին անվտանգության մասին կառավարության զեկույցի ընդունմամբ, որով հաստատվում է Ֆինլանդիայի՝ որպես ռազմական դաշինքներին չանդամակցող երկրի կարգավիճակը։ Մոսկվան դա դիտում է որպես ընդհանուր առմամբ Եվրոպայի անվտանգության և կայունության կարևոր գործոն։ Այսպիսի իրավիճակը թույլ է տալիս երկու երկրներին Եվրոպայում լարվածության թուլացման, անվտանգության ամրապնդման նպատակով համագործակցել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում։

Ռուսաստանը բարձր է գնահատում Բալթյան տարածաշրջանում օդային անվտանգության ապահովման Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի նախաձեռնությունը, որը զգալի չափով իրականացվել է։ Այնուամենայնիվ, դրա ամբողջական իրականացմանը խոչընդոտում է բոլոր ռազմական ինքնաթիռների՝ ազդանշաններ ընդունող և ուղարկող սարքերը (транспондер) միացրած թռչելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրների հետ համաձայնության բացակայությունը։

2021թ. փետրվարի 15-ին ֆինն գործընկերոջ՝ Պեկկա Հաավիստոյի հետ բանակցություններում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն է հրավիրել գրեթե մեկ տարի առաջ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության ժամանակ առաջ քաշված առաջարկությունների վրա։ Ռազմական օդանավերի համար ազդանշաններ ընդունող և ուղարկող սարքերի խնդրի լուծման հետ մեկտեղ, դրանք ենթադրում են պայմանավորվածություններ այն մասին, որ ինչպես դաշինքի, այնպես էլ Ռուսաստանի զինված ուժերի զորավարժություններն անցկացվեն շփման գծից հեռու, համաձայնեցվեն կոնկրետ հեռավորությունները, որից այն կողմ չի կարող տեղի ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների և ռազմածովային ուժերի մերձեցում։

Պաշտոնական Մոսկվան սկզբունքային է համարում, որ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի անդամ բոլոր երկրներն իրենց գործողություններում ղեկավարվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթներով, անվտանգության միասնականության և անբաժանելիության առանցքային սկզբունքով։

Մոսկվան և Հելսինկին ընդհանուր մոտեցումներ և առաջնահերթություններ ունեն Եվրոպայի հյուսիսի՝ Արկտիկայի հարցերում։ Նրանք համագործակցում են բազմակողմ տարածաշրջանային ձևաչափերով (Արկտիկական խորհուրդ, Բարենցի/Եվրոարկտիկական խորհուրդ)։ 2021թ. Ռուսաստանը երկու տարով ստանձնելու է Արկտիկական խորհրդի, իսկ Ֆինլանդիան՝ Բարենցի/Եվրոարկտիկական խորհրդի նախագահությունը, ինչը լավ նախադրյալ է այդ կառույցներում գործողությունները համակարգելու համար։

Քանի որ Ալեքսանդր Նավալնու ազատազրկման հարցը և դրա շուրջ ծավալվող իրադարձությունները (մասնավորապես, արևմտաեվրոպական երկրների երեք դիվանագետների արտաքսումը՝ պայմանավորված հունվարի վերջին Մոսկվայում և այլ քաղաքներում չթույլատրված միջոցառումներին մասնակցությամբ) ստացել են միջազգային հնչեղություն, դրանք քննարկվում են նաև Մոսկվա-Հելսինկի հարաբերություններում։ Ռուսաստանը չի խուսափում գործընկերներին հանգամանալի ներկայացնել իր դիրքորոշումն այդ հարցում և բացատրել իր գործողությունների դրդապատճառները։ Ալեքսանդր Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվա-Հելսինկի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև վերոնշյալ հյուսիսային տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության վրա որևէ բացասական ազդեցություն առայժմ չի թողնում։

Տ նտեսական հարցերում կա երկակի իրավիճակ։ Մի կողմից՝ Մոսկվան և Հելսինկին պատրաստակամ են զարգացնել տնտեսական կապերը, սակայն մյուս կողմից՝ Ֆինլանդիան ԵՄ-ի անդամ է։ Իսկ Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները ներկայում բավականին բարդ են։ Դրանց վատացումը սկսվեց 2014թ.-ից՝ ուկրաինական ճգնաժամով, և շարունակվում ու խորանում է առայսօր։ Թեև ենթադրականորեն (հիպոթետիկ), այնուամենայնիվ, խոսք է գնում անգամ հարաբերությունների խզման մասին։

Մոսկվա-Բրյուսել կապերն այսօր տարերային են, իրավիճակային՝ նվիրված առանձին հարցերի, օրինակ, ածխաջրածինների անխափան մատակարարմանը, սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված այս կամ այն հարցին, բնապահպանական խնդիրներին կամ միջազգային որևէ այլ խնդրի։ Չեն գործում Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով նախատեսված կանոնավոր հարաբերությունների և համագործակցության հարթակները, ինչպիսիք են.

