Մոսկվա-Թեհրան հարաբերությունների օրակարգը
4 ր. | 2021-02-12Տ արածաշրջանային այցի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 26-ին ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։
Ռուս-իրանական հարաբերություններն առհասարակ զարգանում են փոխշահավետության հունով։ Դրանք բարեկամ, Կասպից ծովով հարևան երկրների ու ժողովուրդների հարաբերություններ են։ Այդ պատճառով էլ Ռուսաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները սովորաբար անցնում են կառուցողական և փոխվստահության մթնոլորտում, իսկ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր։
Մոսկվա-Թեհրան հարաբերությունների օրակարգն առհասարակ ունի երկու հարթություն՝ ա) երկկողմ համագործակցություն ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական, տրանսպորտային, արդյունաբերական, մշակութային ու այլ ոլորտներում և բ) տարածաշրջանային խնդիրներ։
Էներգետիկայի ասպարեզում ներկա պահին օրակարգային է «Բուշեր» ատոմակայանի նոր էներգաբլոկերի կառուցումը։ Երկկողմ օրակարգի կարևոր հարցերից մեկն էլ թագավարակի դեմ միասնական պայքարն է։ Ռուսաստանի կողմից այդ գործընթացին մասնակցում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։ Խորհրդակցությունների ավարտից հետո նախատեսվում է անցնել գործնական քայլերի։
Կիբեռտարածությունում առկա խնդիրների, միջազգային հարաբերությունների և առանձին երկրներում իրավիճակի վրա դրանց աճող ազդեցության պայմաններում երկկողմ համագործակցության գնալով ավելի ու ավելի ընդլայնվող ոլորտ է դառնում տեղեկատվական անվտանգությունը։ Հունվարի 26-ի այցի շրջանակներում ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին, որը երկու երկրների գործողությունները համակարգելու հնարավորություններ է ընձեռում։
Աշխարհում տիրող իրավիճակը, մասնավորապես, երկու երկրների նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, ազդում են նրանց փոխհարաբերությունների վրա։ Այնուամենայնիվ, Մոսկվան և Թեհրանը ընտրում են առևտրի, տնտեսության, ներդրումային ոլորտներում համագործակցության այնպիսի ձևեր, որոնք թույլ են տալիս շրջանցել այդ պատժամիջոցները։
Տարածաշրջանային և միջազգային խնդիրներից կարևորագույնը թերևս Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) պահպանումն է։ Այս հարցում դիրքորոշումները նույնական են. երկու երկիրն էլ շահագրգռված է փաստաթղթի լիարժեք պահպանմամբ, ինչի ուղին մասնակից բոլոր պետությունների կողմից դրա դրույթների հետևողական, համակողմանի իրականացումն է՝ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի։ Մոսկվան և Թեհրանը հուսով են, որ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն կվերադառնա ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը, ինչն իր հերթին պայմաններ կստեղծի ԻԻՀ-ի կողմից միջուկային գործարքի բոլոր պահանջները պահպանելու համար։
Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Իրանը քայլեր է ձեռնարկել փաստաթղթով սահմանված իր պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ, ապա հայտարարել, որ անցել է մետաղական ուրանի հարստացմանը, ինչը շատ փորձագետներ գնահատում են որպես քայլ դեպի մարտական պլուտոնիումի ստեղծումը։ Դա մտահոգության առարկա է նաև Ռուսաստանի համար, չնայած վերջինս գտնում է, որ Իրանը հարկադրված է գնացել այդ քայլերին։
Ինչևէ, ՀԳՀԾ-ի լիարժեք վերականգնումը միջազգային դիվանագիտության կարևորագույն ձեռքբերումը կլինի միջուկային զենքի չտարածման ոլորտում։ Այն կբարձրացնի առհասարակ միջազգային անվտանգության մակարդակը։ Բացի այդ, դա բխում է նաև Մոսկվա-Թեհրան հարաբերությունների զարգացման շահերից, քանի որ արևմտյան պատժամիջոցներն այլևս խոչընդոտ չեն լինի երկկողմ գործակցությանը։
Ռուս-իրանական հարաբերություններում առանձնակի կարևորություն է ձեռք բերել արցախյան խնդիրը, մասնավորապես, դրա շուրջ ներկայում տեղի ունեցող զարգացումները։ Խոսքը 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնք վերաբերում են Անդրկովկասում հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակման նպատակով համագործակցությանը։ Դա նոր հեռանկարներն է բացում տարածաշրջանային բոլոր երկրների համար՝ ներառյալ Ռուսաստանը և Իրանը։
Ընդհանուր առմամբ՝ Մոսկվան և Թեհրանը շահագրգիռ են Անդրկովկասում խաղաղությամբ, բարիդրացիությամբ և բարգավաճմամբ։ Նրանք պատրաստ են տարբեր նախագծերին մասնակցության միջոցով իրենց ներդրումն ունենալու այդ գործում։
Մյուս տարածաշրջանային կարևոր հարցը սիրիական կարգավորումն է, որտեղ երկու երկրները համագործակցում են Աստանայի եռակողմ ձևաչափով (Ռուսաստան, Իրան և Թուրքիա)։ 2021թ. փետրվարին Սոչիում նախատեսված է «Աստանայի ձևաչափով» հերթական հանդիպումը։ Ներկա պահին աշխատանքներ են ընթանում Սիրիայի նոր սահմանադրության մշակման ուղղությամբ։ Այդ նպատակով ժամանակին ստեղծվել է Սահմանադրական կոմիտե, որն ունի խմբագրական հանձնաժողով։ Աշխատանքների օրակարգը համաձայնեցված է։
Մոսկվա-Թեհրան քաղաքական օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում նաև Պարսից ծոցում տիրող իրավիճակը, Պաղեստինի խնդիրը։ Գրեթե 20 տարի առաջ Մոսկվան առաջարկներ է արել Պարսից ծոցի գոտում անվտանգության հայեցակարգի մշակման մասին։ Դրանք ընդհանուր առմամբ համահունչ են իրանական մոտեցումներին։ Իր առաջարկների այժմեականությունը ապահովելու նպատակով՝ Ռուսաստանը, հետևելով տարածաշրջանային և միջազգային իրադրության փոփոխությանը, պարբերաբար թարմացնում է դրանք։
2019թ. ներկայացվել է թարմացված հայեցակարգ Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման մասին։ 2020թ. հոկտեմբերին Ռուսաստանը, նախագահելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այդ թեմայով կազմակերպել է հատուկ քննարկումներ։ Բոլոր տարբերություններով հանդերձ՝ դրանք ցույց են տվել մասնակից կողմերի ակնհայտ շահագրգռությունը ոչ միայն երկխոսության շարունակականությամբ, այլև դրա կոնկրետ արդյունքներով՝ վստահության ամրապնդմամբ, բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ և այլն։ 2020թ. աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, Իրանի և Գերմանիայի առաջնորդների առցանց հանդիպում կազմակերպելու առաջարկով, որը մնում է ուժի մեջ։
Իրանն իր հերթին է հանդես եկել «Հորմուզի խաղաղ նախաձեռնությամբ»։ Այն ենթադրում է Պարսից ծոցի բոլոր առափնյա երկրների միջև ակտիվ երկխոսության կազմակերպում։
Մոսկվան և Թեհրանը պատրաստ են ընթացք տալու նաև այլ պետությունների նմանատիպ գաղափարներին, որոնց նպատակը Պարսից ծոցի տարածաշրջանում բոլոր հարևան պետությունների աջակցությամբ խաղաղության, անվտանգության, կայունության և բարիդրացիության ամրապնդումն է։ Մասնավորապես, այդպիսի նախաձեռնություններով հանդես են եկել Չինաստանը, Կատարը և Քուվեյթը։
Ռուսաստանն ու Իրանը միաժամանակ դեմ են Պարսից ծոցի տարածաշրջանային անվտանգության հարցում առաջընթացը ՀԳՀԾ-ի վերականգնման հետ կապելուն և գտնում են, որ վերջինս առանց որևէ նախապայմանի պետք է ամբողջ ծավալով վերսկսվի։ Ինչ վերաբերում է Պաղեստինի խնդրին ապա Մոսկվան և Թեհրանը անթույլատրելի են համարում դրա մոռացության մատնումը։
Հիշյալ բոլոր հարցերով Ռուսաստանն ու Իրանը սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային կազմակերպություններում։