  • Գործընկերության և համագործակցության խորհրդի ամենամյա նիստերը՝ ՌԴ ԱԳ նախարարի և ԵՄ Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցչի մասնակցությամբ, որոնք կոչված են քննարկելու Մոսկվա-Բրյուսել փոխգործակցության բոլոր ուղղությունները
  • Տարին երկու անգամ անցկացվող համաժողովները
  • Ամենամյա հանդիպումները ՌԴ կառավարության և Եվրահանձնաժողովի միջև
  • Երկխոսությունն ավելի քան 20 ոլորտում և այլն

Քանի որ ԵՄ-ում գործում է հավաքական կարգապահության սկզբունքը, Մոսկվա-Բրյուսել բարդ հարաբերությունները, մասնավորապես, կիրառվող պատժամիջոցները իրենց կնիքն են թողնում նաև առանձին եվրոպական երկրների հետ Ռուսաստանի երկկողմ տնտեսական կապերի վրա։

ԵՄ-ի հետ Ռուսաստանի բարդ հարաբերությունները, այնուամենայնիվ, չեն նշանակում նույնքան բարդ հարաբերություններ առանձին եվրոպական երկրների հետ։ Նրանց մեծ մասի հետ Մոսկվայի հարաբերությունները բնականոն են։ Վերջիններիս հետ էլ Ռուսաստանը փորձում է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը առևտրի, ներդրումների, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում։ Դրա վառ օրինակ են Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերությունները, որտեղ կապերը համակարգված են և հիմնված իրավահավասարության, փոխշահավետության և այլ սկզբունքների վրա։ Վերջին յոթ տարիներին Մոսկվա-Բրյուսել սուր հակասությունները էական հետևանքներ չեն թողել Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վրա։ Արդյունքում ծնվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հստակ տնտեսական, մշակութային և այլ նախագծեր։

Ներկայում Ռուսաստան-Ֆինլանդիա առևտրատնտեսական կապերը, թեև ԵՄ-ի պատժամիջոցների հետևանքով ոչ շատ արագ, այնուամենայնիվ, զարգանում են։ Դրան նպաստում է նաև գործարար շրջանակների և անհատ քաղաքացիների փոխմերձեցման և համագործակցության ձգտումը։ Երկու երկրների իշխանություններն էլ իրենց հերթին աջակցում են գործարար շրջանակների միջև ուղղակի կապերի ակտիվացմանը։ Այդ կապերը խթանելու և համակարգելու նպատակով՝ ստեղծվել և գործում է Տնտեսական համագործակցության ռուս-ֆինլանդական միջկառավարական հանձնաժողովը։ Վերջինիս համանախագահները կանոնավոր կապի մեջ են։ 2021թ. նախատեսվում է հանձնաժողովի նիստ։

Ներկա պահին ռազմավարական բնույթի համագործակցության նախագիծ է Ռոսատոմ ընկերության մասնակցությամբ Ֆինլանդիայում «Հանհիկիվի-1» ատոմակայանի շինարարությունը։ Ռուսաստանում արդյունավետ ներդրումային գործունեություն է ծավալում «Ֆորտում» ֆիննական ընկերությունների խումբը։

2020թ. դեկտեմբերին նշվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը։ Այդ առթիվ Ռուսաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել։

Համավարակի պայմաններում կապերի դադար թույլ չտալու նպատակով՝ հաղորդակցության արդի միջոցների կիրառմամբ կազմակերպվել են առցանց միջոցառումներ, ինչպիսիք են 21-րդ ռուս-ֆիննական մշակութային համաժողովը և ռուս-ֆիննական հեռուստակամուրջը՝ Սանկտ Պետերբուրգ – Հելսինկի երկաթուղու բացման 150-ամյակի առթիվ։